Մայիս 04, 2025
exclusive
4930 դիտում

Մաթիաս Դոլդերեր. Օդային մրցավազքերի գերմանացի դեմքը

Մաթիաս Դոլդերերը
Մաթիաս Դոլդերերը

Լուսանկարը` Predrag Vuckovic / Red Bull Content Pool


Օդային մրցավազքերի պիլոտ Մաթիաս Դոլդերերն օդում իրեն շատ ավելի լավ է զգում, քան ներքեւում: Թռչում է զանազան արգելքների միջով, անընդհատ ժպտում է ու կրկնում իր համար արդեն նշանաբան դարձած արտահայտությունը՝ «Լավ ժամանակ անցկացրու ու երբեք մի դիպչիր գետնին»:

Կատակում է, որ կվարի ցանկացած բան, որը թռչում է, իսկ օդ բարձրանալով փորձում է մոռանալ այն ամենի մասին, ինչ իրեն շրջապատում է, եւ դա անում է ոչ այնքան մենությունը վայելելու, որքան անվտանգության նորմերին խստորեն հետեւելու պատճառով:

25 տարվա ավիացիոն փորձ ունեող Դոլդերերը, ով իր ակտիվում գրանցել է հարյուրավոր թռիչքներ, օդային շոուներ, նաեւ դասավանդում է Դոլդերերի ավիացիոն դպրոցում:
   
Օդային մրցավազքերին մասնակցելը համարվում է 400 կմ/ժ արագությամբ սլացող ավտոմեքենան ավտոտնակում կայանելու պես մի բան:

Առաջին անգամ հոր հետ օդում հայտնվել է 3 տարեկան հասակում: Մեծանալով ծնողների ավիացիոն դպրոցում` հասկացել է, որ պիլոտ է դառնալու: Առաջին անհատական թռիչքն իրականացրել է 14 տարեկանում ու հետո հասկացել, որ օդում իրեն շատ ավելի լավ է զգում, քան ցամաքում: 

Աբու Դաբիում օրեր առաջ անցկացված տարվա առաջին մրցավազքում Դոլդերերը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը եւ խոստացել, որ իրեն շատ ավելի լավ կդրսեւորի հաջորդ շրջափուլերում:




- Մաթիաս, օդային մրցավազքերը երեք տարի շարունակ չէին անցկացվում: Այդ ժամանակ նշել էիր. «Երբ մրցավազքերը դադարեցին, դա ծանր ազդեցություն ունեցավ իմ կյանքի վրա, քանի որ չափազանց շատ բան էի ներդրել: Սա իմ պատկերացրած լավագույն սպորտաձեւն է…»: Եվ ահա, ինքնաթիռի շարժիչը նորից միացնելու եւ պայքարի մեջ նետվելու ժամանակն է: Ի՞նչ ես զգում:

-Կարծես երազ լինի, որը նորից ես տեսնում տեւական դադարից հետո: Երեք տարի տեւած ճանապարհորդությունից վերադառնում ես տուն: Ես ու իմ թիմն անչափ ուրախ ենք վերադառնալու համար: Ես շատ բան եմ ներդրել օդային մրցավազքերի զարգացման գործում: Սա ոչ միայն իմ մասնագիտությունն է, այլեւ կիրք է, ապրելակերպ…


-Հաղորդվում էր, որ 2014-ի օդային մրցավազքերի կանոններում փոփոխություններ են տեղի ունեցել:

-Ստանդարտացվել են շարժիչները, պոչամասերը եւ  արտաժայթքման խողովակները: Յուրաքանչյուր ոք ունի հաղթելու հնարավորություն: Օդային դարպասներն էլ 20 մետր բարձրությունից դարձել են 25 մետր: Դրան գումարած փոխվել է նաեւ ինքնաթիռի դիզայնը: 

-2014-ին օդային մրցավազքեր առաջին անգամ կանցկացվեն Լեհաստանում, Մալազիայում եւ Չինաստանում: Ո՞րն է քեզ համար այս տարվա ամենագարվիչ մրցավազքը:



-Ամենահետաքրքիրը կլինեն այն մրցավազքերը, որոնց ընթացքում ես կկարողանամ կանգնել հաղթողի պատվանդանին (ծիծաղում է): Եթե լուրջ, անհամբերությամբ եմ սպասում բոլոր քաղաքներում տեղի ունենալիք մրցավազքերին: Բոլոր տեղանքներն էլ շատ յուրահատուկ են: Խորվաթիան ինձ համար կլինի մոտավորապես տնային միջավայրում անցկացվելիք մրցավազք: Պատճառն այն է, որ մենք Գերմանիայում չունենք նման մրցավազք, եւ սա իմ հայրենիքին ամենամոտ վայրն է: Շատ ընկերներ ու հարազատներ այդ օրերին լինելու են Խորվաթիայում, որպեսզի աջակցեն ինձ:

-2014 թ-ի պրոֆեսիոնալ եւ անձնական նպատակները Մաթիաս Դոլդերերի համար:
 
-Ես սկսեցի մասնակցել օդային  մրցավազքերին 2009-ին, բայց հատկապես այս տարի ցանկանում եմ, որ ամեն ինչ շատ ավելի լավ ընթանա: Գլխավոր նպատակս, իհարկե, հնարավորինս հաճախ  հաղթողի պատվանդանին կանգնելն է: Անձնական նպատակնե՞ր: Իհարկե, առողջություն եւ երջանկություն:



- Օդային մրցավազքերը ոչ միայն բարձրացնում են ադրենալինը, այլեւ զվարճալի են: Մի զվարճալի բան պատմիր քո փորձից:

-Ես հաճույք եմ ստանում օդում գտնվելու ամեն վայրկյանից: Ու եթե սկսեմ զվարճալի պահերից խոսել, այս հարցազրույցը երբեք չի ավարտվի (ծիծաղում է):  Դրա փոխարեն ավելի լավ է օդային մրցավազքերի հայ երկրպագուներին մի քանի բան մաղթեմ՝ երջանկություն, առողջություն… Շարունակեք աջակցել ինձ ու այս տարի եկեք սեփական աչքերով դիտելու իմ մասնակցությամբ մրցավազքերից գոնե մեկը:

Մաթիաս Դոլդերերի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին