Դեկտեմբեր 09, 2024
exclusive
8786 դիտում

Ալեքսանդր Կարելին. Եթե սպորտում ագահ չլինես, տպավորություններ կհավաքես, ոչ թե մեդալներ

Լուսանկարը` https://biographe.ru/


Օլիմպիական խաղերի եռակի, Աշխարհի 9-ակի ու Եվրոպայի 12-ակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը 2 օրով Հայաստանում էր: Նրա հրավերով հայրենիք էր եկել նաեւ 1992-ի Բարսելոնայի խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը:

Երեւանում նրանց միացավ մեկ այլ տիտղոսակիր ըմբիշ՝ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:

Իր հագեցած գրաֆիկի պայմաններում Կարելինը չհրաժարվեց պատասխանել Mediamax Sport-ի հարցերին: Ու եթե կուզեք իմանալ, իսկական չեմպիոններն ու մեծագույն մարզիկները հենց այդպիսին պետք է լինեն՝ զուսպ, գրագետ, չափազանց անկեղծ ու բարի:

Կարելինի հետ կարելի էր անվերջ խոսել, սակայն հասցրինք անդրադառնալ ամենակարեւոր հարցերին: Խոսեցինք Գյումրի նրա կատարած այցելությունից ու ստացած աննկարագրելի տպավորություններից, Սեուլի խաղերում տարած հաղթանակից, ցավալի պարտություններից ու լավագույնը դառնալու որակներից:

Լուսանկարը` Արսեն Ջուլֆալակյանի անձնական արխիվից


-Պարոն Կարելին, Դուք կարճ ժամանակով էիք ժամանել Հայաստան, բայց մի օր անցկացրիք Գյումրիում: Ի՞նչ տպավորություններ ստացաք այնտեղ:

-Գիտեի, որ Գյումրին իմ ընկերների՝ Լեւոնի ու Մնացի քաղաքն է, սակայն պատկերացում չունեի, թե որքան հուզիչ է այն: Հատկապես քաղաքի հին հատվածն ինձ վրա մեծ ազդեցություն թողեց: Սիրում եմ նման ճարտարապետություն, իսկ Գյումրիում այն ամբողջությամբ սեւ է ու առավել ընդգծված: Խիստ քաղաք է, պարտավորեցնող: Տեսա Լյովայի տունը, որտեղ նա ապրել է, ծանոթացա Մնացի ավագ քրոջ հետ, որի մասին միշտ զուսպ է խոսում, բայց նաեւ յուրահատուկ սիրով: Շատ հուզիչ էր ու հաճելի: Գյումրիում այնքան սիմվոլներ ու գեղեցիկ վայրեր տեսա՝ սկսած տպավորիչ եկեղեցուց:

-Գյումրին իր կերակրատեսակներով էլ է առանձնանում, ի՞նչ համտեսեցիք այնտեղ:

-Մեր այցն ավարտեցինք ձկնային ռեստորանում, շատ համեղ էր, ուտելիքների անվանումները չեմ հիշում, բայց ամեն ինչ յուրահատուկ էր:

Լուսանկարը` Արսեն Ջուլֆալակյանի անձնական արխիվից


-Այցելել եք նաեւ ըմբշամարտի մարզադպրոց, որտեղ պայմաններն այնքան էլ լավը չեն:

-Երբ գնացինք ակնհայտորեն ձիարշավարանի հոտով մարզադահլիճ, որտեղ ազատ ոճայիններն են հիմա մարզվում, հասկացա, թե այդ տղաներն որտեղից են դուրս գալիս ու հաջողությունների հասնում: Ինձ համար միշտ օրինակ է եղել, թե ինչպես են իրար վերաբերվում հայ մարզիկներն ու մարզիչները: Միշտ նկատել եմ այդ ստեղծագործական կապը Լեւոն Ջուլֆալակյանի ու մարզիչ Արամ Սարգսյանի, Մնացական Իսկանդարյանի ու Կորյուն Մովսիսյանի միջեւ, ցավոք, նա էլ ողջ չէ: Նրանք ճիշտ օրինակ էին, որոնցից կարելի էր անվերջ սովորել: Աննկարագրելի տպավորություններ ստացա, ինձ շատ դուր եկավ մեր ուղեւորությունը: Անգամ չեմ կարող ասել, որ ուրախ եմ կամ գոհ, ես երջանիկ եմ:

-Շատ ուրախ եմ, որ հավանել եք մեր քաղաքը: Միշտ չի բախտ վիճակվում Ձեր պես տիտղոսակիր մարզիկի հանդիպել, դրա համար ուզում եմ հաղթանակներից խոսել: Կասեք, թե այդ բազմաթիվ նվաճումներից ո՞րն է առանձնանում Ձեզ համար:

-Այստեղ գտնվելով ու մի քանի օր Լեւոնի հետ զրուցելու առիթ ունենալուց հետո՝ հիմա կնշեմ Սեուլի Օլիմպիական խաղերում իմ հաղթանակը: 1988-ը մեզ համար բարդագույն ժամանակաշրջան էր, 80-ականներին խաղերի հետ կապված բավական ծանր իրավիճակ էր ստեղծվել: 1980 թվականին կապիտալիստական Աշխարհի ներկայացուցիչները չմասնակցեցին Մոսկվայի խաղերին, ապա մենք 4 տարի անց չմեկնեցինք Լոս Անջելես: 1988-ի խաղերում բոլոր երկրներն արդեն կային, դրա համար շատ դժվար էր: Դրանից բացի էլ ինձ վրա դժվար, բայց եւ հաճելի պարտավորություն դրվեց՝ ԽՍՀՄ-ի հավաքականի դրոշակակիրն էի: Հավաքականում երեւի վախից էի ընդգրկվել, քանի որ ինձնից առաջ հանդես էր գալիս Աշխարհի կրկնակի չեմպիոն Իգոր Ռոստորոցկին: Ու ես, երեկվա պատանին, ոչ միայն թիմում էի, նաեւ դրոշն էի տանում: Դրոշն ու նրա պատվոհարթակը 62 կգ էին կշռում: Սեուլում հիանալի հանդես եկանք, միայն ոսկե մեդալակիրներին կնշեմ՝ հաղթեցին Կամանդար Մաջիդովը, մեր հիանալի, մարդասեր ու շատ բարի Լեւոն Ջուլֆալակյանը, Միխայիլ Մամիաշվիլին ու վերջում՝ ես: Պատկերացնո՞ւմ եք ես այդ մարդկանց հետ նույն հավաքականում էի: Միայն տեսնեիք, թե ինչպես էր Լյովան արձագանքում իր հաղթանակին, նրան կանգնեցնել չէր լինում:



-Պարոն Ջուլֆալակյանը միշտ այնքան հանգիստ է ու հավասարակշռված, դժվար է պատկերացնել նրան այդպիսին:

-Այն ժամանակ էլ էր այդպիսին, միշտ է այդքան հանգիստ եղել, բայց այդ օրը երեւի միայն առաստաղի վրայով չի վազել: Նաեւ մարզումային դահլիճում հայտնվեց, որը բավական փոքր էր, ես էլ դեռ պետք է պատրաստվեի: Մամիաշվիլին էլ ոսկի նվաճելուց հետո արտասվում էր, նրան հանգստացնել չէր լինում: Առանց այն էլ ինձ համար հեշտ չէր, պետք է տրամադրվեի: Լեւոնին բռնել չէր լինում, չեմպիոնությունից հետո մեջն այնքան էներգիա էր մնացել դեռ, Միշանյային մի կերպ բերեցին, նա ոսկե մեդալի համար ամեն ինչ տվեց: Նայում էի նրանց ու մտածում, թե ես ինչպես եմ գոտեմարտելու:

-Բայց հաղթեցինք ու առաջին անգամ Բարսելոնայում Օլիմպիական չեմպիոն դարձաք:

-Բավական դրամատիկ եզրափակիչ ստացվեց, ավարտից 15 վայրկյան առաջ որոշիչ հնարքը կատարեցի, ինչի շնորհիվ էլ հաղթեցի:   

Լուսանկարը` Olympics.org


-Միշտ ուժեղ մարզիկներին, այդ թվում եւ Արթուր Ալեքսանյանին հարցնում եմ, թե մեծ  հաղթանակներն ինչպե՞ս են տրվում: Ի՞նչ է պետք ոչ թե պարզապես հաղթելու, այլ մեծագույնը դառնալու համար:

-Մեծագույնի հետ կապված հարցն ուրիշին պետք է տաք:

-Բայց Դուք էլ այդպիսին եք, որքան էլ հերքում եք դա:

-Այսպես կասեմ՝ բազմակի չեմպիոն դառնալն աշխատանք է, բացի այդ պետք է անչափ սիրել այդ աշխատանքը: Առանձնահատուկ դրամատուրգիա դրանում չկա: Եթե պատմեմ, թե ողերս քանի անգամ եմ ջարդել, անհավանական կթվա:

-Իհարկե, պատմեք, դա ամենահետաքրքիրն է, հաղթանակներից շատ նման պատմությունների մասին եմ սիրում լսել:

-Միայն 13 անգամ ինքս եմ իմ ողերը ջարդել, ամեն մի կոտրվածքից հետո գոնե կես տարի էր պետք վերականգնվելու համար, ամենացավոտ վնասվածքներն են: ԽՍՀՄ-ի հավաքականում հանդես եմ եկել 1986-ից մինչեւ 2000 թթ., այդ տարիներից երեւի 7,5-ն անցկացրել եմ դրանք բուժելու վրա: Մեծ հաղթանակներն առաջին հերթին համբերություն են պահանջում, դա շատ հետաքրքիր պրոցես է:  

Լուսանկարը` Olympics.org


-Դուք լավագույնների կողքին եք հանդես եկել ու կարողացել անհավանական արդյունքների հասնել:

-Միայն նրանց կողքին գտնվելն ու հավաքականի մի մասը լինելն արդեն իսկ աննկարագրելի էր: Իսկ երբ ինձ մոտ էլ ստացվում էր այն, ինչը շատերի տրված չէ, այնքան գրավիչ, գայթակղիչ ու կախարդական հատկություն էր: Եթե մարզումների ժամանակ մեռնում էիր, մրցումների ընթացքում կարող էիր հանգիստ լինել: Բացի այդ շատ կարեւոր էր հեղինակությունը, երբ հաղթանակներ ես հավաքում, պետք է կայուն հանդես գաս ու տարեկան մեկ անգամ չէ, որ առաջինը լինես: Գաղտնիք կասեմ, գիտեմ ոչ մեկի չեք ասի:

-Իհարկե, ոչ մեկի, միայն կգրեմ այդ մասին (ծիծաղում ենք, խմբ.):

-Ես շրջան եմ ունեցել՝ 1986-89 թթ. տարեկան 14 մրցաշարի եմ մասնակցել, դա շատ յուրահատուկ էր ու հատկապես մրցակիցներին համար ուսուցողական: Կարեւոր չէ, թե  ինչ մարզավիճակում էի գտնվում՝ ջարդված մատներով, թե ողերով, միշտ դուրս էի գալիս գորգ:

Լուսանկարը` Olympics.org


-Ու երբեք ցույց չէի՞ք տալիս, որ ցավով էիք մասնակցում, մրցակիցներն այդ մասին չէի՞ն իմանում:

-(Բացասաբար գլուխն է շարժում, խմբ.): Չի կարելի ցույց տալ, չէ՞ որ ամեն մեկն էլ ուզում է հաղթել: Մտածեք, թե ինչ է առաջատար լինելը: Առաջատարությունն օրինականացված եսասիրություն է: Եթե ագահ չլինես, տպավորություններ կհավաքես, ոչ թե մեդալներ: Այդ դեպքում քեզ հետո ոչ մեկ չի հիշի:

-Պարտություններն էլ են ինձ շատ հետաքրքրում, այն, թե մարզիկներն ինչպես են դրանց վերաբերվում, նրանց մասին շատ բան է ասում:

-Դրանք սթափեցնում են, բայց ավելի լավ է հաղթել: Ես սկսել եմ 2-րդ տեղից, ու 2-րդ տեղով էլ ավարտել կարիերաս: Երկրորդ տեղն ամենաստորացուցիչն է, նշանակում է՝ հաղթել ես կիսաեզրափակչում, հասել եզրափակիչ ու չի ստացվել: Աննկարագրելի ցավալի է լինում: Մի քանի վայրկյան, կես քայլ, կես շունչ չի բավականացնում, որ դու լավագույնը դառնաս:

Ալեքսանդր Կարելինի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին