Սիմոնե Ինձագին երկրորդ իտալացի մարզիչն է, որին հաջողվել է «Ինտեր»-ին դուրս բերել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
Առաջինը 1972-ին եղել է Ջովաննի Ինվերնիցին, որի օրոք իտալական ակումբը Չեմպիոնների Գավաթի եզրափակչում 0:2 հաշվով զիջել է «Այաքս»-ին:
Այս տարի Ինձագին իր սաների հետ արդեն հասցրել է 2 Գավաթ նվաճել, նախ թիմը տիրացել է Իտալիայի Սուպերգավաթին՝ 3:0 հաշվով գերազանցելով «Միլան»-ին: Դա մարզչի 4-րդ Սուպերգավաթն էր կարիերայի ընթացքում:
Ապա ամիսներ անց նրան հաջողվեց 3-րդ անգամ հռչակվել Իտալիայի գավաթակիր: Նրանից շատ մարզիչներից Գավաթին տիրացել են միայն Սվեն Գորան Էրիկսոնը, Մասիմիլիանո Ալեգրին ու Ռոբերտո Մանչինին: Նրանք առաջ են 4-ական հաղթանակով:
47-ամյա Ինձագին մարզչական աշխատանքով զբաղվում է 2016 թվականից ու արդեն 7 նվաճում ունի, թեեւ բոլորն էլ հիմնականում գավաթներ են:

Լուսանկարը` Getty Images
Ավելի վաղ նա «Լացիո»-ի հետ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր (2017, 2019) ու գավաթակիր (2019), «Ինտեր»-ի հետ էլ 2-ական անգամ հաղթել Սուպերգավաթում (2021, 2022) ու Գավաթում (2022, 2023):
Թիմը վատ չի հանդես եկել նաեւ Իտալիայի առաջնությունում, 38 տուրերում այն տարել է 23 հաղթանակ, 3 ոչ-ոքի գրանցել ու 12 պարտություն կրել: Արդյունքում «Ինտեր»-ը 72 միավորով գրավել է 3-րդ տեղը:
Հիմա բոլորը սպասում են պարզելու, թե արդյոք Ինձագիին կհաջողվի տիրանալ Չեմպիոնների Լիգայի գավաթին: Դա անելու համար մարզչին ու նրա սաները պետք է կարողանան գերազանցել ֆուտբոլային հանճար Գվարդիոլային ու «Մանչեթեր Սիթի»-ին, բայց սպորտում անհնարին ոչինչ էլ չկա: Կամ Գվարդիոլան կկարողանա 12 տարի անց նորից լավագույնը դառնալ ՉԼ-ում, կամ Ինձագին իր առաջին տիտղոսին կարժանանա:
«Ինտեր»-ի նախագահ Ստիվեն Չժան
Ամեն մրցաշրջան բացառիկ է, բայց եթե ինձ ասեիք, որ մենք հասնելու ենք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, դժվար կհավատայի: Միակը, որ այդ մասին պնդում էր՝ Լուկակուն էր:
Ինձագին հաղթողի մտածելակերպ ունի, նա շատ լավ է կարողանում թիմին ճիշտ ուղով տանել: Ամեն տարի Սիմոնեն ունենում է վերելքի ու անկման պահեր, բայց շարունակելու է ակումբը գլխավորել դեռ երկար տարիներ:
Շատ մարզիչների հետ եմ աշխատել, թեեւ ընդամենը 31 տարեկան եմ, բայց նա բացառիկ է, հավատացնում եմ ձեզ: Ինձագին ամեն իրավիճակում շատ հանգիստ է, անկախ նրանից, թե հանդիպումն ինչ ելքով կավարտվի, իսկ դա անհավանական որակ է: Բացի այդ էլ միակ մարզիչն է, որն ինձ չի խնդրում նոր խաղացողներ գնել:

Լուսանկարը` Getty Images
Ավագ եղբայր Ֆիլիպո Ինձագի
Միասին անդադար ենք խոսում՝ օրվա մեջ մի քանի անգամ: Ու միշտ խոսակցության թեման դառնում է ֆուտբոլը: Լսում եմ Սիմոնեին, որովհետեւ ինձնից լավն է որպես մարզիչ:
Սիմոնեն ինձնից առաջ է սկսել աշխատել, նախ մարզել է «Լացիո»-ի ակադեմիայում, իսկ ես այդ ժամանակ դեռ շարունակում էի ֆուտբոլ խաղալ: Որոշեցի այդ ուղով գնալ, քանի որ տեսա նրա խանդավառությունը:
Նախկինում էլ իրեն շատ լավ է դրսեւորել, բայց հատկապես այս տարի ցույց է տալիս, որ իսկապես յուրահատուկ մասնագետ է: Զարմացած չեմ նրա թիմի ելույթներից, քանի որ գիտեմ, թե որքան ուժեղ է մարտավարական առումով:
Սիմոնեին միմիայն հաջողություն եմ մաղթում: Ինձ նա վաղուց է ապացուցել, որ Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկն է: Մաղթում եմ, որ վայելի հաղթանակի մոգական պահը:

Լուսանկարը` ESPN
Սիմոնե Ինձագի
Ավելի լավ է ինձ քննադատեն, քան խաղացողներին: Մյուս կողմից էլ պետք է նշեմ, որ քննադատությունն օգնում է ավելի լավ աշխատել, հենց դրա շնորհիվ ենք նաեւ Չեմպիոնների Լիգայում այդպիսի առաջընթաց գրանցել: Բոլոր թիմերի պես մենք էլ խնդիրներ ենք ունեցել, բայց միասնական ջանքերի շնորհիվ դրանք հաղթահարել:
Իմ տղաներից յուրաքանչյուրն արժանի է գրկախառնության այն բանի համար, ինչ արել է ապրիլի մեկից սկսած: Իսկ ընդհանուր առմամբ օգոստոսից ենք տքնաջան աշխատել, որ հասնենք այս ամենին:
ՉԼ-ի կիսաեզրափակիչը «Միլան»-ի դեմ ակումբի պատմության կարեւոր դիմակայություններից էր, բայց մենք հիանալի գործեցինք, հիմա ժամանակն է, որ նույնն անենք Ստամբուլում: Այդ ողջ ճանապարհին երկրպագուներն աջակցել են մեզ ու ոգեւորել տրիբունաներում, միասին ենք այս ամենին հասել:
Սկզբում այս ամենն երազանք էր թվում, բայց շարունակեցինք հավատալ մեզ: Անհավանական պայքար ծավալեցինք ուժեղ թիմերի դեմ, այս տղաներն առաջին օրից վստահ էին իրենց ուժերին: Խելահեղ ջանքեր ենք գործադրել առաջ շարժվելու համար:
Բախտս բերել է, որ ունեմ հիանալի անձնակազմ ու խաղացողներ, որոնք միշտ աջակցում են ինձ: Հպարտ եմ լինել այս թիմում:

Լուսանկարը` Getty Images
Գիտենք, որ «Սիթի»-ն ուժեղագույն թիմերից մեկն է ու ֆավորիտ է համարվում: Ակումբը մարզում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, որից իմ մասին դրական կարծիք լսելն ինձ երջանկացրել է: Եզրափակչին պատրաստվելու ենք որքան հնարավոր է լավ: Ցուցադրելու ենք բոլոր այն որակները, որոնց շնորհիվ հասել ենք Ստամբուլ:
Եզրափակիչն իմ ու խաղացողների կարիերայում ամենակարեւորն է լինելու: Երկու թիմն էլ հարուստ պատմություն ունեն, այս մրցաշրջանում կարողացել են երկուական տիտղոս նվաճել: «Սիթի»-ն հանդիպելու է մրցակցի, որն իր պես արժանի է լինել եզրափակչում:
Խաղացողներն ինձ լիցքավորում են նրա շնորհիվ, թե ինչպես են ամեն օր աշխատում:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: