Մայիս 11, 2025
816 դիտում

Մարթայի հրաժեշտը. Այնքան ուրախ եմ, որ կանանց օգնել եմ երազել ու հասնել իրենց նպատակներին



Օգոստոսին Մարթան Բրազիլիայի կանանց հավաքականի կազմում մասնակցեց իր 6-րդ ու վերջին Աշխարհի առաջնությանը: Մրցաշարը բրազիլացիների համար չափազանց անհաջող դասավորվեց, իսկ 37-ամյա Մարթան արցունքն աչքերին հայտնեց թիմում կարիերան ավարտելու մասին:

Mediamax Sport-ը հավաքել է նրա մտքերը ֆուտբոլի, կարիերայի, կանանց սպորտը զարգացնելու, չհանձնվելու եւ օրինակ դառնալու մասին:

«Անգամ իմ ամենամռայլ երազներում չէի կարող նման սարսափելի Աշխարհի առաջնություն պատկերացնել: Բրազիլացի ժողովուրդը փոփոխություններ է պահանջում, եւ դրանք կլինեն: Շարունակեք աջակցել կանանց ֆուտբոլին:

Թիմում ամենածերը ես էի, մնացածը հիմնականում երիտասարդ ու տաղանդավոր աղջիկներ են, որոնց համար սա ճանապարհի սկիզբն է: Բայց Մարթան ամեն ինչ կավարտի այստեղ, ինձ համար այլեւս Աշխարհի առաջնություն չի լինի:

Եվ դա լավ է: Երբ ես սկսում էի կանանց ֆուտբոլում կուռքեր չկային: Որտեղի՞ց լինեին, եթե կանանց ֆուտբոլը հեռուստացույցով ցույց չէին տալիս: Անգամ երազել չէի կարող, որ կդառնամ հավաքականի խաղացող եւ օրինակ մյուսների համար:


20 տարի առաջ, երբ իմ առաջին առաջնությանը մասնակցեցի, Մարթային ոչ մեկը չէր ճանաչում: Իսկ հիմա ես ու իմ սերնդակից շատ խաղացողներ ուղենիշ ենք դարձել երիտասարդ կանանց համար:

Իմ անցած ճանապարհը հեշտ չի եղել, բազմաթիվ դժվարություններ եմ հաղթահարել, բայց ամեն ինչ արել եմ հանուն մայրիկիս:

Մեծացել եմ Ալագոասում, ամեն առավոտ արթնանում էի մեկ ցանկությամբ, որ գնամ ֆուտբոլ խաղալու, բակում միայն տղաներ էին, կասեի՝ տղաների օվկիանոս ու ես: Փորձում էի նրանց մեջ ընկղմվել, մեր քաղաքում ոչ մի աղջիկ նման համարձակություն չուներ ու չէր փորձում միանալ ինձ: Բայց ես ֆուտբոլը չափազանց շատ էի սիրում, որպեսզի որեւէ բան ունակ լիներ ինձ կանգնեցնել:

Երբ տղաներն ինձ որեւէ բան էին ասում, պարզապես արհամարհում էի ու շարունակում խաղալ: Ու երբ ծանր օրվանից հետո տուն էի վերադառնում, հենց մայրիկս էր ինձ շարունակում ուժ տալ:

Նա աշխատանքի շատ վաղ էր գնում ու մինչեւ ուշ գիշեր մնում այնտեղ, որպեսզի կարողանա կերակրել ինձ ու մյուս 3 երեխաներին: Հարեւանները սովորաբար նրան իմ մասին ամենատարբեր պատմություններ էին ներկայացնում ու բողոքում, որ ամբողջ օրը տղաների հետ եմ անցկացնում: Իսկ մայրիկս, Աստված թող պահպանի նրան, պարզապես նայում էր նրանց եւ ասածներին ուշադրություն չէր դարձնում: Չի եղել մի դեպք, որ ինձ խորհուրդ տար չզբաղվել ֆուտբոլով:


Շատ հավատացյալ կին է ու բոլորին պարզապես պատասխանում էր. «Եթե Մարթան պետք է ֆուտբոլիստ դառնա, Աստված նրան ճիշտ ուղին ցույց կտա: Այնպես որ, բոլորդ նրան հանգիստ թողեք»:

Ապա հոգնած գալիս էր տուն ու կերակուր պատրաստում իր 4 երեխաների համար եւ անպայման ճշտում, թե ինչի կարիք ունեն: Հաջորդ օրը նա նորից վաղ արթնանում էր ու նրա կյանքում ամեն ինչ կրկնվում էր:

Նա այնքան էր ինձ ոգեշնչում ու վստահություն տալիս, որ մեկ րոպե անգամ չէի կասկածում՝ շարունակելու եմ սիրած գործով զբաղվել ու դրանով երջանկանալ:

Այդ վստահությունը մայրիկիս նվերն էր ինձ: Մեր ընտանիքում ցանկացած «Ոչ» վերածում էինք «Այո»-ի՝ անկախ նրանից, թե դրա համար որքան ժամանակ կպահանջվեր: Հենց դրա շնորհիվ եմ դարձել այնպիսին, ինչպիսին կամ:

Այս ամռանն իմ 6-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցեցի, անհավանական է, թե որքան մեծ առաջընթաց եմ գրանցել:

Նախկինում պայքարում էինք, որ կանանց ֆուտբոլին ուշադրություն դարձնեն, իսկ հիմա տեսեք, թե այն որքան է զարգացել: Ենթակառուցվածքների կարիք ունեինք, իսկ հիմա այդ ամենն էլ ունենք: Կան ներդրումներ, հեռարձակում, ուշադրություն: Միեւնույն է՝ երբեմն ինձ թվում է, որ մարդիկ իրապես չեն գիտակցում, թե վերջին տասնամյակում կանանց ֆուտբոլն ինչպիսի առաջընթաց է գրանցել:


Երբ ես փոքր էի, կին խաղացողներ չկային, նայում էի ու հիանում Ռիվալդոյի խաղով: Այլ տարբերակ չունեի՝ պետք է ոգեշնչվեի տղամարդկանց ֆուտբոլով:

Հիմա մենք կանանց ֆուտբոլում հերոսների պակաս չունենք, ու այդ ամենն ինձ հպարտանալու այնպիսի առիթ է տալիս:

Այնքան ուրախ եմ, որ հիմա ամբողջ աշխարհի աղջիկներն ԱԱ-ի հետեւելու հնարավորություն ունեն, նրանք իրենց աչքերով են տեսնում, թե ինչպես են կանայք խաղադաշտում իրենց երազանքները կյանքի կոչում: Դա ինձ համար կարեւոր է, այդ մասին հաճախ եմ մտածում:

Այնքան եմ ուրախանում, որ կարողացել եմ շատերին օգնել երազել ու հասնել իրենց նպատակներին: Ինձ համար դա ցանկացած տիտղոսներից ու կոչումներից ավելին է: Պատկերացնո՞ւմ եք, լինել մեկը, ում փոքրիկ աղջիկները ցանկանում են նմանվել: Ահռելի ազդեցություն ունենալ ու ժառանգություն թողնել քեզնից հետո, միակ բանն է, ինչի մասին կարելի է երազել:


Երբ կարիերաս ավարտեմ, թոշակի անցնեմ ու ծեր կին լինեմ, ուզում եմ այդ ազդեցության հետեւանքները նկատել ամբողջ աշխարհում: Երբեմն երազ եմ տեսնում կամ տեսիլք ունենում, որ այցելում եմ բազմաթիվ խաղադաշտեր, որտեղ անհամար երեխաներ ֆուտբոլ են խաղում: Ծալվող աթոռ ունեմ ու սուրճ, որեւէ հարմար տեղ եմ գտնում դաշտի եզրին ու տեղավորվում, կում եմ անում ու պարզապես նայում, թե երեխաներն ինչպես են վայելում ֆուտբոլը, որը շատերս ենք սիրում:

Ժպիտը դեմքիս չեմ կարողանում կտրվել նրանցից: Այս ամենն իրական ուրախություն է եւ երազանքի կատարում: Հավատում եմ, որ ամեն մրցաշար նպաստելու է դրա իրականացմանը»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին