«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի «Ալաշկերտ»-ի դեմ խաղին։
Այդ խաղում նրա թիմը 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը։ «Նոա»-ի դարպասին նշանակվել են 11-մետրանոցներ, 21-րդ րոպեից էլ հեռացվել է Դավիդ Ֆերնանդեսը։ Գլխավոր մրցավարը եղել է Յուրա Մահտեսյանը։
«Հայկական ֆուտբոլն ունի մեծ խնդիրներ։ Մինչեւ 21 տարեկանների հավաքականը վերջին 5 տարում ոչ մի խաղում չի հաղթել, բոլոր մանկապատանեկան թիմերը վերջին 3 տարում չեն հաղթել, ազգային ընտրանու Պորտուգալիայի դեմ 9։1 հաշվով արդյունքն էլ պատահականություն չէ։ Խնդիրը հայ խաղացողներից ու մարզիչներից չի, որովհետեւ նրանք լավն են։
Օրեր առաջ ես Ցեղասպանության թանգարանում էի։ Երբ ավարտում ես այցն ու տխուր, հուզված դուրս ես գալիս, տեսնում ես «Փյունիկ»-ի ակադեմիան՝ ֆուտբոլ խաղացող երեխաներով։ Ցավոք, թանգարանում տեսած երեխաներն ապագա չունեցան, բայց «Փյունիկ»-ի երեխաներն ունեն։ Բոլոր մյուս ակադեմիաների երեխաներն ունեն ապագա։ Հայաստանը բարձրակարգ խաղացող ունի «Ինտեր»-ում, այլ եվրոպական թիմերում։
Բայց «Ալաշկերտ»-ի դեմ այսպիսի խաղից հետո, երբ այսքան 11-մետրանոցներ նշանակվեցին, կարմիր քարտ ստացանք․․․ սա պատահականություն չէ։ Մարդ կարող է մեկ անգամ սխալվել։ «Արարատ»-ի դեմ մենք նախկին խաղում գոլ խփեցինք, բայց մրցավարը չհաշվեց։ «Ալաշկերտ»-ը լավ թիմ է ու ավելի վաղ մեզ արժանիորեն հաղթել է։ Բայց հիմա ես առաջինը նրանց կշնորհավորեի, եթե ամեն ինչ արդար լիներ։
Հենց մրցավարությունն է սպանում հայկական ֆուտբոլը, պատահական չէ, որ Հայաստանը նույնիսկ մոտ չէ ԱԱ եզրափակիչ անցնելուն։ Ես սա ինձ համար չեմ ասում, այլ երեխաների։
Հայաստանի առաջնությունը պետք է մաքուր դատվի, եթե ցանկացած այլ թիմ մաքուր հաղթանակ տոնի, ես կշնորհավորեմ։ Ասեք, թե վերջին ստադիոնը Հայաստանում ե՞րբ է կառուցվել․ չեք հիշի։ Իսկ մեր ակումբը կառուցում է բարձրակարգ ստադիոն, բայց երբ նախագահը տեսնի այս ամենը, միգուցե ասի՝ ինչի՞ համար եմ սա անում, այս ամենի՞։
Օրեր անց մենք հանդես ենք գալու Կոնֆերենցիաների լիգայում ու պայքարելու ենք հայկական ֆուտբոլի, ակումբների, հայ երեխաների համար։ «Նոա»-ն միակ թիմն է, որ պայքարում է Եվրագավաթներում։ Ո՞ւմ համար ենք մենք խաղում, իհարկե, Հայաստանի։ Բայց մենք ի՞նչ ունենք այսօր, սա՞ է հարգանքը»։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: