Ապրիլ 27, 2024
3513 դիտում

Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին կարող է սառեցվի


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ծագած խնդրին:


Ռոստոմյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ՀԱՕԿ-ը, զերծ մնալով կողմնակալ վերաբերմունքից, իր պատրաստակամությունն է հայտնել՝ հայկական բռնցքամարտում ի հայտ եկած խնդիրները լսելու, դրանք կարգավորելու եւ ստեղծված լարվածությունը վերացնելու հարցում։

«Ինձ համար անհասկանալի են այն մեղադրանքները, թե փորձ է արվում քաղաքականացնել սպորտը, այն դեպքում, որ ես, տարիներ շարունակ լինելով ՀԱՕԿ-ում, կարող եմ վստահեցնել, որ Օլիմպիական կոմիտեն մշտապես ունեցել է բացառապես չքաղաքականացված գործելաոճ ։ Եվ տարակուսելի է հատկապես այն փաստը, որ այսօրինակ մեղադրանքներ հնչեցնում են հատկապես այն մարդիկ, ովքեր մինչ Թավշյա հեղափոխությունը եղել են քաղաքական կուրսի ակնհայտ կրողներ եւ ամենից քիչն են իրավասու բարձրաձայնել քաղաքականացված սպորտի մասին»,-գրել է Ռոստոմյանը։

Նա նշել է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից (ԱԻԲԱ) քննություն է ընթանում՝ բռնցքամարտի ֆեդերացիայում տեղի ունեցած նախագահի ընտրությունների եւ դրա ընթացքում թույլ տրված կանոնակարգային խախտումների հետ կապված։

«Որպես ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար պարտաստվում եմ գործադիր մարմնի առաջիկա նիստին առաջարկել, որպեսզի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին ժամանակավորապես սառեցվի։ Իսկ քննության ավարտից հետո՝ ստացված եզրակացության հիման վրա, կորոշենք մեր հետագա քայլերը»,-ավելացրել է նա։

Ռոստոմյանը նշել է, որ բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թատերաբեմ չէ, որտեղ ամեն ոք, ներկայացումը խաղալով, փորձի սպասարկել միայն սեփական շահերը, խոչընդոտելով հայկական բռնցքամարտի զարգացման բնականոն ընթացքն ու կայունությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին