Ապրիլ 24, 2024
exclusive
69802 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Սյուզի Կենտիկյան


Սյուզի Կենտիկյանը
Սյուզի Կենտիկյանը

Լուսանկարը` presseportal.de

Լուսանկարը` presseportal.de

Լուսանկարը` presseportal.de

Սյուզի Կենտիկյանը
Սյուզի Կենտիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 37 մենամարտ ու իր հաշվին գրանցած 34 հաղթանակ ունի:

Այս անգամ Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքում «Killer Queen» մականունը ստացած WBA, WBO եւ WIBF վարկածներով Աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանն է պատմում իր ամենատպավորիչ ելույթի մասին:

Դժվար է հավատալ, որ արդեն երկար տարիներ է հանդես եմ գալիս պրոֆեսիոնալ ռինգում ու բազմաթիվ հաղթանակներ եմ տոնել, որոնք բոլորն էլ որոշիչ ու կարեւոր են եղել: Բայց երբեք չեմ մոռանա 2007 թվականի փետրվարի 16-ը, հենց այդ օրը ես 20 տարեկանում նվաճեցի առաջին չեմպիոնական գոտիս: Իմ 15-րդ մենամարտում ես հանդիպել էի վենեսուելացի Կարոլինա Ալվարեսին ու կարողացա ժամանակից շուտ առավելության հասնել նրա նկատմամբ:

Հասկանում էի, որ դա իմ շանսն է ու բոլորին պետք է ապացուցեմ, թե որքան ուժեղ եմ. այդպես էլ արեցի: Շատ ագրեսիվ էի գործում ու մրցակցիս այնքան հուժկու հարվածներ էի հասցրել, որ 9-րդ ռաունդում մրցավարը դադարեցրեց հանդիպումը: Դրանից 6 շաբաթ անց մոտ 20 հազար հանդիսականների առաջ ես արդեն գոտուս պաշտպանությունն էի անցկացնում, դա ինձ հաջողվեց եւս 6 անգամ:

Ալվարեսի դեմ մենամարտը մինչ այժմ էլ Գերմանիայում ամենադիտվածներից մեկն է համարվում: Այդ դիմակայությանը հեռուստաէկրանների առաջ հետեւել է մոտ 4,7 մլն երկրպագու:

Այդ մենամարտն ինձ ճանաչում ու չեմպիոնական գոտի բերեց: Ես գիտեի, որ հետագայում էլի հաղթանակներ եմ տանելու, բայց առաջին չեմպիոնական գոտու նվաճումն ու իմ ունեցած էմոցիաներն աննկարագրելի էին:

Այնպես չէ, որ հաջորդ գոտիները նվաճելիս քիչ եմ ուրախացել: Ալվարեսի նկատմամբ տոնած հաղթանակով ես նաեւ մարտահրավեր նետեցի բոլոր նրանց, ովքեր ինձ չէին հավատում:

Ես շատ մարզաձեւերով եմ զբաղվել, ու միշտ մարզիչները գոհ են եղել ինձանից, համոզված եմ, որ ամեն տեղ էլ հաջողությունների կհասնեի: Բայց ես ընտրել եմ բռնցքամարտը ու չեմ ափսոսում դրա համար: Այս մարզաձեւում ամեն ինչն ինձ հոգեհարազատ է, անգամ սիրում եմ, երբ հոգնածությունից չեմ կարողանում ձեռքերս շարժել կամ էլ պառկած տեղից վեր կենալ:

Այս ամենը պատմում եմ, որովհետեւ բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան կարեւոր է եղել ու մնում այդ հաղթանակն ինձ համար: Երբ մարդիկ իմանան, թե որքանով է բռնցքամարտն իմ մարզաձեւը, կհասկանան նաեւ, թե ինչ կարող էի զգալ այն ժամանակ:

Սյուզի Կենտիկյանի հետ այդ անմոռանալի հաղթանակը վերապրել է Հասմիկ Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին