1990-ական թվականները հարուստ են եղել անմոռանալի եւ տպավորիչ հանդիպումներով ինչպես ազգային առաջնություններում, այնպես էլ Չեմպիոնների լիգաներում եւ Աշխարհի առաջնություններում։
Համաշխարհային ֆուտբոլն ունեցել է իսկական լեգենդներ, ովքեր կերտել են պատմական պահեր եւ մինչ այժմ հիշում են նրանց։
FourFourTwo-ն կազմել է 90-ականների ֆուտբոլային հանրության 32 ամենահայտնի դեմքերի ցուցակը։ Ընտրել ենք լավագույն տասնյակի ներկայացուցիչներին եւ առաջարկում ենք ծանոթանալ նրանց հետ։
10․ Պաոլո Մալդինի

Լուսանկարը` AS Milan
Չեզարե Մալդինին «Միլան»-ի լեգենդներից է եղել, իսկ նրա որդի Պաոլոն հետեւել է հոր օրինակին։ Պաոլոն 23 տարի հանդես է եկել «Միլան»-ում եւ 90-ականներին 5 անգամ դարձել Ա Սերիայի, մեկ անգամ էլ՝ ՉԼ-ի հաղթող։ Պաշտպանը նաեւ «Միլան»-ի եւ Իտալիայի հավաքականի ավագն է եղել։
9․ Դենիս Բերգկամպ

Լուսանկարը` FIFA
Տեխնիկայի վարպետ կամ հոլանդացի հանճար Դենիս Բերգկամպը 90-ականներին խփել է Պրեմիեր լիգայի եւ Աշխարհի առաջնության պատմության ամենադիտարժան գոլերից մի քանիսը:
Արգենտինայի դեմ 1998 թվականի ԱԱ-ի քառորդ եզրափակչի վերջին րոպեին նրա գոլը հաղթանակ է պարգեւել Նիդերլանդներին, իսկ այդ մասին խոսում են մինչ այսօր։
1997-ին նա «Արսենալ»-ի կազմում հեթ-տրիկ է ձեւակերպել՝ առաջին անգամ նվաճելով Անգլիայի առաջնության չեմպիոնությունը։
8․ Արսեն Վենգեր

Լուսանկարը` Arsenal
Մեծ Բրիտանիայի կամ Իռլանդիայի տարածքից դուրս ծնված առաջին մարզիչը, ով նվաճել է Անգլիայի բարձրագույն խմբի չեմպիոնի տիտղոսը, ֆրանսիացի Արսեն Վենգերն է։
Նա «Արսենալ»-ը գլխավորել է 1996 թվականին եւ շատ կարճ ժամանակ անց թիմը հասցրել չեմպիոնության։
Այն ժամանակ անհայտ ֆրանսիացու ժամանումը Լոնդոն ընդունվել է թերահավատությամբ, բայց նա ոչ միայն մեծ դեր է խաղացել անգլիական ֆուտբոլում, այլ նաեւ հեղափոխություն կատարել՝ ցուցաբերելով նորարարական ու նաեւ գիտական մոտեցումներ։
7․ Պոլ Գասկոին

Լուսանկարը` Getty Images
Պոլ Գասկոինի նման անգլիացի այլ ֆուտբոլիստ չի եղել, հավանաբար չի էլ լինի, քանի որ յուրահատուկ փայլ է ունեցել որպես խաղացող եւ որպես մարդ։
Գազզա մականունով Գասկոինին իր ակումբի եւ երկրի համար հիանալի գոլեր է հեղինակել, իսկ ԵՎՐՈ-96-ի Անգլիա-Շոտլանդիա խաղում նրա աննկարագրելի գոլը երկրպագուներին նվիրել է այդ առաջնության ամենանշանավոր տոնակատարություններից մեկը։
6․ Դեւիդ Բեքհեմ

Լուսանկարը` MU
90-ականների ֆուտբոլը առանց նրա անհնար է պատկերացնել։ Դեւիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի այն սերնդից էր, որը հրաշքներ էր գործում դաշտում։ Նրա իրացրած տուգանայիններն ինչպես ակումբի, այնպես էլ Անգլիայի հավաքականի կազմում համաշխարհային ֆուտբոլի լավագույն դրվագներից են։
Բեքհեմն այդ ընթացքում ՄՅՈւ-ի հետ նվաճել է 9 տիտղոս՝ ստեղծելով կարիերա եւ անուն, որը դուրս է եկել զուտ միայն ֆուտբոլային շրջանակներից։
5․ Էրիկ Կանտոնա

Լուսանկարը` MU
Պրեմիեր լիգայի այդ ժամանակվա առաջին արտասահմանցի գերաստղն Էրիկ Կանտոնան է, որը ոգեշնչող դեր էր խաղում Ալեքս Ֆերգյուսոնի համար եւ մեկը մեկից տպավորիչ հաղթանակներ տոնում ՄՅՈւ-ի հետ։
Ֆրանսիացու ապշեցուցիչ գոլերը բազմաթիվ են, իսկ նրա կերպարն ամբողջացնում էին վերեւ բարձրացրած օձիքը, միշտ հախուռն լինելն ու նույնիսկ վեճերը։ Նա ամենաշատն էր քննարկվում ԶԼՄ-ի կողմից եւ արժանանում նրանց ուշադրությանը։
4․ Զինեդին Զիդան

Լուսանկարը` FIFA
Զինեդին Զիդանը բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից է ու ցանկացած աղյուսակներում լավագույն տասնյակում է։ Ֆրանսիայի լեգենդար գերաստղը, անկասկած, 90-ականներին լավագույններից մեկն էր:
Փայլել է «Բորդո»-ում, ապա 1996-ին տեղափոխվել «Յուվենթուս»։ 1998 թվականին տնային ԱԱ-ում նա Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է չեմպիոն՝ նվաճելով Ոսկե գնդակն ու ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը։
3․ Ռոբերտո Բաջո

Լուսանկարը` AP
Պոչիկով այս երիտասարդի մասին 90-ականներին չափազանց շատ է խոսվել։ Պատճառը ոչ միայն նրա սանրվածքն էր, այլ հատկապես շլացնող խաղը, որը ցուցադրում էր Իտալիայի հավաքականում, ինչպես նաեւ «Յուվենթուս»-ում, «Միլան»-ում եւ «Ինտեր»-ում։
1993-ի Ոսկե գնդակի հաղթող Բաջոն 1994-ի ԱԱ-ի ժամանակ հինգ գոլ է խփել ու գրեթե միայնակ դուրս բերել իր ընտրանուն ԱԱ-ի եզրափակիչ, որտեղ իտալացիները պարտվել են Բրազիլիային։
2․ Ռոնալդո

Լուսանկարը` FIFA
Ռոնալդոն դարձավ այն ֆուտբոլիստը, որը 90-ականներին վերաիմաստավորեց կենտրոնական հարձակվողի դիրքը՝ սարսափի մեջ պահելով անխտիր բոլոր մրցակիցների պաշտպաններին։
Միանշանակ, 1998-ի Մունդիալի ժամանակ նա փայլում էր ու արդեն իսկ հասցրել էր սիրվել միլիոնների կողմից, սակայն Աշխարհի չեմպիոնությանը հասավ արդեն 2002-ին։
Երկու Ոսկե գնդակներից առաջինը նվաճել է 1997-ին, երբ «Բարսա»-ի կազմում իր միակ մրցաշրջանի ընթացքում 49 խաղում խփել էր 47 գոլ:
1․ Սըր Ալեքս Ֆերգյուսոն

Լուսանկարը` MU
Աղյուսակը գլխավորել է բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը՝ Ալեքս Ֆերգյուսոնը։ Նրա գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 90-ականներին գերիշխող դեր էր գրավում անգլիական ֆուտբոլում՝ գագաթնակետին հասնելով 1998/99 մրցաշրջանում, երբ նվաճել էր երեք տիտղոս։
Ֆերգյուսոնի ժամանակաշրջան անվանումը հենց ասոցացվում է 90-ականների հետ, իսկ նրա նվաճած տիտղոսներն Անգլիայում, Չեմպիոնների Լիգայում եւ ակումբային այլ առաջնություններում բազմաթիվ են։
Մեծագույն հարգանքի արժանացել է ոչ միայն ՄՅՈւ-ի, այլ ողջ ֆուտբոլային հանրության կողմից։ Իսկ Անգլիայի մարզիչների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Տասնամյակի լավագույն մարզիչ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: