Ապրիլ 20, 2024
1695 դիտում

Հանուն բարի գործերի. ԱԱ-ի ոսկե մեդալը քաղցկեղով երեխաներին նվիրաբերած 18-ամյա լողորդը


Լուսանկարը` swimswam.com

Լուսանկարը` insider.com

Լուսանկարը` insider.com

Լուսանկարը` dor.ru

Լուսանկարը` insider.com

Լուսանկարը` insider.com

Լուսանկարը` theapricity.com

Լուսանկարը` dor.ru

Լուսանկարը` times.com

Լուսանկարը` profimedia

Լուսանկարը` swimswam.com

Լուսանկարը` swimswam.com


8-ամյա Դավիդ Պոպովիչին, որը չէր կարող մի քանի անգամ պտտաձողի վրա պահում անել, 2013 թվականին եկավ Բուխարեստի հերթական լողավազաններից մեկը: Նա 4 տարեկանից լողում էր, սակայն մարզիչներից որեւէ մեկն ուշադրություն չէր դարձնում: Բայց այդ անգամ 23-ամյա Ադրիան Ռադուլեսկուն, որը կամավոր էր լողավազանում, որոշեց աշխատել Դավիդի հետ:

Նա մարզումային սեփական ծրագիրն ուներ եւ երազում էր իր սաներն ունենալու մասին, սակայն ավելին անել չէր կարողանում, քանի որ փորձառու մարզիչներն էին ամեն ինչ որոշում: Այդպես սկսվեց սպորտային ամենաանհավանական ու գեղեցիկ պատմություններից մեկը, թե ինչպես մարզիչն ու սանը գտան ու հավատացին իրար:

«Ադրիանը երբեք նկատողություն չէր անում Դավիդին, ինձ դուր էր գալիս, որ նա չի փորձում փոխել որդուս: Նա թույլ էր տալիս, որ իրեն լիովին դրսեւորի: Նրանք միասին կատակում էին, երաժշտություն լսում»,- պատմել է լողորդի մայրը՝ Ջորջետան:

«Մինչեւ Ադիին հանդիպելը չգիտեի, որ լողը կարող է զվարճալի լինել: Մենք հաճախ ենք բարձր երաժշտություն միացնում մարզումների ժամանակ ու աշխատում»:

Լուսանկարը` insider.com


Մարզիչն էլ համարում է, որ Դավիդը հաջողություններ է գրանցել նախ եւ առաջ ծնողների՝ Միհայի եւ Ջորջետայի շնորհիվ. «Նրանք երբեք չէին ասում, որ վատ է ելույթ ունեցել ու պատժելու են»: Մեդալներ չէին հավաքում ու նրան հատուկ պարգեւներ էլ չէին շնորհում՝ գումար կամ հեռախոս, ինչպես մյուսներն էին վարվում: Միշտ միասին գնում էին IKEA-ում ճաշելու՝ անկախ մրցման ելքից, քանի որ այդտեղի տորթերը Դավիդը շատ էր հավանում: Տանը նրանք լողն ու դրա հետ կապված որեւէ բան չէին քննարկում: Ծնողներին ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչպես է զգում իրենց որդին ու արդյոք վնասվածքներ չունի, քան այն, թե քանի շրջան է լողացել ու որքան ժամանակ ցույց տվել»,-պատմել է Ռադուլեսկուն:

Հիմա է, որ 17-ամյա լողորդը Ռումինիայի գլխավոր դեմքերից մեկն է ու նրա հետ շատ հայտնիներ են ցանկանում ընկերանալ: Իսկ ժամանակին հայրը հարյուրավոր հաղորդագրություններ ու նամակներ է ուղարկել տարբեր մարդկանց, որպեսզի որդու համար հովանավորներ գտնի: Մեծանալուն զուգահեռ ավելի շատ գումարի կարիք ունեին, որ Դավիդը կարողանա աճ գրանցել: Թեեւ դժվարությամբ, բայց աջակիցներ գտնվել են, որոնք մինչեւ հիմա էլ նրա կողքին են:   

Լուսանկարը` insider.com


Ռումինիայում լողն այնքան էլ զարգացած չէ, 2003-ին երկրի մարզիկներից միայն մեկին էր հաջողվել Աշխարհի առաջնությունում բրոնզ նվաճել, երբ Դավիդն անգամ չէր էլ ծնվել: 3-րդ տեղն էր գրավել Դրագոշ Կոմանը:  

Եվ ահա 10 տարեկանում տղայի մոտ առաջընթաց նկատվեց ու առաջին հաջողությունը եղավ՝ հաղթում էր պատանեկան մրցումներում եւ ռեկորդներ սահմանում:

15 տարեկանում շատերը հասկացան, որ նա տաղանդավոր է, երբ արդեն լավագույնն էր եղել պատանեկան Օլիմպիական խաղերում: 16-ում մեծ առավելությամբ 50, 100 եւ 200 մ ազատ ոճում առաջինն էր Եվրոպայի պատանեկան առաջնությունում, ապա մասնակցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերին՝ դառնալով Ռումինիայի պատվիրակության ամենաերիտասարդ մասնակիցը: Ճապոնիայում եզրափակիչ անցավ ու 4-րդ տեղը գրավեց՝ բրոնզ նվաճելու համար պակասեց 0,02 վայրկյան:

Դեռ 8 տարեկանում էր մարզչին խոստովանել, որ շատ է ցանկանում մասնակցել Օլիմպիական խաղերի, դրա համար էլ ծնողները «Տոկիո-2020» գրությամբ տորթ էին թխել: Այդ առիթով բազմիցս էին թալիսմաններ սարքել ու երգեր հորինել: Մրցումների ժամանակ «Կահունայի մայրիկ եւ հայրիկ» գրությամբ շապիկներ էին կրում, դա Դավիթի մականուններից մեկն է, ինչը Հավայան կղզիների լեզվով նշանակում է կախարդ:

Ծնողները շատ դժվարություններ են հաղթահարել, որպեսզի որդին շարունակի զբաղվել լողով:

Լուսանկարը` dor.ru


Շուտով Պոպովիչին Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկ ճանաչվեց, լավագույն ամերիկյան համալսարանները հերթ էին կանգնել, որ նրան գրավեն՝ առաջարկելով հեքիաթային պայմաններ, բայց Պոպովիչին հրաժարվեց:

«Մեծ պատիվ է նման առաջարկներ ստանալ, բայց ավելի լավ է մնամ Բուխարեստում»,- պատասխանեց:

Բուդապեշտում կայացած ԱԱ-ում մտավ պատմության մեջ, նախ հաղթեց 200 մ ազատ ոճում եւ ցույց տվեց պատմության լավագույն 4-րդ արդյունքը, այդքան արագ ոչ ոք չէր լողացել արդեն 10 տարի: Նա հոգեբանություն ուսումնասիրելով է տարված ու այդ եզրափակչի մասին շատ յուրահատուկ է պատմել.

«Ելույթներից առաջ այնպես էի նստել, որ բոլոր մրցակիցներս երեւան: Ուզում էի տեսնել, թե ինչքան են նյարդայնանում:Ես էլ անհանգիստ էի, բայց հաստատ գիտեի՝ նրանք ինձնից վախեցած են: Փորձում էի վայելել պահն ու այնպես անել, որ նրանց աչքերում ավելի շատ վախ հայտնվի»:

Այդ առաջնությունում Պոպովիչին գերազանցեց 2009 թվականին 100 մ ազատ ոճում սահմանած ռեկորդը: Այն 13 տարի պատկանել է բրազիլացի Սեզար Սիելո Ֆիլյոյին՝ 46.91 վայրկյան, իսկ տղան տարածությունն անցավ 46.86-ում:



Այդ հաղթանակից օրեր անց լավագույնն էր նաեւ 100 մ: Նրանցի առաջ նույն ձեւերում մեկ առաջնությունում 1973 թվականին հաղթել էր միայն ամերիկացի Ջիմ Մոնթգոմերին:

Դրանից հետո մասնակցեց իր երկրում կայացած պատանեկան ԱԱ-ին ու 4 ոսկու տիրացավ, ապա հաղթեց Հռոմում կայացած մեծահասակների ԵԱ-ում:

Օրեր առաջ լողորդը նորից իր մասին խոսելու առիթ տվեց, սակայն ոչ սպորտային նվաճումների համար: Նա 200 մ-ում նվաճած Աշխարհի առաջնության մեդալը նվիրաբերեց քաղցկեղով հիվանդ երեխաներին: Մարզիկը MedLife-ի հույսի դեսպանն է ու #HopeDoesNotDieOfCancer ծրագրի համար չի ափսոսացել նման կարեւոր ու թանկ մեդալը, որը Ռումինիայի առաջին ոսկին է լողում:

Մեդալը հալեցվել է ու վերածվել 100 ոսկե ժապավենների, որոնք քաղցկեղի դեմ պայքարող երեխաների խորհրդանշանն են համարվում: Հիվանդությունը հաղթահարած ամեն երեխա ստանալու է դրանցից մեկը:  

Լուսանկարը` insider.com


Լողորդը հուզիչ տեսանյութով է հանդես եկել ու ասել.

«Որոշեցի ինձ համար կարեւոր մեդալ նվիրել նրանց, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն, որպեսզի հույսը կարողանա շարունակվել: Ճշմարտությունն այն է, որ այսօր ամենակարեւոր առաջնությունը կյանքի համար է մղվում:

Քաղցկեղով հիվանդ երեխաները մեր կարիքն ունեն: Նրանք տաղանդ ու ապագայի նպատակներ ունեն, բայց առաջին հերթին՝ քաջություն, որը պետք է ցույց տան հիվանդության դեմ պայքարելիս, ինչը նրանց արտասովոր մարդ է դարձնում: Որպեսզի հնարավորինս ավելի շատ մարդիկ օգնեն այս երեխաներին, կոչ եմ անում միանան HopeDoesNotDieOfCancer նախաձեռնությանը:

Հավատացեք ինձ, ամեն մեկն ու ամեն մանրուք կարեւոր են, ամեն երեխա կարեւոր է: Ձեր ամեն մի քայլը կմեծացնի նրանց ապրելու հավանականությունը»:

«Ամեն օր Ռումինիայում որեւէ երեխայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում: Ամեն օր մի ընտանիք սկսում է պայքարել այս դաժան հիվանդության դեմ: Մենք էլ կարող ենք օգնել այդ պայքարի ճանապարհին՝ հետեւելով Դավիդի օրինակին ու մեր աջակցությունը հայտնելով: Ի սրտե շնորհակալ ենք նրան իր նման առատաձեռն քայլի համար, որը մեծ հույս է տալիս, ինչն ամենակարեւոր բանն է մեր օրերում: Միասին իսկապես կարող ենք փոփոխություններ առաջացնել»,- սրանք էլ ծրագրի ղեկավար Ինա Իլյիի խոսքերն են:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին