Ապրիլ 27, 2024
1033 դիտում

Նաիր Տիկնիզյան․ Մինչեւ ընդհանուր խմբի հետ մարզվելը, հարկավոր է ճիշտ վերականգնվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը վնասվածք ստանալուց հետո շարունակում է վերականգնվել։

Նա հարցարզույց է տվել իր ակումբի պաշտոնական կայքին, որից առանձնացրել ենք մի շարք մտքեր։

«Վնասվածքն այդքան էլ ծանր չէ, սակայն այն եւս պահանջում է բուժում եւ վերականգնողական փուլ։

Երբ այն ստացա, առաջին միտքս էր, որ չեմ կարող ընթացող հանդիպումն ավարտել, ինչը տխրեցնում էր։ Երկրորդը, որ մեծ հավանականությամբ բաց կթողնեմ հավաքականի առաջիկա հանդիպումները, սա եւս մեծ հարված էր։ Սակայն երբ արդեն հանդերձարան էի գնում, հասկացա, որ հարկավոր է ամեն բան թողնել հետեւում եւ արագ վերականգնվել։

Մինչեւ ընդհանուր խմբի հետ մարզվելը, հարկավոր է ճիշտ վերականգնվել, ինչի ուղղությամբ աշխատում եմ։ Լավ է, որ հիմա հավաքականը պաշտոնական հանդիպումներ չի անցկացնում, որովհետեւ դրանք բաց թողնելը շատ ծանր կազդեին վրաս։

«Լոկոմոտիվ»-ն առաջնության երկրորդ հատվածը հաջող չի սկսել։ Մենք արագ գոլ ենք խփում, հետո այլեւս նույն ագրեսիվությամբ չենք գործում։ Ամեն մեկս հարց պետք է տա՝ ինչ ենք ուզում ֆուտբոլից եւ ինչ ենք պատրաստ փոխարենը։ Հարկավոր է ուղղել սխալներն ու մեղավորներ չփնտրել։

Գտնում եմ, որ կկարողանանք ուղղել իրավիճակը, դրա համար ուժեր ունենք։ Հենց մեր թիմը գտնի իր խաղը, ապա հաղթի «Կրասնոդար»-ին, կարծում եմ մենք դեռ կմնանք պայքարի մեջ»։

«Լոկոմոտիվ»-«Կրասնոդար» հանդիպումը կայանալու է մարտի 31-ին։ Այս պահին «Կրասնոդար»-ը Ռուսաստանի առաջնությունում 2-րդն է, իսկ «Լոկոմոտիվ»-ն ընթանում է 5-րդ տեղում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին