Թվում է՝ չկա որեւէ բան, որ չիմանանք Զինեդին Զիդանի մասին, նրա ֆուտբոլային ու մարզչական գաղտնիքները բացահայտված են, կենսագրական գիրքն ու հարցազրույցները մի քանի անգամ ընթերցված: Բայց լրիվ նոր Զիդանի հետ ենք ծանոթանում ֆրանսիական GQ-ի հարցազրույցի շնորհիվ, որում նա խոսել է հոր, որդիների ու որոշ ժամանակով մարզչական աշխատանքից դադար վերցնելու մասին: Առանձնացրել ենք հետաքրքիր հատվածներն ու ամենաուշագրավ մտքերը:
«Քարե արահետների վրա»
Զիդանի կյանքի ամենակարեւոր գիրքը գրել է հայրը՝ Սմայիլ Զիդանը, «Քարե արահետների վրա»-ն միշտ նրա մահճակալի կողքի դարակին է ու զրույցի ընթացքում էլ ուղեկցել է ֆուտբոլիստին:
Գիրքը ներկայացնում է ընտանեկան համեստը կյանքի պատմությունը, որում կարճ բանաստեղծություններ, կարեւոր դասեր ու խորհուրդներ կան, եւ Զինեդինի համար թալիսման են դարձել: Գրքում տեղ է գտել Ալժիրում անցկացրած Սմայիլ Զիդանի մանկությունը՝ մինչեւ Ֆրանսիա մեկնելը, որտեղ տեղափոխվելուց հետո շինարարությունում է աշխատել: Այդ դեղնած էջերով, բայց անվնաս կազմով գիրքը շարունակում է Զիդանին առաջնորդել կյանքում որպես մարդ, հայր ու մարզիչ: Հոր դավանած կարեւոր արժեքները՝ հեզությունը, համառությունն ու վստահությունը, նաեւ Զիդանի բնավորության մի մասն են դարձել:

Լուսանկարը` GQ
«Հայրս ինձ շատ բան է սովորեցրել: Երբ 10 տարեկան էի, նա խաղերից առաջ ու հետո ձիթապտղի յուղով մերսում էր մարմինս, կամ մազերս կտրելիս միշտ այնպես անում, որ նրան լսեմ: Մանավանդ անցումային տարիքում առիթը բաց չէր թողնում հետս զրուցելու համար: Ինձ էլ երեխաներիս հետ ֆուտբոլն է միավորում, դրա շուրջ են հիմնականում մեր խոսակցությունները ծավալվում: Երբ փոքր էին, բոլոր հնարավոր պահերին հետները խաղում էի: Շատ էի մարզվում ու ցանկանում գոնե տանը հանգստանալ, բայց Էնցոն ու Լուկան ինձ բաց չէին թողնում: Մադրիդ տեղափոխվելուց հետո մեր բակն այնքան փոքրիկ էր, որ ստիպված ծնկներիս վրա էի խաղում, որ տեղավորվեմ: Բարեբախտաբար, մյուս տղաներս՝ Տեոն ու Էլիասն ինձ խնայում էին»:
Ֆուտբոլից հեռու
Լավ տրամադրություն եւ բնական հանգստություն Զիդանը վերջին շրջանում է գտել՝ խաղադաշտից հեռու ու ընտանիքին մոտ: Հիմա նա ամենօրյա ճնշում ու լարվածություն չի զգում, որպես մարզիչ ստիպված չի լինում բազմաթիվ որոշումներ կայացնել:
«Մարզիչ ու խաղացող լինելը մասնագիտություններ են, որ իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն: Երբ մրցաշրջանն ավարտում ես պահեստային նստարանին, ավելի շատ ես հոգնում, քան խաղացող ֆուտբոլիստները: Հիշում եմ՝ որպես ֆուտբոլիստ կենտրոնացած էի իմ խաղի ու թիմի վրա ու մտածում էի առավելագույնս արդյունավետ լինելու մասին: Իսկ մարզիչն իր աշխատանքից բացի մտածում է եւս 23 տղաների մասին ու երբեք չի դադարում անհանգստանալ: Սիրում եմ աշխատանքս, բայց ժամանակ առ ժամանակ նաեւ հանգստի կարիք ունեմ: Նման բան ինձ հետ 2 անգամ է տեղի ունեցել»:

Լուսանկարը` GQ
Արքայական թիմի մարզչի պաշտոնում նա 3,5 մրցաշրջանում 13 տիտղոսի է արժանացել, 3 անգամ հաղթել ՉԼ-ում՝ 2016, 2017, 2018 թթ., ինչն աննախադեպ արդյունք է: Պատմել է, թե «Ռեալ»-ում աշխատանքի անցնելիս որքան անհանգիստ ու վախեցած է եղել`օրը սկսում էր առավոտյան 8-ին ու ավարտում 23:00-ին: Ծրագիրն իր մեջ ներառում էր մարզումներ, տակտիկական վերլուծություն, մամուլի ասուլիսներ, ուղեւորություններ եւ անհատական զրույցներ խաղացողների հետ:
«Երբ տուն էի վերադառնում, մտովի դեռ շարունակում էի ակումբում մնալ: Պատասխանատվություն էի կրում ամեն մի որոշման համար, ու դա տանում էր ողջ էներգիաս: Սիրում եմ այն ամենն ինչ անում եմ, կարող եմ անդադար աշխատել, բայց ժամանակ առ ժամանակ անջատվելու ու մեկուսանալու կարիք եմ ունենում: Այսօր պարզապես վայելում եմ ընտանիքիս հետ անցկացրած ամեն րոպեն, հանդիպում ծնողներիս, ճաշում կնոջս ու երեխաներիս հետ, ժամանակ գտնում ընկերներիս տեսնելու: Այդ ամենը հնարավոր դարձավ միայն այն դեպքում, երբ մեկ քայլ հետ կատարեցի: Կյանքս նորից մեծ արագությամբ է առաջ ընթանում, բայց ինձ հիմա ավելի թարմ եմ զգում»:
Կարեւոր դասերը
Զիդանը կարող էր բավարարվել BEPF (Ֆուտբոլային պրոֆեսիոնալ մարզչական վկայական) հավաստագրով, որպեսզի գլխավորի բարձրակարգ ակումբ՝ Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողների համար կարգը մի քիչ ավելի հեշտացված է, բայց Զիդանը ցանկացավ սովորել Լիմոնժի սպորտային իրավունքի եւ տնտեսագիտության Կենտրոնում (2011-2013 թթ.):

Լուսանկարը` GQ
«Սովորելու տարիները շատ անհրաժեշտ էին ու արդյունքում ինձ ոգեշնչեցին: Մյունխենում մի քանի շաբաթ անցկացնել Պեպ Գվարդիոլայի թիմի հետ, կատարվողի անմիջական մասնակիցը լինել ու հարցեր տալ, իսկապես արժեքավոր էր: Ես ու Գվարդիոլան միմյանց դեմ խաղացել ենք ու փոխադարձ մեծ հարգանք ենք տածում, փորձի փոխանակումն անկեղծ ու հարստացնող էր»:
Զբոսանք քաղաքում
Հարցազրույցի ընթացքում Զիդանը լրագրողների հետ քայլել է փողոցով ու շփվել մարդկանց հետ: Ոմանք մոտեցել են ու նրա ձեռքը սեղմել, իսկ ավելի փոքրերը ցանկացել են նկարվել հետը կամ էլ ստորագրություն վերցրել:
«Կարեւոր է ինքդ քեզ հավատարիմ մնալ, բայց նաեւ գիտեմ, որ փոխվում ենք, երբ հայտնվում ենք ուշադրության կենտրոնում ու լսում, թե շուրջն ինչպես են բոլորն ասում, թե որքան գեղեցիկ կամ ուժեղ ենք: Այդ ամենը կարող է խախտել իրականության ընկալումը, մանավանդ՝ մեր օրերում: Բարեբախտաբար, կինս ու որդիներս ինձ համար ցեմենտի պես են ու այս կյանքում ամեն ինչից ավելի ամուր, դրա համար էլ երբեք չեմ կտրվում իրականությունից»:

Լուսանկարը` GQ
Ֆուտբոլիստին ճանաչողներն էլ փաստում են, որ փառքը, փողն ու հաջողությունները նրան որեւէ կերպ չեն փոխել:
«Երբ թոփ խաղացող ես ու սկսում ես հաղթել, այդ ադրենալինը երբեք չի լքում քեզ, այն ամեն օր է ուղղորդում: Այդ էներգիան իսկապես զգում ես ու դրանից երբեք չես հոգնում: Որքան էլ հաղթանակ եմ տանում, միեւնույն է ուզում եմ եւս մեկն էլ գրանցել ու այդպես անվերջ: Կյանքն ամեն օր է պետք վայելել»:
Այն հարցին, թե ինչ է զգում, երբ ամենուր հիացած հայացքների է արժանանում ու կենդանի լեգենդ համարվում, պատասխանում է.
«Զգացողությունը հաճելի է, բայց մյուսներն են քեզ այդպիսին համարում, ոչ թե ինքդ: Եթե գիտեն, թե ինչից եմ սկսել իմ ուղին ու որտեղ հասել, կարող են այդ ամենով հիանալ ու ոգեշնչվել»:
Գիտելիքների փոխանցումը
Խոստովանում է, որ ամենաշատը սիրում է կիսվել իր գիտելիքներով, ֆուտբոլիստների հետ մշտապես կապի մեջ լինել ու իր իմացածը նրանց փոխանցել:
«Չկա ավելի լավ բան, քան հանդիպումից առաջ խաղացողներիդ հետ մտքերով փոխանակվելը: Դրա կարիքը միշտ եմ ունենում ու համարում, որ շփումն աշխատանքում ամենակարեւորն է: Պարտադիր է միասին զրուցել, իմանալ, թե դիմացինն իրեն ինչպես է զգում, օգնել խնդիրները հասկանալ ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու: Ուզում եմ, որ ֆուտբոլիստները խաղադաշտում կարողանան ուրախանալ եւ վայելել իրենց խաղը»:

Լուսանկարը` GQ
Ապագան
Դժվար է ասել, թե ինչպիսին է լինելու Զիդանի ապագան կամ ինչով է նա զբաղվելու: Ամռանը 51-ամյակը նշած մարզիչը շատ զգուշավոր է՝ չի բացահայտում իր ծրագրերը, ցանկանում է մեկ քայլ առաջ լինել ու զարմացնել իր որոշումներով:
«Հաճախ եմ ասել, երբ որպես ֆուտբոլիստ ներսից ծանոթ ես Ֆրանսիայի հավաքականին, նրա մարզիչն ես դառնում: Այդ մասին մտածում եմ, բայց դեռ ժամանակը չէ: Նախապես ոչինչ էլ չեմ պլանավորում, անում եմ այն, ինչ զգում եմ: Իսպանիայում 2,5 տարի թոփ մակարդակով եմ աշխատել ու շատ նվաճումների հասել, բայց հիմա դեռ հանգստանալու ժամանակն է: Միշտ հավակնոտ եմ եղել ու հավատացել ինձ, նույն կերպ էլ շարունակելու եմ»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: