Մայիս 06, 2024
4372 դիտում

Գյուլբուդաղյանցը վերլուծել է J խմբում Հայաստանի բոլոր մրցակիցներին


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղանցը կարծում է, որ Եվրոպայի առաջնության ընտրական J խմբում հնարավոր է պայքարել բոլոր թիմերի դեմ էլ:

«Մեր խմբի ակնհայտ ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Բայց, եթե համեմատեմ առաջին զամբյուղի մյուս թիմերի հետ, կարող եմ ասել, որ Իտալիան կոնկրետ այս պահի դրությամբ ամենասարսափելի մրցակիցը չէր, քանի որ այնտեղ կային նաեւ Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան եւ այլն: Բոսնիան եւ Հերցեգովինան շատ մեծ առաջընթաց գրանցած հավաքականներից է, որի կազմում կան եվրոպական բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Շատ արագ, ագրեսիվ ֆուտբոլ են խաղում եւ պատահական չէ, որ կարողացան հաղթել Ազգերի լիգայի իրենց խմբում: Նրանց հետ մեր վիճակագրությունն առայժմ լավ չէ, բայց կփորձենք անպայման շտկել իրավիճակը»,-Գյուլբուդաղյանցի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը:

Ֆինլանդիայի ընտրանին, ըստ նրա, նախորդ տարիների համեմատ վառ անհատականություններ չունի, բայց այն աչքի է ընկնում թիմային խաղով եւ մեծ ներուժ ունի:

«Ֆինլանդիայի հետ պատմականորեն դժվար ենք խաղացել, բայց կարծում եմ, որ այս թիմի խաղաոճը ինչ-որ տեղ հարմար է մեզ, եթե կարողանանք նրանց դեմ խաղերում գնդակն ավելի շատ ներքեւում պահել: Հույներն Ազգերի լիգայում ընդգրկված էին հենց Ֆինլանդիայի խմբում եւ զիջեցին նրանց առաջին տեղը: Հունաստանի հավաքականի խաղում վերջին տարիներին անկում է նկատվում, բայց կարծում եմ՝ թիմը կամաց-կամաց կսկսի ավելի լավ խաղալ»,-ավելացրել է նա:

Վերջապես, J խմբում Հայաստանի ընտրանին խաղալու է Ազգերի Լիգայում երկու անգամ հանդիպած Լիխտենշտեյնին. «Այս թիմին ամեալավն ենք ճանաչում, քանի որ բոլորովին վերջերս ենք խաղացել նրանց հետ: Չնայած վերջին զամբյուղում լինելուն՝ լավ թիմ է եւ հատկապես սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է աշխատենք այս անգամ չկրկնել նախորդ սխալները»:

Մարզիչն անդրադարձել է նաեւ ԵՎՐՈ-ի խաղացանկին ու նշել, որ բողոքելու տեղ չունեն: Կարեւոր է համարում, որ եղանակային պայմաններից ելնելով, ՈւԵՖԱ-ի նոր սահմանափակումների շնորհիվ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումը չեն անցկացնելու մարտին կամ նոյեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին