Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սեւիկյանը ծավալուն հարցազրույց է ունեցել Sport Express-ի հետ։
Առանձնացրել ենք նրա ուշագրավ մտքերը ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարի, թիմում հարմարվելու եւ հայ երկրպագուների մասին:
«Հայաստանի հավաքականն այնքան էլ վատ ընտրական մրցաշար չանցկացրեց եւ մի քանի վառ հանդիպում ունեցավ: Միայն Լատվիայի դեմ չկարողացանք որակյալ խաղ ցույց տալ, ինչն էլ անդրադարձավ վերջնական արդյունքի վրա:
Խորվաթիայի եւ Ուելսի դեմ շատ պահեր ունեինք, կարող էինք գոլեր խփել ու մրցակցից էլ լավ էինք խաղում: Մանավանդ սեպտեմբերին լավ հանդիպումներ ենք անցկացրել: Ամեն դեպքում լավ թիմ ունենք եւ կարող ենք աճել, կանենք հնարավորը, որ հետագայում դրական արդյունք գրանցենք:
Խորվաթիայի դեմ մեկնարկային կազմում էի, շատ լուրջ էի տրամադրվել եւ ուզում էի խաղալ: Ուրախ եմ, որ նորամուտս հավաքականում նշեցի նման ուժեղ եվրոպական ընտրանու դեմ խաղում, ինչի շնորհիվ միայն դրական ապրումներ ունեի:
Այդ օրը վատ տեսք չունեինք, պահեր էլ ստեղծեցինք, դժվար էր խաղալ այդքան բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ, բայց փոխարենը լավ փորձ ձեռք բերեցինք:

Լուսանկարը` Getty Images
Սեպտեմբերին, երբ հավաքականների խաղերով պայմանավորված դադար էր, մեկնել էի Հայաստան, որպեսզի լուծեմ փաստաթղթային հարցերս: Իսկ երբ հոկտեմբերին ժամանեցի Երեւան, ինձ օդանավակայանում երկրպագուներ դիմավորեցին եւ շարֆ նվիրեցին, շատ հաճելի էր:
2022-ին էլ էի եղել այնտեղ, մեկնել էի Շոտլանդիայի դեմ հանդիպումը դիտելու համար: Իսկ մինչ այդ համարյա ամեն ամռանն ընտանիքով էինք մեկնում Հայաստան, փոքր տարիքում արձակուրդները տատիկիս ու պապիկիս մոտ էի անցկացնում:
Հավաքականում հենց առաջին րոպեներից եմ զգացել երկրպագուների, ինչպես նաեւ թիմակիցներիս ու ֆեդերացիայի սերը: Բաց մարզում ունեինք, որին համարյա 2000 մարդ էր հետեւում: Նման պահերին ես հասկանում, թե նրանք որքան են աջակցում հավաքականին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: