ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք նախատեսում է իրականացնել Աշխարհի առաջնության ձեւաչափում:
Նախ 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը կտարբերվի նախորդներից։ Ամենայն հավանականությամբ, այն նման կլինի Սուպերբոլին, եւ ընդմիջմանը հայտնի աստղեր ելույթ կունենան:
Բացի այդ էլ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինիոն մտադիր է ընդլայնել Մունդիալի մասնակիցների քանակը՝ հասցնելով 64-ի:
Ուրուգվայի առաջարկը
2026-ին ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում կայանալիք ԱԱ-ին արդեն իսկ 48 թիմեր են հանդես գալու: Հիմա աշխարհում փաստորեն էլ երկրներ չեն մնացել, որոնք ինքնուրույն կարող են այդ մասշտաբի առաջնություն ընդունել՝ առաջին հերթին հսկայական չափերի են հասել կազմակերպչական ծախսերը:
Առաջիկայում սպասվող Մունդիալներից միայն 2034 թվականինն է կայանալու մեկ երկրում՝ Սաուդյան Արաբիայում, որը պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել իր սպորտային հեղինակությունը բարձրացնելու վրա:
Բայց 2030-ի ԱԱ-ի համար նման շռայլ երկիր չի գտնվել ու մրցաշարը բավական հակասական բարեփոխումների արդյունքում է կազմակերպվելու: Առաջին անգամ ԱԱ-ն տեղի է ունենալու 3 մայրցամաքներում, այն ընդունելու են Չիլին, Արգենտինան, Պարագվայը, Ուրուգվայը, Մարոկկոն, Պորտուգալիան եւ Իսպանիան: Թեեւ սկզբում այդ երկրների հայտերը պայքարել են միմյանց դեմ:

Լուսանկարը` FIFA
Հետագայում Աշխարհի առաջնություններն էլ ավելի են ընդլայնվելու: Մարտի սկզբին ՖԻՖԱ-ն հայտնեց, որ դիտարկում է 64 հավաքականների մասնակցությունը: Նման առաջարկություն է արել Ուրուգվայի ֆեդերացիայի նախագահ Իգնասիո Ալոնոն: The Athletic-ի տվյալներով՝ նա կոչ է արել մրցաշարի հոբելյանական 100-ամյակի առիթով մասնակիցների քանակն ավելացնել:
Ֆինանսական շահը
ՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ուսումնասիրել այդ առաջարկը, իսկ մնացած ֆեդերացիաների ներկայացուցիչներն առանձնապես չեն ողջունել այն ու լռությամբ են արձագանքել:
Սակայն ինչպես արդեն գիտենք՝ ՖԻՖԱ-ն ցանկացած որոշում կայացնում է ելնելով ֆինանսական ու քաղաքական շահերից: ԱԱ-ի ընդլայնումն ու մասնակիցների քանակի աճը նպատակ ուներ հեռարձակման ու գովազդի շնորհիվ ավելացնել եկամուտները: ՖԻՖԱ-ն նաեւ ցանկանում է ավելացնել ազդեցությունն ու արժանի մրցակցություն ծավալել ՈւԵՖԱ-ի հետ:
Իր գլխավոր մրցաշարի՝ Չեմպիոնների Լիգայի շնորհիվ ՈւԵՖԱ-ն ավելի շատ գումար է վաստակում ու շարունակում ֆուտբոլում գլխավոր կառույցը լինել: Ամեն տարի ՈւԵՖԱ-ն միայն եվրագավաթների շնորհիվ 5 մլրդ եվրո է վաստակում, որի 7 % -ը մնում է իր հաշվին: ՖԻՖԱ-ն էլ է ուզում մեծացնել իր բյուջեն եւ նոր փոփոխությունները հենց դրան են միտված:

Լուսանկարը` FIFA
Եկամտի մեծացման հիմնական նախադրյալները
ՖԻՖԱ-ի խորհրդի նիստից հետո ֆեդերացիան 4 տարվա կտրվածքով՝ 2023-2026 թթ. համար կանխատեսել է իր եկամուտների չափը: Այն նախատեսում է 13 մլրդ դոլարի եկամուտ ունենալ՝ 72 %-ով ավելի, քան նախորդ քառամյա ցիկլում։ Ավելին, հովանավորչական եւ հեռուստատեսային գործարքների շնորհիվ ՖԻՖԱ-ն արդեն իսկ ապահովել է այդ գումարի 62 %-ը:
ՖԻՖԱ-ի եկամուտների աճը հիմնականում 3 գործոն է ապահովում: Նախ տարեցտարի աճում է կանանց ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը եւ 2023 թվականի Աշխարհի առաջնությունը զգալիորեն մեծացնել է ՖԻՖԱ-ի բյուջեն: 2023-ին ՖԻՖԱ-ն վաստակել է 1,17 միլիարդ դոլար, ինչը գրեթե 400 միլիոն դոլարով ավելին է, քան 2019 թվականինը, երբ նորից կանանց աշխարհի առաջնություն էր անցկացվել:
Չնայած բոլոր խնդիրներին՝ 2025-ի Աշխարհի ակումբային առաջնությունը կարծես թե կայանալու է: ՖԻՖԱ-ն կարողացել է գործարքներ կնքել իր համաշխարհային հովանավորների հետ, ինչպես նաեւ հեռարձակող (DAZN) գտել, որը պատրաստ է 1 մլրդ դոլար վճարել: Նոր հովանավորների եւ գործընկերների շնորհիվ 2025-ին ՖԻՖԱ-ն իր շահույթը 2 մլրդ-ով ավելացրել է եւ հասցրել 13 մլրդ-ի:
Կառույցի հիմնական եկամուտը գոյանալու է 2026 թվականի Աշխարհի առաջնությունից։ ՖԻՖԱ-ն ակնկալում է, որ մրցաշարն իրեն 8,911 մլրդ գումար կբերի, ինչը ռեկորդային կլինի:

Լուսանկարը` FIFA
Սովորաբար արեւմտյան կիսագնդում անցկացվող բոլոր Աշխարհի առաջնությունները ժամային առումով անհարմար են Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի երկրների համար: Դրա համար էլ Մունդիալի վարկանիշը բարձրացնելու համար 2026-ի ԱԱ-ի եզրափակիչը կանցկացվի անսովոր ձեւաչափով: Այն կիրառվել է նաեւ Ամերիկայի Գավաթի եզրափակչում՝ ընդմիջմանը ելույթ է ունեցել Շակիրան:
Պատմական իրադարձությունը
«Կարող եմ հաստատել, որ 2026-ի Աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ շոու կլինի: Դա աշխարհի ամենամեծ սպորտային իրադարձությանն արժանի պատմական իրադարձություն կլինի»,- սոցցանցերում գրել է ՖԻՖԱ-ի նախագահը:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք եզրափակչի ընդմիջումը 15 րոպեից երկար կլինի, թե ոչ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդքան կարճ ժամանակում շոու կազմակերպելն անհնար է: Դեռ հայտնի չէ, թե ում հետ է ՖԻՖԱ-ն բանակցություններ վարում, սակայն որոշ լրատվամիջոցներ հավանական թեկնածուի թվում նշում են Coldplay խմբից Քրիս Մարտինին եւ Ֆիլ Հարվիին:
Աշխարհի առաջնության մասնակից հավաքականների ընդլայնումը կախված կլինի բացառապես հեռարձակողների եւ հովանավորների շահերից: Ենթակառուցվածքի տեսանկյունից 64 եւ 48 հավաքականների մասնակցությամբ մրցաշարերի միջեւ իսկապես մեծ տարբերություն չկա։ Սակայն լրացուցիչ 16 թիմերն առաջնության ընթացքը կերկարաձգեն եւս մեկ շաբաթով, դրա արդյունքում կփոխվեն նաեւ Եվրոպայի առաջնությունների մեկնարկի ժամկետները:

Լուսանկարը` The Athletic
64 հավաքականների մասնակցությամբ Մունդիալում 128 հանդիպում տեղի կունենա, եւ խաղերը կհեռարձակվեն ողջ օրվա ընթացքում:
Գումարների բաշխումը
Մեկ բան հաստատ է, որ ինչքան շատ գումար է վաստակում ՖԻՖԱ-ն, այնքան ավելի շատ են ստանում նաեւ ազգային ֆեդերացիաները: Ակնկալվում է, որ ՖԻՖԱ-ի ծախսերը 4 տարվա ընթացքում կկազմեն 11,673 մլրդ դոլար, որը կազմում է եկամուտների 90%-ը: Նշվում է, որ գումարի մեծ մասը կտրամադրվի ամբողջ աշխարհով մեկ ֆուտբոլի զարգացմանը:
Ահա, թե ինչպես է 2024-ին ՖԻՖԱ-ն բաշխել իր միջոցները:
702,5 մլն դոլար՝ զարգացում եւ կրթություն
285,8 մլն՝ մրցումներ ու տարատեսակ միջոցառումներ
254 մլն՝ կառավարման ծախսեր
55,6 մլն՝ մարքեթինգ ու հեռարձակումների կազմակերպում

Լուսանկարը` FIFA
Դժգոհությունը
Ջանի Ինֆանտինոյի նոր նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել, բազմաթիվ դժգոհ կողմեր են ի հայտ եկել: Հավաքականների թվի ավելացման դեպքում մրցաշարն ավելի երկար կտեւի, եւ ֆուտբոլիստներն էլ ավելի քիչ ժամանակ կունենան հանգստանալու համար: Իսկ ազգային առաջնություններն ու եվրագավաթները ստիպված կլինեն իրենց ժամկետները համապատասխանեցնել ԱԱ-ի հետ եւ ավելի ուշ մեկնարկել:
Թոփ-ակումբները նորամուծություններից առաջ էլ դժգոհ էին, որ ստիպված են իրենց առաջատար ֆուտբոլիստներին բաց թողնել ազգային հավաքականներ, որտեղ նրանք վնասվածքներ են ստանում ու երկար ժամանակով դուրս մնում շարքից:
Ինֆանտինոն պարտավոր է հաշվի նստել ֆուտբոլիստների արհմիության, ՈւԵՖԱ-ի, ակումբների ղեկավարների եւ երկրպագուների հետ, որոնք արդեն իսկ իրենց դժգոհություն են արտահայտել Նյու Յորքում կայանալիք եզրափակչում Halftime Show-ի վերաբերյալ:
Չնայած դրան՝ ՖԻՖԱ-ի նախագահն արդեն սովորել է ամեն գնով հասնել իր նպատակներին: Անգամ սկանդալներն ու քննադատությունները չեն կարողացել նրան ստիպել հրաժարվել իր ծրագրերից: Եթե ոչ մոտ ապագայում, մի օր իսկապես Մունդիալին սկսելու են 64 հավաքականներ մասնակցել:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: