Ապրիլ 20, 2024
2067 դիտում

Ժորժինյոյի մայրը հուզվել է՝ տեսելով որդու շապիկն «Արսենալ»-ի հանդերձարանում


Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` Ժորժինյոյի ինստագրամից

Լուսանկարը` Ժորժինյոյի ինստագրամից


Ժորժինյոյի մայրը չի կարողացել զսպել արցունքները, երբ մտել է «Արսենալ»-ի հանդերձարան ու տեսել որդու խաղաշապիկը:

Մարիա Թերեզան Բրազիլիայից մեկնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք՝ Ժորժինյոյի մոտ: Նա որդու ուղեկցությամբ եղել է «Արսենալ»-ի ստադիոնում, այցելել հանդերձարան ու հուզվել, երբ տեսել է 20 համարի մարզաշապիկը:



Ավելի վաղ Ժորժինյոն հարցազրույցներից մեկում ասել է, որ մոր հետ իր կապը շատ ամուր է. «Մայրիկս շարունակում է ապրել Բրազիլիայում, սակայն տարածությունը չի խանգարում մեր մտերմությանը: Նա ժամանակ առ ժամանակ այցելում է ինձ, արձակուրդներին էլ ես եմ մեկնում: Մորս հետ կապվածությունը շատ մեծ է: Երբ տեսնում ես, թե ինչպես են ընտանիքիդ անդամները հպարտանում քեզնով, հուզվում, ուրախանում, հասկանում ես, որ ճիշտ ճանապարհով ես գնում: Սա այն է, ինչի մասին երազել եմ փոքր տարիքից»:

Լուսանկարը` Ժորժինյոյի ինստագրամից


31-ամյա ֆուտբոլիստը ծնվել ու մեծացել է բրազիլական Իմբիտուբա քաղաքում: Հենց այնտեղ էլ նա կատարել է ֆուտբոլային առաջին քայլերը: Հետագայում Ժորժինյոն պատմել է, որ ֆուտբոլիստ դառնալ իրեն օգնել է մայրը, որը հավաքարար էր ու ամբողջ օրն աշխատում էր ոչ միայն ուտելիք ունենալու, այլ նաեւ իր համար ֆուտբոլային հանդերձանք գնելու համար:

Ինչպես ցանկացած բրազիլացի, Մարիա Թերեզան եւս տիրապետել է ֆուտբոլային հնարքների ու ազատ ժամանակ լողափերին մարզել նաեւ որդուն:

Լուսանկարը` Ժորժինյոյի ինստագրամից


«Նա ինձ անընդհատ վստահեցնում էր, որ կարողանալու եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ ու իմ խաղով հպարտանալու պահեր պարգեւեմ իրեն: Ամեն անգամ, երբ ինչ-որ հաջողության եմ հասնում, հիշում եմ մորս ոգեւորող բառերն ու այն մեծ հավատը, որը նա միշտ ուներ իմ հանդեպ»,-ասել է կիսապաշտպանը:

Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած Ժորժինյոն այս տարվա հունվարին է «Չելսի»-ից տեղափոխվել «Արսենալ»: Նա արագ հարմարվել է Միկել Արտետայի թիմին, որը Պրեմիեր Լիգայում ընթանում է առաջին հորիզոնականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին