Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը ոչ միայն ամենաուրախ ու տիտղոսակիր ֆուտբոլիստներից է, այլ նաեւ տարբերվում է իր ոճով:
Նորաձեւությունն ու յուրահատուկ արտաքինը միշտ առանձնահատուկ տեղ ունեն նրա կյանքում: Միասին փորձենք մուտք գործել Ալվեշի զգեստապահարան ու հասկանալ, թե որտեղից նման սեր նորաձեւության նկատմամբ:
Ահավոր ոճը
Բրազիլացին ամենավառ գույների կոստյումների սիրահար է, քչերը կհամարձակվեն նրա պես խայտաբղետ ու գույնզգույն հագուստ կրել կարեւոր միջոցառումների ժամանակ: Մի բան հաստատ է՝ նա աննկատ մնալ չի սիրում: Դրանում Ալվեշին օգնում են ամենահայտնի բրենդների թանկ զգեստները:
Լուսանկարը` Terra
Ոճաբան Պաոլա Բոշը, որը եղել է Vogue-ի խմբագիրներից, իսկ հիմա աշխատում է ֆուտբոլիստների ու խոշոր ընկերությունների հետ (Adidas, Nike, Puma, Braun, Amazon), ահա թե ինչ է ասել բրազիլացու ոճի մասին:
«Շատ ֆուտբոլիստներ մանուկ հասակում ընդհանրապես փող չեն ունեցել: Ու երբ սկսում են շատ գումար վաստակել, չգիտեն դրա հետ ինչպես վարվել, արդյունքում՝ ամեն ինչ գնում են: Դրա վառ օրինակը Դանի Ալվեշն է:
Նա ֆուտբոլիստ լինելուց բացի նաեւ բրազիլացի է: Արեւոտ երկրների մարդիկ սովորաբար այնքան էլ լավ չեն իմանում, թե ինչպես կրել պաշտոնական հագուստ, մասնավորապես՝ կոստյումներ: Նրանք տեղյակ էլ չեն ինչպիսի կոշիկ են հագնում երեկույթների ժամանակ, քանի որ մեծամասամբ հողաթափերով ու սանդալներով են լինում: Ալվեշն էլ այդ խմբին է պատկանում»:
Լուսանկարը` Terra
Ընդ որում, երբ Ալվեշը վերադարձավ «Բարսելոնա», հենց հողաթափերով էր:
«Որոշ բաներ փոխվում են, բայց քիչ չեն նրանք, որոնք անփոփոխ են մնում»,- իր հագուստի մասին ասել էր նա:
Բանն այն է, որ 2008 թվականին առաջին անգամ կատալոնական ակումբ տեղափոխվելիս էլ Ալվեշը նմանատիպ հողաթափերով էր, բայց պարզապես առանց կոստյումի:
Գեղեցկուհի կինը
Ալվեշի ոճի ու հագնվելու վրա մեծ ազդեցություն է թողել կինը՝ իսպանացի մոդել Ջոանա Սանսը: Նա բավական հայտնի է նորաձեւության աշխարհում, նկարահանվել է Jimmy Choo, Gucci, Yamamay, H&M, Ermanno Scervino, Sony ու Samsung բրենդների գովազդներում, մասնակցել նորաձեւության շաբաթների ցուցադրություններին, հայտնվել ամսագրերի շապիկներին: Նա ամենաբարձր վարձատրվող մոդելներից է, եկամուտն արդեն անցել է 1 մլն դոլարը:
Դանիի հետ ծանոթացել են 2015 թվականին, իսկ 2 տարի անց Իբիցայում գաղտնի ամուսնացել: Ի դեպ, Ալվեշը սիրելիին 3 անգամ է ամուսնության առաջարկություն արել, առաջին երկուսի դեպքում մերժում է ստացել:
Նրանք ամենագեղեցիկ ու նորաձեւ զույգներից են համարվում, հանրային ամեն միջոցառման ներկայանում են շատ տարբերվող կերպով ու փոխլրացնում միմյանց:
Հենց Ջոանայի շնորհիվ Ալվեշը սկսել է մտածված հագնվել ու ավելի գեղեցիկ համադրություններով զգեստներ կրել:
Լուսանկարը` Ալվեշի ինստագրամից
Ակնոցները եւ սանրվածքները
«Բարսելոնա» վերադառնալու առիթով կազմակերպված ասուլիսին Ալվեշը ներկայացել էր չափազանց անսովոր ակնոցով: Խոստովանեց, որ այն գնել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում Բրազիլիայի ընտրանու տարած հաղթանակի առիթով:
Իրականում նրա սերը ակնոցների նկատմամբ սկսվել է 2009 թվականին: Այդ ժամանակ Դանին ականջների պլաստիկ վիրահատություն արեց՝ փոքրացնելով դրանք: Այդ պահից սկսած նա ու նորաձեւ ակնոցներն անբաժան դարձան:
2017-ին պատմեց, որ տանը 100-ից ավել ակնոց ունի՝ ամենատարբեր ձեւերի, գույների ու ոճի:
Ֆուտբոլիստը մշտապես տարբեր փորձարկումներ է արել նաեւ սանրվածքների հետ՝ սափրելով գլուխը կամ փոքրիկ մազափունջ թողնելով, ներկելով, պոչ կապելով կամ էլ պարզապես իր բնական գանգուրները թողնելով:
Լուսանկարը` FC Barcelona
Մոդել ֆուտբոլիստը
Ալվեշն ուժերը փորձում է նաեւ մոդելի դերում: Նա հաճախ է գովազդում արեւային ակնոցներ:
2017 թվականին նորամուտը նշել է Փարիզի նորաձեւության շաբաթի ընթացքում: Իր թիմակից Նեյմարի հետ ցուցադրել է Balmain-ի հագուստները:
Առհասարակ Ալվեշը հաճախ է ներկա լինում նման ցուցադրությունների, մանավանդ, երբ ապրում ու խաղում էր Փարիզում:
Ալվեշն իր մասին
2020 թվականին The Players' Tribune-ը տեսանյութ պատրաստեց ֆուտբոլիստի մասին՝ այն վերնագրելով «Դանի Ալվեշի խենթ ոճը»:
Դրանում ֆուտբոլիստը պատմել է, որ նորաձեւությունն իրեն օգնում է ցույց տալ անհատականությունը:
«Երբ մարդիկ տեսնում են, թե ինչպես եմ հագնվում, միանգամից ամեն ինչ հասկանում են իմ մասին: Էլ կարիք չունեմ ասելու, թե ինչպիսի ուժեղ անհատ եմ: Նորաձեւությունն ինձ օգնում է ինքնադրսեւորվել ու սեփական խենթ կողմս ցույց տալ:
Սիրում եմ այդ ազատության զգացումը: Վայելում եմ այն հագուստը, որոնք շատ մարդիկ չեն էլ կրի, պարզապես չեն համարձակվի: Տարբերվող լինելն ինձ համար սովորական է:
Լուսանկարը` barcablaugranes.com
Նորաձեւությունը կախված է նաեւ տարիքից, որքան մեծանում ես, այնքան արտառոց ես ուզում լինել: Ինքդ քեզ սկսում ես ավելի լավ հասկանալ: Հագուստի միջոցով ցույց ես տալիս քո լուրջ կողմը, որովհետեւ երբեմն, օրինակ, ես մյուսների համար, բայց կարեւոր է բայց չթողնել նաեւ անհատականությանդ զվարճալի որակները:
Երբ գնումներ եմ կատարում, առաջին հերթին մտածում եմ՝ տեսնես մարդիկ ի՞նչ կկրեին: Ու գնում եմ այն, ինչ նրանք հաստատ չէին հավանի: Իմ հագին չեք տեսնի այն, ինչ շատերն են գնում: Այդպիսին է հագնվելու իմ մտածողությունը»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: