Մայիս 10, 2025
exclusive
669 դիտում

Գոռ Մովսիսյան. «Արթիկ»-ը թիմային անտրտունջ աշխատանքի շնորհիվ է 1-ինը դարձել


Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Գոռ Մովսիսյանը ստացել է Ա-լիգայի լավագույն մարզչի մրցանակը, հենց նրա գլխավորությամբ է հանդես եկել ու հաղթել «Արթիկ»-ը:

Mediamax Sport-ին նա խոստովանել է, որ առաջին անգամ է նման պարգեւի արժանացել, ինչում մեծ է իր ողջ թիմի կատարած աշխատանքը:

Եզրափակչում նրա սաները 95:86 հաշվով առավելության են հասել «Ուրարտու»-ի նկատմամբ:

«Եզրափակիչը շատ դժվար էր, սկզբում խաղը մի քիչ ձեռքից բաց թողեցինք, եւ «Ուրարտու»-ի մոտ սկսեցին լավ ստացվել 3 միավորանոց նետումները, մենք էլ ավելի լավ էինք գործում օղակի տակ: Բայց ի վերջո գտանք մրցակցին փակելու ճանապարհը, ինչի շնորհիվ էլ հաղթեցինք: Թիմային անտրտունջ աշխատանքի ու երկրպագուների աջակցության շնորհիվ լավ մրցաշրջան անցկացրինք»,- ասել է նա:

Մարզիչը գտնում է, որ Ա-լիգան շատ դիտարժան է ստացվել, մանավանդ՝ փլեյ-օֆֆի հանդիպումները: Իր բոլոր բասկետբոլիստներից է գոհ, որոնք աչքի են ընկել արդյունավետ ու դիտարժան խաղով.

«Անկրկնելի կենտրոնական ունենք՝ Դավիթ Խաչատրյանը, Ուոմաք եղբայրները շատ լավ խաղացին, սկզբում չէին հարմարվում հայաստանյան բասկետբոլին ու Արթիկի պայմաններին, բայց հետո սկսեցին լավ հանդես գալ եւ թիմը հարազատի պես ընդունել: Իր ուրույն տեղն ունի Մխիթար Վարդանյանի պաշտպանությունը, իսկ Հայկազ Գրիգորյանը շատ լավ գաղտնի փոխանցումներ է կատարում: Ու, իհարկե, մեր երիտասարդները, որոնք հեռանկարային են եւ մի քանի տարի անց կփայլեն»:

Ավելի վաղ Մովսիսյանի թիմը տիրացել էր նաեւ Սուպերգավաթին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին