Մայիս 11, 2025
437 դիտում

«Նոա»-ն կոչ է արել հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված ուժերին նստել մեկ սեղանի շուրջ


Լուսանկարը` FC Noah


«Փյունիկ», «Ուրարտու» եւ «Շիրակ» ակումբները միացել են երկրպագուների ՖԱՖ շարժմանը եւ նույնպես պահանջում են ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականը:

ՀՖՖ ղեկավարությանն աջակցող հայտարարությամբ էլ հանդես է եկել 23 ակումբ, որոնց թվում չկա «Նոա»-ն, որն առանձին է հայտնել իր դիրքորոշումը:

««Նոա»-ն չի մասնակցել ՀՖՖ-ի ընտրություններին։ Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հանուն արդար խաղի կանոնների։

Հայաստանում կան պրոֆեսիոնալ եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մեր կողմից բարձրացված, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ՝ փորձելով գտնել լուծումներ։

Հայկական ֆուտբոլի առջեւ ծառացած խնդիրների քննարկման ու լուծման գործում «Նոա»-ն կարեւորում է նաեւ ֆուտբոլասերների ու մեր սիրելի երկրպագուների մասնակցությունը՝ գնահատելով վերջիններիս ջանքերը։

«Նոա»-ն շարունակում է իր ճանապարհը հայկական ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ եւ հեռանկարային ծրագրերով, հանուն այս նպատակների պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ, քաղաքակիրթ ձեւով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։ «Նոա»-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ համախմբելով բոլոր ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, զարգացնել հայկական ֆուտբոլը եւ տոն պարգեւել մեր սիրելի երկրպագուներին»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին