Ապրիլ 27, 2024
1425 դիտում

«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»․ Չեմպիոնների Լիգայի կարեւոր հանդիպմանն ընդառաջ


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլում։

ՈւԵՖԱ-ն մանրամասն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթի»-ի եւ «Ինտեր»-ի անցած ճանապարհին։ Նշենք, որ եզրափակչում տանտերեր են լինելու «Սիթի»-ի ֆուտբոլիստները։

«Մանչեսթեր Սիթի»

Լուսանկարը` Reuters


Անգլիական ակումբն այս տարի ՉԼ-ում ընդգրկված էր G խմբում եւ այնտեղից դուրս եկավ առաջին տեղով։ «Սիթի»-ին փլեյ-օֆֆում բաժին ընկան ամենաբարդ մրցակիցները եւ շատերը մտածում էին, որ հերթական անգամ Պեպ Գվարդիոլայի թիմը չի կարողանա առաջ անցնել։

Սակայն 2021-ի եզրափակչի մասնակիցներն այս անգամ անհամեմատ հասուն ու միասնական են գործում։ Նրանք երկու խաղերի արդյունքներով 8։1 հաշվով հաղթեցին «Լայպցիգ»-ին, 4։1՝ «Բավարիա»-ին ու 5։1 «Ռեալ»-ին։ «Սիթի»-ն եզրափակչում է 10-րդ անգամ, իսկ լավագույն արդյունքը եղել է 2021-ին, երբ պարտվել էր ու արժանացել արծաթե մեդալների։

Լուսանկարը` Reuters


Անգլիական ակումբը գլխավորում է ժամանակակից ֆուտբոլում տակտիկական լուծումների հանճարներից մեկը, որի ձեռքի տակ տաղանդավոր ֆուտբոլիստների մի ամբողջ խումբ կա։ Հաստատ նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ դառնալ հաղթող։ Սպորտում ոչինչ կանխատեսել չի լինում, սակայն «Սիթի»-ն այս պահին անհամեմատ լավ տեսք ունի։

Իհարկե, Գվարդիոլան գծում է իր թիմի խաղային սխեման, սակայն նա այնքան ճկուն է, որ կարողանում է դա անընդհատ փոփոխել ու նորություններ հրամցնել մրցակցին։ Նա ամենատիտղոսակիր մարզիչներից է ու «Բարսելոնա»-ի հետ երկու անգամ հաղթել է ՉԼ-ում։ Սակայն դրանից անցել է 11 տարի ու կատալոնացին «Սիթի»-ում այսքան տարի աշխատելուց հետո հաստատ մտածում է գավաթը գլխավերեւում պահելու մասին։

Լուսանկարը` Reuters


ՈւԵՖԱ-ն որպես գլխավոր խաղացողի առանձնացրել է Կեւին դե Բրույնեին։ «Քաղաքացիներ»-ի կիսապաշտպանական գծում բազմաթիվ աստղեր կան, սակայն 31-ամյա բելգիացին ավելի մեծ հեղինակություն ունի։ Նա նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստների կողմից ճանաչվել է Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացող, թիմի կազմում անցկացրել ավելի քան 300 հանդիպում։ Միանշանակ, նա կարեւոր դերակատարում է ունենալու նաեւ եզրափակչի ժամանակ։

22-ամյա Էրլինգ Հոլանդը եւս անգնահատելի ուժ է թիմի համար, մանավանդ, որ նա դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ընդամենը 27 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ։

«Ինտեր»

Լուսանկարը` Reuters


Իտալական ակումբը C խմբից դուրս եկավ երկրորդ տեղով, չնայած ոչ բոլորն էին հավատում, որ նա կարողանալու է հաղթահարել «Բավարիա»-ի ու «Բարսելոնա»-ի արգելքը։ Այլ ծրագրեր ուներ Սիմոնե Ինձագին, որը կարողացավ իր սաներին այնպես տրամադրել, որ նրանք վստահեցին սեփական ուժերին։

Հետագա մրցակիցների դեմ պայքարում եւս «Ինտեր»-ը որդեգրեց թիմային ու մեկը մյուսին օգնելու մարտավարություն եւ ընդհանուր 1։0 հաշվով հաղթեց «Պորտու»-ին, 5։3՝ «Բենֆիկա»-ին եւ 3։0՝ «Միլան»-ին։ Ի տարբերություն «Սիթի»-ի, «Ինտեր»-ը ՉԼ-ն հաղթելու ավելի մեծ փորձ ունի։ Թիմն այս մրցաշարում հավասարը չի ունեցել 1964, 1965 եւ 2010 թվականներին։

Լուսանկարը` Reuters


Այս մրցաշրջանում Ինձագիի սաները շատ են ցույց տվել, որ ավելի լավ գործում են հենց թոփ մրցակիցների դեմ։ Նրանք պարտվել են այնպիսի թույլ թիմերի, ինչպիսիք են «Էմպոլի»-ն, «Բոլոնիա»-ն ու «Սպեցիա»-ն, սակայն հաղթել Իտալիայի չեմպիոն դարձած «Նապոլի»-ին, «Միլան»-ին, ապա «Պորտու»-ին ու «Բենֆիկա»-ին։ Մեծ հավանականություն կա կարծելու, որ այդ թվում կարող է հայտնվել նաեւ «Մանչեսթեր Սիթի»-ն։

2021-ին Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ինտեր»-ը եւ հենց առաջին մրցաշրջանում նվաճեց Իտալիայի Գավաթն ու Սուպերգավաթը։ Նա ցույց տվեց, որ կարող է կառուցել այնպիսի կոլեկտիվ, որը քայլ առ քայլ է առաջ շարժվում ու միեւնույն ժամանակ պայքար ծավալում բոլոր ճակատներով։

Լուսանկարը` Reuters


Նա իր տրամադրության տակ ունի իրար լավ հասկացող ու համագործակցող ֆուտբոլիստներ, ովքեր մեկ անգամ չէ, որ իրենց հետեւից են տարել թիմն ու հաղթանակ պարգեւել։

Լաուտարո Մարտինեսին համարում են Ինձագիի կառուցած թիմի կարեւոր խաղացողը։ Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նա «Ինտեր»-ում եւս սկսեց գործել նոր ուժով ու մեծ ներդրում ունեցավ ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալու ճանապարհին։

13 տարի անց հայտնվելով այս փուլում՝ «Ինտեր»-ը հաստատ կռիվ է տալու մինչեւ վերջ, որպեսզի ցանկալի գավաթը տանի տուն ու կիսի այն երկրպագուների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին