Նոյեմբեր 20, 2024
exclusive
3232 դիտում

Էլինա Դանիելյան. Տարիքը միայն թիվ է, բոլորը պետք է երազեն ու գնան իրենց նպատակի հետեւից

Լուսանկարը` Մեդիամաքս


Էլինա Դանիելյանն օգոստոսին հայ շախմատիստներից առաջինը դարձավ, ով կարողացավ դառնալ Եվրոպայի չեմպիոն: Բարձունքին հասնելու ճանապարհը բնավ էլ հեշտ չի եղել, այդ մասին Դանիելյանը պատմել է Mediamax Sport-ի հետ հարցազրույցում:

Նա խոսել է նաեւ միշտ ու ամեն պարագայում սեփական ուժերին հավատալու, 43 տարեկանում նվաճած ոսկու, Բաքվից Երեւան տեղափոխվելու ու Ֆեդերերին երկրպագելու մասին:

-Եվրոպայի առաջնությունների շատ եք մասնակցել ու ունեիք արծաթ եւ բրոնզ, վերջապես ոսկին էլ նվաճեցիք: Ի՞նչ զգացողություն ունեիք, երբ Ձեր պատվին հնչում էր մեր օրհներգը:

-Երբ հաղթեցի վերջին պարտիան ու արդեն պարզ էր, որ չեմպիոն եմ հռչակվել, իհարկե, ուրախացա, բայց ոչ այնքան շատ: Բայց պարգեւատրման արարողության ժամանակ, երբ հայտարարեցին անունս ու երկիրը, բարձրացա բեմ ու հնչեց մեր հիմնը, անբացատրելի զգացողություն էր: Հիմա էլ պատմում եմ, ու մարմինս փշաքաղվում է: Զգացի, թե որքան կարեւոր բան եմ արել, երբ Եվրոպայի բոլոր ներկայացուցիչները Հայաստանի պատվին կանգնեցին: Իմ դերը երկրորդական է, եթե թիմակիցներիցս որեւէ մեկը հաջողության հասներ, էլի նույն կերպ էի ուրախանալու: Նման պահերին այնպիսի հպարտություն ես զգում քո երկրի համար:



-Շախմատային մրցաշարերը բավական երկար ու բարդ են, շատ ջանքեր ու ամուր նյարդեր են պետք հաղթանակի հասնելու համար: Ինչպե՞ս այս անգամ դիմացաք այդ տեմպին:

-Ստացվեց (ծիծաղում է, հեղ.): Տրամադրված էի մեկնել, որովհետեւ պանդեմիայի պատճառով բավական երկար ժամանակ շախմատ չէի խաղացել: Վերջին անգամ մրցաշարի էի մասնակցել 2020-ին, դա շատ երկար դադար է գործող շախմատիստի համար: Չգիտեի, ինչպես հանդես կգամ, առաջին մրցումը Սոչիի Աշխարհի գավաթն էր: Մոտ 1,5 տարի օնլայն էի խաղացել, աշակերտներիս հետ պարապել, ինքս մարզչի հետ աշխատել, չէի հեռացել շախմատից, բայց երբեք չգիտես, թե մրցումների ժամանակ քեզ ինչպես կդրսեւորես: Կորցնում ես պրակտիկ ուժդ ու խաղային որակները, սկսում ես երկար մտածել, ժամանակը չես զգում: Նորից այդ ամենի մեջ միանգամից մտնել չես կարող:

Սոչիում առաջին մրցակիցս այնքան էլ ուժեղ չէր, 2:0 հաշվով հաղթեցի ու զգացի, որ խաղալու ծարավ եմ, ուզում էի ստեղծագործել: Հետո ավելի ուժեղ մրցակցի հանդիպեցի ու էլի առավելության հասա, վստահությունս մեծացավ, գլուխս թարմն էր, սխալ քայլեր չէի անում: 3-րդ փուլում պարտվեցի ոչ թե նրա համար, որ մրցակիցս վարկանիշով էր բարձր, այլ ես սխալվեցի: Բայց միեւնույն է ուրախ էր վերադառնալ շախմատ, զգում էի, որ լավ մարզավիճակում եմ: ԵԱ-ից առաջ ներքին զգացողություն ունեի, որ այս անգամ ամեն ինչ ստացվելու է:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Գիտե՞ք, այսպիսի միտք առաջացավ՝ գուցե Ձեզ եւս մեկ տարի չթողնենք շախմատ խաղալ, որ հետո կարողանանք Աշխարհի առաջնությունում էլ հաղթել:

-Ես էլ էի դրա մասին մտածել, որ լավ խաղալու համար պետք է մի 2 տարի շախմատին ձեռք չտամ (ծիծաղում է, հեղ.): Իսկապես կարոտ էի այդ պրոցեսին, մտածելուն, գաղափարներ գտնելուն:

-Էլինա, փաստորեն Սոչիում վստահություն ձեռք բերեցիք ու մեկնեցիք Ռումինիա հաղթելու:

-Նախորդ տարիներին շատ մոտ եմ եղել հաջողությանը: Սովորաբար մրցաշարի առաջին կեսը լավ էի անցկացնում, առաջատարների թվում լինում, բայց հանգստյան օրից հետո 2-րդ հատվածը չէր ստացվում, երեւի լարված էի լինում: Այստեղ նման բան չկար, թեեւ հանգստյան օրից շատ էի վախենում, կատակով բողոքեցի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանին, թե ինչի համար է պետք դադարը (ծիծաղում է, հեղ.):

-Ինչպիսի՞ն է առաջնության ներքին ու չերեւացող պայքարը, որը մենք չենք կարող տեսնել կամ զգալ:

-Հիմնական պայքարն ինքս իմ հետ էր, այս անգամ ամեն ինչ արեցի, որ չլարվեմ ու հանգիստ լինեմ: Կյանքում էլ իմ ամենամեծ մրցակիցը հենց ես եմ, աշխատել եմ ուղեղս անջատել ու ոչ մի բանի ուշադրություն չդարձնել: Իհարկե, միավորներիս քանակը գիտեի, բայց մրցաշարային աղյուսակին չէի հետեւում: Ամեն օր նոր հակառակորդի դեմ էի տրամադրվում: Սովորաբար պարտիայից առաջ էներգիա փոխանցող երգ էի լսում, հայելու մեջ ինձ նայում, զգում, որ պատրաստ եմ ու գնում հաղթելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Քանի որ հայելին նշեցիք, կասե՞ք, թե արտաքին տեսքը որքանո՞վ է կարեւոր:

-Շատ կարեւոր է, առաջին հերթին կին ենք, հետո՝ նոր մարզուհիներ: Շատ շորեր եմ հետս տանում, որ ամեն օր փոխեմ (ծիծաղում է, հեղ.): Փոքր տարիքում սնահավատ էի, միշտ նույն գրիչն էի օգտագործում կամ հագուստը կրում, դա խանգարում է կենտրոնանալ, բայց տարիների ընթացքում կարողացա հրաժարվել այդ ամենից:  

-Բավական ծանր՝ մոտ 3 կգ-ոց գավաթ եք ստացել, ինչպե՞ս այն հասցրիք տուն:

-Իսկապես շատ ծանր էր, հավաքականի աղջիկներն են օգնել, ճանապարհի մի հատվածը մեկն էր պահում, հետո՝ մյուսը: Ամբողջ թիմով մի կերպ բերեցինք ու հասցրինք տեղ:

-Իսկ հետաքրքիր է, թե որտե՞ղ եք պահում այն:

-Տանը գավաթների համար նախատեսված տեղ ունեմ, բայց այնքան մեծ է, որ չի տեղավորվում, դեռ հյուրասենյակում է դրված՝ դիպչում է առաստաղին:

-Հիմա, երբ արդեն ոսկե մեդալ կա, ո՞րն է լինելու հաջորդ նպատակը:

-Այս մեդալը պակասում էր իմ հավաքածուում, հիմա պետք է Աշխարհի առաջնության մեդալների հետեւից գնամ: Մոտ 10 օրից թիմային Աշխարհի առաջնության ենք մասնակցելու, բավական լուրջ ու ուժեղ մրցաշար է, կփորձենք լավ հանդես գալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Եվրոպայի չեմպիոնությունը նաեւ Ձեր թիմակիցներին է շատ ոգեւորել:

-Աղջիկներն, ինձ թվում է, ավելի շատ են ուրախացել ու ինձնից շատ են ցույց տալիս իրենց էմոցիաները: Մարիա Գեւորգյանն ասում է. «Էլին, քեզնից ի՞նչ չեմպիոն, ուրիշները նետվում են լողավազան կամ ծովը, պատուհանից են գոռում, իսկ դու սուսուփուս ես»: Ես քնել եմ ընդամենը (ծիծաղում է, հեղ.):

-Նման հաղթանակները մյուսների համար շատ կարեւոր են իրենց հավատալու տեսանկյունից, մտածում են, եթե Ձեզ մոտ ստացվել է, իրենք էլ կկարողանան:

-Մանավանդ, որ հաշվի են առնում տարիքս: Աղջիկներին ասում եմ, որ շտապելու տեղ չունեն: Ամեն ինչ իր ժամանակն ունի, եթե ես 43 տարեկանում հաղթեցի, ուրեմն՝ այդպես էր պետք:

-Շախմատ խաղալ Ձեր հայրիկն է սովորեցրել, երբ 5 տարեկան էիք: Խոստովանել եք, որ Ձեզ պարապմունքների ամբողջ ընտանիքով էին տանում, իսկ դուք չէիք ցանկանում ու արտասվում էիք:

-Այդ օրը շատ լավ եմ հիշում, մորաքույրս կամ պապիկս տեսնելով, որ չեմ ուզում շախմատի գնալ, փորձեցին հայրիկին համոզել, բայց նա իր որոշումը չփոխեց: Սկզբում այն ինձ ոչ մի բանով չգրավեց, չէի սիրում մինչեւ այն պահը, երբ առաջին անգամ հաջողության հասա: Հայրս ինձ ստիպում էր պարապել, կարելի է ասել, որ մանկություն չեմ ունեցել, անընդհատ շախմատ էր ու մրցումներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ ինչո՞ւ էր Ձեր հայրն այդպես համառորեն ուզում, որ շախմատիստ դառնաք:

-Երեւի տաղանդ ունեի, ու նա զգում էր այն: Սկզբում ինձ շախմատ խաղալ սովորեցրեց, որ իր մրցակիցը լինեմ: Տեսավ, որ մեկ անգամ բացատրելուց հետո շատ շուտ ընկալում եմ ամեն ինչ: Չեմ ափսոսում այս ճանապարհն անցնելու համար ու շնորհակալ եմ նրան իր գործադրած ջանքերի համար: Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո շատ էի ափսոսում, որ հայրիկս էլ ողջ չէ ու չի ուրախանա իմ հաջողությամբ:

-Դուք ծնվել ու ապրել եք Բաքվում: Ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունն այնտեղ ու ի՞նչ պայմաններում տեղափոխվեցիք Երեւան:

-Մինչեւ 10 տարեկանն եմ ապրել Բաքվում: Ծնողներս լավ գործ ունեին, կյանքն ընթանում էր իր հունով, բայց հետո դժվարություններ սկսվեցին: 1988-ի փետրվարին հայրս Սումգայիթում է եղել ու անձամբ տեսել, թե այնտեղ ինչեր էին կատարվում: Դրանից հետո որոշեց, որ էլ չենք կարող մնալ Բաքվում ու եղբորս հետ պետք է սեպտեմբերի 1-ին Երեւանում դպրոց գնանք:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպե՞ս կարողացաք hարմարվել նոր կյանքին՝ կորցնելով ամեն ինչ:

-Ամեն ինչ թողեցինք, ոչինչ վաճառել չկարողացանք, հրաման կար հայերի տները չգնել: Օգոստոսի 16-ին տարեդարձս էր, հաջորդ օրը հայրիկս ինձ, փոքր եղբորս ու մայրիկիս  նստեցրեց Բաքու-Երեւան ինքնաթիռը: Իրենք մնացին այնտեղ, քաղաքի կենտրոնում տուն ունեինք, չէին կարող հենց այնպես թողնել: Հայրիկիս մայրիկը չէր հավատում, որ այդ ամենը կշարունակվի, դրա համար էլ չէր ուզում հեռանալ: Դեկտեմբերի 6-ին՝ երկրաշարժից 1 օր առաջ, հայրս ու մայրիկիս ծնողները եկան Երեւան, մյուս տատիկն անդրդվելի էր: 1989-ի հունվարին Բաքվի ջարդերի ժամանակ նրան իր ընկերուհին մի կերպ փախցրեց ու փրկեց: Երեւանում զրոյից նոր կյանք սկսեցինք, շատ դժվար էր, ինձ չէին ընդունում ու չէին սիրում: Գուցե, ինձ համար ավելի հեշտ էր, որովհետեւ իմ կյանքում շախմատը կար ու անընդհատ մրցումների էի, հայրիկս ինձ ամենուր ուղեկցում էր:  

-Իսկ ի՞նչ ապրումներ ունեիք, երբ 2020-ին սկսվեց պատերազմը, որքանո՞վ այն ցավ պատճառեց Ձեզ:

-Շատ դժվար օրեր էին, մինչեւ հիմա չեմ կարողանում ուշքի գալ ու հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ մեր երկրի հետ: Մեր մտածելակերպն է պետք փոխել, ժամանակ է պետք վերքերը բուժելու համար, որոնք այնքան խորն են: Շատ գործ ունենք անելու ու չենք կարող դանդաղել:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նախորդ տարին բարդ էր նաեւ այն առումով, որ կորոնավիրուսի պատճառով ամբողջ կյանքի ընթացքը փոխվեց, փակվեցինք տանն ու մրցումներ չկային:

-Իմ բնավորության շնորհիվ շատ հարմարվող եմ, հասկանում եմ, եթե որեւէ իրավիճակում ոչինչ փոխել չեմ կարող, ուրեմն պետք է օգտագործեմ եղածը: Չես կարող պարզապես նստել ու մտածել, որ շախմատ չկա, ամեն ինչ փոխվել է, ուրեմն վատ է: Բայց հասկացա, թե ինչքան եմ շախմատը սիրում ու շատ էի ուզում խաղալ:

-Էլինա, շախմատը ի՞նչ տեղ ունի Ձեր կյանքում ու որքանո՞վ է կլանել:

-Թեեւ լրիվ շախմատի ֆանատ չեմ, բայց ինձ առանց դրա էլ չեմ պատկերացնում, շատ է գրավում ինձ: Եթե սիրում ես մտածել, երեւակայությունդ աշխատեցնել ու նոր բաներ հնարել, առանց շախմատ չես կարող: Ինձ դուր է գալիս մտքի պայքարը, եթե հաղթում ես, ուրեմն մրցակցից մի քիչ ավելի խելացի ես:

-Այդ դեպքում պարտություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Արդեն փիլիսոփայորեն (ծիծաղում է, հեղ.): Կապ ունի, թե ինչ պարտություն ես կրում, եթե իմ սխալի արդյունքում եմ զիջում, ավելի ծանր եմ տանում: Մտածում եմ՝ էլի ես եմ մեղավոր, ախր ինչո՞ւ այդպիսի քայլ արեցի: Դրան ավելի դժվար է հարմարվել, քան երբ դիմացինդ խաղով է գերազանցում քեզ: Այդ դեպքում ընդունում ես, որ ավելի ուժեղ էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ պարտիաների ընթացքում մրցակիցներն իրար խանգարո՞ւմ են:

-Աշխատում ենք չխանգարել, բայց եթե նման բան եմ նկատում, նկատողություն եմ անում: Եղել է, որ իմ քայլ անելու ընթացքում մրցակիցը թիկունքիս է կանգնել: Շատ տհաճ է, զգուշացրել եմ, որ հեռվից նայի խաղատախտակին: Հնդկաստանից ուժեղ շախմատիստուհի կա՝ Համպի Կոներու, շատ ծանր հայացք ունի, կոբրայի պես է նայում: Սովորություն ուներ հակառակորդի մտածելու ընթացքում ուշադիր նայել դեմքին: Մի անգամ չդիմացա, բարձրացրի աչքերս ու սկսեցի ուղիղ ճակատին նայել: Վեր կացավ աթոռից ու հեռացավ, դրանից հետո դադարեց ինձ հետ այդ հնարքը կիրառել:

-16 տարեկանում եք գրոսմայստերի նորմա լրացրել Մոսկվայի Օլիմպիադայում ու հայ ամենաերիտասարդ կին շախմատիստուհին եք եղել այդ ժամանակ: Ի՞նչ էիք զգում կոչումը ստանալիս:

-Շատ երիտասարդ էի, ու այդ հաջողությունից մի քիչ մեծամտացա: Երբ գրոսմայստեր դարձա, մի տեսակ հանգստացա ու հաջորդ մրցաշարը, բնականաբար, ձախողեցի: Մտածեցի՝ այդպես քեզ, որ հաջորդ անգամ դաս լինի: Դրա համար էլ երեւի հիմա հաղթանակներին թեթեւ եմ վերաբերվում: Աշխատում եմ չկենտրոնանալ հաջողության վրա, ուրախանում եմ ու նոր նպատակների հետեւից գնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-1992 թվականից Հայաստանի կանանց թիմում եք հանդես գալիս, Եվրոպայի թիմային չեմպիոն ու բրոնզե մեդալակիր եք դարձել, 2003-ին Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվել: Ո՞րն է ձեր սպորտային երկարակեցության գաղտնիքը:

-Շուտով մասնագիտական 30-ամյակս է (ծիծաղում է, հեղ.): Գաղտնիքն իմ բնավորության մեջ է թաքնված, դրական եմ, մանրուքների վրա չեմ կենտրոնանում, ամեն իրավիճակ՝ լինի շախմատում, թե կյանքում, ընդունում եմ ինչպիսին կա: Դա շատ է օգնում անհաջողությունները հեշտ մոռանալ:

-Ձեր երկար ճանապարհի ընթացքում շատերի հետ եք խաղացել թիմում, մի մասն արդեն ավարտել է կարիերան, հիմա ավագն եք հավաքականում, բայց լավ եք լեզու գտնում նաեւ երիտասարդների հետ:

-Վերջերս նայում էի սեպտեմբերի վարկանշային աղյուսակն ու փորձում հասկանալ, թե իմ հասակակիցներից ովքեր կան: Ինձանից տարիքով է լեգենդար Պիա Կրամլինգը, ակտիվ է նաեւ Աշխարհի չեմպիոն Անտուանետա Ստեֆանովան, Մոնիկա Սոչկոն: Մեր հասակակից մյուս խաղացողներն արդեն թողել են շախմատը: Հաճելի է, որ դեռ կարողանում եմ, երիտասարդներին դաս տալ (ծիծաղում է, հեղ.):

Լուսանկարը` Մեդիամաքս


-Շախմատիստներդ շատ եք տարբերվում մյուս մարզիկներից, ի՞նչն է պատճառը:

-Որովհետեւ մեր սպորտաձեւն ինտելեկտուալ է, լավ խաղալու համար միայն շախմատով զբաղվելը քիչ է, ուղեղդ ինչքան բազմակողմանի զարգացած լինի, այնքան առավելություն կունենաս: Գրքեր ես կարդում, լեզուներ սովորում, ուղեղդ ավելի ճկուն է դառնում: Դա օգնում է, որ բարդ դրության մեջ ընկնելիս սկսես հետաքրքիր ելքեր մտածել:

-Ասացիք գրքերը շախմատիստների կյանքում պարտադիր են, իսկ ինքներդ շա՞տ եք կարդում:

-Հիմա այդքան էլ շատ չէ, որովհետեւ ժամանակ չունեմ: Իմ ամենասիրելի գիրքը «Վարպետն ու Մարգարիտան է», այն 4 անգամ եմ կարդացել, մտածում եմ, որ 5-րդն էլ կարդալու ժամանակն է:

-Շախմատը շատ արագ ու մեծ տեմպերով է առաջ գնում, որքանո՞վ ենք մենք հասցնում այդ ամենի հետեւից:

-Մենք էլ ենք առաջ գնում, ուժեղ սերվերներ ունենք եւ ամեն առաջընթացից էլ օգտվում ենք: Պետք է նշեմ, որ բնավ էլ հետ չենք մնում մյուսներից, անգամ առաջ ենք, քանի որ մեր ուղեղն ավելի հետաքրքիր է աշխատում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Կանանց շախմատն ի՞նչ առանձնահատկություն ունի ու ի՞նչ է պետք անել Հայաստանում այն զարգացնելու համար:

-Կանանց շախմատն իր էմոցիաներով է տարբերվում: Մեզ վրա ամեն ինչ ազդում է՝ տեսքը, մազը, կողմնակի բաների վրա ենք շատ ուշադրություն դարձնում, տղամարդիկ հեշտ են կարողանում կենտրոնանալ: Բացի այդ էլ մենք մայրական բնազդներ ունենք եւ ամբողջությամբ չենք կարողանում անջատվել՝ մտածում ենք տանը երեխան է սպասում, հաց է պետք գնել, կամ այլ գործ անել: Տղամարդիկ մեզնից մի քիչ ավելի լավ են խաղում, ընդունում եմ այդ փաստը, բայց մենք էլ պայքարում ենք (ծիծաղում է, հեղ.): Տիգրան Պետրոսյանը մեր մեծն է, կուռքը, նրանից հետո եկավ շախմատիստների լավ սերունդ ՝ Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Միանսյան, Աշոտ Անաստասյան, ապա եղան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը: Հիմքն ամուր էր դրված, բայց կանանց շախմատում հիմք չունեինք, ինչպիսին, օրինակ, կա Վրաստանում: Նոնա Գաբրինդաշվիլու շնորհիվ այնտեղ հիմա էլ ուժեղ խաղացողներ կան: Ես, իհարկե, շատ կցանկանամ, որ իմ հաջողությունն էլ մեզ մոտ նման սկիզբ ազդարարի:

-Իսկ մենք կանանց շախմատում լավ մասնագետներ ունե՞նք, քանի որ հոգեբանական առումով աղջիկների ու տղաների հետ աշխատելը տարբերվում է:

-Իսկապես, կանանց ու տղամարդկանց մարզիչ լինելն իրարից շատ է տարբերվում: Կարող ես ուժեղ մասնագետ լինել, բայց ոչնչով չկարողանաս օգնել աղջիկներին: Ոչ միայն շախմատ է պետք իմանալ, այլ նաեւ հոգեբանություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դեռ գործող շախմատիստ եք, բայց ինքներդ կմարզե՞ք հետագայում, տեսնո՞ւմ եք Ձեր մեջ այդ ձիրքը:

-Կուզեմ իմ գիտելիքները փոխանցել նոր սերնդին: Ինչին ես չեմ հասել, թող ուրիշները կարողանան:

-Էլինա, չեմ կարող չհարցնել Ձեր կերպարանափոխությունից, բավական նիհարեցիք ու արտաքուստ շատ փոխվեցիք: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ քայլին ու ի՞նչ ջանքեր գործադրեցիք դրա համար:

-Ասում էի չէ՞, որ ինքս իմ հետ պայքարում եմ, ուզեցի տեսնել՝ կարո՞ղ եմ, թե՞ չէ: Ու ստացվեց: Մի քիչ շատ ջանքեր գործադրեցի, մոտ 40 կգ նիհարել եմ, հեշտ չէր սկզբում, ամեն ինչ բնավորությունից է կախված: Սկսվեց սննդակարգով, հետո շարունակվեց մարզումներով ու դարձավ ապրելակերպ:

-Դուք մայրիկ եք ու դուստր ունեք: Մի քիչ կպատմե՞ք Էլիզայի մասին:

-Մանկապարտեզում է հիմա, ուռա: Իմ կյանքն Էլիզկայից առաջ ու հետո լրիվ այլ է: Հասկանում ես, որ մնացած ամեն ինչ երկրորդական է՝ շախմատը, կոչումները: Էլիզկան կյանքս ուտում է (ծիծաղում է, հեղ.), իմ կրկնօրինակն է, բայց ոչ բնավորությամբ: Շատ ակտիվ է, անընդհատ ուզում է խաղալ, բերում է տիկնիկներն ու համոզում, որ միանամ իրեն: Մեկ-մեկ ստացվում է համոզել: Ես շախմատի պատճառով մանկություն չեմ ունեցել, թող գոնե նա վայելի այն:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Խոհանոցում հասցնո՞ւմ եք լինել ու պատրաստել:

-Եթե հասցնում եմ, շատ համով է ստացվում, բայց սիրահար չեմ, մայրիկս է հիմնականում խոհանոցով զբաղվում: Ինձ համար տարբերություն չկա ինչ ուտել, այնքան որ սովից չմեռնեմ:

-Իսկ կանացի ի՞նչ հետաքրքրություններ ու թուլություններ ունեք:

-Կոշիկների սիրահար եմ, շատ-շատ ունեմ, մրցումներին էլ բարձրակրունկներ եմ հագնում: Ամենաքիչը 5-6 զույգ տանում եմ հետս, ցածրերը չեմ հաշվում: Ապրում եմ 14-րդ հարկում, բարձրակրունկների՞ց պետք է վախենամ (ծիծաղում է, հեղ.):

-Հարցերս այսքանն էին, Էլինա, եթե կուզեք ավելացնել ինչ-որ բան, մեծ սիրով կլսեմ Ձեզ:

-Ֆեդերերի նկարով շապիկ կա, որի վրա գրված է՝ «Տարիքը խնդիր չէ, այն միայն թիվ է»: Երբ դա տեսա, մտածեցի, որ ես էլ նույնն եմ միշտ ասում: Երազում էի ԵԱ-ում հաղթել ու ստացվեց, անհնարին ոչինչ չկա, աշխատում ես, նպատակ դնում ու մի օր հասնում ես դրան: Այդ միտքն եմ ուզում բոլորին փոխանցել, որ իմանան` գլխավորը ցանկությունն է: Երազեք ու գնացեք ձեր նպատակի հետեւից: Ֆեդերերին էլ ջերմ բարեւներ Հայաստանից, իմ ամենասիրելի մարզիկն է: Նրա տեսքը, կորտում պահելու ձեւը, հարգանքը մրցակիցների նկատմամբ օրինակելի են:


Էլինա Դանիելյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Տեսանյութը՝ Գոհար Նալբանդյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին