«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն այսօր ելույթ է ունեցել ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այստեղ հավաքվել են այն մարդիկ, ովքեր մտածում են «Փյունիկ»-ի եւ հայկական ֆուտբոլի մասին: 3 տարի է հայկական ֆուտբոլում եմ եւ միշտ թափանցիկ ու պարզ եմ աշխատել, չեմ խուսափել որեւէ հարցից կամ սխալներս ընդունելուց, ինձ ուժեղ եւ պայքարող մարդ եմ համարում:
Պարզապես մարզիչ չեմ, 25 տարի է ֆուտբոլային գործունեություն եմ ծավալում եւ մինչեւ աշխատելս հանդես եմ եկել ազգային հավաքականում: Կարիերայիս 15 տարին հայկական ֆուտբոլի հետ է կապված, իրավունք ունեմ կարծիքս ասելու եւ մտահոգվելու մեր ֆուտբոլի մասին:
Արաս Օզբիլիսը որոշել է թեկնածությունն առաջադրել, քանի որ նա մտահոգված է տիրող իրավիճակով եւ ցանկանում է որեւէ բան փոխել: Ես էլ ուզում եմ շարունակել մարզիչ լինել ու իմ հերթին փոփոխություններ անել: Մենք պարտավոր ենք խնդիրներ նկատելու դեպքում բարձրաձայնել դրանց մասին:
Առանց վախենալու կխոսեմ ու ամեն ինչի մասին կարտահայտվեմ՝ չնայած իմ դեմ հարուցված դատավարությանը։ Չեմ կարող լռել, իսկ ֆեդերացիայի ղեկավարները պատրաստ չեն ընդունել առողջ քննադատություն: Ցանկություն չեմ ունեցել իրենց վիրավորել կամ վարկաբեկել, պարզապես իմ կարծիքն եմ ասել:
Նշել եմ, որ ֆեդերացիան անօրինական է աշխատում, փաստեր էլ ունեմ, բայց ինձ այդ պատճառով չեն դատի տվել, այլ իրենց «մոխրագույն կարդինալ» անվանելու:
Հայտարարել եմ, որ իրենց դիրքը չարաշահում են եւ վարչապետի հետ սուրճ խմում: Մի՞թե մեզ դաշտից զրկելը պաշտոնի չարաշահում չէ, մինչդեռ ՀՖՖ-ն պարտավոր է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, բայց չի անում, փոխարենը շատ վատ եւ ոչ թափանցիկ է աշխատում: Երկրպագուների բանակ ունենք, բայց նրանք էլ լռում են:
Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը երկուսն էլ լրագրողներ են եղել ու ինձ հետ հարցազրույցներ ունեցել, երբ դեռ հավաքականում էի խաղում, բայց հիմա նրանք պետք է կարողանան առաջատարներ դառնալ, համախմբել ակումբներին ու նրանց ղեկավարներին, որպեսզի հնարավոր լինի մեր ֆուտբոլը եւ առաջնությունը առաջ տանել:
Շատ մեծ հիասթափություն ունեմ եւ գիտեմ, որ այս ամենի մասին բարձրաձայնելուց հետո էլ շատ բան չի փոխվելու, քանի որ վերեւից են աջակցություն ստանում ու հանգիստ շարունակում իրենց գործունեությունը:
Առաջ քաղաքականությունից հեռու էի եւ «սեւեր ու սպիտակներ» արտահայտությունը չէի հասկանում, բայց երբ ֆուտբոլում էլ սկսեցին նման բաժանումներ անել, ամեն ինչ իր տեղն ընկավ: Այդ դասակարգումը որեւէ արդյունավետության չի բերելու:
Շուտով ՀՖՖ նախագահի ընտրություն է լինելու, արդյունքը որոշելու են 25 ձայները, դրանցից 9 ակումբներն են տալու, որոնք մեծ ներդրում ունեն եւ նպաստում են մեր ֆուտբոլի զարգացմանը, իսկ մնացած 16-ը չգիտեմ էլ, թե ում հովանավորությամբ են աշխատում եւ ինչով զբաղվում: Չպետք է որեւէ անհայտ ակումբ էլ 1 ձայն ունենա, մյուսներն էլ: Պարզապես ՈւԵՖԱ-ի փողերով արհեստական համակարգ են ստեղծել, որը մաֆիա կանվանեմ, այդ միջոցներով մեր ֆուտբոլը զարգացնելու փոխարեն դրանք ներդնում են առաջ գնալու ու իրենց գործը շարունակելու նպատակով:
Գիտեմ, որ վարչապետը սպորտ սիրում է ու հետեւում, 4 տարի է անցել, ո՞ր առումով են արդյունքի հասել, որպեսզի շարունակեն աշխատել: Սպորտն արդյունքներ է սիրում, մինչդեռ ՀՖՖ-ն լիովին ձախողվել է:
Հարգում եմ Ալեքսանդր Պետրակովին, նա լավ մասնագետ է, բայց ընտրական մրցաշարի ամփոփումն ընդամենը 1 րոպե արեց: Արդյունքների առաջին պատասխանատուն ֆեդերացիայի նախագահն է, բայց նա էլ ոչինչ չի ամփոփում, չի խոսում, պատասխանատվություն չի զգում եւ սպասում է մյուս ընտրություններին:
Անինքնասիրություն, պնդաճակատություն, անպատասխանատու եւ կեղծ է այսպես շարունակելը: Բոլոր երկրներում, երբ տեսնում են ամեն ինչ այսքան կեղծ ու վատ է, ոտքի են կանգնում եւ պայքարում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: