Ապրիլ 25, 2024
4528 դիտում

«Գոլդեն Սթեյթ»-ի գլխավոր մարզչի ու հայերի կապը․ Նրա պապն ու տատը փրկել են շուրջ 10,000 որբերի


Լուսանկարը` Golden State Warriors

Լուսանկարը` Golden State Warriors

Լուսանկարը` Houshamadyan

Լուսանկարը` FOX

Լուսանկարը` Golden State Warriors

Լուսանկարը` Golden State Warriors

Լուսանկարը` The Athletic

Լուսանկարը` Golden State Warriors


Սթիվ Քերը NBA-ի ամենահայտնի բասկետբոլիստներից ու հիմա նաեւ մարզիչներից է։ Նա 5 անգամ չեմպիոն է դարձել որպես բասկետբոլիստ, 4 անգամ էլ՝ որպես «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի գլխավոր մարզիչ։

Նա այսօր էլ շարունակում է աշխատել «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի աստղային թիմում՝ ձգտելով հերթական անգամ նվաճել ցանկալի տիտղոսը։

Սակայն այս հոդվածում պատմելու ենք ոչ թե Քերի բասկետբոլային կյանքի, այլ նրա ու հայերի հետ կապի մասին։

«Մեր խաղերին գրեթե միշտ տրիբունաներում տեսնում եմ Հայաստանի դրոշը։ Համարյա ամեն շաբաթ տարբեր հայերից շնորհակալություն եմ ստանում այն բանի համար, ինչ տատս ու պապս արել են սրանից 100 տարի առաջ։ Ես փորձում եմ պատկերացնել նրանց 21-22 տարեկանում, երբ ճանապարհ են ընկել դեպի հեռու մի երկիր, վազել մի որբանոցից մյուսն ու օգնել հայերին։ Դրանք աներեւակայելի մարդկային պատմություններ են։ Միշտ հուզվում ու տպավորվում եմ, որ հայերն ինձ այսպես երախտապարտ են ընդունում, նրանք դրանով իրենց հարգանքն են տալիս պապիս ու տատիս, ովքեր իրենց կյանքը կապել են Ցեղասպանությունից փրկված որբերի հետ։ Դա ինձ մեծ հպարտություն է պատճառում, բայց միեւնույն ժամանակ տխրեցնում, քանի որ  կրկին սկսում եմ մտածել այդքան կորսված կյանքերի ու ընտանիքների մասին»,- The Athletic-ին ասել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի գլխավոր մարզիչը։


ԱՄՆ-ից դեպի Մարաշ՝ օգնելու ցեղասպանությունից փրկվածներին

Լուսանկարը` Golden State Warriors


Սթենլի Քերը եւ Էլզա Ռեքմանը Սթիվի հոր ծնողներն են եւ հայերի հետ կապվել են 1919-ից, երբ թողել են ԱՄՆ-ը եւ մեկնել դեպի Մերձավոր Արեւելք։

Սթենլին քիմիկոս է եղել, Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ չնայած եղել է բանակում, սակայն ակտիվ չի ծառայել։ 1919-ին ընկերներից մեկը լուր է բերել, որ Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեն մարդկանց է փնտրում, ովքեր պատրաստ են մեկնել Օսմանյան կայսրություն՝ օգնելու կարիքավոր մարդկանց։ Սթենլին միանգամից միացել է այդ գործին։

Ամերիկյան այս կազմակերպությունը ստեղծվել է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Օսմանյան կայսրությունում, պատերազմից տուժած ու ցեղասպանված բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ եւ այլն) պարենով, հագուստով, դեղորայքով օգնելու համար։

Քերի պապը տեղակայվել է Հալեպում ու աշխատել հիվանդանոցում՝ խնամելով այն հայերին, ովքեր փրկվել էին մահվան երթից։ 1920-ին նա տեղափոխվել է Մարաշ ու դարձել հայ որբերին փրկողներից մեկը։

Էլզա Ռեքմանը համալսարանն ավարտելուց հետո է ճանապարհվել դեպի Թուրքիա՝ հայկական դպրոցում դասավանդելու նպատակով։ Նա եւս ուրիշներին ծառայելու մեծ կոչում է ունեցել ու դարձյալ լծվել է ցեղասպանությունից փրկված հայերի փրկության գործին։

Պաշտպանել որբերին կոտորածից

Լուսանկարը` Houshamadyan


Սթենլին եւ Էլիզան ծանոթացել են Մարաշում, որտեղ ականատեսն են եղել թուրքերի կողմից հայ բնակչության դեմ իրականացված սարսափելի իրադարձություններին։ Երբ ֆրանսիական զորքերը հանկարծակի հետ են քաշվել՝ հայերին թողնելով կատաղած թուրքերի դեմ մեն մենակ, նրանք չեն լքել իրենց որբերին։ Երեք շաբաթ պաշարվելուց հետո թուրքերը սկսել են կոտորածը, իսկ Սթենլին եւ Էլզան, որպես ԱՄՆ-ի կողմից հովանավորվող որբանոցների աշխատակիցներ, ամեն ինչ արել են, որպեսզի գոնե կարողանան փրկել իրենց հոգածության տակ գտնվողներին։

Սթենլին բազմաթիվ նամակներ է գրել իր ընտանիքին, որոնցից մեկում կարդում ենք հետեւյալը․

«Գիշերը, այս ձմռան ամենադաժան ցրտին, մնացած բոլոր հայերին կրկին աքսորի են տանելու։ Շատերը ճանապարհին կզոհվեն թուրքերի գնդակներից կամ ցրտից։ Մեր որբերը եւ ծերերը կմնան մեր կացարաններում։ Միգուցե այստեղ մնալով՝ մենք կարող ենք մնացած հայերին պաշտպանել կոտորածից։ Եթե թուրքերը չհարգեն մեր դրոշն ու գույքը, մենք եւս մյուսների հետ կմեռնենք։ Թող որ վերջին շաբաթների սարսափները բիծ լինեն պատմության էջերում։ Ինչ էլ պատահի, հիշիր, որ ես վախ չունեմ ու պատրաստ եմ զոհաբերության, նույնիսկ մահվան։ Ցտեսություն, սիրով եւ հույսով՝ Սթենլի»։

Լուսանկարը` FOX


Իսկապես, նա տեր է կանգնել իր խոստմանն ու ստանձնել հայ որբերի խնամատարությունը։ Որպես Մարաշի Մերձավոր Արեւելքի հիմնադրամի տնօրեն դարձել է հինգ մանկատան պատասխանատուն՝ խնամելով 9700 որբերի։

Նրանք որբերին բուժում էին, խնամում, կերակուր հայթայթում, թուրքերի ձեռքից բառի բուն իմաստով խլում փոքրիկներին ու վերադարձնում ճամբար, խաղեր կազմակերպում, որպեսզի մոռանան ցավը եւ, ի վերջո, կրթում։

Սթենլին եւ Էլզան մնացել են Մարաշում այնքան ժամանակ, մինչեւ կազմակերպել են բոլոր հայ որբերի ապահով տեղափոխումը Լիբանան։ Այնտեղ եւս նրանք եղել են Մերձավոր Արեւելքի հիմնադրամի կողմից կառուցվող մանկատներում ամենամեծ դերակատարում ունեցած մարդիկ։  

1922-ին Բեյրութում կայացած նրանց հարսանիքին մասնակցում էին նաեւ հայ որբերը։

Քեր ընտանիքի պատմության հերոսական դրվագը

Լուսանկարը` Golden State Warriors


Ամուսիններն իրենց հետագա կյանքն կապում են Բեյրութի հետ ու հաստատվում այնտեղ։ Սթենլին դառնում է Բեյրութի Ամերիկյան համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի նախագահ, իսկ Էլզան՝ կին ուսանողների դեկան։ Նրանք սկսում են կրթել նաեւ այն սերնդին, որի մեծ մասը Ցեղասպանությունը վերապրած ու իրենց կողմից փրկված որբերն էին։

«Ես ու զարմիկներս այս ամենը գիտենք ամբողջությամբ։ Դա մեր ողջ ընտանիքի պատմության հերոսական դրվագն է։ Զարմանում եմ, թե ինչպես են նրանք այդքան երիտասարդ նետվել մարդասիրական այդ գործի մեջ, տանջվել յուրաքանչյուր որբուկի հետ ու տեսել, թե ինչպիսի դաժանությամբ են թուրքերը վերաբերում հայերին։ Ես հիանալի ժամանակներ եմ անցկացրել նրանց հետ, պարզապես իմ տատն ու պապն էին, ոչ թե մի ամբողջ սերունդ փրկած հերոսներ։ Հետագայում, երբ մեծացա, նոր գիտակցեցի նրանց կատարած աշխատանքը»,-հիշել է Քերը։

Լուսանկարը` Golden State Warriors


Սթենլիի եւ Էլզայի երեխաները, թոռները, այդ թվում Սթիվ Քերը, ծնվել են Բեյրութում։ Սթիվի հայրը՝ Մալքոմը, 1982-ին դարձել է Ամերիկյան համալսարանի նախագահ։ Այդ տարիներին Բեյրութում քաղաքացիական պատերազմ էր, իսկ ահաբեկչություններ գրեթե ամեն օր էին տեղի ունենում։ 1984-ին Մալքոմին երկու զինված անձ իսլամական ջիհադիստների անունից սպանում են։

«Հորս կյանքը շուտ ընդհատվեց, բայց նա եւս մեկ գլխավոր նպատակ ուներ՝ օգնել մարդկանց։ Այն անձը, որը դարձել եմ, հորս եւ մորս շնորհիվ է»,-ասել է նա։

Բոլոր մարդիկ պարտավոր են օգնել միմյանց

Լուսանկարը` The Athletic


Սթիվն ԱՄՆ-ի հայկական համայնքի կազմակերպած միջոցառումների ամենաընդունված ու սիրելի հյուրերից է։ Նա մոր, կնոջ ու երեխաների հետ հաճախ է հանդիպում հայերին, ովքեր միշտ շնորհակալությունն են հայտնում իրենց նախնիների անունից։

Նա շատ լավ գիտի հայերի պատմությունը, ունի հայ ընկերներ ու միշտ հետեւում է Հայաստանի լուրերին։ Ըստ Mirrorspectator-ի՝ Քերն աջակցում է «Բասկետբոլն առանց սահմանների» ճամբարը Հայաստանում անցկացնելու գաղափարին ու նշում, որ այն կարող են կյանքի կոչել։

Լուսանկարը` Golden State Warriors


«Ես ապրել եմ տարբեր երկրներում, շփվել տարբեր ազգերի հետ ու հասկացել մի բան․ մենք բոլորս էլ մարդ ենք ու պարտավոր ենք օգնել միմյանց։ Դրան հասնելու մեջ մեծ ներդրում կարող է ունենալ սպորտը։ Բասկետբոլը միայն գնդակը եւ զամբյուղը չեն, այն թիմ դառնալու ու հաղթանակի հասնելու մեծ շարժառիթ է»,-կարծում է Քերը։

Սթենլի Քերի ընտանիքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանող Անի Հովհաննիսյանը, որը բազմաթիվ նամակներ ու փաստաթղթեր է ներկայացնում իր աշխատանքում, FOX-ին ասել է․ «Սա հայերի համար կարեւոր պատմություն է, քանի որ նրանք երբեմն մտածում են, որ մոռացված են։ Սակայն նույնիսկ ամենավատ ժամանակներում մենք մենակ չենք՝ կան Սթենլիի եւ Էլզայի նման մարդիկ, ովքեր կանգնում են մեր կողքին»։
 
Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին