Դեկտեմբեր 04, 2024
exclusive
5919 դիտում

Արթուր Դավթյանի սիրառատ ու համերաշխ ընտանիքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը եւ նրա կինը՝ Անահիտ Շեղունցը, գտել են երջանիկ ու ներդաշնակ ընտանիք ունենալու իրենց բանաձեւը: Այդ մասին նրանք պատմել են Mediamax Sport«Մի հարկի տակ» շարքում:

Անահիտ. Երբ ծանոթացանք, երկուսս էլ համալսարանի 4-րդ կուրսում էինք սովորում: Ես Բրյուսովի ուսանող էի, իսկ Արթուրը՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտի: Հետո սկսեցինք սոցցանցերով ավելի սերտ շփվել ու ճանաչել իրար: Սկզբում լավ ընկերներ էինք, ամենամեծ մանրուքներն ու գաղտնիքները պատմում էինք իրար: Պարզվեց, որ ընդհանուր ծանոթներ էլ ունենք՝ մայրիկս իր հորեղբոր կնոջ հետ էր սովորել:

Արթուր. Նրանք վաղուց կապ չէին ունեցել, բայց մեր շնորհիվ նորից սկսեցին շփվել: Երբ Անահիտի հետ իրար ավելի լավ իմացանք, ամեն ինչ լրջացավ ու սկսեցինք ապագայի ծրագրեր կազմել: Մեր առաջին պաշտոնական ժամադրությունը «Հաղթանակի» զբոսայգում եղավ: Շատ մանրամասներ չեմ հիշում, բայց առաջին տպավորությունը երկուսիս մոտ էլ լավն էր: Անահիտին առաջարկեցի իրեն մեքենայով տուն ուղեկցել, չհամաձայնվեց: 2012-ի նոյեմբերն էր, բայց բավական տաք եղանակ, սիրունացել էի, որ գնամ հանդիպման:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ. Ես էլ բավական տպավորիչ էի հագնվել (ծիծաղում են, խմբ.): Սկզբում ինձ Արթուրի բարությունն ու պարզությունն էր շատ գրավել: Այն ժամանակ նրան դեռ որպես ապագա ամուսին չէի էլ տեսնում, բայց իր այդ որակները հավանում էի:

Արթուր. Ինձ էլ Անահիտի անմիջականությունը դուր եկավ, նրա տեսակն ինձ գրավեց, անկեղծ էր, հետս կիսվում էր ամեն ինչով: Ամենակարեւորն այն էր, որ համարյա նույն հետաքրքրություններն ու աշխարհայացքն ունեինք, դա մեզ ավելի շատ կապեց: Մոտ 4 տարի հանդիպել ենք, հետո ամուսնացել, երբ իրար արդեն բավական լավ գիտեինք:

Անահիտ. Հանդիպելու 5-րդ տարում հասկացանք, որ իրար համար ենք ստեղծված ու ընտանիք կկազմենք: Բայց նախ պետք էր մի քիչ կայունանալ աշխատանքի առումով: Ամուսնությունը ձգձգվեց մինչեւ Ռիոյի Օլիմպիական խաղերի ավարտը: Քանի որ իրար արդեն վաղուց էինք ճանաչում, հասկանում էի մարզիկի կարիերայի նրբություններն ու առանձնահատկությունները, գիտեի, որ հաճախակի բացակայելու է մարզումների ու մրցումների պատճառով: Մեր պլաններն ու լավ ապագան աշխատելով էինք տեսնում, դրա համար դժվար չէր ինձ համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր. Ամուսնությունը բավական պատասխանատու է, կյանքումդ նոր փոփոխություն է տեղի ունենում ու պետք է պատրաստ լինես դրան: Ուրախ ու լավ հայկական հարսանիք ենք ունեցել:

Անահիտ. Հարսանիքին շատ արագ ենք պատրաստվել: Արթուրը 2 ամիս Գերմանիայում մրցումների էր մասնակցում, ընդամենը 4 օրով էր եկել, հարսանիքից 3 օր անց նորից մեկնեց այնտեղ:

Արթուր. Մինչեւ ամուսնանալն արդեն Անահիտին լավ գիտեի ու համատեղ կյանքի ընթացքում նոր բացահայտումներ չարեցի: Անահիտը հիանալի խոհարար է, ամեն ինչն է նրա մոտ լավ ու յուրահատուկ ստացվում, բայց ես էլ ուտելու հետ խնդիր չունեմ, քարից փափուկ ամեն ինչ սիրում եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ. Ասեմ՝ ինձ մոտ ինչ փոխվեց. մինչ ամուսնանալը մտածում էի, որ գոնե սուրճ կեփի ինձ համար (ծիծաղում է, խմբ.): Հինգ տարի է իրեն այդպես էլ չկարողացա համոզել, որ ամիսը մեկ կարող է կնոջ համար սուրճ պատրաստել: Քանի որ ինքը չի սիրում, չի էլ եփում:

Արթուր. Երբ դեռ հանդիպում եք իրար հետ, սերը լրիվ այլ է լինում, հիմա՝ համատեղ կյանքի ընթացքում, բոլորովին փոխվել է: Անահիտին արդեն ամեն օր եմ տեսնում, կողքիս է, ավելի ենք կապվել իրար հետ ու միասին ենք որոշում մեր ապագան:

Անահիտ. Առաջ, երբ ասում էին սիրահարվածությունն ու սերը տարբեր են, կարծում էի դատարկ փիլիսոփայություն է, այ հիմա եմ հասկանում դրա իմաստը: Հիմա ես սիրում եմ, սիրահարվածության ժամանակ ուզում ես ժամերով տեսնել ու խոսել հետը: Նույնիսկ եթե մեկ ամիս էլ բացակայում է, այդքան չենք խոսում: Մենք պատասխանատու ենք իրար հանդեպ ու միասին ենք սիրում մեր ընտանիքը: Սերն ավելի կայուն է, հանգիստ ու հարատեւ: Արթուրը ճիշտ է ասում՝ ամեն ինչն իրար հետ ենք քննարկում, չկա մի այնպիսի քայլ, որ համատեղ չլինի, ոսկե միջինով ենք գալիս որոշման:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր. Ընտանիք չկա, որ կռիվներ չլինեն, բայց մեր դեպքում դրանք այնքան էլ բուռն չեն անցնում: Երբեմն այնպիսի բաներից է նեղանում, չեմ էլ հասկանում պատճառը:

Անահիտ. Կարող եմ մի բանից նեղանալ ու իրեն չասել պատճառը: Նման դեպքերում Արթուրը սովորաբար մեր դստերը՝ Ալիսային է ասում. «Ինչո՞ւ ես նեղացրել մայրիկին»: Ախր, դու ես նեղացրել, ոչ թե երեխան (ծիծաղում է, խմբ.): Ուժեղ սկանդալներ չեն լինում, Արթուրը շատ զուսպ է, ես եմ ավելի բռնկուն: Չենք կարող երկար ժամանակ չխոսել իրար հետ, ինչ որ մեկն անպայման հաշտեցման առաջին քայլն անում է:  

Արթուր. Երեխայի ծնունդն աննկարագրելի էր, ավելի պատասխանատու դարձա: Սկսում ես շուրջդ կատարվողին ավելի լուրջ վերաբերվել: Բացի այդ էլ երեխան շատ է կապում ձեզ, անգամ վեճերն Ալիսայից հետո այլ կերպ են, նա թեթեւացնում է դժվարությունները: Բացի այդ էլ կյանքի իմաստը երեխա ունենալն է:

Անահիտ. Ալիսայի շնորհիվ ավելի սերտ ենք դարձել, կապող օղակ է, բացի այդ էլ մեզ ավելի հասունացրեց: Իհարկե, երեխա ունենալը հոգսաշատ է, ինչքան էլ մեր աղջիկն Արթուրի պես հանգիստ է, բայց ամեն դեպքում դժվարություններ լինում են: Նա իր հետ, միանշանակ, հաջողություն բերեց, դրան շատ եմ հավատում, Արթուրի թալիսմանն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր. Երբ 2019-ի ապրիլի 27-ին աղջիկս ծնվեց, հաջողությունը միանգամից իր հետ եկավ: Նա դեռ մեկ ամսական էր, երբ մեկնեցինք Մինսկ՝ Եվրոպական խաղեր, այնտեղ չեմպիոն դարձա: 2021-ին արդեն Եվրոպայի չեմպիոն հռչակվեցի, դրանից մի քանի ամիս անց էլ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեցի: Ձագս իր հետ մեծ հաջողություն բերեց: Մտածում ենք մինչեւ Փարիզի խաղերը նորից երեխա ունենալ, որ այնտեղ արդեն ոսկի լինի (ծիծաղում են, խմբ.):

Անահիտ. Արթուրն օրերով կարող է պահել երեխային, շատ համբերատար է, ի տարբերություն ինձ, որ կարող եմ զայրանալ կամ էլ նյարդայնանալ: Ուշադիր է ու ինձ շատ է օգնում: Երբ անքուն էի լինում, մարզումից հետո գալիս էր ու երեխային պահում, անպայման տնից դուրս էր տանում, որպեսզի ոչինչ չխանգարի իմ հանգստին: Հայրիկներ կան, որ մի քանի րոպեից ավել չեն կարողանում պահել երեխային:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր. Բավական լավ հայրիկ եմ, երեխային միայնակ էլ կարող եմ խնամել, Անահիտը հանգիստ թողնում է ինձ հետ: Զբաղեցնում եմ, զբոսնում ենք միասին, սնվում, թեեւ շատ երկար չեմ կարող հետը լինել, քանի որ բավական բարդ է: Երբ գիտես, որ այդ պարտականությունը կնոջն է, քեզ վրա չես վերցնում: Երեխային մեծացնելն, իսկապես, դժվար է, կանանց վրա շատ մեծ բեռ է դրված: Բայց առօրյայում Անահիտին միշտ օգնում եմ: Ինքս էլ շատ եմ ուզում Ալիսայի հետ ժամանակ անցկացնել, հաճախակի եմ բացակայում եւ չեմ ուզում ոչ մի պահ բաց թողնել: Անկրկնելի պահերն ու քաղցրությունը պետք է այդ պահին ապրես, քանի որ երեխաները շատ շուտ են մեծանում, նկարներով ես զգում, թե ժամանակը որքան արագ է անցնում: Դրա համար պետք է հասցնել շատ բաներ անել:

Անահիտ. Արթուրի մրցումներին հետեւելը շատ բարդ է: Հիմա Ալիսան մեծացել է ու շատ բան է հասկանում, բացի այդ էլ հայրիկի հետ ավելի կապված է: Նրա մեկնելը ծանր է տանում, նոստալգիկ պահեր ունենում, հիշում միասին անցկացրած ժամանակը: Արդեն գիտի՝ Արթուրը լավ կատարեց վարժությունը, թե իր ասած դոփ արեց՝ ավելորդ քայլ: Էմոցիաներս կառավարելը բարդ է, ուրախության ժամանակ արտասվում եմ, երեխան էլ իմ օրինակին է հետեւում: Դիմանում ենք, դե մեր հայրիկի գործն է այդպիսին, մեզ լացացնում է (ծիծաղում է, խեղ.):


Արթուր. Տնից երկար բացակայելը միշտ էլ դժվար է, միայնակ եմ թողնում իրենց ու անհանգիստ եմ լինում: Մի անգամ Ալիսան գիշերը շատ վատ էր եղել, ես էլ Աշխարհի գավաթին էի մասնակցում, ինձ, իհարկե, չէին ասել, որպեսզի չլարվեմ: Լավ է, որ հիմա համացանց կա, հավաքների ժամանակ կարողանում եմ տեսազանգով խոսել Ալիսայի հետ կամ նկարները տեսնել: Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո 1,5 ամիս Գերմանիայում մնացի, երբ վերադարձա, զգացվեց, թե երեխան որքան է փոխվել ու մեծացել: Ուզում ենք մեծ ընտանիք ունենալ 3 փոքրիկներով:

Անահիտ.
Ես էլ մեծ ընտանիքի կողմնակից եմ, դեռ 3 երեխա կուզեի, իդեալական կլինի՝ 4-ն ունենալ: Մեր ընտանիքում ես ու եղբայրս ենք ու միշտ քրոջ կարիք եմ ունեցել, Ալիսային գոնե մեկ քույր ու եղբայր պետք է ապահովենք:
Արթուր. Մի 10 տարի հետո մեր ընտանիքը տեսնում եմ մեծ, աղմկոտ, աշխույժ: Կուզեմ առանձնատուն ունենանք, ինչին Անահիտն է դեմ, բայց երեխաները բակում կվազվզեն, կխաղան, մենք էլ ակտիվ կյանքով կապրենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ. Շատ ընտանիքներ քանդվում են, որովհետեւ ընկերություն անելու ժամանակ երբ կռվում են, մտածում են ամուսնանալու դեպքում ամեն ինչ փոխվելու է: Բացառություններ լինում են, բայց եթե կոնֆլիկտ կա, այն ոչ մի տեղ էլ չի անհետանալու, մի բան էլ կավելանա: Եթե տղամարդը ձեռք է բարձրացրել, շարունակելու է, դժվար թե միանգամից կին պաշտող դառնա: Իսկ եթե շատ է սիրել, խելացի կինն ամեն ինչ կանի, որ այն չպակասի նաեւ համատեղ կյանքի ընթացում:

Արթուր.
Ընտանիքի հիմքում իրար հավատարիմ լինելն է, ամեն ինչին լուրջ մոտենալը: Կարեւոր է ընտանիքն արժեւորելը, որպեսզի այն չկորցնես: Ինձ համար ընտանիքը միշտ առաջին տեղում է, պետք է ամեն ինչ անել այն երջանիկ ու համերաշխ պահելու համար:

Անահիտ.
Ընտանեկան երջանկությունը կարող է միշտ լինել, բայց որոշակի թեթեւ ստորակետներով ընդհատվի՝ կյանքի հանգամանքների, առողջության կամ այլ իրադարձություններով պայմանավորված: Մինչեւ չես նեղանում, չես արժեւորում սերդ, միապաղաղ ապրելն էլ հետաքրքիր չէ: Պետք է նաեւ կռվես, կարոտես, որ էլ ավելի կրկնապատկվեն զգացմունքներդ: Սիրուն էլ թարմացումներ են պետք: Մեր ընտանիքի երջանկության գրավականը փոխըմբռնումն է: Այնպես չէ, որ Արթուրն է որոշումներ կայացնում, կամ որպես կին ես միշտ հնազանդվում եմ: Ամեն մեկս մեզ ի վերուստ տրված պարտականություններից չափի մեջ օգտվում է:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին