Ապրիլ 27, 2024
3807 դիտում

«Ոչ»-ն «այո» դարձնող Ռոկան. Հաշմանդամություն ունեցող մարաթոնյան վազքի 1-ին հաղթողը


Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից


Ալեքս Ռոկա Կամպիլիոն հաշմանդամություն ունեցող առաջին մարդն է, որը դարձել է մարաթոնյան վազքի հաղթող:

Նա մինչ այսօր էլ չի հավատում, որ Բարսելոնայի մարաթոնում հենց ինքն է կարողացել առաջին հատել եզրագիծը:

«Զգացմունքներս արտահայտելու համար խոսքեր չունեմ: Հիշում եմ այն ամիսները, երբ անընդհատ մարզվում ու աշխատում էի: Վազքի վերջնամասում նայեցի մարմնիս, տեսա թերություններս ու հասկացա, որ դժվար է լինելու: Չնայած այդ ամենին՝ ուժ գտա ու պայքարեցի մինչեւ վերջ: Այդ պահին ամենաերջանիկը ես էի»:



Վեց ամսականում վարակվելով վիրուսային հիվանդությամբ՝ Ռոկան ձեռք է բերել ուղեղային կաթված: Դրանից հետո երեխայի մոտ նվազել է մարմնի ձախ կողմի շարժունակությունը: 31-ամյա Ռոկան հաղորդակցվում է ժեստերով, բայց  հաշմանդամությունը երբեք չի կանգնեցրել նրան եւ մանկուց ֆուտբոլ է պարապել, իսկ վերջերս սկսել է զբաղվել լեռնահեծանվային սպորտով ու վազքով:

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից


«Երեխա ժամանակից սկսած չէի դադարում երազել: Երբ ավարտեցի վազքը, հիշեցի պապիկիս, ով ինձ ցույց էր տալիս, թե ինչպես պետք է քայլել: Ինչպես նաեւ բժիշկներիս, ովքեր նշում էին, թե երբեք չեմ կարողանալու նույնիսկ քայլել: Եթե չորս տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, թե նման հաջողության եմ հասնելու, հաստատ չէի հավատա»:

Բարսելոնայի մարաթոնին պատրաստվելու համար նա պարապել է մեկ տարի, իսկ վերջին վեց ամսում անցել ինտենսիվ մարզումների՝ աշխատելով մարզչի ու ֆիզիոթերապեւտի հետ:

«Ես պատրաստվել եմ նաեւ հոգեբանորեն, քանի որ սա շատ կարեւոր է: Մարաթոնի համար անհրաժեշտ է մեծ մոտիվացիա եւ մտավոր ուժ: Վազքը նման է իմ կյանքին՝ դժվար է, հոգնեցնող, սակայն նպատակով լեցուն: Ընկնում եմ, բայց ոտքի եմ կանգնում, վազքը լցնում է մարդու միտքը եւ այն կապում մարմնի հետ, օգնում հասնել նպատակակետին»:

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից


Ռոկայի համար սպորտն աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց է, դրա շնորհիվ նա իրեն լիարժեք է զգում ու չի նկատում այն դժվարությունները, որոնք հաղթահարում է ամեն օր:

«Ես խոսում եմ ժեստերի լեզվով, իսկ շատ մարդիկ չեն կարողանում ինձ հասկանալ: Օգնության է հասնում սպորտը, որի միջոցով ես շփվում եմ ուրիշների հետ: Սպորտը նաեւ տոկունություն է, կարգապահություն, թիմային աշխատանք»:

Բացի Բարսելոնայի մարաթոնից, նա մասնակցել է նաեւ վեց կիսամարաթոնի, հինգ եռամարտի, հեծանվամրցույթի:

Լուսանկարը` Ռոկայի Թվիթերից


«Վազում եմ, որովհետեւ հաճույք եմ ստանում դրանից: Նաեւ ուղերձ եմ հղում  աշխարհին, որ բոլորս կարող ենք մեծ հաջողությունների հասնել՝ նույնիսկ ֆիզիկական սահմանափակումներ ունենալով: Եթե ունես կամքի ուժ եւ տոկունություն, կարող ես շատ բանի հասնել»։

Նա շնորհավորական նամակներ է ստացել բազմաթիվ հայտնիներից, այդ թվում իր հայրենակից ու սիրելի թենիսիստ Կառլոս Ալկարասից, երաժիշտ Ալեխանդրո Սանսից: Իսպանիայի ֆուտբոլի գավաթի «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի ժամանակ էլ կատարել է առաջին խորհրդանշական հարվածը:

 



Ռոկան ապրում է Բարսելոնայում իր կնոջ՝ սոցիալական աշխատող Մարիի հետ: Բացի «սպորտ»-ից, նա ունի եւս մեկ այլ սիրելի բառ՝ «ոչ»-ը:

«Երբ ինչ-որ մեկն ինձ ասում է «ոչ», ես նրանց ապացուցում եմ, որ այն դարձնելու եմ «այո»: Ամեն դեպքում, փորձում եմ այդպես անել: Ժամանակին ինձ շատերն են ասել, որ չեմ կարողանա քայլել, սովորել, ընկերներ կամ զուգընկեր ունենալ: Այսօր ցույց եմ տվել, որ նրանք սխալվել են, ես վերափոխվել եմ ու այդ բոլոր «ոչ»-երը փոխել «այո»-ի»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին