Միջազգային հարաբերությունների մասնագետ, դասախոս եւ մարզիկ Անդրանիկ Իսրայելյանը հեղինակել է սյունակ, որում պատմել է Բեռլինի խոշորագույն մարաթոնին իր պատրաստվելու, բազմաթիվ խոչընդոտների, հոգեվիճակի, մասնակցության եւ դրա հետ կապված հույզերի մասին։
Բեռլինի մարաթոնը
Բեռլինի մարաթոնն աշխարհի վեց գլխավոր մարաթոններից է (World Marathon Majors) ու երազանք է ամեն մարաթոնյան վազորդի համար: Այս մրցությանը ավանդաբար մասնակցում է նաև մարաթոնի արքա, օլիմպիական չեմպիոն Էլիուդ Կիպչոգեն, այստեղ են հաճախ սահմանվում մարաթոնի աշխարհի ռեկորդները: Բեռլինի մարաթոնին մոտ 47 000 վազորդ է մասնակցում աշխարհի գրեթե բոլոր պետություններից: Երբ ես գրանցվեցի Բեռլինի մարաթոնին մասնակցելու համար՝ ակնկալում էի գեղեցիկ ապրումներով ամիսներ: Սպորտային պայքարը միշտ դուր է եկել ինձ: Հիմա սկսվում էր նոր փուլ, որին ես անհամբեր սպասել էի:
Փորձությունների սկիզբը
Հունվարին զարմիկիս հետ մարզումների ընթացքում ծանրություններով աշխատելիս գոտկատեղումս ցավեր զգացի: Ամիսներն անցնում էին, ցավն՝ ուժեղանում: Այն այնքան սոսկալի էր, որ կյանքում առաջին անգամ կորցրել էի ինքնատիրապետումս: Մարտին դիմեցի բժշկի: Պարզվեց՝ ունեմ երեք ճողվածք ողնաշարի ներքևի հատվածում, որոնք ճզմում են նստելու երկու նյարդերս: Իմ կարդացած հոդվածներում լավատեսական բան քիչ կար. վազորդների վերականգնումը տևում է առնվազն 6 ամիս: Ես սկսեցի հետաքրքրվել փորձառու մարզիկներից: Ամենաշատ խորհուրդներ տվեց Սերգեյը: Լինելով ուժային եռամարտի աշխարհի մեդալակիր՝ նա վաղուց մասնագիտացել էր ողնաշարի ճողվածքների հարցում: Սերգեյի ասածում հուսադրողը միայն այն էր, որ հնարավոր է համակերպվել, հարմարեցնել կենսակերպդ ու ապրել այդ պրոբլեմի հետ, քանի որ այն երբեք չի անցնելու: Սերգեյը նաև զգուշացրեց, որ ծանրորդների համար հեշտ է այդ մի քանի վայրկյանը մեջքն ուղիղ պահելը կամ մրցումից առաջ դիկլոբերլ սրսկվելը, իսկ վազելու դեպքում խնդիրն ավելի դժվար է լինելու, քանի որ վազելիս ողնաշարդ անընդհատ ճզմելու է դիսկերդ, իսկ դրանք՝ նյարդը: Դիկլոբերլի ներարկումները անցկացրին ցավը, բայց խնդիրը չէր լուծվում:

Ապրիլի 30-ին փորձեցի մասնակցել Երևանի Գարնանային վազքի 5 կմ դիստանցիային, բայց չկարողացա: Մեջքիս ցավը սկսվեց նախքան վազքը. պատռեցի իմ շապիկի վրայի համարը, նետեցի գետը ու դառնացած եկա տուն: Դա հերթական նվաստացնող դրվագն էր այդ փուլում: Ես նորից գնացի ողնաշարաբանի մոտ: Դժվար է բացատրել սովորական մարդուն, որ մրցումի պատրաստվող մարզիկը բժշկի գնալիս մտածում է ոչ թե վերականգնվելու, այլ մրցումին հասցնելու համար: Գլուխդ կախ սպասում ես բժշկի ասածին ու մտածում՝ արդյոք կհասցնես մարաթոնին: Ողնաշարաբանն առաջարկեց շարունակել ներարկումները ու էլի ամրապնդել մարմինը: Ես գնացի նոր ֆիզիոթերապևտի մոտ՝ Ֆիզիոթերապևտիկ հիվանդանոցում: Երկու շաբաթվա կուրսՆ իմ վերջին հույսն էր: Ֆիզիոթերապևտ Արա Գրիգորյանի հետ մարզումներն ամրապնդեցին մեջքս: Ցավը նահանջեց: Ես բժշկիս ասացի, որ, եթե հասցնեմ մարաթոնին, դա կլինի նախ իր շնորհիվ, բայց դա այնքան անիրական ու հեռու էր թվում: Թերապիայից հետո մայիսի վերջին ես հիվանդանոցի բակում հեռախոսով ձայնագրեցի իմ մենախոսությունը՝ ապագայի պլանների մասին: Վերջում ասել էի. «՛Միայն մեկ տոկոս է շանսը, որ կհասցնեմ Բեռլինի մարաթոնին, բայց անգամ այդ մեկ տոկոսն արժանի է պայքարելու, որովհետև իմ էությունն է դա, ես պայքարող եմ ու կօգտագործեմ ամեն հնարավորություն նվաճելու այն, ինչին արժանի եմ»:
Ինտելեկտի դերը
Ես հասկանում էի, որ միայն խիզախությամբ ոչնչի հասնել հնարավոր չէ: Պետք էր լինել առավել գիտական ու հաշվարկված: Հետազոտություն արեցի ու հասկացա, որ պետք է ձեռնպահ մնալ քաղցրից, ուտել բուսական սնունդ, սրսկվել վիտամին Բ-ի կուրս: Ոչ մի բժիշկ չէր զգուշացրել ինձ այդ մասին: Դա իմ նախաձեռնությամբ խնդիրս ավելի գիտականորեն ու խորը հասկանալու ու արագ վերականգվելու ուղղությամբ քայլ էր: Հետո մտածեցի, որ վստահաբար կլինեն հատուկ մարզակոշիկներ մեջքի խնդիր ունեցողների համար: Եվ գտա աշխարհում լավագույնը՝ Hoka Bondi 8-ը ու պատվիրեցի Ամազոնով: Բայց սպասելու ժամանակ չկար: Հունիսն էր: Ես կարող էի ռիսկի գնալ ու վազել իմ ունեցած մարզակոշիկներով, բայց այլ ստրատեգիա ընտրեցի: Սկսեցի արագ քայլք՝ օրական 10 կմ, որպեսզի բացեմ շնչառությունս, բայց ռիսկի չդնեմ մեջքս մինչ ստանայի կոշիկներս:
Կյանքում երկրորդ անգամ սկսում էի զրոյից՝ քայլելուց: Քայլում էի մարդկանց կողքով, ովքեր մարաթոնյան վազորդ չէին, բայց վայելում էին վազքը, իսկ ես ինձ զգում էի ամենավերջին մարդը: Բայց քայլքով սկսելով մարզումներս՝ մարաթոնին չէի հասցնելու պատրաստվել. ժամանակը չէր հերիքում: Ու հանկարծ նոր լույսի շող երևաց, նվեր ստացա ուլտրամարաթոնի լեգենդ Դևիդ Գոգինսի գիրքը: Հեղինակը մի տեղ իմիջիայլոց նշել էր, որ երբեք մարաթոնի չի պատրաստվել նվազեցման գրաֆիկով: Նվազեցումը՝ tapering, մարաթոնի մարզման պարտադիր ծրագրի մաս է: Վերջին մեկ ամսում դու պետք է նվազեցնես դիստանցիադ, որպեսզի մարաթոնին մարմինդ լիարժեք հանգստացած լինի: Ես հասկացա, որ կարելի է շրջանցել այդ փուլը, քանի որ չունեի մեկ ամիս նվազեցման համար: Դա մեծ ռիսկ էր լինելու իմ գերծանրաբեռնված ողնաշարի համար, բայց եթե Գոգինսը արել էր, ես էլ կանեի:
Այդպիսով, իմ գծած ռազմավարությունն ամբողջացավ. ես քայլքով պետք է բացեի շնչառությունս, մարզեի օրգանիզմս՝ մինչև կհասնեին հատուկ մարզակոշիկները, որոնցով կմարզվեի ընդամենը երկուսուկես ամիս՝ շրջանցելով վերջին՝ նվազեցման փուլը:
Նոր խնդիրներ
Ողնաշարիս խախտված երեք դիսկերը ու ցավերը միակը չէին: Քիչ անց պարզվեց որ ընտանիքիս անդամներից մեկն ունի մաշկի քաղցկեղ: Գնում էի մեջքի ամրապնդման սեանսին՝ էմոցիոնալ քայքայված, մտածելով մորս մասին: Ողջ մայիսն անցավ քաղցկեղի հետազոտման ու վիրահատության ծանր մտքերով: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց մորս համար, բայց ես չհասցրի հանգստանալ: Զուգահեռ առաջ եկան առողջական խնդիրներ նաև ինձ մոտ: էնդոկրինոլոգն ի վերջո տեղեկացրեց գլուխս նկարելու անհրաժեշտության մասին՝ քաղցկեղը բացառելու համար:

Ի՞նչ ես մտածում երիտասարդ տարիքում այդ հետազոտությունից առաջ: Մեծ վախ չզգացի, բայց զգացի անպատասխանատվություն, ամոթ. չէի ցանկանա հերթական անհանգստությունը պատճառել շրջապատիս: Կասկած չունեի, որ, եթե աշխարհում կա հարյուր պայքարող մարդ, ես դրանցից մեկն եմ, բայց ուզում էի պայքարել այլ բանի համար:
MRI հետազոտությանը դժվար էր տրամադրվել: Րոպեներն անցնում են, իսկ դու չես ուզում մտնել հետազոտման: Նախքան մտնելը նայեցի մարաթոնի արքա Կիպչոգեի նկարին՝ Բեռլինում վազելու մտադրության մասին ու ասեցի. «Սպասիր ինձ, ես գալիս եմ»: Ներքին վստահությունը թանկ էր, ու ես չէի ուզում կորցնել դա: Այդ փուլը ևս անցա բարեհաջող, բայց միայն նրա համար, որ սկսվեն նոր փորձություններ:
Մարզվել հիվանդանոցային այցերին զուգահեռ անտանելի ծանր էր: Վազորդները մեծ էմոցիոնալ բեռ են կրում մարաթոնի պատրաստվելիս, իսկ երբ դրան գումարվում են բժշկական մտահոգությունները, բեռը դառնում է անտանելի: Բայց ես ինձ հաճախ ասում էի. «Դա անտանելի է նորմալ մարդկանց համար, իսկ դու գերմարդ ես»: Սա մանկական ինքնաքաջալերում չէր: Ունեի իսկական վստահություն գերմարդ լինելու հարցում: Ապացուցելու կարիք անգամ չունեի: Դա արել էի տարիներ առաջ, երբ Օքսֆորդի Համալսարան ընդունվել էի՝ քննությանը պարապելով վիրահատության սեղանին պառկած: Ես դա նորից արել էի, երբ մերժել էի հաշմանդամի թուղթը ու դարձել մարաթոնյան վազորդ: Հիմա պետք է անցնեի հերթական գերմարդկային հաղթահարման փուլը՝ վստահ, որ ես դա միշտ եմ արել:
Հասարակությունը
Հաղթանակ շնչող մարդու համար անտանելի է ապրել հասարակությունում, որը նախաճաշի փոխարեն պարտություն է ուտում ամեն օր: Երբ վազում էի Հրազդանի ձորում, ռեստորաններում հայախոս զանգվածի խրախճանքն Արցախի սովամահության ֆոնին մղձավանջ էին թվում: Ամոթը, ցավը խեղդում էին իմ հպարտ զգացողությունները, ես ամաչում էի վաղուց զոհվածներից, ամաչում էի եկող սերունդներից, որոնք թքելու են մեր երեսին: Մեր հասարակությունը տասնամյակներով սոցիալ-տնտեսական ու գաղափարական մարգինալացման ենթարկված մարդկանց խումբ է՝ պառակտված տարբեր օրակարգերով: Ես դա հասկանում էի որպես մասնագետ, քանի որ Օքսֆորդում նաև դա էի հետազոտել: Բայց հանդուրժելը բարդ էր: Երբեմն լսում ես, որ քո հետևից չարախոսում են մարդիկ, ովքեր իրենց տխուր գոյությամբ որևէ արժանի բան չեն արել, տղամարդիկ, ովքեր անգամ սեփական կնոջ հիացմունքին չեն արժանացել: Ու այդ բոլոր մարդիկ, թաղված անփառունակ գոյատևման մեջ, մերժելով լավագույնի հանդեպ ձգտումը, փնովում են ամեն վեհ բան, վեհ արդյունք ու գաղափար:
Հավատը
Մայիսին ես հասկացա, որ մարաթոնին չեմ հասցնի, ու կյանքում երկրորդ անգամ ամբողջ հավատս դրի Աստծու վրա: Վերցրեցի իմ կապույտ Նոր Կտակարանը ու ասացի. «Ես այլեւս չեմ հասցնի, բոլոր հաշվարկներն իմ դեմ են, բայց եթե դու ուզես՝ Աստված, հրաշք կգործես»: Այս ամիսներին նորովի բացահայտեցի իմ հավատը: Պահպանեցի հոգեկան բալանսը, անգամ երբ շանսերը շատ քիչ էին՝ հասնելու նպատակիս:

Այլ մոտիվացիա
Գերմանիայի մարաթոնը գաղտնի խորհուրդ ուներ ինձ համար: Լեգենդար Ալբերտ պապս, ով ձևավորել էր սպորտի ու աշխատանքի էթիկան իմ մեջ, ուներ գերմանական ինքնություն: Նա իր թիթեղագործի արհեստը սովորել էր գերմանացի վարպետի մոտ ու ժառանգել նրա դիսցիպլինան: Իր ողջ կյանքում նա ապրեց այդ դիսցիպլինայով, որը հայերը չէին հասկանում: Լինելով ծանրամարտի սպորտի վարպետ՝ նա հարթել էր իմ քայլերը դեպի սպորտ: Երբ պապս հեռացավ կյանքից, ապրելով ինը տասնամյակ, ես հասկացա, որ նրա հիշատակը պետք է մեծ ժեստով հարգել: Բեռլինի մարաթոնը նրա ու գերմանական դիսցիպլինայի համար էր: Ծանր պահերին հասկանում էի, որ Ալբերտ պապի հիշատակի մարաթոնից չեմ կարող հրաժարվել, որովհետև ինքը երբեք չէր ընկրկել ոչ մի բանի առջեւ:
Մարաթոնից առաջ
Մարաթոնից առաջ հիվանդացա: Քսան օր առաջ ունեի 38 աստիճան ջերմություն ու բաց թողեցի մարզումային թանկ շաբաթ: Աշխատանքից տուն գնալիս՝ ոտքերս հազիվ էի քարշ տալիս, քրտնում էի: Կյանքում առաջին անգամ հանձնվելու անբարո միտքը ծագեց իմ գլխում: Ի՞նչ կլիներ, եթե հրաժարվեի: Ամիսները քայքայել էին ինձ, հիմա անգամ չէի քայլում նորմալ, ինչպե՞ս պետք է վազեի 42 կիլոմետր: Ինձ չէի զգում մարզավիճակիս գագաթնակետին: Ավելին, չէի զգում, որ օրգանիզմս պատրաստ է մարաթոնի: Երբ դու գիտես՝ ինչ է մարզավիճակի գագաթը, երբ գիտես, ինչպես են ոտքերիդ տակից կայծեր թռչում, նման տխուր մարզավիճակում լինելը հոգեպես ընկճող է: Բայց այդ միտքը ես հաղթահարեցի: Նորից հիշեցի Ալբերտ պապուս, հիշեցի, որ հանձնվելն անբարոյական է: «Հանձնվելը որոշում է, որը պետք է կայացնես»,- լսել էի այս բառերը խառը մենամարտերի լեգենդ Ջոն Ջոնսից: Նոկդաունից հետո Ջոնսը մի պահ ցանկացել էր հանձնվել, բայց որոշում չէր կայացրել ու հաղթել էր: Ես ևս հրաժարվեցի կայացնել նման որոշում:
Այլ խնդիրներ
Օգոստոս-սեպտեմբերին ունեցա միզապարկի բորբոքում: 13 կմ վազքի օրն ամենածանրն էր, երբ միզուղիներս խցանվեցին ու վազքի ընթացքում օգտագործած ջուրը մնաց օրգանիզմիս մեջ: Կանգնեցի մի պահ ու դառնությունից հայհոյեցի ճակատագիրս: Իմ ողջ կյանքում նման դեպքերն ամեն բան արել էին, որ զրկեն ինձ նպատակներից: Բայց հայհոյանքը, մաղձը հաղթնակի ուղի չեն հարթում: Ես հաշվարկեցի՝ նվազագույն քանակությամբ ջուր խմելով՝ դանդաղ վազել դիստանցիան, որպեսզի միզապարկս չպայթի, բայց չջրազրկվեմ ու անեմ չափազանց կարևոր պարապմունքը: Ուռոլոգի հետ շարունակեցի թերապիան ընդհուպ մինչ թռիչքիս օրը, երբ ընդունեցի վերջին բուժումը ու գնացի հետազոտման: Նորից պառկած էի բժշկի առջեւ ու նրա ասածից էր կախված մարաթոնիս ճակատագիրը: Բժիշկը թույլ տվեց մեկնել մարաթոնի: Ես հանգիստ շունչ քաշեցի․․․
Չեղարկված թռիչքներ
Սեպտեմբերի 19-ին մեկնեցի օդանավակայան, բայց չվերթը չեղարկվեց: Հետ եկա տուն, գնեցի նոր տոմս: Գիշերն օդանավակայանում պարզվեց, որ երկրորդ թռիչքս ևս չեղարկվել է: Եկա տուն, կարդացի լուրերն ու կյանքում առաջին անգամ ապրելու ցանկությունը լքեց ինձ: Հասկացա, որ ամեն բան վերջացած է: Կարելի էր վաղուց մեռած լինել ու չտեսնել Արցախի հետ եղածը: Ամեն ինչ իզուր էր: Ես չէի մեկնի մարաթոնի: Ում համար մեկնել, ինչ սրտով, ով էի ես այս աշխարհում: Գլուխս դրեցի գրասեղանիս: Անցան րոպեներ ու հանկարծ լսեցի, որ մարաթոնի մասնակիցները խոսում են իմ մասին: Նրանք ասում էին, որ Հայաստանը ներկայացնող վազորդը չի եկել. հայրենիքում տեղի ունեցած աղետը կոտրել է նրան, նա հանձնվել է, դուրս է մնացել պայքարից: Պատկերացրի, որ «Արմենիա» գլխակապս ու ՀՀ դրոշը դեռ չօգտագործած հետ եմ հանում իմ պայուսակից: Մարմնովս անհասկանալի, անծանոթ մի էներգիա անցավ: Ես այդ որոշումը չէի կայացնի. ոչ հիմա: Ոչ մի հայ չպետք է դառնա զիջած, ոչ մի հայ չպետք է դուրս մնա շարքից, երբեք հայի անվան կողքին չպետք է գրվի դուրս մնացած, չհասած կամ զիջած բառերը: Ես չէի հանձնվի, որովհետև այդ պահին ես նախ հայ էի: Ես մեկնեցի Վրաստան ու այնտեղից թռա Գերմանիա:
Ինքնությունը և օտարությունը
Դու նախ մտածում ես, որ գաղթական ես դրսում, որ քեզ կասեն «տեսեք այս պարտված ազգի ներկայացուցչին», հետո դա անցնում է: Դու գիտես, որ շատերը թքած ունեն ամենի վրա: Բայց քո ցավը չի կորում: Ինքնությունը նորից զգում ես վազքի ընթացքում, երբ «պատի»՝ ուժերիդ սպառման փուլում ոտքերդ կանգնում են: Դու գիտես, որ օրգանիզմդ տաս օրվա մեջ երկրորդ անգամ է վազում այդ զարհուրելի դիստանցիան, քանի որ դու չես հասցրել նվազեցում անել: Դու գիտես, որ արդարացված է քո կանգնելը, բայց, եթե մարդիկ ասեն, որ Արմենիան կանգնել է: Ասացի ինձ․ «Հայերը չեն հանձնվում» ու գնացի առաջ: Արագությունս սկսեց աճել:

Վերջին 4 կիլոմետրը, երբ գրեթե բոլորը քայլում էին, ես հավաքեցի մեծ արագություն ու այլևս չկանգնեցի, որովհետև ամբոխը չպետք է կտեսներ, որ Արմենիան կանգնել է: Ես ավարտեցի Հայաստանի դրոշը պարզած. 47 000 վազորդների մեջ միջին հորիզոնականում էի: Դա արժանապատիվ արդյունք էր: Հիվանդանոցներում ստուգումներ անցնելիս, ջերմելիս՝ երաշխիք չունեի, որ կավարտեմ աշխարհի խոշորագույն մարաթոններից մեկը:
Ապագան
Երբ վերադարձա Երևան, այնպիսի տխրություն զգացի, կարծես մահացած բարեկամի տուն մտնելիս: Ողջ հաջողությունս անիմաստ թվաց հայրենիքի կորստից հետո: Քայլում էի կյանքում առաջին անգամ ուսերս կախված: Ապրելու ուժն այլևս չկար: Օրեր հետո բժիշկ ընկերս ինձ պատմեց իր երիտասարդ պացիենտի մասին, ով երկու ամիս կոմայի մեջ էր՝ ոչ մի շանս չունենալով ապրելու, իսկ այժմ լիարժեք մարդ է: Սկսեցի մտածել ու մտքում գծեցի այն սցենարը, որի դեպքում նորից կունենանք մեր Հայրենիքը: Իրատես եմ․ պաթոսը ու կոչերը երբեք չեն առաջնորդել ինձ: Հասկանում էի, որ նման սցենարի հավանականությունն ընդամենը մեկ տոկոս է: Հետո ես հիշեցի մայիսը, երբ հիվանդանոցի բակում ասում էի, թե իմ մարաթոնի շանսերը մեկ տոկոս են: Կրկին գտա կյանքի շողը: Դա այն սառը գիտակցումն է, որ կա մեկ տոկոս շանս, ու հենց դրա համար մենք բոլորս պետք է ուժ գտնենք ու շարժվենք առաջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: