Ապրիլ 25, 2024
exclusive
1245 դիտում

Մեդիտացիա պարանի վրա. Սլեքլայն էքստրիմի սիրահարների համար


Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots

Լուսանկարը` DreamShots


Էքստրեմալ սպորտը բազմաթիվ տեսակներ ունի, որոնցից մեկն էլ սլեքլայնն է։ Հայաստանում այն թեեւ երկար տարիների պատմություն ունի, սակայն զբաղվողներն այնքան էլ շատ չեն:

Այդ մարզաձեւը Mediamax Sport-ի համար բացահայտել ու իր փորձով կիսվել է ժայռամագլցող ու հեծանվորդ Ահարոն ԽաչատրյանըԼ Նա նաեւ մայիսի 20-21-ը Դժոխքի ձորում կայանալիք «SlackLife» փառատոնի կազմակերպիչն է:

Սկիզբը

Սլեքլայն մարզաձեւն աշխարհում բավական հայտնի է, իսկ Հայաստանում դեռ նոր է փորձում հետեւորդներ ձեռք բերել:

Առաջիններից մեկը, ով 2012 թվականին իր համար բացահայտել է ու սկսել ինքնուրույն սովորել, լեռնագնաց Ահարոն Խաչատրյանն է եղել: Համացանցում տեսահոլովակներ է նայել ու այգում փորձել կրկնել հնարքները:

«Հետաքրքրեց, քանի որ Հայաստանում չէին զբաղվում, սկզբում, բնականաբար, ոչինչ չստացվեց: Հետո այնպես եղավ, որ երկար ժամանակ պետք է տանը մնայի ու նորից փորձեցի, այդպես էլ սիրեցի: Սլեքլայնի մասին պատմեցի ալպինիզմի ֆեդերացիայի ընկերներիս, որոնք նույնպես սկսեցին զբաղվել ու արդյունքում թիմ ձեւավորվեց: Մեր 5-ամյակին որոշեցինք միջոցառում կազմակերպել, որը հետագայում փառատոն դարձավ»:

Լուսանկարը` DreamShots


Խաչատրյանը պատմում է, որ մարզաձեւը ազատության զգացողություն է հաղորդում, ինքդ ես կառավարում ամբողջ մարմինդ ու ամեն շարժումը: Եվ որպեսզի ավելի հասկանալի լինի, համեմատում է օդապարիկով ցատկելու հետ, որի միայն սկզբում ես ադրենալին ստանում, իսկ սլեքլայնը չի թողնում ոչ մի պահ թուլանալ: Այն նաեւ պարանի վրա մեդիտացիա են համարում:

Կանոնները

Մարզաձեւը սովորելու համար պետք է հստակ իմանալ կանոնները, որոնք կհեշտացնեն այն յուրացնելու ընթացքը: Քանի որ այն մի քանի տարատեսակ ունի՝ slacklining, tricklining, highlining, slackline yoga, բարդություններն էլ տարբեր են:

«Առաջին հերթին պետք է սլաքլայնում հմտանալ ու աշխատել ծնկից ոչ մեծ բարձրության վրա՝ նախ սկսել անվտանգ վարժություններից ու սովորել քայլել պարանի վրա: Ավելի շատ հաճույք ստանալու համար ժապավենն են երկարացնում կամ մյուս տեսակներին անցնում: Highlining-ն եղածներից ամենաբարդն է, որովհետեւ բարձրության վրա է (10-200 մ), քայլողը ժապավենին ամրացված է, որ ընկնելու դեպքում չվնասվի: Անվտանգության կանոնները բոլորի դեպքում էլ պետք է պահպանել»:

Խաչատրյանը խորհուրդ է տալիս սովորել հմուտ մասնագետների մոտ, որոնց շնորհիվ նախ արագ կյուրացնեն մարզաձեւը, բացի այդ էլ վտանգներից կխուսափեն: Հիմա է հասկանում, որ ինքը շատ հնարքներ ու պարանից կապելու ձեւեր սխալ է արել ու միայն բախտի բերմամբ ողջ մնացել:

Լուսանկարը` DreamShots


«Մոտ 1 ամիս տեւեց մինչեւ կարողացա կանգնել ժապավենի վրա, բայց հիմա երբ ինքս եմ մյուսներին սովորեցնում, մի քանի ժամում են կարողանում: Ինձնից բացի երեւի 1-2 մասնագետ էլ կա, որոնք տիրապետում են կանոններին ու կարող են մյուսների սխալներն ուղղել»:

Ելույթները

Սովորելուց հետո պետք է ցույց տալ հմտությունները, Խաչատրյանի համար ամենալուրջ փորձություններից մեկը եղել է շենքերի վրա: 3 տարի առաջ պաշտոնապես թույլտվություն են ստացել ու քայլել Երեւանի «Համբուրվող շենքեր»-ի վրա: Խոստովանում է, որ այդ ձեւում համախոհներ գտնել չի կարողանում:

«Իսկ առհասարակ օգտագործում ենք լքված շենքերը, որոնք հարմար են պարաններ ամրացնելու տեսանկյունից, Արզնիում էլ նման տեղ կա: Իսկ բնության գրկում զբաղվելու համար 10-ից ավելի վայրեր կան, ամենաշատը Վայոց ձորում են՝ Արենի գյուղի մոտ, Նորավանքի կիրճում, Մոզրով գյուղի մոտ ենք ավելացրել, Դժոխքի ձորում մի քանի հատ կա, Տավուշի մարզում՝ Սառցապատ լեռան վրա: Ընտրում ենք վայրեր, որտեղ նախ տեղանքն է գեղեցիկ, ապա հասանելիությունն է հեշտ՝ կարող ենք մոտենալ ու պարան կապել»:

Մարդկանց հետաքրքրությունն առաջին տարիներին է մեծ եղել, ավելի շատ էին ցանկանում իրենց փորձության ենթարկել ու հաճախակի լինում պարապմունքներին: Բայց տարիների ընթացքում նախասիրությունները փոխվել են, ոչ բոլորն են պատրաստ երկար ժամանակ տրամադրել ու սովորել, ցանկանում են միանգամից արդյունքի հասնել, իսկ դա նման մարզաձեւում հնարավոր չէ: Հիմնականում սոցկայքերում են տարածում տեղեկություն սլեքլայնի մասին ու միջոցառումներ կազմակերպում, մարդկանց գրավելու համար, սակայն տեղաշարժերը դեռ էական չեն:

Լուսանկարը` DreamShots


Փառատոնը

Փոխարենն արդեն 6-րդ տարին անցկացվող փառատոնին մասնակիցների պակաս չունեն: Նկատել են, որ հետաքրքրությունը մեծանում է ու շատերն են ցանկանում նոր բան փորձել:

Փառատոնի ծրագրում մի քանի մարզաձեւեր են, այս տարի ներառված են ժայռամագլցումը, սլեքլայնի մի քանի տեսակներ, ակրո յոգան, յոգան եւ այլն: Խաչատրյանը բացատրում է, որ մարդկանց միաժամանակ մի քանի ձեւերի ծանոթանալու հնարավորություն են տալիս, որպեսզի արդյունքում գտնեն իրենց համար հոգեհարազատը:

«Այս տարիների ընթացքում տեսել եմ, թե ինչպես են մեր այցելուները նոր բացահայտումներ անում ու իմանում Հայաստանում գործող նմանատիպ էքստրեմալ մարզաձեւերի մասին: Նպատակը ճիշտ ինֆորմացիա փոխանցելն է: Ծնողներիս օրինակով ասեմ՝ մտածում էին, որ վտանգավոր բաներ ենք անում, բայց երբ փառատոնի ժամանակ տեսան, թե անվտանգության կանոններին որքան ենք ուշադրություն դարձնում, հանգստացան: Շատերը ֆիլմերից, պատմելով կամ տարատեսակ արագ տարածվող հիմար տեսանյութերից ենթադրում են, որ ալպինիզմով, ժայռամագլցմամբ  կամ էքստրիմով զբաղվելը շատ վտանգավոր է ու ամեն պահ մահից ենք պրծնում: Ուզում ենք մարդկանց ցույց տալ, որ կանոնները պահելիս ոչ մի վտանգ էլ չի առաջանում, կարող են իրենք գալ ու փորձել»:

Լուսանկարը` DreamShots


Անվտանգությունը

Խաչատրյանը պատմում է, որ առաջին փառատոնին նախատեսել էին ընկերներով հավաքվել ու մոտ 40 մասնակից ունենալ, սակայն նախատեսվածից շատ էին՝ 120-ը: Հաջորդ տարիներին այդ թիվն ավելանում էր ու հասավ 400-ի, այս անգամ փորձելու են ավելի քիչ մարդկանց համար կազմակերպել, որպեսզի նախ իրենք կարողանան ծանրաբեռնվածությանը դիմանալ, բացի այդ էլ հերթեր չգոյանան, ինչից մասնակիցներն ամենաշատն են բողոքում:

Անդրադառնում ենք նաեւ անվտանգության կանոններին, որքան էլ դրանց հետեւեն, անհնար է խուսափել չնախատեսված դեպքերից: Հիշում է, որ միայն փառատոնի 2-րդ տարում մեկ լուրջ վնասվածք են ունեցել՝ մասնակիցներից մեկն ընկել է ու վնասվել ոտքը: Անմիջապես դադարեցրել են միջոցառումն ու նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել:

«Քանի որ շտապօգնության մեքենա չկար, ինքներս նրան հասցրինք հիվանդանոց: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, դա մեզ դաս եղավ, որ մեր համակարգում տարբեր նրբություններ հաշվի առնենք: Հիմա որեւէ բան կազմակերպելիս՝ ավելի հեռատես ենք փորձում լինել: Սկզբում ընկերներով ուրախանալու համար էինք անում, բայց հիմա ավելի կազմակերպված ենք ու ամեն տարի նոր գիտելիքներ ենք ձեռք բերում»:

Լուսանկարը` DreamShots


Այս անգամ եւս ծառայություն իրականացնող շտապօգնության մեքենա չի լինելու, քանի որ մարզերում դրանց քանակը սահմանափակ է, բայց տեղում կլինի ԱԻՆ-ը:

Մասնակիցներին նախապես հայտնելու են բոլոր կանոնները, ովքեր համաձայն չեն լինի դրանց հետ, ներս մտնել չեն կարողանա: Լրացուցիչ հուշումներ կտան տարածքում տեղադրված ցուցանակները, հրահանգիչներն էլ կհետեւեն, որ ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին