Օլիմպիական աշխույժ մրցակցությունն ու պայքարը ծավալվում է մարզադահլիճներում, իսկ ավանում մարզիկներն ավելի հանգիստ են ու լիցքաթափված:
Թիմերն իրենց ժամանակավոր բնակարաններում կամ շենքերում, ինչպես ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի պես մեծ թիմերի դեպքում է, արդեն զգում են իրենց ինչպես տանը:
Նրանք առիթը բաց չեն թողնում լողավազան գնալու, իրենց հատկացված մարզումային գոտում պարապելու կամ էլ պարզապես երեկոյան երաժշտություն լսել ու պարել:
Mediamax Sport-ն այցելել է հայկական պատվիրակությանն ու ծանոթացել նրանց բնակարանային պայմաններին: Մեր թիմը հանգրվանել է երկու հարկերում, նույն շենքում են բնակվում նաեւ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հավաքականները:
Առավոտ շուտ արդեն ավանում ենք, մարզիկների մի մասը դեռ քնած է, ոմանք հասցրել են գնալ պարապմունքի: Մասնավորապես ամբողջ թիմով բացակայում են աթլետները:
Բոլորի տրամադրությունը դեռ ընկած էր Անդրանիկ Կարապետյանի վնասվածքի պատճառով: Փորձում են չընկճվել, որպեսզի մյուս մարզիկների վրա այդ ամենը որեւէ կերպ չազդի:
Աստիճանաբար ժամանում են ըմբիշները, մի քանի օրից օլիմպիական գորգում կտեսնենք նրանց ելույթները: Ազատ ոճայինների թիմն արդեն Ռիոյում է ու հասցրել է նույնիսկ մարզվել: Սպասում ենք հունահռոմեականներին:
Ավան երեկոյան մեր 2-րդ այցելության ժամանակ էլ կարողանում ենք վերջապես տեսնել Անդրանիկին: Նա քիչ առաջ է ժամանել հիվանդանոցից ու փորձում է որեւէ կերպ ցույց չտալ, թե որքան դժվար է իր համար:
Պարզապես զրուցում ենք՝ փորձելով մոռացնել տալ մեկ օր առաջ տեղի ունեցած դժբախտությունը, սակայն անկախ մեզանից միեւնույնն է զրույցի առանցքը ծանրորդի վնասվածքն է: Նա շատ ուժեղ է, իսկական մարզիկ բոլոր առումներով ու համոզված ենք, որ ամեն ինչ էլ կհաղթահարի:
Օլիմպիական պատվիրակությունը մեզ դիմավորում է հարազատների պես, հեռավոր Ռիոյում մեզ ասես փոքրիկ Հայաստանում զգանք, բոլորը շատ ջերմ ու հոգատար են մեր նկատմամբ:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: