Որ ֆուտբոլը միայն սպորտ չէ, համոզվում ենք անընդհատ: Մարդիկ նրա միջոցով բացահայտում են այլ աշխարհներ ու իրենց հետեւից տանում նաեւ ուրիշներին:
Նրանցից է «Բոկա Խունյորս»-ի երկրպագու, դասական արվեստի սիրահար ու Ֆոտոշոփի հմտություններին հիանալի տիրապետող Բրունո Ականֆորան:

Լուսանկարը` Ժան Ֆրանսուա Լագրենե «Մարսն ու Վեներան»
Նա կարողացել է համատեղել իր սիրելի հետաքրքրությունները եւ արդյունքում ստացել այսպիսի հիանալի իսկական արվեստի գործեր:
37-ամյա Ականֆորան ԱՄՆ-ի գովազդային գործակալություններից մեկի ստեղծագործական տնօրենն է, Թվիթերի իր միկրոբլոգի շնորհիվ նրան ճանաչում են հազարավոր մարդիկ: Նա համադրել է «Բոկա» եւ արվեստ բառերն ու ստեղծել Bocart-ը, որի բոլոր հերոսները զարդարված են սիրելի ակումբի գույներով:

Լուսանկարը` Էժեն Դելակրուա «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը»
«Գաղափարն ինձ մոտ ծնվեց կորոնավիրուսի ժամանակ, երբ բոլորս փակված էինք տներում: Մի օր վերցրի հայտնի նկար ու զարդարեցի «Բոկա Խունյորս»-ի գույներով: Երբ տեղադրեցի Թվիթերում, այն շատ լավ ընդունվեց մարդկանց կողմից: Մտածեցի, որ կարելի է շարունակել: Ապա ավելի կատարելագործվեցի, սկսեցի ընտրել արվեստի այն գործերը, որոնց հետ աշխատելը մեծ բավականություն կպատճառեր ինձ»:
Ականֆորան թվային աշխարհի կարողություններն օգտագործելով՝ հայտնի նկարիչների գործերն այնքան գրագետ է նույնացնում է «Բոկա»-ի հետ, որ երբեմն դժվար է հավատալ, որ դրանք հենց իրական նկարները չեն:

Լուսանկարը` Արթուր Սանրոֆֆ «Ինչից է սկսվում սերը»
«Սա պարզապես դարձավ իմ հոբբին: Ես մեծ լրջությամբ, սիրով ու հարգանքով եմ վերաբերում այս գործին: Կարծում եմ, որ ոգեւորվում եմ նաեւ մարդկանցից, ովքեր անհամբեր սպասում են Bocart-ի հերթական նոր աշխատանքին, հաճախ իրենք են արվեստի գործեր ուղարկում եւ առաջարկում աշխատել դրանց վրա»:
Աշխատում է Photoshop եւ Illustrator ծրագրերով: Իհարկե, այսպիսի անթերի գործեր ստանալը հեշտ չէ, մեկ նկարի վրա կարող է ծախսել մոտ 7 օր:

Լուսանկարը` Ժան Լեոն Ժերոմ «Գորգավաճառը»
«Գիտեմ, որ որոշ մարդիկ ծիծաղելի են համարում Միքելանջելոյի հերոսներին «Բոկա»-ի շապիկներ հագցնելը, սակայն իմ գործերը դրական լիցքեր ու ջերմություն են տալիս մարդկանց»:
Ականֆորան նշել է, որ քննադատության է արժանացել այն ժամանակ, երբ Քրիստոսին «հագցրել է» «Բոկա»-ի հագուստ: Դրանից հետո նա որոշել է կրոնական թեմաներին այլեւս երբեք չանդրադառնալ:

Լուսանկարը` Կառլ Հենրիխծ Բլոխ «Հռոմեական պանդոկում»
«Արվեստի աշխարհը շատ հարուստ եւ բազմազան է: Ամեն նկար ես ընտրում եմ ու հասկանում դրանց պատմությունը: Կարեւոր է նաեւ, թե ինչպես այն կհամադրվի իմ սիրելի ակումբի գույների հետ»:
Bocart-ի ստեղծողն իր հետեւորդների մեջ ունի նաեւ այլ ակումբների երկրպագուներ, սակայն նրանք միշտ դրական են արձագանքում նոր աշխատանքներին, քանի որ գնահատում են ավելի շատ նրա արվեստը, քան «Բոկա»-ի երկրպագու լինելը:

Լուսանկարը` Ալբերտ Անկեր «Պապն ու թոռը»
«Շատ մարդիկ ներբեռնում են իմ աշխատանքները, տպում դրանք հագուստի վրա: Սակայն ամենակարեւոր բանն այն է, որ ես մեծագույն հաճույք եմ ստանում իմ ստեղծած գործերից եւ մարդկանց ունեցած դրական արձագանքներից»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: