Մայիս 11, 2025
exclusive
2965 դիտում

Մալխաս Ամոյան. Հաղթանակների քաղց ունեմ, նորից եմ ուզում Աշխարհի չեմպիոն դառնալ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բելգրադում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր եւ նվաճեց Օլիմպիական ուղեգիր: Mediamax Sport-ի զրույցում նա պատմել է առաջին խաղերից առաջ ունեցած զգացողությունների, ոսկե մեդալը ձեռքից բաց թողնելու պատճառով ունեցած ծանր ապրումների եւ թիմային փոխօգնության մասին:

Պատասխանատվությունը

Այս Աշխարհի առաջնությունը նախորդներից նախ մասնակիցների քանակով էր տարբերվում, բացի այդ էլ պատասխանատվությունն էր մեծ, քանի որ պետք է կարողանայինք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել: Հասկանում էինք, որ չհաջողելու դեպքում հետագայում ավելի բարդ կլինի, քանի որ վարկանշային մրցաշարերը լինելու են Բաքվում ու Ստամբուլում:

Միայն ոսկե մեդալ նվաճելու տրամադրվածությամբ էի մեկնել Բելգրադ, հաղթելու դեպքում ուղեգիր էլ կունենայի: Արդյունքում բրոնզ նվաճեցի, ինչի պատճառով այդքան էլ գոհ չեմ իմ ելույթից, կարող էի ավելին անել, բայց չստացվեց: Հետագայում կփորձեմ էլ ավելի շատ մարզվել ու այդ բացը լրացնել:

Մրցակցությունը

Առաջնությունում 5 գոտեմարտ եմ անցկացրել, առաջին երկուսում մեծ առավելությամբ հաղթել լիտվացի եւ ֆրանսիացի մրցակիցներիս: Հետո հանդիպեսի փորձառու եւ տիտղոսակիր Վիկտոր Նեմեշին, որին գերազանցեցի 3:1 հաշվով: Կիսաեզրափակչում շատ ցավալի պարտություն կրեցի ադրբեջանցի մարզիկից, որին նախորդ տարվա Եվրոպայի առաջնությունում հաղթել էի:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ գոտեմարտը շատ եմ դիտել ու փորձել սխալներս գտնել, կարծում եմ՝ մի փոքր շտապեցի, ցանկացա հնարք կատարել, ոտքս սխալ դրեցի եւ ինքս մրցակցին միավոր տվեցի: Պայքարի ավարտին 2 րոպե էր մնացել, եւ հոգեբանորեն այդպես էլ չկարողացա տրամադրվել, մտածում էի՝ կորցրածն էլ հետ չեմ բերի ու կոտրվեցի: Անհրաժեշտ էր 5 միավոր վաստակել, իսկ մրցակիս թույլ չէր, որ այդքան կարճ ժամանակում զիջեր ինձ:

Եվրոպայի առաջնության եզրափակչում, երբ վերջին վայրկյաններին հնարք արեցի եւ հաղթեցի, իրավիճակը լրիվ այլ էր, նախ միավորների տարբերությունն իմ օգտին աշխատեց: Երբեւէ նման հնարք չէի կատարել, ռիսկի գնացի ու ստացվեց, բայց երբ մեկ անգամ հաջողվում է, մրցակիցներն այլ կերպ են պատրաստվում քո դեմ, ու նրանց այդքան հեշտությամբ անակնկալի բերել չես կարող:  

Ամեն մրցաշարից հետո իրար առավել լավ ենք ուսումնասիրում, դրա համար էլ միմյանց դեմ լրիվ նոր մարտավարությամբ ու հնարքներով ենք գոտեմարտում:

Բրոնզի համար պայքարը

Ինչքան էլ պարտությունը ծանր էր, բայց պարտավոր էի հավաքվել ու շարունակել պայքարել ուղեգրի համար: Չէի համակերպվում այն մտքի հետ, որ ոսկին ձեռքիցս բաց թողեցի ու չէի կարողանում տեղս գտնել: Բայց մարզիչները խոսեցին հետս ու եւս մեկ անգամ նշեցին, թե որքան կարեւոր է հաղթել 3-րդ տեղի գոտեմարտում: Ուժերս հավաքեցի ու ղազախ ըմբիշին 9:7 հաշվով գերազանցեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ առաջին մրցափուլի վերջը պայքարն իմ ծրագրով էր ընթանում, առաջ էի միավորներով, բայց անսպասելի սխալվեցի ու նրան միավոր տվեցի, ինչը կարող էր ճակատագրական լինել: Այդ պահին մտածեցի. «Այս ինչ արեցի», չէի կարող զիջել, այդ դեպքում ուղեգիր նվաճելու համար ստիպված կլինեի եւս մեկ հանդիպում անցկացնել:

Պարտավոր էի հավաքվել, ուրիշ տարբերակ չունեի: Հաշիվը 5:3 էր հօգուտ նրա, բացի այդ էլ հայտնվեցի չորեքթաթ դիրքում, ու մրցակիցը նորից կարող էր միավոր վաստակել, բայց բռնացրի նրան ու ինքս հնարք կատարեցի:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոսկի չնվաճելու պատճառները

Նախորդ ԱԱ-ում առաջին գոտեմարտում 3:3 հաշվով տակտիկապես զիջեցի, ինչպես  նաեւ` ֆիզիկական վիճակիս ու դիմադրողականությանս պատճառով: Այս անգամ էլ Բելգրադում հիմնականում տակտիկական սխալների արդյունքում պարտվեցի:

Ցավալի է, որ երկու առաջնություն շարունակ բրոնզ եմ նվաճում, թեեւ գիտակցում եմ, որ ավելին կարող էի: Բայց էլ նման կերպ չեմ կարող մտածել, գործել է պետք:

Մինչեւ 77 կգ քաշային կարգում ուժեղ մարզիկները շատ են, մրցակցությունը բավական թեժ է: Բոլորին էլ պետք է լավ ուսումնասիրեմ, որ կարողանամ ճիշտ տրամադրվել գոտեմարտերին ու հնարավորինս քիչ սխալներ թույլ տամ: Այլապես հետո կարող է ուշ լինել ու շտկվելու ժամանակ չունենամ:

Ուղեգիր ունեցող մրցակիցներից մի քանիսի հետ արդեն գոտեմարտել եմ, հաղթանակներ էլ եմ տարել, պարտություններ էլ ունեցել: Այնպես որ, Փարիզում լավ պայքար եմ ակնկալում, ով պատրաստ եւ ուժեղ կլինի, նա էլ կհաղթի Օլիմպիական խաղերում:

3 ուղեգրերը

Շատ լավ հավաքական ունենք, որտեղ թիմային ոգի ու փոխօգնություն կա, անգամ գորգ մտնելիս ենք լարված հետեւում մեր թիմակիցների ելույթներին:

ԱԱ-ում մեր նվաճած ուղեգրերի քանակը կարող էր ավելի շատ լինել, բայց երեքով բավարարվեցինք: Ամենաշատը նվաճելուն մոտ էր Գեւորգ Ղարիբյանը, բայց ցավոք չկարողացավ հավաքվել ու որոշիչ գոտեմարտում հաղթել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ Սլավիկ Գաստյանը 3-րդ տեղի համար պայքարում զիջեց, անգամ մոտ չգնացի նրան, ինչ էլ ասեի, միեւնույն է ինքնուրույն պետք է հավաքվեր: Կարողացավ մյուս գոտեմարտին տրամադրված մոտենալ եւ հաղթել: Ուրախ եմ, որ նա էլ ուղեգիր ունի եւ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Եզրափակչում Արթուրի պարտությունը բոլորիս համար անսպասելի էր, զիջելուց հետո ամբողջ թիմը կոտրվեց ու հուսահատվեց, անչափ տխրեցինք, որ Աշխարհի 5-ակի չեմպիոն չհռչակվեց: Համոզված եմ, որ Օլիմպիական խաղերում կուբացուն հանդիպելու դեպքում նրան մեծ առավելությամբ կհաղթի: Արթուրին պարտություններն ավելի են զայրացնում, խաղերում շատ ավելի մոտիվացված կլինի:

Ծանր շրջանը

Սերբիա ժամանելուն պես իմացանք, որ նորից պատերազմ է սկսվել, զոհեր կան ու մարդիկ ծանր դրության մեջ են: Անչափ բարդ էր այդ ամենն իմանալուց հետո տրամադրվել ու գոտեմարտել: Առհասարակ տրամադրություն չունեինք, համարյա չէինք էլ խոսում իրար հետ, որ պատկերացնում էինք, թե մեր երկրում ինչ է կատարվում…

Լուսանկարը` Մեդիամաքս


Ներսից կոտրված էինք, բայց հասկանում էինք, որ ոչնչով օգնել չենք կարող, արդեն մրցավայրում էինք ու պարտավոր էինք կենտրոնանալ մեր գործի վրա, որքան էլ դժվար լիներ: Մարդիկ շատ ավելի բարդ իրավիճակում էին հայտնվել, քան մենք: Բացի այդ էլ՝ լավ հանդես գալու դեպքում կկարողանայինք մի քիչ սփոփել եւ ուրախացնել մեր հայրենակիցներին:

Դեռ 2020 թվականի պատերազմից ու նաեւ վերջին իրադարձություններից հետո ադրբեջանցի մրցակիցների հետ մեր գոտեմարտերն անչափ լարված են ստացվում: Նրանք սովորական մրցակիցների պես չենք կարող մոտենալ: Պատասխանատվությունն անչափ մեծանում է, ամեն անգամ բարդ է նրանց դեմ այնպես տրամադրվել, որ լարվածությունը չխանգարի:

Անհրաժեշտ աշխատանքը

Իմ առաջ միշտ առավելագույն խնդիր եմ դնում ու ձգտում լավագույնը լինել: Օլիմպիական խաղերում հաղթելը բոլոր մարզիկների երազանքն է: Ոչ միայն մասնակցելու եմ, այլ կփորձեմ հաղթող դառնալ ու երազանքս ի կատար ածել:

Հորեղբորս՝ Օլիմպիական բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի հետ խաղերին պատրաստվելու մասին արդեն խոսել ենք: Դեռ թույլ է տվել որոշակի ժամանակով հանգստանալ, բայց շեշտել է, որ ԱԱ-ում շատ սխալներ եմ թույլ տվել, որոնք շտկելու ուղղությամբ բավական գործ կա անելու, որպեսզի խաղերին ավելի լավ ու լուրջ մոտենամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմնականում պետք է կարողանամ հնարքներս ճիշտ կատարել ու ժամանակից շուտ չթուլանալ, ֆիզիկապես ու ֆունկցիոնալ առումով ավելացնել: Մինչեւ 2024-ի ամառը բավական ժամանակ կա, այդ ընթացքում շատ կաշխատեմ, բայց միայն մրցումները ցույց կտան, թե ինչի եմ արժանի ու ինչպես եմ պատրաստվել:

Մարզումներս արդեն վերսկել եմ, նախ կպատրաստվեմ 2024-ի Եվրոպայի առաջնությանը, մի շարք հավաքների կմասնակցեմ ու միջազգային մրցումներում ուժերս կփորձեմ:

Առաջին խաղերը

Օլիմպիական խաղերի առաջին անգամ եմ մասնակցելու, բայց անհամբեր չեմ ու հանգիստ սպասում եմ իմ ժամանակին:

Առհասարակ ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչն է խաղերն այդքան յուրահատուկ ու տարբերվող դարձնում, Արթուրին ու մյուս մասնակիցներին պարբերաբար հարցեր եմ տվել: Աշխարհի բազմակի չեմպիոններ են եղել, որոնք Օլիմպիական խաղերում չեն կարողացել իրենց դրսեւորել ու հաղթել, փորձել եմ առաջին հերթին դրա պատճառը հասկանալ:  

Արթուրը խաղերում ելույթ ունենալու հաջող փորձ ունի, երեքից էլ մեդալով է վերադարձել,  նրա խորհուրդները շատ եմ կարեւորում: Առաջին հերթին ասել է, որ խաղերին պետք է տրամադրվել ինչպես սովորական մրցաշարի, որպեսզի լրացուցիչ պատասխանատվության տակ չընկնես կամ մտածես այնտեղ ավելի դժվար է լինելու: Նրա գիտելիքները մեզ կօգնեն չլարվել ու հաջող մասնակցել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուրը թիմի ոգին է, մեզ շատ է աջակցում, սխալներ տեսնելու դեպքում անմիջապես ասում այդ մասին: Արթուրը միշտ զարմացնում է իր աշխատասիրությամբ, բոլորն էլ պետք է տեսնեն, թե ինչպես է մարզվում: Անգամ երբ հոգնած ու առանց էներգիայի ես լինում, բայց նկատում ես, որ նա անգամ պարապմունքից հետո է շարունակում աշխատել, մոռանում ես հոգնածությանդ մասին եւ ուզում նրա պես լինել՝ ամեն օր ուժեղանալ:

Ուժեղ կողմերն ու հորեղբայրը

Իմ որակներից մինչեւ վերջ գոհ չեմ, որքան էլ ուժեղ լինեմ, միեւնույն է աշխատելու տեղ միշտ կա: Հիմնականում լավ է ստացվում մրցակիցների ձեռքերը հավաքել ու պարտեր դրությունից հետին գցում անել:

Ոչ բոլոր մրցակիցների հետ ես կարողանում անել այն, ինչ մտածել ես, դրա համար ամեն անգամ նոր հնարքներ ու հաղթելու այլ տարբերակներ ես գտնում: Այդ պահին ես կողմնորոշվում ինչ անել, կախված է նաեւ նրանից, թե մրցակիցը քեզ ինչ թույլ կտա:

Կարեւոր մրցաշարերին Ռոմանի ներկայությունը շատ կարեւոր է ինձ համար, նա էլ է անցել այդ ճանապարհով, իր խորհուրդները շատ տեղին են լինում եւ միշտ օգուտ եմ քաղում նրա հուշումներից:

Նախ մրցակիցներիս է կարողանում լավ ուսումնասիրել ու պարզել, թե ինչեր որակների են տիրապետում, նայում է նրանց ելույթներն ու նկատում մարտավարությունում եղած ոճային եւ տակտիկական փոփոխությունները: Բացի այդ էլ գիտի, թե ամեն առանձին մրցակցի դեմ ինչպես է պետք պատրաստվել: Հաղթանակի հասնելու ճանապարհին բոլոր մանրուքներն էլ կարեւոր են:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Հորեղբորս գոտեմարտերը մինչեւ հիմա էլ հաճախակի եմ նայում, վերջինը դիտել եմ 2009 թ. ԱԱ-ում կորեցի մրցակցի հետ պայքարը, նաեւ միշտ ոգեշնչվում եմ ադրբեջանցի Բայրամովի նկատմամբ տարած հաղթանակով: Նրան ոչ մի կերպ չէր կարողանում գերազանցել ու այդ անգամ վերջապես ստացվեց, շատ տպավորիչ էր:  

Սիրելի ըմբշամարտը

Ասում են, որ ըմբշամարտը կորցել է դիտարժանությունը, ինքս այդպես չեմ համարում: Ինձ հատկապես ուրախացնում է, թե մարզադահլիճներում որքան է ավելացել երեխաների քանակը, այդ թվում՝ մարզերում: Երեխաները սկսել են հետաքրքրվել ըմբշամարտով, դա մեր հաջողությունների շնորհիվ է: Ոգեշնչվում են Արթուրի ու մյուս տղաների օրինակով եւ հասկանում, որ հնարավոր է արդյունքի հասնել:

Կուզեմ, որ մեր մարզաձեւում մրցավարների կողմնապահությունը վերանա, ինձ հետ չի պատահել, բայց ընկերներիս օրինակով ականատես եմ եղել, թե ինչպես են նրանց տարբեր մեդալներից զրկել: Ցանկացած սպորտաձեւում պետք է արադարություն լինի, եւ ուժեղները կարողանան հաղթել:

Եթե իսկապես ուզում ես հաղթող դառնալ, պարտավոր ես ամեն պահի պատրաստ լինել հաղթելու ցանկացածին: Չպետք է մոռանաս, թե ինչի համար ես օր ու գիշեր մարզվում, որպեսզի աճես եւ ավելի ուժեղներին գերազանցելու շնորհիվ լավագույնը դառնաս:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Դրա համար չեմ սիրում, երբ պարտվելուց հետո վիճակահանությունն են պատճառ բերում կամ էլ մրցավարությունը: Ես միայն ինձ եմ մեղադրում՝ ուրեմն բավականաչափ լավ չեմ գործել, բացի այդ էլ ինքդ չպետք է թույլ տաս, որ մրցավարներն անարդար դատեն:

2 մեդալն ու ուղեգիրը

Այս տարին միջին եմ գնահատում՝ Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր դարձա, ուղեգիր ապահովեցի, բայց նաեւ մեծ սխալ թույլ տվեցի՝ Բելգրադում 1-ինը չէի:

Երեւի, այս պահին սրան էի արժանի, նշանակում է՝ շտկելու շատ բան կա: Դեռ հաղթանակների քաղց ունեմ, ճիշտ է այլ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն եմ դարձել, բայց արդեն մոռացել եմ այդ մասին եւ ուզում եմ 77-ում էլ ոսկի նվաճել: Առհասարակ սպորտում ոչինչ հեշտ չի տրվում, քո երազանքին հասնելու համար մի լավ տանջվել է պետք:

2024-ին ամենակարեւորն Օլիմպիական խաղերն են լինելու, նախապես չեմ սիրում խոստումներ տալ, բայց ամեն ինչ անելու եմ ոսկե մեդալակիր դառնալու համար:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին