Ապրիլ 24, 2024
2060 դիտում

Միխաին Լոպեսը վերադառնում է Օլիմպիական 5-րդ ոսկու հետեւից


Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` insidethegames.com

Լուսանկարը` Olympics


Օլիմպիական քառակի, Աշխարհի ու Պանամերիկյան խաղերի 5-ակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Միխաին Լոպեսը հայտնել է կարիերան վերսկսելու մասին:

«Վերադառնում եմ Փարիզի խաղերում ելույթ ունենալու համար: Ուզում եմ դառնալ առաջին ըմբիշը, ով 5 խաղերում ոսկի կնվաճի»,- UWW-ին հայտնել է 40-ամյա ըմբիշը:

Նա չեմպիոն է դարձել վերջին 4 խաղերում՝ Պեկինում, Լոնդոնում, Ռիոյում եւ Տոկիոյում ու ցանկանում է պատմական նվաճման հասնել: Mediamax Sport-ը որոշել է անդրադառնալ մեծագույն ըմբիշին ու նրա կայացման ճանապարհին:
 
Միխաին Լոպեսը փոքր տարիքից է խոշոր երեխա եղել ու առանձնացել մյուսներից իր չափերով, դրա համար էլ ստացել է Մանչուկ եւ Ահեղ մականունները:

«Միշտ է սիրել շատ ուտել, մանկուց լավ ախորժակ է ունեցել»,- պատմել է ըմբիշի մայրը:

Լուսանկարը` UWW


Ծնողները պատմել են, որ սիրում էր կենդանիների հետեւից ընկնել ու մրգերով լի արկղեր տեղափոխել: «Անգամ հավաքելով սուրճի տարրաներ, Միխաինը պետք է առաջինը լիներ»,- սրանք էլ հոր խոսքերն են:

Նախ նրա կյանքում բեյսբոլն էր, սակայն ընկնելով եղբայրների՝ Միկայելի եւ Միշելի ազդեցության տակ, սկսեց բռնցքամարտով զբաղվել: Բայց երբ ըմբշամարտի մարզիչը նկատեց տղային, էլ նրան բաց չթողեց:

Նա մարզվում էր հայտնի Cerro Pelado ակումբում ու բախտը բերեց, որ մարզիչը դարձավ համաշխարհային մակարդակի մասնագետ Պեդրո Վալյան, որի հետ աշխատեցին մինչեւ նրա մահը՝ 2018 թվականը:

Տղայի կարիերան կարող էր ավարտվել հենց ամենասկզբում՝ 13 տարեկանում պատանեկան մրցաշարում ոտքի կրկնակի կոտրվածք ստացավ, եւ հայրը ցանկացավ նրան հանել խմբակից: Համոզեց ու խնդրեց Միխաինին մտածել իր առողջության մասին, բայց նա որոշումը չփոխեց:

«Երբ նոր էի առաջին քայլերս կատարում ըմբշամարտում, միանգամից հասկացա, որ գտել եմ իմ մարզաձեւը»,- պատմել է Լոպեսը:

Լուսանկարը` UWW


Միանգամից էլ եղան առաջին հաջողությունները՝ մի քանի անգամ հաղթեց Կուբայի դպրոցների միջեւ անցկացված առաջնություններում ու իր մասին խոսելու առիթներ տվեց:

17 տարեկանում հայտնվեց Կուբայի հավաքականում ու սկսեց միջազգային մրցումների մասնակցել: Բայց Միխայինի ոճն ու ելույթները շատ էին տարբերվում այն մարզիկից, որը հետագայում դարձավ: Առաջին անգամ ԱԱ-ի մասնակցեց 2002-ին Մոսկվայում ու միայն 13-րդ տեղը գրավեց: Հաջորդ տարի Ֆրանսիայում կայացած առաջնությունում ավելի նահանջեց ու 16-րդն էր: Ըմբիշին ժամանակ էր պետք, որ կատարելության հասցնի իր ոճն ու սովորի նոր մրցակիցներին:  

Հարյուրավոր ժամերի մարզումներն ու համառությունը նրան հաղթանակ բերեցին Սան Դոմինգոյում կայացած Պանամերիկյան խաղերում ու ապահովեցին մասնակցությունը Աթենքի Օլիմպիական խաղերին, որտեղ 5-րդ տեղը գրավեց: Աթենքում Լոպես ընտանիքն ամեն դեպքում մեդալակիր ունեցավ՝ նրա եղբայր Միշելը բռնցքամարտի գերծանր ծանր քաշային կարգում 3-րդ տեղը գրավեց:

Լուսանկարը` UWW


Աթենքի խաղերի 1/4 եզրափակչում Լոպեսը զիջեց ապագա չեմպիոն Հասան Բարոեւին, եւ դա միակ պարտությունն է, որ նա վերջին 19 տարիների ընթացքում կրել է Օլիմպիական խաղերում: Հետագայում ռեւանշի հասավ Բարոեւի նկատմամբ ու այդ քաշային կարգում ինքն առաջին համարը դարձավ:

Սակայն խաղերում կրած պարտությունը 22-ամյա Միխաինի համար լավ դաս եղավ: Նրա եղբայր Միշելի խոսքով, այն ժամանակ նա երես առած էր ու կամակոր, բայց այդ դեպքից հետո հավաքվեց ու չխնայեց իրեն՝ դառնալով իր ժամանակի լավագույն ըմբիշներից մեկը: Լոպեսին սկսեցին համեմատել Հերկուլեսի հետ ու ամեն հաջորդ մրցաշարում նրա մասին նորանոր լեգենդներ էին ծնվում:

Մարզումների արդյունքը երեւաց 2005 թվականին Բուդապեշտում, երբ նա իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Աշխարհի առաջնությունում:

Նրա դարաշրջանը հունահռոմեական ոճում սկսվեց 2008 թվականի Պեկինի խաղերի ժամանակ, անգամ ըմբշամարտում քաշային կարգի փոփոխությունը 120-ից 130 չի ազդել նրա նվաճումների վրա:



«Պարզապես անում եմ իմ աշխատանքը: Հետեւում եմ նրան, ինչ սովորել եմ, քաղել իմ նախորդներից, ծնողներից, երեխաներից, տատիկից ու պապիկից: Հավատում եմ, որ իմ ուղին մարդկանց այսպիսի ուղերձ է տալիս՝ որքան էլ մեծ չլինես, խոնարհ լինելը միշտ գերազանցում է առաքինությանը: Ցանկացած արդյունքի հասնելու համար նախ ինքդ քեզ պետք է գերազանցես, գնաս զոհողությունների ու շատ բաներից հրաժարվես: Իսկ երբ պահը գա, պետք է վայելես այն:

Հպարտ եմ աշխարհում լավագույնը լինել ու պատմություն կերտել: Երկար ճանապարհ եմ անցել, շատ աշխատել, որպեսզի հասնեմ նման արդյունքների: Իմ ճանապարհին լավագույնների հետ եմ մրցել, ինչն ինձ ավելի լավն է դարձրել: Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելից եմ շնորհավորական զանգ ստացել, այն շատ կարեւոր էր ինձ համար: Նման պահերին ես զգում, որ քո երկրի համար իսկական մարտիկ ես եղել»,- 4-րդ Օլիմպիական ոսկուց հետո ասել է ըմբիշը:



Նա պատմության 2-րդ ըմբիշը դարձավ, ով Օլիմպիական քառակի չեմպիոն հռչակվեց: Լոպեսից առաջ դա հաջողվել էր միայն ճապոնացի մարզուհի Կաորի Իչոյին: Լոպեսը նաեւ 4 խաղեր շարունակ իր երկրի դրոշակակիրն է եղել բացման արարողության ժամանակ:

Տոկիոյի խաղերից հետո կուբացին հստակորեն որոշել էր ավարտել կարիերան, պատճառն, իհարկե, տարիքն էր, այդ ժամանակ արդեն 37 էր ու ցանկություն հայտնեց, որ նոր սերնդի մարզիկներն իրենց դրսեւորեն:

Բայց որոշակի դադար վերցնելուց եւ հանգստանալու հետո նորից լի է վճռականությամբ պայքարի դուրս գալու եւ նոր ոսկի մեդալ նվաճելու.

«Օլիմպիական խաղերն ամեն մարզիկի համար ամենագլխավորն են: Պարտավոր ես երկար տարիներ լավագույնը մնալ: Այն առանձնահատուկ ու շատ մեծ իրադարձություն է: Պայքարը մեր էությունն է, այն, թե ով ենք մենք ու ինչ կա մեր սրտերում, ինչի համար ենք կռիվ տալիս այսօր, երեկ ու վաղը»:

Լուսանկարը` UWW


Ըմբիշը գորգում միշտ հարգանքով է վերաբերվել մրցակիցներին ու իր մեծ սիրտն ամբողջությամբ նվիրել ըմբշամարտին: Նա ապացուցել է, որ հետեւողական ու համառ աշխատանքի արդյունքում հնարավոր է ամեն ինչ: Հուսանք, որ Լոպեսի վերադարձը նույնքան նշանակալի կլինի ու նրան կպարգեւի այդքան բաղձալի 5-րդ Օլիմպիական ոսկին:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին