Մայիս 11, 2025
exclusive
2451 դիտում

Սլավիկ Գալստյան․ Ուղեղը շատ կարեւոր է սպորտում, միայն ուժով հնարավոր չէ հաղթել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Աշխարհի վարկանշային առաջնությունում նվաճեց Օլիմպիական երեք ուղեգիր։

Դրանցից մեկն ապահովեց Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը։ Mediamax Sport-ը զրուցել է ըմբիշի հետ առաջնությունից, իր հույզերից, ինչպես նաեւ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հանդես գալու հնարավորությունից։

Չեմպիոն դառնալու վճռականությամբ

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին անգամն էր, որ մասնակցում էի վարկանշային Աշխարհի առաջնության ու պատասխանատվությունը եւ լարվածությունն ավելի շատ էր։ Զգում էի, որ դա կարող էր խանգարել ինձ, այդ պատճառով փորձում էի շատ չմտածել։ Արդեն երեք տարի է, որ քաշային կարգս փոխել եմ ու մինչեւ 67 կգ-ում եմ հանդես գալիս։ Մեդալներ եմ նվաճել, ճիշտ է, չեմպիոնության դեռ չեմ հասել, բայց ինձ արդեն շատ վստահ եմ զգում, մնացածն աշխատանքի շնորհիվ պետք է ուղղել։

ԱԱ-ում նպատակս հենց չեմպիոն դառնալն էր, զգում էի, որ պատրաստ եմ դրան։ Գիտակցում էի, որ չեմպիոն լինելով երկու խնդիր եմ լուծում՝ ոսկե մեդալ ու վարկանիշ։

Անկեղծ եմ ասում, չէի գնացել միայն ուղեգիր նվաճելու համար, ուղղակի երեւի տեխնիկատակտիկական սխալներ թույլ տվեցի ու պարտվեցի։

Ողջ թիմի համար այս ԱԱ-ն չափազանց շատ կարեւոր էր

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս առաջնությունը շատ կարեւոր էր ու լարվածություն էր առաջ բերում։ Պատճառը նաեւ այն էր, որ չստացվելու դեպքում մյուս փորձերը լինելու էին Ադրբեջանում ու Թուրքիայում, հենց այդ երկրներն են ընդունելու վարկանշային մրցաշարերը։ Մենք դեռ հստակ չգիտենք էլ, Բաքու կամ Ստամբուլ Հայաստանի հավաքականները մեկնելու են, թե ոչ։ Սա էր պատճառը, որ անպայման ուզում էի ուղեգրի հարցերը լուծել ու հանգիստ մոտենալ Օլիմպիական խաղերին։

Կարծում եմ, որ մեր բոլոր տղաների մոտ էլ կար այդ զգացողությունը։ Հասուն մարզիկներ են ու հասկանում էին, որ եթե այստեղ չստացվի, հետո շատ-շատ դժվար է լինելու։ Լարվածությունը մեծ էր ու միգուցե մեր թիմին դա խանգարեց ավելի շատ ուղեգրեր նվաճել։

Ինձ մոտ ստացվեց, որովհետեւ կարողացա տրամադրվել։ Ասացի, որ ամեն ինչ էլ հնարավոր է ու պետք է պայքարեմ։

Դժվարին ճանապարհով դեպի նվաճած ուղեգիր

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլորի մոտ էլ գրեթե միշտ առաջին գոտեմարտը դժվար է ստացվում։ Իմ պարագայում եւս այդպես եղավ, բայց երբ հաղթեցի, ամեն բան խաղաղվեց։

Երկրորդում առավելության հասա եգիպտացի շատ ուժեղ մրցակցի նկատմամբ եւ ավելի ոգեւորվեցի, վստահությունս մեծացավ։ Գիտեք, սա սովորական մրցաշար չէր, որ պատահաբար ինչ-որ մեկին հաղթեիր։ Բոլորն էլ պատրաստված էին եկել, դրա համար, իսկապես, ուժեղ պայքար էր ծավալվում։

Կիսաեզրափակչում չէի ուզի զիջել, որովհետեւ եզրափակիչ դուրս գալու դեպքում եւ մեդալ կունենայի, եւ ուղեգիր։ Շատ ծանր տարա պարտությունը, միանշանակ, աննկարագրելի դժվար էր։ Երրորդ տեղը եւս ուղեգիր էր ապահովելու, բացի այդ երկրորդ անգամ Աշխարհի բրոնզե մեդալակիր կդառնայի։ Հանգիստ էի, չէի մտածում, որ մրցակիցս Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն է։ Բայց խառը հանդիպում ստացվեց, ինքս էլ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես պարտվեցի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին անգամն էր, որ միջազգային ֆեդերացիան որոշել էր 3-րդ տեղի գոտեմարտում պարտված ըմբիշների միջեւ ուղեգրի համար լրացուցիչ հանդիպում անցկացնել։ Ես զգացել եմ դրա ծանրությունը, հոգեբանորեն պետք է անսահման մեծ ուժ ունենաս, որ կարողանաս հավաքվել ու կարճ ժամանակ անց կրկին գորգ դուրս գալ։ Միանշանակ, սա շատ սխալ որոշում էր։ Երբ դեռ չէինք սկսել պայքարը, գնացինք դահլիճ ազատ ոճայիններին հետեւելու։ 5-րդ ուղեգրի համար պայքարողների դեմքին նայելով արդեն զգում էինք, որ էլ կրակ չկա նրանց մեջ, ուզում էին արագ վերջացնել ամեն ինչ։

Ես եւս պարտությունից հետո ծանր վիճակում էի, անկեղծ ասած չէի ուզում գոտեմարտել։ Ինձ շատ օգնեցին մարզիչներս ու ընկերներս, անընդհատ ասում էին, որ սա իմ հնարավորությունն է, եթե ձեռքիցս բաց թողեցի, հետո ավելի դժվար է լինելու։ Երեւի նրանց խոսքերն ինձ սթափեցրին, հասկացա, որ ավելի լավ է ամեն ինչ հիմա տալ, հետո ժամանակ կունենամ պարտություններս վերլուծելու համար։

Հիմա տխուր եմ, որ մեդալակիր չդարձա, բայց գոնե մի քիչ հանգիստ եմ այն իմաստով, որ առաջին անգամ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցի։

Պատերազմում կրած պարտությունն ու միասնական չլինելը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր ելույթների օրերն էին, երբ կրկին պատերազմ սկսվեց։ Սա ազդում էր մեզ վրա, հնարավոր չէր չկարդալ լուրերն ու մտքով Հայաստանում չլինել։ Քո երկրի վիճակն է, քո ժողովրդի մասին ես մտածում, սիրտդ անսահման ցավում է։

Ես մեր երկիրը շատ եմ սիրում, բայց տեսնում եմ, որ մարդիկ իրար սկսել են չսիրել։ Երբ մեկի մոտ ամեն բան լավ է լինում, կողքինին մոռանում է, իսկ միշտ միասին լինելու պարագայում մեզ հաղթել չի լինի։

Ըմբշամարտի օրինակով բացատրեմ։ Մենք բոլորս միասնական ենք, եթե մեկս խնդիր է ունենում, թիմակիցներով լուծում ենք փնտրում։ Այս ԱԱ-ին մնացել էի միայն ես, իմ ընկերները եկան օգնության, զույգ կանգնեցին, տրամադրեցին, ոգեւորեցին։ Եթե այդպես չանեին, ինձ մոտ ոչինչ էլ չէր ստացվի։ Կողքիդ սրտացավ մարդ ունենալն ուժ է տալիս։

Իսկ մեր երկրում բոլորը մտածում են հնարավոր ամեն բան վերցնելու մասին։ Վերցնում-վերցնում են, եւ արդյունքում բոլորս տվեցինք մեր երկիրը։ Միասնականությունն է պակասում մեր ազգին։ Երբ ծանր վիճակից դուրս ենք եկել, թվացել է, թե դասեր կքաղենք ու կփոխվենք, բայց այդպես չի եղել։

Ճանապարհ հարթել ինքդ քեզ համար

Լուսանկարը` Մեդիամաքս


Փորձում եմ սառնասիրտ լինել ու գորգի վրա ուրիշ ոչնչի մասին չմտածել, բայց դա միշտ չէ, որ ստացվում է։ Մինչեւ սուլիչը չլսեմ, չեմ հանգստանում, ամեն վայրկյանը կարեւոր է մարզիկի համար։ Ավելի լավ է մի քիչ ուշ ուրախանամ, բայց իմանամ, որ այն իմն է։ Ըմբշամարտն այնպիսի մարզաձեւ է, որ վայրկյաններն էլ որոշիչ են լինում։ Նման բան տեղի ունեցավ մեր Արթուր Ալեքսանյանի ու Գեւորգ Ղարիբյանի հետ, նրանք ցավալի պարտություններ կրեցին գոտեմարտի ավարտից ընդամենը մի քանի վայրկյան առաջ։

Բոլորիս հետ էլ այդպես պատահում է, որովհետեւ գոտեմարտը ծանր է ստացվում, կամ շատ ես քաշ գցած լինում, կամ ուղեղդ չի ենթարկվում քեզ։ Այդ ժամանակ կարեւոր դեր ունեն մարզիչները, ովքեր պետք է ճիշտ հուշումներով դուրս բերեն այդ վիճակից։ Ուղեղը շատ կարեւոր է սպորտում, միայն ուժով հնարավոր չէ հաղթել։

Քաշային կարգս փոխելուց հետո դժվարություններ եղան, շատ լուրջ մարզիկներ կան 67 կգ-ում։ Բայց որպես ըմբիշ ես հասունացա, կայունացա ու հիմա արդեն ամբողջովին հարմարվել եմ։ Ինձ վրա զգում եմ տարբերությունը, եթե առաջ մտածում էի մեդալի մասին, այժմ արդեն ձգտում եմ չեմպիոնության։ Իհարկե, սխալներ ունեմ եւ անընդհատ աշխատում եմ դրանք շտկելու ուղղությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերին առաջին անգամն եմ մասնակցելու, դեռ ժամանակ կա եւ այս ընթացքում պետք է մարզվեմ, մրցաշարերի մասնակցեմ ու պատրաստվեմ։

Եթե հավատում ես քեզ, հաղթել հաստատ կստացվի։ Բայց միայն պարզապես հավատալը քիչ է, հարկավոր է ճիշտ աշխատել։ Մրցակցի անունը կապ չունի, բոլոր չեմպիոններն էլ ժամանակին ուղղակի ինչ-որ մրցաշարի մասնակից են եղել, հետո են հասել բարձունքի։ Այնպես որ, ինքդ էլ կարող ես նոր անուն դառնալ ու ճանապարհ հարթել։

Սլավիկ Գալստյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Նկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին