Դեկտեմբեր 23, 2024
exclusive
39870 դիտում

Ջերմ ու արեւոտ կիրակին Եդիգարյանների հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանի ընտանիքի հետ մտերմանալը միանգամից ստացվեց. ակտիվ ու շփվող երեխաներն անկաշկանդ սկսեցին պատմել դպրոցի, մանկապարտեզի ու իրենց սիրելի խաղերի մասին:

Գայանեն ու Արթուրը միմյանց ճանաչում են փոքր տարիքից: Այսօր նրանք ունեն գեղեցիկ, իրար սիրող ու համերաշխ ընտանիք: Mediamax Sport-ի «Մի հարկի տակ» նախագիծն այս անգամ սիրով բացահայտել է Եդիգարյաններին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր. Ես ու Գայանեն մի բակում ենք մեծացել, բացի այդ էլ դասընկերներ ենք եղել ու 10 տարի սովորել միասին: Վերջին տարին ֆուտբոլով շատ էի ծանրաբեռնված ու շատ քիչ էի դպրոց գնում: Շուրջ մի տարի Գայանեին չէի տեսել: Ավարտելուց հետո երեւի երկու տարի անցավ, զգացի, որ ուզում եմ իր հետ ընկերություն անել: Շատ քիչ ժամանակ անց էլ որոշեցինք ընտանիք կազմել:

Գայանե. Ինչպես Արթուրը նշեց, մենք միասին ենք մեծացել: Ես վստահ էի, որ ճիշտ որոշում եմ կայացնում ու կասկած չունեի, որ իմ կյանքը հաստատ լավ կդասավորվի: Արթուրի բնավորության ամենակարեւոր գիծը բարությունն ու բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունքն է:

Արթուր. Գայանեի մեջ առաջին հերթին անկեղծությունն ու հավատարմությունն է ինձ գրավել: Վստահ կարող եմ ասել, որ նա իմ լավագույն ընկերն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գայանե. Մասնագիտությունն ընդհանրապես կապ չունի: Ցանկացած լավ մարդու հետ էլ հեշտ է ապրել: Երբ Արթուրը Հայաստանից դուրս է հանդես եկել, ես, հետագայում նաեւ երեխաները, պարտադիր իր հետ գնացել ենք: Արթուրն ինձ շատ է օգնում, փորձում ենք միասին լուծել բոլոր խնդիրները:

Արթուր. Բացի խոհանոցային գործերից ամեն ինչով էլ աշխատում եմ օգնել Գայանեին. երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանելուց մինչեւ գնումների գնալ: Առանց ընտանիքիս շատ դժվար է ինձ համար: Երբ դրսում էի խաղում կինս ու երեխաներս միշտ իմ կողքին էին, այդպես ես ավելի լավ ու հանգիստ եմ եղել:

Գայանե. Ես ոչ մի խնդիր չեմ ունեցել արտասահմանում: Միայն Բելառուսում էր դժվար, որովհետեւ փոքր աղջիկս այդ ժամանակ 3 ամսական էր, մեծս՝ 3 տարեկան:

Արթուր.
Մենք երկու եղբայր ենք ու միշտ շատ ենք կապված եղել մայրիկի հետ: Իսկ ես երկու աղջիկ ունեմ, ովքեր ինձ հետ շատ մտերիմ են: Հիմա համոզվում եմ, տղաները մայրերին են ձգտում, աղջիկներն էլ՝ հայրերին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գայանե. Ամեն երեխա իր հետ հաջողություն է բերում: Վերոնիկան մեր առաջնեկն է ու իր ծնվելուց հետո կյանքը շատ է լցվել: Առանց Վերոնիկայի ոչ մի տեղ չեմ գնացել: Միայն մեկ անգամ է եղել նման դեպք, երբ Ռեբեկան ծնվեց, ու ես հիվանդանոցում էի:

Արթուր. Վերոնիկային մայրիկիս պատվին եմ անվանել: Նրա ծնվելու ժամանակ «Բանանցում» էի հանդես գալիս: Մարզման էի գնացել, զանգեցին, թե երեխան արդեն ծնվել է: Նա շատ բան փոխեց մեր կյանքում: Իսկ Ռեբեկան էլ լրացրեց Վերոնիկային ու էլ ավելի հետաքրքիր դարձրեց մեր կյանքը: Աղջիկների հետ հայրերն, իրոք, ավելի են կապված:

Գայանե. Բայց դեռ տղա չունենք, Արթուր…

Արթուր. Հուսով եմ, որ կունենաք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գայանե. Արթուրը շատ լավ հայր է: Ինչքան էլ ծանրաբեռնված ու հոգնած լինի, զբաղվում է աղջիկների հետ, միշտ կատարում է նրանց խնդրանքները: Վերոնիկան արտաքինով շատ է նման Արթուրին, բայց բնավորությամբ՝ ոչ: Աղջիկս ավելի համառ է, իսկ Արթուրը զիջող է: Ռեբեկան երկուսիս էլ նման է:

Արթուր. Ազատ ժամանակն այնպես ենք կազմակերպում, որ իրենց համար հետաքրքիր լինի: Մանկական զբոսայգի ենք գնում, խաղում են, վազվզում ու լավ ժամանակ անցկացնում:

Գայանե. Այս տարի ամռանը Հայաստանի տարբեր վայրեր ենք գնացել՝ Գառնի, Դիլիջան, Ծաղկաձոր, Սեւան: Ուզում ենք, որ երեխաները մեր երկիրը լավ ճանաչեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր. Ֆուտբոլ մեկ-մեկ խաղում ենք: Վերոնիկան ակտիվ հետեւում է նաեւ իմ խաղերին, կամաց-կամաց սկսում է հասկանալ: Որ տուն եմ գնում, ասում է լավ խաղացի, թե ոչ:

Գայանե. Նեղվում է, երբ Արթուրը գոլ չի խփում: Ռեբեկայի հետ մի անգամ եմ ստադիոն գնացել, բայց Վերոնիկան շատ է սիրում, ստադիոնում իմ մշտական ընկերն է: Ֆուտբոլից տեղեկացված չեմ եղել, միշտ նայել եմ այն խաղերը, որոնց մասնակցել է Արթուրը: Հիմա ավելի շատ բան գիտեմ, բայց սուտ կլինի, որ ասեմ համաշխարհային ֆուտբոլին քաջատեղյակ եմ:

Արթուր. Վերոնիկան ավելի ճկուն է, քան Ռեբեկան, բայց սպորտային լինել-չլինելը կյանքը ցույց կտա: Ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, մենք ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար: Ուզում ենք, որ աղջիկներն ամենակարեւորը լավ մարդ լինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գայանե. Վերոնիկան առաջին դասարան է գնում, խնդիրների դեռ չենք բախվել, Ռեբեկային շուտով մանկապարտեզ կտանենք, հասցնում ենք մեր օրը կարգավորել, խնդիրներ չեն առաջանում: Երբ Արթուրը մարզման է, իսկ ես աշխատանքի՝ իմ մայրիկն է երեխաների մոտ լինում, քանի որ Արթուրի ծնողները այս պահին Հայաստանում չեն: Ծնողների հարցում մեր բախտը շատ է բերել, նրանք միշտ մեր կողքին են ու օգնում են անընդհատ: Երեխաները կապված են նրանց ու շատ են ժամանակ անցկացնում տատիկ-պապիկների հետ:

Արթուր.
Վստահություն, հավատարմություն ու սեր լինելու դեպքում ընտանիքն էլ երջանիկ կլինի: Ընտանիքի անդամները պետք է հարգեն, վստահեն, հավատան, նվիրվեն իրար ու միշտ հասնող լինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գայանե. Լավ ընտանիքի գրավականը հավատարմությունն ու վստահությունն է, զիջող լինելը: Ամուսինները պետք է սատարեն միմյանց, հոգատար լինեն ու ցանկացած դժվարություն հաղթահարեն միասին:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին