Ապրիլ 25, 2024
exclusive
2221 դիտում

Տաթեւ Հակոբյան. Ինձ ծանրամարտում եմ գտել եւ այն ապրելակերպ դարձրել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մի քանի առումով էր կարեւոր Տաթեւ Հակոբյանի համար: Նա 6 տարի անց նորից մեդալ ունեցավ մեծահասակների պայքարում, վերջապես կարողացավ հաջող օգտագործել առաջին մոտեցումն ու մայրիկը եկավ նրան երկրպագելու:

Mediamax Sport-ի համար ծանրորդի հետ զրուցել ենք նրա անցած բարդ ճանապարհի ու հաղթահարած դժվարությունների, ստացած զրոների եւ իրեն հավատալու մասին:

Աննախադեպ տնային ԵԱ-ն

Բոլոր հայ ծանրորդների համար չափազանց պատասխանատուր էր ելույթ ունենալ Երեւանում, սեփական հանդիսականների ներկայությունը լրացուցիչ լարվածություն էր առաջացնում:

«Դահլիճը սովորաբար լիքն էր լինում ու բոլորը սպասում էին, որ բարձրացնելու ենք ծանրաձողը: Անկախ ամեն ինչից՝ փորձում էի այնպես անել, որ արդարացնեմ սպասելիքները: Մրցահարթակ դուրս գալիս հայերեն վանկարկումներ էի լսում, դրանք շատ էին օգնում եւ հանգստացնում: Կարծես Հայաստանի առաջնության մասնակցեցինք, ոչ թե Եվրոպայի: Նման առաջնություն իմ կարիերայում դեռ չէր եղել, առաջին անգամ էր դահլիճն այդքան լիքն ու հաճելի էր մրցել: Մարդկանց մեդալների ակնկալիքն էր բերել դահլիճ, ու մենք հուսախաբ չարեցինք՝ նվաճելով ռեկորդային քանակությամբ»:

Հակոբյանի առաջին մեդալը Եվրոպայում եղել է 2017 թվականին ու 6 տարի անց բրոնզից հետո նաեւ արծաթի արժանացավ: Այդ ընթացքում երիտասարդական մրցումներում է հաջողություններ գրանցել՝ Մ-23 տարեկանների չեմպիոն ու արծաթե մեդալակիր եղել, սակայն ունեցել նաեւ բազմաթիվ անհաջողություններ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բրոնզե մեդալի ժամանակ հույզերն ավելի շատ էին, որովհետեւ անսպասելի էր, թեեւ էլի պայքարի արդյունքում նվաճեցի, բայց Երեւանում գիտեի, որ նվազագույնը արծաթ կարող եմ ունենալ, դրա համար մեդալը հանգիստ ընդունեցի: Վերջին 2 տարվա ընթացքում ձախողումները շատ են եղել, նախորդ տարվա ԵԱ-ում 3 մոտեցում կատարեցի ու բոլորն էլ չհաշվեցին, երեւի, պատմության մեջ միակ մարզիկն եմ, որ ծանրաձողը պահել է գլխավերեւում ու 0 ստացել: Բայց ամեն պարտություն ինձ ավելի ուժեղ է դարձրել, կոփվել եմ ու մրցահարթակ դուրս գալիս հիմա ավելի հանգիստ եմ»:

Իսկ ամենայուրահատուկ մեդալը նրա համար շարունակում է մնալ առաջինը, որը 2013 թվականին նվաճել է պատանիների պայքարում: Այն անսպասելի էր եղել ոչ միայն իր, այլ ամբողջ թիմի համար:

«Նման հուզմունք եւ էմոցիաներ էլ երբեք չեմ ունեցել, անգամ այս Եվրոպայի առաջնության մեդալից հետո: Առաջինը միշտ ուրիշ է, բացի այդ էլ տարիքի հետ փորձդ ավելանում է ու մոտավորապես գիտես, թե ինչ մեդալի ես ձգտում: Սկսում ես ամեն նվաճած մեդալի հետ մտածել, որ այդպես էլ պետք է լիներ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցակցությունը

Երեւանում մինչեւ 76 կգ քաշային կարգում չեմպիոնության համար պայքարում ֆրանսուհի Մարի Ֆեգեն դուրս էր մրցակցությունից, նա այդ պահին ակնհայտորեն ուժեղ էր ու անպարտելի: Այդպես է կարծում նաեւ Հակոբյանը, բայց ուրախ է, որ իր նպատակին հասել է ու վերջապես մեդալ նվաճել:

«Այս պահին իմ սահմանը գիտեի, առավելագույնն էր, որ կարող էի անել, թեեւ մարզումներին ավելի շատ եմ բարձրացրել՝ 110 ու 130 կգ: Պոկումում, գուցե, ավելի շատ կստացվեր գրանցել ու մրցել ֆրանսուհու հետ: Բայց այս առաջնությանը հոգեբանորեն այդքանի էի պատրաստ, նախորդ տարվա ԵԱ-ից հետո մի փոքր կասկած կար եւ փորձում էի ապահովել մեդալը: 2022-ին էլ մեկ մոտեցում հաշվելու դեպքում 2-րդը կլինեի»:

Ծանրամարտի յուրահատկությունը

Ամեն մարզաձեւ ունի իր գեղեցկությունը, չերեւացող կողմերն ու դժվարությունները: Ծանրամարտում որքան էլ թեժ մրցակցություն է ծավալվում, բայց մարզիկները միմյանց հետ անմիջական շփման արդյունքում չեն մեդալներ նվաճում, պայքարը նախ իրենց ու ծանրաձողի հետ է:

«Բոլորը պատկերացնում են, որ անպայման տրիբունաները պետք է վանկարկեն ու իրենց աջակցությունը հայտնեն, բայց մեզ մոտ լրիվ հակառակն է: Ծանրորդին նվազագույնը 1,5 րոպե լռություն է պետք, որ կարողանա իր մտքերը հավաքել, որովհետեւ երկաթի հետ պայքարելը հեշտ չէ: Եթե հարթակում ինչ-որ բան տեսնենք կամ լսենք, ամեն ինչ կձախողենք: Ամեն բան շեղում է, հնարավորինս կենտրոնանում ենք ծանրաձողի վրա, անգամ մարզիչներին ենք հազվադեպ լսում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզուհուն Երեւանում երկրպագելու էին եկել իր մարզադպրոցի սաները, որոնք նրա ամեն մոտեցումից առաջ ոգեւորում էին «Առաջ, ընկեր Տաթեւ» վանկարկումներով: Երեխաների հետ տանը լինելու դեպքում մեծ սիրով աշխատում է ու իր հմտություններով կիսվում:

«Փորձում եմ նրանց համար օրինակ լինել ու ճիշտ ուղղորդել: Սիրում եմ մարզչական աշխատանքն ու հետագայում կուզեմ զբաղվել: Երեխաների հետ աշխատելը շատ հեշտ է ստացվում: Անչափ հաճելի է, երբ տեսնում ես քո աչքի առաջ ոնց են ամեն շաբաթ աճում, նոր կիլոգրամներ ավելացնում եւ տեխնիկապես կատարելագործվում: Մարզիչներին ավելի լավ ես սկսում հասկանալ, երբ ինքդ ես նրանց դերում լինում»:

Երեւանում Հակոբյանին առաջին անգամ երկրպագելու են գնացել մայրիկն ու նշանածը: Մայրը վերջապես համարձակություն է հավաքել ու, ի տարբերություն հայրիկի, հետեւել դստեր ելույթին: Սիրելիի մասին թեեւ չի ուզում խոսել, սակայն մի քանի բան պատմում է:

«Եթե սերը սպորտին չօգնի, ոչ մի հաջողություն չի լինի: Մեր մարզաձեւում եթե չհասկանա ու չաջակցի, ոչինչ չի ստացվի: Աշխարհի առաջնությունից հետո պարզ կլինի, թե հարսանիքը երբ կանենք»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին քայլերը

Ծանրամարտով Տաթեւը սկսել է զբաղվել 16 տարեկանում, թեեւ վաղ է ցանկացել, սակայն միայն այդ ժամանակ է կարողացել համոզել ծնողներին: Նրանք էլ մարզիկներ են եղել՝ զբաղվել են ձյուդոյով ու ըմբշամարտով, դժվարությամբ ընդունել, որ իրենց դուստրը ցանկանում է կյանքը կապել սպորտի հետ: Փոխարենը նրան քաջալերել է հորեղբայրը, որը եռամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ է ու հիմա էլ բոդիբիլդինգով է զբաղվում: Հենց նա է իր դահլիճում նկատել Տաթեւի սպորտային որակներն ու խորհուրդ տվել ծանրամարտի գնալ:

«Պրոֆեսիոնալ սպորտով զբաղված ցանկացած մարդ գիտի բոլոր բարդությունների մասին, դա էր պատճառը, որ ծնողներս դեմ էին իմ որոշմանը: Մինչեւ հիմա էլ հայրս չի կարողանում ելույթներս նայել, անգամ մեդալներ նվաճելուց հետո չի համակերպվում ընտրությանս հետ, քանի որ գիտի՝ դրանք այնքան էլ հեշտ չեն տրվում: Շատ երկար էի ծնողներիս համոզել ու երբ վերջապես առաջին անգամ մարզման գնացի, այնքան ուրախ էի»:

Առաջին հաջողությունն էլ երկար սպասեցնել չտվեց, մի քանի շաբաթ էր մարզվել, երբ մասնակցեց Հայաստանի մեծահասակների առաջնությանն ու 2-րդ տեղը գրավեց: Դրանից հետո էլ ավելի մեծ նվիրվածությամբ ու ոգեւորությամբ սկսեց աշխատել:

«Չսիրելու դեպքում ոչ միայն սպորտով, ցանկացած գործով չես կարողանա զբաղվել: Ինձ ծանրամարտում գտա, այն ինձ համար ապրելակերպ է դարձել, երբ ամեն անգամ նոր կիլոգրամներ եմ գրանցում, բավարարված եմ զգում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչներն ու միասնական թիմը

Մարզասրահում Գագիկ Տոնոյանն է Հակոբյանին ծանոթացրել ծանրամարտի կանոններին, բայց մարզաձեւի գեղեցկությունը նրա համար բացահայտել է անձնական մարզիչը՝ Գագիկ Սեդրակյանը: Մարզչի մասին խոսելիս հուզվում է, անգամ արտասվում՝ նա ամիսներ առաջ է մահացել ու կորստի ցավը դեռ շատ թարմ է:

«Սեդրակյանը մեծ դեր է խաղացել իմ կյանքում, մինչեւ հիմա ծանրամարտում հենց նրա շնորհիվ եմ: Ամեն ինչով է ուղղորդել, կարեւոր խորհուրդներ տվել, պարզապես մարզիչ չէր, այլ նաեւ ծնող: Շատ հարցերում կարող էի ծնողներիս հետ չկիսվել, բայց նրա հետ ամեն ինչի մասին զրուցել եմ: Շատ եմ կարոտում… Այս առաջնությանը նրա վերջին խոսքերը կատարելու էի գնացել ու հենց իր համար էր մեդալս»:

Իր հաջողություններում մեծ դերակատարում ունի նաեւ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը, որը մեկ ընտանիք է դարձել: Հակոբյանը բացատրում է, որ տարվա մեծ մասը հավաքների են լինում, տանը հազիվ 2 ամիս են անցկացնում, ու միայն իրենք գիտեն, թե միասին ինչքան խնդիրների միջով են անցնում:

«Անգամ տնեցիներն այդ ամենից տեղյակ չեն, առանց միմյանց աջակցելու ոչինչ չի ստացվի: Սիրում եմ hավաքները, քանի որ կարողանում եմ ռեժիմս կարգավորել, իսկ տանը պահել չի լինում՝ ժամանակին քնել չի ստացվում: Հավաքներին ժամը 22:00-ից քնած ենք լինում ու 7:30 արթնանում, 9-ին առաջին մարզումն է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբյանը ֆիզիկապես է ուժեղ, մարզիչները բազմիցսն են նրան ասել, որ նման տվյալներ ոչ մի մարզուհի չի ունեցել, բայց նա էլ իր թերություններն ունի՝ փոխարենը տեխնիկական խնդիրներ կան, որոնք փորձում է շտկել:

Որքան էլ հավաքներն ու մարզումները միօրինակ են թվում, դրանք փորձում են բազմազան դարձնել, որ չհոգնեն: Միասին ֆիլմեր են դիտում ու խաղեր կազմակերպում, եթե նախամրցումային շրջան չէ, էքսկուրսիաներ են գնում:

«Միասին հունիսի 1-ն ենք տոնել, քանի որ խոհանոցում ժամանակ անցկացնել ու թխվածքներ պատրաստել շատ եմ սիրում, թիմի համար էլ թխել եմ: Ծննդյան տոներն ենք անպայման նշում, ուրախ ու ջերմ մթնոլորտում են անցնում, միմյանց նվերներ ենք հանձնում: Այս տարի մարտի 8-ին էլ միջոցառում կազմակերպեցինք ու իրար նվերներ տվեցինք»:

Բոլոր մարզիկների երազանքն է հայտնվել հավաքականում, բայց ժամանակ է պետք այնտեղ հարմարվելու ու լավ զգալու համար: Հակոբյանի համար առաջին փորձն այնքան էլ հաջող չի եղել ու մի քիչ վատ հիշողություններ են մնացել:

«Քանի որ մարզչական կազմը շատ խիստ էր, առաջին հավաքի ժամանակ խնդիրներ ունեցա: Մի քիչ բզիկավոր երեխա եմ եղել, անգամ ծնողներս ինձ հետ բարձր տոնով չեն խոսել, իրերս հավաքել էի, որ տուն վերադառնամ: Բայց մարզիչները հասկացան, որ բոլորս անհատներն ենք ու ամեն մեկիս յուրովի մոտեցում է պետք ցուցաբերել: Մեծահասակների հավաքականում հայտնվելն արդեն սովորական էր, անցումը սահուն է եղել ու աննկատ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կանանց սպորտը

Կանանց սպորտը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, տարատեսակ կարծրատիպեր կան, որոնք խանգարում են կայանալ: Հակոբյանի բախտն այդ առումով բերել է՝ մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ մարզիկներն են գերակշռել ու երբեք նման սահմանափակումների չի հանդիպել:

«Եթե նայենք վիճակագրությանը, աշխարհում էլ կանայք ավելի քիչ են սպորտով զբաղվում: Ամուսնանալուց ու երեխաներ ունենալուց հետո հազվադեպ են վերադառնում ու նրանց սպորտային կյանքը կարճ է տեւում: Բայց եթե մեր աղջիկները սպորտով զբաղվելու ցանկություն ունեն, պետք է գնան դրա հետեւից, ոչ մի կարծրատիպ ու խոսակցություն չպիտի նրանց խանգարի: Թող փորձեն, միգուցե, դիտել են սիրում ու սպորտը բնավ էլ նրանց համար չէ, դրանից հետո կհասկանան ու ճիշտ ընտրություն կանեն»:

Ինքը փորձում է հնարավորինս կարճաժամկետ նպատակներ ունենալ, այս տարի առաջնայինը վարկանշային ԱԱ է: Դեռ մարզիչների հետ պետք է որոշեն, թե որ քաշային կարգում հանդես կգա ու ըստ այդմ կհասկանան, ինչպիսի ակնկալիքներ կունենան: Հիմա մարզուհու կարեւոր նպատակն Օլիմպիական խաղերին մասնակցելն է:

«Քաշ կարգավորելու դժվարություն ընդհանրապես չունեմ, ընկեր Արտաշն ասում է, որ 71-87 կգ միջակայքում հանգիստ կարող եմ մասնակցել: Հեշտությամբ հավաքում եւ կորցնում եմ քաշ, դա ճիշտ սննդակարգի ու չափավորված մարզումների շնորհիվ է: Իմ օպտիմալ քաշը 78 կգ է, բայց մրցումներին ինչքան պետք է, այդքան էլ կշեռքը ցույց է տալիս»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի չերեւացող կողմը

Ծանրամարտը որքան էլ ուժի հետ է կապված, բայց Հակոբյանի կարծիքով՝ առաջին հերթին նուրբ ու տեխնիկապես տարբերվող մարզաձեւ է: Ծանրաձողը նախ պետք է գեղեցիկ ու գրագետ բարձրացնել, այդ դեպքում կիլոգրամներն իրենք կենթարկվեն մարզիկին:

«Եթե միայն ուժով փորձես վեր հանել, ոչինչ չի ստացվի: Այն զուտ ֆիզիկական տվյալների հետ չի կապված, շատ ուժեղ մարզիկներ կան եռամարտով կամ բոդիբիլդինգով զբաղվող, բայց չեն կարողանա մեր կգ-ները գրանցել»:

Ծանրամարտում պետք է հոգեբանորեն շատ կայուն լինել, որպեսզի կարողանաս հաղթահարել դժվարությունները: Ցանկացած խնդիր ազդում է մարզիկների վրա, խանգարում կենտրոնանալ ու անել այն, ինչին պատրաստ են:

«Ես աղմուկից եմ լարվում, իսկ շուրջս ոչինչ չեմ տեսնում, միայն մրցահարթակին եմ նայում, դա ինձ օգնում է: Շատ հանգիստ եմ ու դժվար է ինձ հունից հանել, ծանրորդի համար դա մեծ առավելություն է: Շատ մարզիկների մոտ 1 րոպե է պետք, որ սրտի աշխատանքը գոնե 80 տոկոսով կարգավորվի, ինձ 15 վայրկյանն էլ բավական է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ ժամանակն ու նախասիրությունները

Թեեւ ազատ ժամանակ Հակոբյանը մյուս մարզիկների պես քիչ է ունենում, սակայն փորձում է ընկերների հետ ժամանակ անցկացնել ու արշավների գնալ, հատկապես սիրում է սարերում լինել:

«Արմատներով Տավուշից եմ, բայց Երեւանում եմ մեծացել, իսկապես հանգստանալ ու լիցքավորվել կարողանում եմ մեր գյուղում՝ Նավուրում: Նախորդ տարի չհասցրի գնալ, բայց այս տարի կփորձեմ այդ բացը լրացնել: Խոհանոցում եմ սիրում լինել, հատկապես, երբ զայրանում եմ, այնտեղ եմ հանգստանում: Ազատ ժամանակ նաեւ ընթերցանությամբ եմ զբաղվում, այնպիսի գրականություն եմ ուսումնասիրում, որը մասնագիտական գիտելիքներ ու բժշկության մասին տեղեկություններ է տալիս: Սոցկայքերի սիրահար չեմ, փոխարենը համացանցով ուսուցողական նյութեր եմ նայում: Մեր օրերում առանց ինքնակրթվելու չի լինի»:

Տաթեւին մոտիվացնում է, երբ մարզիչները հավատում են նրա ուժերին ու օգնում հավատալ, որ կարող է ուզածին հասնել: Ինքն էլ փորձում է օրինակ լինել երեխաների համար:

«Մեր թիմի պատանի մարզիկները մեծ ոգեւորությամբ են մարզվում մեր սերնդի ներկայությամբ: Մեր ցանկացածի հաջողությունը թիմինն է: Այս առաջնության ժամանակ Հռիփսիմեի հաջողությունից ավելի շատ էի ուրախացել, քան իմ մեդալներից: Հետնաբեմում արտասվում էի, ինքն էլ զարմացել էր, թե ինչու էի այդքան հուզվել: Պարզապես ինքս եմ տեսել, թե ինչպիսի վնասվածքներ ու ցավեր է ունեցել, որքան բարդ ճանապարհով հասել այդ մեդալին: Մյուս կողմից էլ երեխաների կարոտն էր, դժվար է հեռու լինել նրանցից»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոհացրած արդյունքը

Հակոբյանի համար ամենահաջող ելույթը եղել է 2018 թվականի Մ-23 տարեկանների ԵԱ-ում, երբ առաջին տեղն է գրավել: Բավարարված է եղել, ոչ թե առաջին տեղով, այլ բարձրացրած կիլոգրամներից, քանի որ անգամ մարզումներին քաշն իրեն չէր ենթարկվել:

«Իսկ ամենավատը նախորդ տարվա ԵԱ-ում ստացած 0-ն էր: Մարզումների ժամանակ 120 կգ-ը հեշտությամբ էի պահել, բայց այդ օրը ինձ չենթարկվեց: Պարզվեց, այն առողջական խնդրի արդյունքում է եղել՝ արմնկային հոդում նյարդի խնդիր եմ ունեցել, որն այդ ժամանակ է գլուխ բարձրացրել: Փորձում եմ նման դեպքերից հետո չկոտրվել ու ավելի ուժեղանալ: Նման անհաջող ելույթներից հետո ընկերներիս հետ եմ հանդիպում, փորձում ցրվել ու նոր նպատակներ դնել իմ առաջ»:  

Խոստովանում է, որ 0 ստանալը բոլորի համար էլ բարդ է, ինքը չի լարվում, պարզապես փորձում է կենտրոնանալ մյուս մոտեցման վրա:

«Մի շրջան կար, որ մրցահարթակում առաջին մոտեցումս միշտ ձախողում էի, անգամ մարզիչներն էին արդեն սովորել, որ չեմ բարձրացնելու: Բայց երեւանյան մրցմանը կոտրեցի այդ սառույցն ու առաջինը պահեցի գլխավերեւում, բոլորն ուրախացան, որ վերջապես ստացվեց»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին