Ապրիլ 25, 2024
1406 դիտում

«Լեւանդովսկի. Անծանոթը». Ինքնամփոփ տղայից աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու ուղին


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` gol24.ցօմ

Լուսանկարը` Կադր ֆիլմից

Լուսանկարը` FC Legia

Լուսանկարը` Sky Sports

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` CNBC

Լուսանկարը` ESPN

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Europort

Լուսանկարը` sport.pl

Լուսանկարը` FC Bayern

Լուսանկարը` laczynaspilka.pl

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Կադր ֆիլմից

Լուսանկարը` CNN


Մարտի 31-ին Amazon Prime-ի եթերում կայացավ «Լեւանդովսկի. Անծանոթը» փաստագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է ֆուտբոլիստի անձնական կյանքի, դժվարությունների ու կայացման մասին:

Թվում է՝ Լեհաստանի հավաքականի ու «Բարսելոնա»-ի հարձակվողի մասին ամեն ինչ գիտենք, սակայն ֆիլմը նոր ու հետաքրքիր բացահայտումներ է արել: Միասին ծանոթանանք իրական ու առանց գաղտնիքների Լեւանդովսկուն:



Մաղթանքը

Ֆիլմը սկսվում է 1996 թվականի դեկտեմբերի 24-ի տոնական կադրերով, երբ Լեւանդովսկիների ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ եւ Ռոբերտի հայրը՝ Քշիշտոֆը, տղային գրկում է ու մի քիչ կատակով մաղթում.

«Ցանկանում եմ, որ դառնաս սուպերհարուստ ֆուտբոլիստ ու հանդես գաս Ա Սերիայում: Ուզում եմ շատ գումար վաստակես ու հոգ տանես իմ մասին, երբ արդեն ծեր կլինեմ: Ռոբերտ Լեւանդովսկին Եվրոպայում լավագույնն է, այդպես կլինի, եթե շատ մարզվես»:

Ապա ընտանեկան մի քանի ջերմ կադրերից հետո էկրանին երեւում է իր անկողնում պառկած փոքրիկ Ռոբերտը ու միանգամից նրան տեսնում ենք նույն դիրքում, բայց արդեն հասուն տարիքում՝ Եվրոպայի ամենահարուստ ու լավ ֆուտբոլիստներից մեկը դարձած:

Լեւանդովսկու կարիերան պատառիկներով հավաքում ու նրա մասին պատմում են մտերիմները, թիմակիցներն ու մարզիչները, որոնց թվում են Յուրգեն Կլոպը, Չավին, Թիերի Անրին: Նրանք մեզ օգնում են հասկանալ, թե ինչպես է լեհական սովորական ընտանիքի տղան հասել ֆուտբոլային բարձունքին:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մանկությունը

Լեւանդովսկին մանկուց է ֆուտբոլ խաղացել, նախ շան հետ է գնդակով վազել, ապա իրենից 2 տարով մեծ տղաների: Ամեն ինչ տան հետնաբակում է սկսվել: Մայրը՝ Իվոնան պատմել է, որ Ռոբերտը ծառերը որպես դարպաս է օգտագործել եւ այն պաշտպանելու համար կանգնեցրել սիրելի շանը:

«Շունն այնքան արագ էր, որ որսում էր բոլոր գնդակները: Մենք էլ հետեւում էինք, որ ատամներով դրանք չծակի»,-հիշել է նա:

Քույրը՝ Միլենան էլ ավելացրել է, որ Ռոբերտը գնդակով էր լինում միշտ՝ դպրոցում, դասերից հետո ու մինչեւ մութն ընկնելը:

«Մեր երեւակայությունն այնքան վառ էր, տղաներով միմյանց մեր սիրելի խաղացողների ազգանուններով էինք դիմում: Որոշակի պահերի գոռում էինք՝ այսինչ խաղացողը գոլի հեղինակ է դառնում: Ուզում էինք զգալ մեծ ստադիոնների շունչը՝ անգամ եթե մեր դարպասները քարերով կամ դպրոցական պայուսակներով էինք հավաքում: Այդ տարիքում որեւէ ակնկալիք չունեինք, ունեինք միայն պահը եւ ուրախության նշանակությունը»,- ջերմությամբ հիշել է Լեւանդովսկին:

Լուսանկարը` անձնական արխիվից


Ֆուտբոլը

Ֆուտբոլով լրջորեն զբաղվելու մասին Ռոբերտը սկսել է մտածել 8 տարեկանում: Բայց Վարշավայում իր տարիքայինների թիմ չկար ու ստիպված մարզվում էր 2 տարով մեծ տղաների հետ: Ծնողները Ռոբերտի համար անհանգստանում էին, քանի որ փոքր էր ու կարող էր պայքարի ժամանակ վնասվածք ստանալ: Բայց այդ ամենն իզուր էր, քանի որ հետագայում պարզ դարձավ, որ Ռոբերտն իր բարձր հասակի շնորհիվ առանձնանում է մյուսներից:

Մարզվելու պայմաններն այնքան էլ լավը չէին, խաղադաշտը բարվոք վիճակում չէր, խոտ աճում էր միայն ամառային արձակուրդների ժամանակ, բայց Ռոբերտին դա ամենաքիչն էր անհանգստացնում: Նա իրեն երջանիկ էր զգում, երբ ստանում էր իր մարզահագուստն ու դուրս գալիս խաղալու:

Ծնողները հաճախ էին գնում հանդիպումները դիտելու, հատկապես ակտիվ էր երկրպագում մայրը՝ տեղից խորհուրդներ տալով:

«Երբեմն տխրում էի, քանի որ հայրս շատ լուռ էր նայում հանդիպումները: Բայց փոխարենը նա գիտեր, ինչպես չազդել ինձ վրա խաղի կամ մարզման ժամանակ»,-պատմել է  ֆուտբոլիստը:

Լուսանկարը` gol24.ցօմ


Ակումբը

2005 թվականի ամռանը Ռոբերտը հայտնվեց «Լեգիա»-ի 2-րդ կազմում, բայց մեծ ակնկալիքներ չուներ՝ խաղը չէր ստացվում, ղեկավարությունն էլ նրան առանձնապես տաղանդավոր չէր համարում:

2006 թվականի ապրիլին Լեհաստանի 3-րդ լիգայի խաղում Լեւանդովսկին փոխարինման դուրս եկավ, րոպեներ անց պատռեց մկանն ու չխաղաց մինչեւ մրցաշրջանի ավարտը: Վնասվածքի ողջ լրջությունը ֆուտբոլիստը սկզբում չէր հասկանում, ողջ գիշեր ոտքին սառեցված ուտելիք դրեց, բայց այդպես էլ չօգնեց: Այդ դրվագը կարող էր վերջ տալ նրա կարիերային:

Լուսանկարը` FC Legia


Ակումբում ոչ մեկին չէր հետաքրքրում Լեւանդովսկու վնասվածքը, նա ինքնուրույն էր գնում դահլիճ ու մարզվում անհատական ծրագրով: Պայմանագիրն ավարտին էր մոտենում ու նոր առաջարկ այդպես էլ չկար, պատահական իմացավ, որ այն չեն երկարաձգելու: Դա լուրջ հարված էր ֆուտբոլիստի համար:

«Գլուխը կախ էր քայլում, առաջին անգամ նրա աչքերում վախ տեսա»,- շարունակել է մայրը, բայց ֆուտբոլիստը որոշել էր չհանձնվել:

Կորուստը

Լեւանդովսկու ծնողներն իրենք էլ մարզիկներ են եղել: Մայրը զբաղվել է վոյելբոլով, իսկ հայրը՝ ձյուդոյով, իսկ ազատ ժամանակ ֆուտբոլ խաղացել: Հետագայում քույրը եւս պարապել է վոլեյբոլով։ Քշիշտոֆը տղային ձյուդոյի հատուկ չի տարել, քանի որ այն Լեհաստանում թիվ մեկ մարզաձեւ չէր համարվում:  

Հենց հայրն է Լեւանդովսկուն Բոբեկ մականունը տվել: Քշիշտոֆն ԱՄՆ աշխատելու էր մեկնել ու վերադառնալուց հետո տղային պատմել, որ այնտեղ Ռոբերտին կրճատ Բոբ են ասում: Իսկ քանի որ Ռոբերտը բոլորից փոքր էր, դարձավ Բոբեկ:

Ժամանակի ընթացքում հոր մոտ սրտի ու ճնշման խնդիրներ ի հայտ եկան, հետագայում նաեւ քաղցկեղ առաջացավ ու 49 տարեկանում մահացավ: Ռոբերտն ընդամենը 16 տարեկան էր: Հոր մասին մենախոսությունը ֆիլմի ամենահուզիչ պահերից մեկն է, ֆուտբոլիստը չի կարողանում զսպել արցունքները:

Լուսանկարը` Կադր ֆիլմից


«Հասկանում եմ, որ շատ երիտասարդ էի՝ համարյա երեխա, որպեսզի օգնեմ նրան: Կամ չէի կարող կողքին լինել, որպեսզի աջակցեի: Շատ լավ եմ հիշում, որ քույրս արտասվում էր, իսկ մայրս ասաց, որ հայրիկը մահացել է: Շատ եմ լացել:

Իմ կյանքի ամենածանր օրն էր: Պատրաստ չէի այդքան վաղ տարիքում կորցնել հորս: Մեծանում էի եւ առանց աջակցության մնացի, որի կարիքն այդքան ունեի: Նա էլ կողքիս չէր, չգիտեի՝ ինչու: Այնքան հարցեր ունեի՝ ինչո՞ւ ես, ինչո՞ւ իմ հայրը, ինչո՞ւ հիմա»:

Գերմանիա տեղափոխվելը

Կարիերան շարունակել էր պետք ու թեկուզ վնասվածքով, նրան ցանկացավ ձեռք բերել 3-րդ լիգայի «Զնիչե» ակումբը: Տրանսֆերի հարցում մեծ էր նրա մայրիկի դերը, որը միշտ կողքին էր ու փորձում էր բացել քչախոս որդուն:

«Առաջին բանը, որ ասացի ակումբում, հետեւյալն էր. «Գանձ եմ բերել»: Մարզիչն էլ պատասխանեց. «Նման գանձեր այստեղ շատ կան»: «Կտեսնենք»,- չհանձնեցի ես»,- անկեղծացել է Իվոնան:

Այնտեղից էլ Լեւանդովսկին 2008-ին տեղափոխվեց «Լեխ», որը Լեհաստանի բարձրագույն խմբում էր հանդես գալիս: Ակումբում Ռոբերտը հասկացավ, որ ֆուտբոլը շատ ավելի լուրջ է ու իր ողջ կյանքում դրանով է զբաղվելու: 2010-ին նրան նկատեց «Բորուսիա»-ն, ոչ այդքան հայտնի լեհի տեղափոխությունը Գերմանիա մեծ իրադարձություն չդարձավ:

Յուրգեն Կլոպը պատմել է, որ ինչ-որ մեկից լսել են, թե Լեհաստանում լավ խաղացող կա. «Մեզ համար այդ տրանսֆերն այնքան էլ մեծ չէր, ընդամենը 4,5 մլն եվրո արժեցավ: Դրա համար էլ որոշեցինք՝ նա մեզ պետք է»:

Լուսանկարը` Sky Sports


Գերմանիայում խաղալը փորձություն դարձավ Լեւանդովսկու համար, նախկինում նա Լեհաստանից դուրս ֆուտբոլով չէր զբաղվել, գերմաներեն չգիտեր ու կարոտում էր իր ընկերուհուն:

«Դորտմունդը մեզ համար որոշիչ վայր դարձավ, փորձում էինք հարմարվել ու այնպես անել, որ նրա կողքին լինեմ, բայց եւ իմ հետաքրքրություններից չզրկվեմ: Չգիտեի հետս ինչ կլինի, եթե մեկնեմ: Պետք է հեռակա սովորեի ու հրաժարվեի իմ սիրած մարզաձեւից՝ կարատեից»,- սրանք էլ Ռոբերտի կին Աննայի խոսքերն են:

Սկզբում ամեն ինչ բարդ էր, հատկապես կենցաղին չէին կարողանում հարմարվել: Գերմանիայում վարձով բնակարան տալիս են առանց գույքի ու անգամ առանց խոհանոցի: Ստիպված են եղել  2 ամիս սպասել, մինչեւ գույքը կժամանի, այդ ամենը շատ է ազդել նաեւ ֆուտբոլիստի խաղի որակի վրա: Հաճախ տեղ էլ չէր գտնում հիմնական կազմում ու ԶԼՄ-ում նրան շատ էին քննադատում:

2-րդ հայր Կլոպը

«Լեւին աշխատասեր չէր, ստիպված էր ամբողջությամբ տրվել: Շատ տաղանդավոր էր, բայց ժամանակի կարիք ուներ»,- հիշել է Կլոպը:

Նրա թիմը աչքի էր ընկնում մահացու մարզումներով, Լեւանդովսկին էլ չի ժխտում այդ ամենը, այնտեղ փորձում էր բոլորից շատ աշխատել ու ոչ մի պարապմունք բաց չէր թողնում անգամ ցավեր ունենալու դեպքում:

Լուսանկարը` Goal.com


Մաթս Հյումելսը պատմել է, որ Լեւանդովսկին չշփվող էր, գերմաներեն չէր խոսում ու չափազանց նիհար տեսք ուներ: Կլոպին էլ նրա բնավորությունը սկզբում դուր չի եկել. «Ռոբերտը բավականաչափ ագրեսիվ չէր, կիրք չուներ: Միշտ նույն դեմքի արտահայտությամբ էր քայլում: Մի անգամ ասացի նրան, որ պետք է ցույց տա իր ներսում եղած կրակը, այդ ուղղությամբ շատ ենք աշխատել»:

Լեւանդովսկին չի հերքել, որ ինքնամփոփ է մեծացել եւ պատճառը պատանեկան խնդիրներն են: Միշտ է նիհար եղել, հասակակիցները հաճախ ծաղրել են նրան: Դրա համար էլ բավականաչափ համարձակ ու վստահ չի դարձել:

«Բախտը բերեց, որ խաղաց Բլաշիկովսկու ու Պիշչեկի հետ, որոնք շատ օգնեցին: Նրանց շնորհիվ էլ գերմաներենն արագ սովորեց: Ես էլ հատուկ լեհերեն սովորեցի Լեւայի համար, որ ասեի «Rusz dupę» («Հետույքդ շարժի»), Կուբայից էի իմացել այդ արտահայտությունը»,-իրեն հատուկ հումորով ասել է Կլոպը:

Լեւանդովսկուն շատ է փոխել Կլոպի հետ զրույցը. «Մոտեցա նրա ու խոսեցի հետը: Շատ կարեւոր էր ինձ համար, կարծես հորս հետ էի զրուցում: Կապ զգացի, որի կարիքն այդքան տարիներ ունեցել էի: Դրա շնորհիվ ազատություն ձեռք բերեցի ու սկսեցի դրսեւորել ինձ որպես ֆուտբոլիստ»:

Լուսանկարը` CNBC


Հանկարծակի Լեւանդովսկին փոխվեց ու աճեց, բոլորը զգացին դա: Ամենավառ պահերից մեկը ՉԼ-ի կիսաեզրափակչում «Ռեալ»-ի դարպասը խփած պոկերն էր: Կլոպի խոսքով՝ հենց այն ժամանակ արդեն պարզ էր, որ Ռոբերտն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը կարող է դառնալ:

Այդ խաղից հետո տուն վերադառնալուց հետո Ռոբերտը 2 բան արեց՝ ափսոսաց, որ 5-րդ գոլը չի խփել ու կնոջը խնդրեց բլիթներ թխել:

Մարտահրավերը

Այդ ամռանն էլ առաջին անգամ մտածեց դորտմունդյան ակումբից հեռանալու մասին: Նման բան տեղի ունեցավ սըր Ալեքս Ֆերգյուսոնից ստացած զանգի պատճառով. «Այնքան հուզիչ ու գրավիչ պահ էր: Մի քանի տարի առաջ նրա նման մարզչին միայն հեռուստացույցով էի տեսել: Այդ ժամանակ հասկացա, որ մեծ ակումբներն էլ կարող են ինձնով հետաքրքրվել»:

Դրա համար համաձայնվեց տեղափոխվել «Բավարիա»: Շատերն էին ուզում իմանալ, թե ինչու է նման տեղափոխություն անում, քանի որ Բորուսիայում ամեն ինչ ունի: «Այո, այնտեղ աստղ էի, թեեւ այդ բառը չեմ սիրում»:

Կարլ-Հայնց Ռումենիգեն համարում է, որ հնարավոր է Լեւանդովսկին ակումբի ամենակարեւոր ձեռքբերումն է, Կլոպն էլ ավելացնում, որ «Բավարիան» գիտեր, եթե Լեւանդովսկին մնար իրենց թիմում, 10-րդ անգամ Գերմանիայի չեմպիոն չէին դառնա:

Լուսանկարը` ESPN


Ֆիլմի բացթողումներից մեկն այն է, ոչ չի խոսել Պեպ Գվարդիոլան, պրոդյուսերները փորձել են նրան հրավիրել, բայց «Մանչեսթեր Սիթի»-ն մերժել է: Լեւանդովսկին ունեցել է նախկին մարզչի հեռախոսահամարը, բայց ամաչել է նրան անձամբ խնդրել այդ մասին: Ամեն դեպքում նա պաշտում է Պեպին:

«Այդ մարդն ընդմիշտ փոխել է իմ պատկերացումը ֆուտբոլի մասին ոչ միայն որպես սպորտ, այլ որպես կյանքի բաղկացուցիչ մաս: Հասկացա, որ ֆուտբոլը դեռ ամեն ինչ չէ, շարունակում էի սիրել այն, բայց նաեւ տեսնում, որ դրանից բացի էլ այլ հետաքրքրություններ էլ կան»:

Գերդ Մյուլլերի գոլերի ռեկորդը մյունխենյան ակումբում սահմանելուց հետո Լեւանդովսկին նոր մարտահրավերի կարիք ուներ, որպեսզի ֆուտբոլի նկատմամբ սերը չմարի: Այդ ժամանակ էլ որոշեց տեղափոխվել «Բարսելոնա»:

«Մեսսիի հեռանալու հետո ակումբը որոշ իմաստով որբացավ, չնայած դա ճիշտ բառը չէ, մենք պարզապես չունեինք համաշխարհային մակարդակի աստղ»,- սրանք էլ Չավիի խոսքերն են:
Ակումբում հարձակվողին ներկայացնելու արարողությանը 57 հազար մարդ էր հավաքվել:

Դուստրերը

Ֆիլմում հարձակվողը նաեւ իր մասին մի քանի հետաքրքիր բացահայտումներ է արել, որոնց թվում պատմել է հոկեյի նկատմամբ ունեցած մեծ սիրո մասին: Լեւանդովսկին նաեւ անձնական կյանքից է հետաքրքիր դրվագ պատմել: Պարզվում է, որ ԵՎՐՈ-2016-ի մեկնարկից առաջ կինը կորցրել է երեխային, ինչն անդրադարձել է նրա խաղի վրա:  

Լուսանկարը` անձնական արխիվից


«Մեր ընտանիքի համար բարդ շրջան էր: Պետք է ինչ-որ կերպ կենտրոնանայի ֆուտբոլի վրա, բայց գլխումս առավել կարեւոր խնդիր կար: Երկրպագուները պատկերացում չունեին այդ մասին ու ինձնից գոլեր էին սպասում»:

Ավելի ուշ ֆուտբոլիստի ընտանիքում ծնվել են երկու դուստրերը՝ Կլարան 2017-ին, իսկ Լաուրան՝ 2020-ին: Հիմա նրանք ընտանիքով երջանիկ կյանք են վարում Բարսելոնայում ու սպասում Լեւանդովսկու կարիերայի նոր նվաճմանը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին