Մայիս 10, 2025
1174 դիտում

Սողոմոնյան․ 4 տարում ՀՖՖ-ն ստացել է 70 մլն եվրո, որի ղեկավարներն այն ներդրել են պաշտոնը պահելու համար


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


«Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այսօր ներկայացրել է այն խնդիրները, որոնք առաջացել են հայկական ֆուտբոլում Արմեն Մելիքբեկյանի ղեկավարման չորս տարվա ընթացքում։


Կետերով ներկայացնենք Սողոմոնյանի հիմնական մտքերը։

Արտոնագիր ստանալը ՀՖՖ-ն թանկացրել է 5 անգամ

«Հայկական ֆուտբոլում չորս տարվա ընթացքում մթնոլորտը դարձել է անառողջ, անընդհատ վիճաբանություններ են առաջանում, ներդրողներ հեռանում։

Սկսեմ մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլից, որը սպորտի հիմքն է։

Վերջերս ֆեդերացիայից հայտարարեցին, թե դաշտերի կառուցման ծրագրի համար ինչ-որ մրցանակ են շահել։ Մենք շրջել ենք ու գնահատել, թե ինչպիսի դաշտեր են կառուցվել Հայաստանում, ցավոք, ոչ բոլորը տեսանք, որովհետեւ մի մասը պարզապես փակ էր։

Բերդավանում մասնաճյուղ ունենք ու դիմեցինք ֆեդերացիային այնտեղ մարզվելու համար։ Բայց մեր երեխաները վնասվածքներ ստացան, ինչից հետո այլեւս այնտեղ չաշխատեցինք։ Այդ դաշտերը ոչ թե ծառայում են զարգացմանը, այլ սպանում են մանկապատանեկան ֆուտբոլը, որովհետեւ շատ վատ են կառուցված։ Դաշտերն այլ կերպ պետք է լինեն եւ ավելի փափուկ վերեւի շերտ ունենան:

Բոլոր տարիքային խմբերում մրցակցությունը բացակայում է։ Զարգացման մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ այն միայն մրցակցության վրա կարող է կառուցվել, ինչը մանկապատանեկան ֆուտբոլում չկա։

Լուսանկարը` Photolure


Իհարկե, ներդրողները բախվում են խնդիրների ենթակառուցվածքների բացակայության եւ անարդարության հետ, սակայն առաջին լուրջ խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների գրեթե բացակայությունն է։ Այս տարվա սկզբին ՀՖՖ-ն արտոնագիր ստանալու գումարը թանկացրեց 5 անգամ, ինչը սպանելու է մանկապատանեկան ֆուտբոլը։ Օրինակ՝ ՊՐՈ կարգ ստանալու համար մարզիչը պետք է վճարի 5 մլն դրամ։ Այլ երկրներում այդ գումարն անհամեմատ ցածր է, պայմանավորվել ենք, որ մեր մարզիչները կարողանան դրսում սովորել։

ԲԿՄԱ-ն դարձել է բանակից ազատվելու միջոց

Խոսեմ երիտասարդական ֆուտբոլից. մեր երիտասարդները վաղվա ազգային հավաքականն են կազմելու։ Բոլոր տարիքային թիմերն այս չորս տարում անսահման վատ են հանդես եկել, կրել պարտություններ նույնիսկ կարգով ցածր Ֆարերյան կղզիներից։ Դրա համար էլ Մ-21 տարեկանների թիմն ընդգրկվել է 6-րդ զամբյուղում, որն ամենացածրն է, իսկ նման բան երբեք չէր եղել։

ԲԿՄԱ-ն դարձել է տարկետում ստանալու միջոց։ Բացման առաջին տարում տարկետում է ստացել 23 ֆուտբոլիստ, որոնցից 14-ն այլեւս ֆուտբոլով չի զբաղվում, 3-ը տարբեր ակումբների հիմնական կազմում են, իսկ մնացածը կամ Առաջին լիգայում են, կամ էլ՝ պահեստայինների նստարանին։  

Հիմա էլ արդեն երկու ԲԿՄԱ են ստեղծել՝ 1 եւ 2։ Ասեմ, որ 1-ին ԲԿՄԱ-ն Արմեն Մելիքբեկյանի անձնական թիմն է դարձել, որովհետեւ միայն 3-4 հոգի է բանակային տարիքի, մնացած խաղացողները հրավիրված են այլ ակումբներից։ Ինչո՞ւ է ՀՖՖ-ն գումար ծախսում դրա վրա, չգիտեմ։

Շատ ծնողներ ֆուտբոլով ազատում են իրենց տղաներին բանակից ու տարբեր միջոցների դիմելով՝ 16 տարեկանից սկսած տեղավորում ԲԿՄԱ-ի կազմում։

Ներդրողների հեռացումն առաջնությունից ու Մխիթարյանի բացակայությունը

Ակումբային ֆուտբոլում եւս խնդիրները շատ են։ «Լոռի», «Սեւան», «Նորավանք» ու «Գանձասար» ակումբները ՀՖՖ-ի պահվածքի պատճառով լքեցին առաջնությունը, բոլորն էլ մարզային թիմեր էին։ «Նոա»-ի ղեկավարները եւս հեռացան ու նոր սեփականատեր եկավ, բոլորն էլ գիտեն, որ ակումբը հիմա բուքմեյքերական ընկերություններից մեկինն է։ Նման ընկերությունն իրավունք չունի թիմ ունենալու, խաղադրույք անել եւ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելն արգելված է ողջ աշխարհում։ Հայաստանում ընդհանրապես խաղադրույքները լուրջ խնդիր են, նախկինում էլ մի քանի թիմ հեռացվեց սեփական խաղերի վրա խաղադրույք կատարելու մեղադրանքով։ Ի դեպ, դրանցից մեկը Մելիքբեկյանին առաջադրել է նախագահի թեկնածուի կարգավիճակում։

Ֆեդերացիան առաջնության հանդիպումները սկսել է անցկացնել աշխատանքային օրերի ու ցերեկային ժամերի, ինչը սպանում է ֆուտբոլը։ Երկրպագուներ գրեթե չեն գալիս։ Չեմ հասկանում՝ ՀՖՖ-ում մտածված են անում այս ամենը, թե՞ անսահման ոչ պրոֆեսիոնալ են։

Ազգային հավաքականը սկզբում հույսեր տվեց, բայց ամեն դեպքում կրկին խմբում 4-րդն էինք։ Հավաքականի խաղերում 3-4 հոգի էր հայկական ֆուտբոլի ներկայացուցիչ, մյուսները հրավիրվածներ են։ Լավ է, որ հայերը ներկայացնում են իրենց հավաքականը, բայց տեղացի ֆուտբոլիստների պակասը ցույց է տալիս ազգային ֆուտբոլի վիճակը։ Տխուր է, որ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում, բոլորն էլ գիտեն, որ դա եւս կապված է ՀՖՖ-ի ղեկավարների հետ։

Կանանց թիմը 19։0 պարտություն է կրում Բելգիայից, ինչն այսօրվա ղեկավարների օրոք է գրանցվել։ «Փյունիկ»-ի կանանց թիմն առաջատարն է, բայց ընդամենը երկու հոգի է թիմ հրավիրվում։  

Ռուբեն Հայրապետյանի եւ Արմեն Մելիքբեկյանի ղեկավարման տարբերությունը

ՀՖՖ-ն ամեն ինչ քաղաքականացրել է, չնայած ֆուտբոլում այդպես չպետք է լինի։ 4 տարում տարբեր կազմակերպություններից ֆեդերացիան ստացել է 70 մլն եվրո, ՀՀ պետբյուջեից էլ այս տարի, եթե չեմ սխալվում, 5 մլրդ դրամ է հատկացվել: 5-6 մլն եվրոյով կարելի է նոր ստադիոն կառուցել, իսկ նման բան չի արվել։ Վերանորոգվել են միայն նախկին նախագահների օրոք կառուցված ստադիոններ Արմավիրում, Աբովյանում ու Վանաձորում։

Ռուբեն Հայրապետյանի օրոք եւս աշխատել եմ։ Հայրապետյանի հետ վիճաբանություններ լինում էին, շատ որոշումների հետ համաձայն չէի, բայց գիտեի, որ գործ ունեմ պրոֆեսիոնալների հետ։ Տարբերությունն այսօրվա համեմատ մեծ է։ Հայկական ֆուտբոլը վերջին 30 տարվա ընթացքում գտնվում է ամենացածր մակարդակի վրա։ Տարբեր հանդիպումներ եմ ունեցել Մելիքբեկյանի հետ, առաջարկներ արել, որոնց բոլորին էլ համաձայնել է։ Սակայն մի քանի հանդիպումից հետո հասկացա, որ սենյակից դուրս գալուց հետո նա ամեն ինչ մոռացել է։

Ես կոռուպցիա բառը չեմ օգտագործի, որովհետեւ դա իրավական տերմին է, կարող եմ ասել փողի ոչ արդյունավետ ծախսում։ Համապատասխան մարմինները պետք է զբաղվեն այդ ամենով։ ՀՖՖ ղեկավարներն այդ գումարները ներդրել են իրենց պաշտոնները պահելու վրա։

Լուսանկարը` Photolure


Դեկտեմբերի 23-ին ընտրությանը մասնակցողները 25 հոգի են, նրանց մեծ մասին չեմ ճանաչում։ Դիմում եմ նրանց՝ ընտրություն անելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է արել Մելիքբեկյանը։ Դուք ոչ միայն նախագահ եք ընտրում, այլ ֆուտբոլի ապագան եք որոշում, լավ շանս ունեք փոխելու իրավիճակը։ Երկրպագուները եւս պետք է անտարբեր չմնան հայկական ֆուտբոլի նկատմամբ ու պայքարեն, որպեսզի Մելիքբեկյանը կրկին չդառնա նախագահ։

Հայկական ֆուտբոլի փրկությունը Մելիքբեկյանի հեռացման մեջ է

Ես գիտեմ, որ նրա թիմն ուզում է ինձ հեռացնել ֆուտբոլից, իսկ երբ տեսավ, որ չի ստացվում, սկսեց հարվածել ակումբին։

Ընտրություններում մեր թեկնածուին չենք առաջադրել, քանի որ թափանցիկությանը չենք հավատում, քվեարկող ակումբներ կան, որոնց մեծ մասին երբեք չենք լսել: Վախենում եմ, որ դեկտեմբերի 23-ին ամեն ինչ կկրկնվի, քանի որ շատ ընտրողների հետ արդեն ՀՖՖ-ի այսօրվա ղեկավարներ համաձայնության են եկել եւ ինչ-որ բաներ խոստացել:

Իմ կարծիքով հայկական ֆուտբոլին 3 բան է պետք՝ մարդ, որը հետաքրքրված է զարգացմամբ, ունի որոշակի հմտություններ, ամենակարեւորը՝ պատասխանատվության զգացում, որպեսզի սխալվելու դեպքում ընդունի բացթողումներն ու քայլեր ձեռնարկի: Արմեն Մելիքբեկյանն այդ որակներից ոչ մեկը չունի:

Արաս Օզբիլիզը շատ լավ դպրոց է անցել «Այաքս»-ում եւ անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում: «Փյունիկ»-ը հենց նրա օգտին է քվեարկելու եւ հնարավորինս աջակցելու:

Դեկտեմբերի 23-ին, եթե ոչինչ չփոխվի ու Մելիքբեկյանը կրկին մնա նախագահ, ես կկայացնեմ ամենացավոտ որոշումը՝ «Փյունիկ»-ի բոլոր թիմերն այլեւս չեն մասնակցի Հայաստանի առաջնություններին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին