Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակով է մեկնարկել Ազգերի Լիգայի խաղարկությունում:
Այսօր ֆուտբոլիստներն Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտում հյուրընկալել են Լիխտենշտեյնին ու առավելության հասել 6:1 հաշվով։
Հայաստանի թիմը մրցակցին անակնկալի է բերել երկու արագ գոլով, նախ 7-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է Մարալ Արթինը, իսկ 6 րոպե անց աչքի ընկել Օքսանա Պիզլովան։ Խաղակեսի ավարտին հաշիվն ավելի խոշոր է դարձրել Լարա Կազանչյանը՝ 3:0:
Արտակ Ադամյանի թիմը 2-րդ կեսում էլ է շարունակել ճնշում գործադրել մրցակցի վրա՝ ստիպելով տուգանայինում խախտել կանոնները։ Նշանակված 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Աննա Դալլաքյանը։ Մրցակցին Կատարինա Ռիսչի գոլի շնորհիվ հաջողվել է կրճատել հաշիվը, բայց 1 րոպե անց Կազանչյանը դուբլ է ձեւակերպել ու գոլերի տարբերությունը նորից 4 դարձրել։
Ֆրանսիական «Լանս»-ի կիսապաշտպանը դրանով չի բավարվել ու հեթ-տրիկի հեղինակ է դարձել` ապահովելով Հայաստանի կանանց հավաքականի վաղուց սպասված հաղթանակը։
Վերջին անգամ կանանց թիմը հաղթել է 2024-ի մայիսին Ղազախստան հետ խաղում։ Հենց այդ հավաքականի հետ էլ նույն ստադիոնում փետրվարի 25-ին անցկացնելու է իր հաջորդ հանդիպումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: