Առաջին անգամ Հայաստանն ունի սպորտային ազգային հեռարձակող:
«Ֆասթ Սպորտ»-ը ստացել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: Այսուհետ հայկական ու միջազգային ամենակարեւոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետեւի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքը շարունակելու է համագործակցությունը հայկական վերահեռարձակող օպերատորների՝ UCom, Rostelecom, Team ու այլ ընկերությունների հետ: «Ֆասթ Սպորտ»-ը շարունակելու է նկարահանել, հեռարձակել ու լուսաբանել հայկական սպորտի բոլոր կարեւոր մրցաշարերն ու առաջնությունները:
Գործունեությունը սկսելով 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ֆասթ Սպորտ»-ը եթերում էր միանգամից 3 հեռուստաալիքով: Ավելի քան 1,5 տարում հեռարձակման բացառիկ իրավունքով «Ֆասթ Սպորտ»-ն ու «ՖասթԹիՎի»-ն ցուցադրել են Չեմպիոնների Լիգայի, եվրոպական ֆուտբոլային թոփ 5 լիգաների, NBA-ի, NHL-ի, UFC-ի, Ֆորմուլա 1-ի, թենիսային մասթերս շարքի մրցաշարերի ամենակարեւոր ու դիտարժան առաջնությունները: 2 տարի անընդմեջ «Ֆասթ Սպորտ»-ի թիմը մարզադաշտից մեկնաբանել են Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումները, մասնակցել թիմերի նախախաղային եւ հետխաղային ասուլիսներին, աշխարհահռչակ մարզիչներին եւ ֆուտբոլիստներին ուղղել հարցեր՝ հնչեցնելով «Ֆասթ Մեդիա» անունը:
Չեմպիոնների Լիգայից եւ թոփ 5 լիգաներից բացի՝ «Ֆասթ Մեդիա»-ն նկարահանել ու հեռարձակել է նաեւ Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները: Շարունակելով լավագույն ավանդույթները՝ «Ֆասթ սպորտ»-ն ու FastTV առցանց հարթակը կհեռարձակեն, կարտադրեն ու կցուցադրեն մարզաշխարհի թոփ առաջնությունները եւ սպորտային իրադարձությունները:
ՀՖՖ-ի եւ «Ֆասթ մեդիա»-ի գործակցության արդյունքում Հայաստանում 1-ին անգամ կիրառվեց VAR համակարգը: Անխափան եթեր ապահովելու համար հեռուստաընկերությունը տեխնիկապես վերազինվեց, ավելացրեց տեսախցիկների քանակը: Նախկին 5-ի փոխարեն խաղադաշտում աշխատեց 8 օպերատոր: Նկարահանող անձնակազմն էլ վերապատրաստվեց՝ խախտումներն ու վիճելի դրվագները ավելի արդյունավետ արձանագրելու համար: Բացի ՀՊԼ-ի խաղերից, «Ֆասթ մեդիա»-ն ցուցադրեց, մարզադաշտից քննարկեց ու առաջատար մասնագետների հետ ամփոփեց Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները:
Հայկական ու միջազգային ֆուտբոլային ամենակարեւոր խաղերից զատ՝ հեռուստաալիքը բացառիկ իրավունքով նկարահանեց ու հեռարձակեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը՝ 10 օր շարունակ լուսաբանելով այն, ինչ կատարվում էր ռինգում եւ դրանից դուրս: Ֆրանսիական «Կանալ +»-ի հետ գործակցությամբ «Ֆասթ սպորտ»-ը Կաննից հեռարձակեց անպարտելի Արսեն Գուլամիրյանի՝ WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգի չեմպիոնական մենամարտը: Իսրայելական հեռուստաընկերության հետ էլ հեռարձակեց Մուհամեդ Ալիի թոռան մենամարտը:
2022-ի հուլիսի 18-ին թողարկվեց «Ֆասթ Թիվի» հարթակը՝ առաջինն ու միակը, որ սպորտը հասանելի դարձրեց բոլորի համար, ցանկացած վայրում: Այս ընթացքում «Ֆասթ մեդիա»-ի կատարած աշխատանքը ներկայացվել է միջազգային հարթակներում: Ընկերությունը համաշխարհային սպորտի, սպորտային տեխնոլոգիական ընկերությունների եւ սպորտային մուլտիմեդիայի առաջատարների հետ մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաեւ որպես առաջին Հայկական սպորտային հեռուստաալիք, արժանացել մի շարք մրցանակների՝ իր հաստատուն տեղը գտնելով արտասահմանյան լավագույն սպորտային մեդիաների կողքին:
«Ֆասթ Մեդիա»-ին շնորհակալություն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գործընկերներին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում արդար մրցակցության համար եւ մաղթում իր բազմամյա գործունեության բարեհաջող շարունակություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: