Ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության առաջին մարզիկներն են, ովքեր կարողացել են ջրացատկ մարզաձեւում Եվրոպայի առաջնության մեդալ նվաճել:
Նրանք 10 մ սինքրոն աշտարակացատկում դարձել են ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Mediamax Sport-ի թղթակիցը զրուցել է Հարությունյանի հետ, որը պատմել է մինչ առաջնությունը եղած դժվարությունների ու ելույթի մասին:
Լուսանկարը` European Aquatics
Երկուսս էլ վնասվածքներ ունեինք, ես՝ ձեռքի, Լեւն՝ ուսի: Մարզումներն այստեղ դժվար էին ստացվում, ինչ-որ բան չէր բավականացնում: Ցատկերը շտկելու համար շատ քիչ ժամանակ ունեինք:
Շատ լավ տեղյակ եք, թե ինչպիսի պայմաններում ենք մարզվում Հայաստանում: Քանի որ սինքրոն ցատկի համար մենք մարզվելու հնարավորություններ չունենք, պարապել էինք միայն դահլիճում: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս մենք լողավազանում մարզումներ արեցինք միայն մրցավայրում, առաջնությունից մի քանի օր առաջ:
Բայց հավատում էինք, որ կարողանալու ենք մեդալ նվաճել: Շատ մեծ ջանքեր ենք այս տարիների ընթացքում ներդրել, վերջապես հասանք մեր նպատակին:
Լուսանկարը` European Aquatics
Ելույթից առաջ հաջողություն մաղթեցինք միմյանց, մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասաց, որ հավաքվենք ու ցույց տանք մեր լավագույն ցատկը: 5-րդ փորձի ժամանակ Լեւին ասացի, որ պետք է կենտրոնանալ, քանի որ դրանից է կախված ԵԱ-ի մեդալ նվաճելը:
Հաջողության համար շնորհակալություն մեր մարզիչ Չանդիրյանին, որի շնորհիվ հասել ենք այս մեդալին: Շնորհակալ եմ նաեւ իմ ծնողներին ու, հատկապես, տատիկիս:
Լուսանկարը` European Aquatics
Զգացողություններն աննկարագրելի են, բառերով չեմ կարող բացատրել: Գիտակցում ենք, որ այս հաջողությունն աննախադեպ է Հայաստանի համար:
Բայց այս ամենը ես մի կողմ եմ դրել, որովհետեւ դեռ ուրախանալու ժամանակը չի: Այսօր եղբորս՝ Ազատի հետ 3 մ սինքրոն ցատկ ունենք: Պետք է կենտրոնանալ ու կրկին լավագույնս հանդես գալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: