Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ «Պարի Նիժնի Նովգորոդի» կիsապաշտպան Էդգար Սեւիկյանը որոշել է մերժել Ռուսաստանի ընտրանու հրավերն ու ներկայացնել Հայաստանը:
22-ամյա ֆուտբոլիստը միացավ ազգային ընտրանուն ու մասնաkցեց ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում Լատվիայի, ապա Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընկերական խաղերին։ Երկուսն էլ ավարտվեցին հայերի պարտությամբ:
Mediamax Sport-ը որոշել է ավելի մոտիկից ծանոթանալ երիտասարդ ֆուտբոլիստի հետ, որին շատերը սանրվածքի պատճառով համեմատում են «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ջեք Գրիլիշին:
Ֆուտբոլը
Էդգար Սեւիկյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 8-ին Մոսկվայում: Նրա ծնողները Ախալքալաքից են, սակայն ապրել են Ռուսաստանում: 5 տարեկանից հաճախել է «Լոկոմոտիվ»-ի ակադեմիա:

Լուսանկարը` Անձնական արխիվ
«Մանկուց սիրում էի բակում մյուս երեխաների հետ ֆուտբոլ խաղալ, դա անում էի նաեւ մարզումներից հետո, ինչն այդքան էլ չէր ողջունվում․«Լոկոմոտիվ»-ի ակադեմիայի սան էի ու կարող էին լուրջ վնասվածք հասցնել: Բայց ինձ ոչինչ չէր կանգնեցնում, երբ տեսնում էի խաղացողներին, միանգամից միանում էի նրանց: Տեխնիկայի ու մտածելակերպի առումով դա շատ է օգնում, պատահական չէ, որ Բրազիլիայում էլ բոլորը սկսում են փողոցային ֆուտբոլից»,- Պրեմիեր Լիգայի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում պատմել է Սեւիկյանը:
Ֆուտբոլիստը փոքր տարիքից դիտել է ու հաճույք ստացել այն հանդիպումներից, որոնց ժամանակ գեղեցիկ հնարքներ էին կատարում: Հատկապես հավանում էր Ռոնալդինյոյի խաղը, որի հնարքների տեսագրությունները պարբերաբար դիտում էր համացանցում, ինչպես նաեւ Մեսսիին էր հետեւում, որին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է համարում:
««Լեւանտե»-2-ում մարզիչ ունեինք, որը «Սեւիլիա»-ում խաղացել է Մարադոնայի հետ եւ ինձ նրա հնարքներից մեկն է սովորեցրել, որը հանդիպումների ժամանակ դեռ կատարել չի հաջողվել»:

Լուսանկարը` FC Lokomotiv
Առաջընթացը
Սեւիկյանն իր տարիքային խմբում լավագույններից մեկն էր, ինչի շնորհիվ պարբերաբար հայտնվում էր Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Մինչեւ 16 տ. թիմում 12 խաղում 8 գոլի հեղինակ է դարձել ու իր մասին խոսելու առիթներ տվել:
Կարիերայում ամենանշանակալի պահերից մեկը 2017 թ. էր, մինչ այդ նա «Լոկոմոտիվ»-ին օգնել էր դառնալ երկրի երիտասարդական չեմպիոն, ապա Ռուսաստանի ընտրանու կազմում Ֆրանսիա միջազգային մրցաշարի մեկնել: Սեւիկյանի թիմը 2-րդ տեղն էր գրավել, իսկ ինքը լավագույն խաղացողներից մեկը դարձել:
Այդ ամռանն արձակուրդի ժամանակ Սեւիկյանը մեկնեց Իսպանիա՝ մոր եւ եղբոր մոտ: Էրիկն այն ժամանակ «Վալենսիա»-ի ակադեմիայի սան էր, ու որպեսզի մարզավիճակը պահի, Էդգարը սկսեց եղբոր հետ պարապել նրա թիմում: Ինքն էլ կարող էր ակումբի խաղացող դառնալ, սակայն փաստաթղթերի հետ խնդիրներ ի հայտ եկան:

Լուսանկարը` Getty Images
Իսպանիան
Իսկ ահա «Լեւանտե»-ի հետ ամեն ինչ հարթ անցավ, եւ Էդգարին երկրորդ մարզումից հետո հրավիրեցին ակումբ:
«Ամեն ինչ թողել էի՝ ընկերներիս, դպրոցը։ Սկզբում շատ դժվար էր, բայց հասկանում էի, որ նման հնարավորություն կյանքում հազվադեպ է լինում, դրա համար էլ արժեր ռիսկի գնալ եւ նոր բան սովորել: Առաջին 3-4 ամսվա ընթացքում իսպաներեն չէի հասկանում, գալիս էի մարզման ու ոչ մեկի հետ չէի խոսում: Մարզիչն անգլերենով էր հետս շփվում, ցանկանում էր, որ մյուսների հետ էլ սկսեմ խոսել: Մի քանի խաղացողների խնդրեց օգնել ինձ, հենց այդ ժամանակ էլ սկսեցի իսպաներեն սովորել: Խաղադաշտում խնդիրներ չունեի, բայց հոգեբանորեն էր դժվար, քանի որ բավական փակ ու չշփվող էի»,-նոր միջավայրում անցկացրած առաջին ամիսների մասին պատմել է Սեւիկյանը:
Ֆուտբոլիստի համար հատկապես անսովոր է եղել իսպանական ֆուտբոլին հարմարվել, քանի որ այն շատ արագ էր ու տեխնիկական այլ որակներ էին պահանջվում. «Տեղս չէի գտնում, նայում էի խաղադաշտի մի եզրին գտնվող գնդակին, որը վայրկյաններ հետո բոլորովին այլ կողմում էր հայտնվում, ամեն ինչ այնքան արագ էր տեղի ունենում: Որոշումներ եւս արագ էին կայացնում, ֆուտբոլն Իսպանիայում ամեն առումով էր տարբերվում: Սկզբում զարմանում էի, թե ինչպես է հնարավոր այդքան արագ գործել, բայց ժամանակի ընթացքում ինքս էլ սովորեցի ու սկսեցի աճել: Այնտեղ թույլ են տալիս խաղալ ու դրսեւորել քեզ, առաջին բաներից մեկը, որ ակադեմիայում մարզիչն ասում է. «Պետք է քո խաղը ցույց տաս, այլ ոչ թե որեւէ բանից վախենաս»»,- պատմել է Սեւիկյանը:

Լուսանկարը` Getty Images
Անկեղծացել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղը կարծես երազ է եղել, երբ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեսել է Կարիմ Բենզեմային, Լուկա Մոդրիչին, Վինիսիուսին, Էդեն Ազարին. «Նայում էի նրանց ու հասկանում, որ լրիվ այլ մակարդակի ֆուտբոլ են ցույց տալիս, դրա համար էլ ուզում էի ինքս էլ կատարելագործվել»:
Սեւիկյանն Իսպանիայում 5 տարի անցկացրեց` փորձելով յուրացնել տեղական ֆուտբոլի նրբությունները, տեխնիկական հնարքներն ու ճիշտ սննդակարգը:
Հենց Իսպանիայում են Սեւիկյանի մոտ ամրապնդվել ֆուտբոլային կարեւոր հիմքերը: «Լեւանտե»-ի երիտասարդական թիմում բավական խաղաժամանակ էր ստանում:
2020 թվականի դեկտեմբերին Էդգարը «Լեւանտե»-ի կազմում նորամուտը նշեց Լա Լիգայում՝ «Խետաֆե»-ի հետ խաղի 83-րդ րոպեին դուրս գալով փոխարինման: Ցավոք, այդ հանդիպումը միակն է, որը նա անցկացրեց Իսպանիայի առաջնությունում, թեեւ հետագայում շարունակեց մարզվել գլխավոր թիմի հետ: Մեկ անգամ էլ մասնակցեց գավաթային խաղի, որի ընթացքում առանձնապես աչքի չընկավ:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Վերադարձը Ռուսաստան
Բավական խաղաժամանակ չստանալով՝ 2022 թվականին Սեւիկյանը որոշեց վերադառնալ Ռուսաստան ու համալրեց «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբի կազմը: Իսպանիայում ավարտվեց խաղացողի կարիերայի երիտասարդական շրջանն ու անցում կատարեց մեծահասակների ֆուտբոլ:
Մեկնարկային մրցաշրջանում ակումբի կազմում 16 հանդիպման մասնակցեց ու 1 գոլի հեղինակ դարձավ: Այս մրցաշրջանը կիսապաշտպանը շատ հաջող է սկսել, առաջնության ու գավաթի 13 խաղերում արդեն 5 գոլի հեղինակ է դարձել: Սեւիկյանի տեխնիկան ու դրիբլինգը նրան բավական արագ առաջնության ամենավառ խաղացողներից մեկն են դարձրել:
«Ռուսաստանից 15 տարեկանում էի մեկնել ու շատ բան չէի էլ հասցրել տեսնել: Իսպանիայում մարդիկ ավելի բաց են, անգամ անծանոթներն իրար ողջունում են վերելակում կամ լավ օր մաղթում, ինչն այստեղ այդպես չէ»,- վերադարձից հետո ասել է նա:

Լուսանկարը` FC Pari NN
Արմատները
Տանը Սեւիկյանի ծնողները մշտապես հայերեն են խոսել, դրա համար էլ Էդգարն ու նրա եղբայրը տիրապետում են մայրենի լեզվին:
«Մանկուց էլ տանը հայերեն ենք խոսում, սակայն բարբառով ու այն էականորեն տարբերվում է այն լեզվից, որով շփվում են Երեւանում: Հաճախ եմ եղել Հայաստանում, այնտեղ եմ կնքվել, ամառները եղբորս հետ անցկացնում էինք տատիկի ու պապիկի տանը: Սիրտս ինձ միշտ էլ հուշում էր, որ մի օր պետք է հանդես գամ Հայաստանի հավաքականում, ԶԼՄ-ում էլ պարբերաբար այդ մասին խոսել եմ, այնպես որ դա ոչ մեկի համար էլ նորություն չէր: Գիտեի, որ ոմանք կհասկանան ինձ, մյուսները՝ կքննադատեն: Նրանց խոսքերն ու մտքերը որեւէ կերպ չեն կարող ազդել ինձ վրա ու հոգեբանորեն ճնշել»,-պատմել է Սեւիկյանը:
Ավելի մեծ տարիքում էլ նա մի քանի անգամ եղել է Երեւանում ու հանրապետական ստադիոնում դիտել Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը:

Լուսանկարը` ՀՖՖ
Սեւիկյանը նաեւ խոստովանել է, որ հավատացյալ մարդ է ու հանգստյան օր ունենալու դեպքում անսպայման այցելում է Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցի:
Հայաստանի հավաքականը
Դեռ մինչեւ մրցաշրջանի մեկնարկը տված հարցազրույցում Սեւիկյանը նշել է, որ մեծ հաճույքով կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Էդուարդ Սպերցյանի ու Նաիր Տիկնիզյանի պես Սեւիկյանին էլ չկորցնելու համար, նրան անմիջապես ներառեց 49 ֆուտբոլիստների ցանկում, որոնք պատրաստվելու էին Եգիպտոսի եւ Կատարի դեմ ընկերական խաղերին: Բայց դա ֆուտբոլիստին չխանգարեց դիվանագիտորեն մերժել հրավերն ու սեփական ընտրությունը կատարել:
«Ուրախ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբն ինձ վրա ուշադրություն է դարձրել: Ռուսաստանն ինձ շատ բան է տվել մասնագիտական առումով: Բայց պետք է հայտնեմ, որ չեմ կարողանա ընդունել հրավերը, քանի որ արդեն որոշել եմ ներկայացնել Հայաստանի հավաքականը: Այդ որոշումը կայացրել եմ սրտով», -ասել է Սեւիկյանը:

Լուսանկարը` ՀՖՖ
Նա խոստովանել է, որ միշտ հետեւել է Հայաստանի հավաքականին եւ ցանկանում է նրա հետ հաջողության հասնել՝ մասնակցել ԱԱ-ի ու ԵԱ-ի եզրափակիչ փուլերի, ՉԼ-ի գավաթ նվաճել.
«Ընտրությունս ինձ երբեք չի հիասթափեցնի, ինչ էլ լինի, չեմ ափսոսա: Հաղթելու համար բոլոր ջանքերը կգործադրենք, բայց անգամ եթե պարտություններ էլ լինեն, չենք հուսահատվի եւ ավելի շատ կաշխատենք»:
Երազանքի Եվրոպան
Էդգար Սեւիկյանն անհամբերությամբ է սպասում, թե երբ է նորից բարձրակարգ եվրոպական առաջնությունում խաղալու:
«Հասկանում եմ, թե այնտեղ ինչպիսին է ֆուտբոլի մակարդակը: Եթե հնարավորություն ընձեռվի, կուզեմ մեկ անգամ էլ փորձել, ինչի համար պետք է շատ աշխատել: Ֆուտբոլում կայունությունն առաջին տեղում է, ինչո՞ւ են Մեսսին ու Ռոնալդուն վերջին 15 տարվա ընթացքում լավագույնները համարվում, որովհետեւ կայուն են հանդես գալիս, իսկ դա ամենակարեւոր որակն է: Երազանքին հասնելու ճանապարհին պիտի շարունակես անդադար մարզվել ու չհանձնվել»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: