Մայիս 11, 2025
2290 դիտում

Թենիսի աշխարհում ամենահայտնի օդաչուն․ Պատվո լեգիոնի շքանշանակիր Ռոլան Գարոսը


Լուսանկարը` ROLAND-GARROS

Լուսանկարը` ROLAND-GARROS

Լուսանկարը` ROLAND-GARROS

Լուսանկարը` ROLAND-GARROS

Լուսանկարը` ROLAND-GARROS

Լուսանկարը` Reuters


Թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարերից մեկն անցկացվում է Փարիզում։ Ֆրանսիայի բաց առաջնությունն ընդունում է Ռոլան Գարոս ստադիոնը, իսկ մրցաշարն աշխարհում ավելի շատ հայտնի է հենց այդ անունով։
Իրականում ստադիոնի ու նաեւ մրցաշարի անունը ոչ մի կապ չունի թենիսի աշխարհի հետ։

Եկեք պարզենք, թե ով էր Ռոլան Գարոսը, ինչպիսի գործ է կատարել Ֆրանսիայի համար, Առաջին Աշխարհամարտի ժամանակ դարձել հերոս եւ արժանացել նման պատվի։

Ծովի վրայով թռած առաջին օդաչուն

Լուսանկարը` ROLAND-GARROS


Ռոլան Գարոսը պրոֆեսիոնալ թենիսով երբեք չի զբաղվել, չնայած եղել է սպորտի սիրահար։ 12 տարեկանում տանելով ծանր թոքաբորբ՝ բժիշկները շնչառական համակարգը վերականգնվելու համար խորհուրդ են տվել հեծանիվ քշել։ Այդպես նա խորանում է այս մարզաձեւում, հետագայում զբաղվում նաեւ ռեգբիով։

Ռոլան Գարոսը ծնվել է Սեն-Դենիում 1888 թվականին։ Սովորել է Փարիզի բիզնես բարձրագույն դպրոցում։ 21 տարեկանում նա հիմնում է սեփական ընկերությունը՝ Փարիզի Հաղթական կամարից ոչ հեռու բացելով իր ավտոսրահը։

Սակայն ամեն ինչ փոխվում է 1909-ին, երբ ընկերոջ հրավերով ներկա է լինում ինքնաթիռների օդային շոուի ու միանգամից սիրահարվում այդ խելահեղ մեքենաներին։ Գարոսն անմիջապես ինքնաթիռ է գնում եւ սկսում սովորել կառավարել այն։ Որոշ ժամանակ անց նա ստանում է օդաչուի արտոնագիր։

Դրանից երկու տարի անց համառ ֆրանսիացին Բաստիլի գրավմանը նվիրված ավիաշոուի աստղերից էր, աստիճանաբար մասնակցում է տարբեր թռիչքների եւ մրցարշավների՝ ապշեցնելով հանդիսատեսին իր խիզախությամբ եւ հնարամտությամբ։ Նա կարգապահ էր ու հիանալի էր վարում ինքնաթիռը։

Լուսանկարը` ROLAND-GARROS


Ռոլան Գարոսը եղել է մեծ հավակնություններ ունեցող մարդ եւ ցանկանում էր թռչել ծովերի վրայով։ Նա իր առջեւ նոր մարտահրավեր է դնում՝ անցնել Միջերկրական ծովը, մի բան, որը մինչ այդ ոչ մի օդաչուի չէր հաջողվել։
1913-ին նա Ֆրանսիայից ճանապարհ է ընկնում դեպի Թունիս։ 8 ժամ տեւած թռիչքի ժամանակ երկու անգամ շարժիչի հետ կապված խնդիրներ են առաջանում, սակայն Գարոսը կարողանում է շտկել դրանք ու բարեհաջող վայրէջք կատարել։ Գետնի վրա հայտնվելուց հետո նրա մոտ մնացել էր ընդամենը 5 լիտր վառելիք։

Դառնալով առաջին օդաչուն, որը թռել է ծովի վրայով, Գարոսն իր մասին խոսել է տալիս ոչ միայն Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում։

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսը

Լուսանկարը` ROLAND-GARROS


Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո Գարոսը դիմում է Ֆրանսիայի ռազմական ուժեր ու կամավորագրվում։ Այդ տարիներին ինքնաթիռները գրեթե հագեցած չէին սպառազինությամբ։ Շնորհիվ իր գյուտարարական հմտությունների, Գարոսը մեկտեղանոց կործանիչը  հագեցնում է գնդացիրով։ Նա առաջինն էր, ով գնդացիրը կիրառեց այնպես, որ հարմար լինի թռիչքի ժամանակ ճիշտ թիրախավորել եւ վերացնել թշնամական օբյեկտը։

Այս հեղափոխական մոտեցումը մեծապես օգնում է ֆրանսիական օդուժին, իսկ Գարոսը կարճ ժամանակում Գերմանիայի համար դառնում է ամենավտանգավոր օդաչուն։




1915-ին արդեն լեյտենանտի կոչում ունեցող օդաչուն երկու շաբաթվա ընթացքում վարած օդային մարտերի ժամանակ գրանցում է երեք կարեւոր հաղթանակ։ Սակայն Բելգիայի օդային տարածքում հերթական առաջադրանքը կատարելու ընթացքում նրա կործանիչը խոցվում է գերմանացիների կողմից։

Ստիպված վայրէջք կատարելով՝ նա գերի է ընկնում ու չի հասցնում ոչնչացնել ինքնաթիռը։ Այդպիսով, նրա գյուտն ընկնում է գերմանացիների ձեռքը, որոնք կարճ այն ժամանակ անց սկսում են կիրառել իրենց ինքնաթիռների վրա։

Փախուստ գերությունից ու վերջին թռիչքը

Լուսանկարը` ROLAND-GARROS


Հնարամիտ Գարոսից երեք տարի է պահանջվում, որպեսզի կարողանա փախչել գերությունից։ Գերմանացի սպայի հագուստով նա մոլորեցնում է բոլորին ու նվաճում իր ազատությունը՝ վերադառնալով Ֆրանսիա։

Նրա առողջական վիճակն այդ ընթացքում շատ վատացել էր եւ խնդիրներ ուներ կապված հատկապես տեսողության հետ։ Ղեկավարները ցանկանում են որպես խորհրդական պահել զինված ուժերում, բայց Գարոսը մերժում է ու որպես օդաչու կրկին մեկնում ռազմաճակատ։

1918-ի հոկտեմբերի 5-ին, պատերազմի ավարտից մեկ ամիս ու ծննդյան 30-ամյակից մեկ օր առաջ, Ռոլան Գարոսը կատարում է իր վերջին թռիչքը։ Վուզիեում օդային մարտի ժամանակ նրա ինքնաթիռը խոցվում է թշնամու կողմից։ Օդաչուն տեղում զոհվում է։

Ընկերը պայքարում է ու թենիսի կորտերը կոչում Գարոսի անունով

Լուսանկարը` ROLAND-GARROS


1927 թվականի ավարտին, երբ Ֆրանսիայի թենիսի հավաքականն առաջին անգամ հաղթել էր Դեւիսի գավաթում, մրցաշարն ընդունելու համար որոշվում է կառուցել թենիսի մեծ ստադիոն։ Որոշվում է մեծ ներդրումներ անել եւ ունենալ այնպիսի համալիր, որտեղ հետագայում կկայանան Ֆրանսիայի թենիսի առաջնությունները։

«Racing Club»-ի եւ «Stade Français»-ի տնօրենները որոշում են հողատարածք գնել Փարիզի արեւմուտքում։ Նրանք ռիսկի են դիմում ու վարկը ապահովելու համար օգտագործում անձնական միջոցները։ Այս քայլին ռեգբիի «Stade Français» ակումբի նախագահ եւ Փարիզի բիզնես բարձրագույն դպրոցում Գարոսի դասընկեր Էմիլ Լեսյուեն դիմում է մեկ պայմանով․ մարզադաշտը կրելու է Ռոլան Գարոսի անունը։ Գարոսի զոհվելուց 10 տարի անց կառուցվում է թենիսի մեծագույն կենտրոններից մեկը եւ կրում նրա անունը։

Լուսանկարը` Reuters


Այսօր արդեն սպորտ սիրող բոլոր մարդիկ մրցաշարն ավելի շատ անվանում են Ռոլան Գարոս, այլ ոչ թե Ֆրանսիայի բաց առաջնություն։

Այո, Ռոլան Գարոսը կապ չունի թենիսի հետ, սակայն աշխարհում այդքան էլ շատ չեն մարզադաշտերը, որոնք կրում են նման խիզախ ու հերոսական մեկի անունը, ով հանուն իր երկրի դիմել է բազմաթիվ հերոսությունների՝ պարգեւատրվելով նաեւ Պատվո լեգիոնի շքանշանով։

Իր ինքնաթիռի խցիկում նա գրել էր Նապոլեոն Բոնապարտի խոսքերը․ «Հաղթանակը պատկանում է ամենահամառներին»։ Այս արտահայտությունը բնորոշում է Գարոսին ու նաեւ արդեն Ռոլան Գարոսի մրցաշարի բոլոր հաղթողներին։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին