Ապրիլ 26, 2024
4703 դիտում

2005 թ. նշանված ու այդպես էլ չամուսնացած Օսկարակիր դերասանուհին ու Շումախերի մարզիչը


Լուսանկարը` townandcountrymag.com

Լուսանկարը` Redbook

Լուսանկարը` Grand Prix

Լուսանկարը` The Rake

Լուսանկարը` The Rake

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Pop Sugar

Լուսանկարը` townandcountrymag.com

Լուսանկարը` townandcountrymag.com

Լուսանկարը` townandcountrymag.com

Լուսանկարը` townandcountrymag.com

Լուսանկարը` townandcountrymag.com


Մարտի սկզբներին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում 95-րդ անգամ անցկացվեց «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այս տարի լավագույն դերասանուհի անվանակարգում «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմի համար հաղթող դարձավ Միշել Յեոն: Նա ասիացի առաջին դերասանուհին է, ով նման հաջողություն գրանցեց:

Իր սիրելիին անմիջապես շնորհավորեց ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) նախկին նախագահ ու Միխայել Շումախերի նախկին մարզիչ Ժան Տոդտը:

«Իսկական վայելքի ու մաքուր երջանկության պահ է: Հիանալի ճանապարհ ես անցել: Հպարտանում եմ քեզնով, Միշել»,- սոցկայքերում գրեց Տոդտը:



Մարզաշխարհի ներկայացուցիչները գիտեն, թե որքան զուսպ է նա զգացմունքներն արտահայտելիս: Անկեղծորեն ու առանց հույզերը թաքցնելու Տոդտը հեռավոր 2000-ականներին ուրախանում էր, երբ Ferrari-ի կազմում փայլուն հաղթանակներ էր տանում Միխայել Շումախերը:

«Օսկար»-ի ժամանակ Տոդտի ու Յեոյի միասին հայտնվելը նրանց մասին խոսելու նոր առիթներ տվեց, Mediamax Sport-ն էլ որոշեց անդրադառնալ այդ յուրահատուկ սիրո պատմությանն ու նրանց անցած ճանապարհին:

Տոդտը

77-ամյա ֆրանսիացին ամբողջ աշխարհում հայտնի է Ferrari-ի հետ իր հաջող աշխատանքով: Նա դարձել է «Scuderia Ferrari Formula» թիմի գլխավոր տնօրենը 1994 թվականին ու այդ պաշտոնում մնացել մինչեւ 2007 թվականը: Ընկերության հատուկ խորհրդականն ու գործադիր տնօրեն է եղել մինչեւ 2009-ը: Տոդտի գլխավորությամբ իտալական թիմը չեմպիոնական 7 տիտղոսի է տիրացել:

Նա նաեւ FIA-ի նախագահն է եղել 2009-2021 թթ., հաղթել է ընտրություններում ու օգնել ավտոսպորտը դուրս բերել նոր հարթության վրա: Տոդտին այդ պաշտոնում փոխարինել է Մոհամեդ բին Սուլայեմը:

2015-ից ճանապարհային երթեւեկության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն է:

2021 թվականին Տոդտն աշխատանքային այցով եղել է Հայաստանում, այստեղ քննարկել են մարզաձեւի զարգացման հեռանկարները, սակայն այդպես էլ այս տարիների ընթացքում այդ ուղղությամբ էական տեղաշարժեր տեղի չեն ունեցել:



Տոդտը նաեւ Միխայել Շումախերի հետ 2008 թվականին նկարահանվել է «Աստերիքսն Օլիմպիական խաղերում» ֆիլմաշարում: Նա ավտոարշավորդի մտերիմ ընկերն է ու Շումախերին հաճախակի է այցելում նաեւ հիմա, երբ նա կոմայի մեջ է:

Տոդտը եւս զբաղվել է ավտոարշավով, նրա գործը շարունակել է առաջին ամուսնությունից ունեցած որդին՝ Նիկոլասը:

Յեոն

Յեոն ասիական ու հոլիվուդյան կինոյի աստղ է, սակայն մինչ դերասանուհի դառնալը տարված է եղել բալետով: 15 տարեկանում ծնողների հետ ժամանել է Մեծ Բրիտանիա ու ընդունվել պարի Թագավորական ակադեմիա: Ողնաշարի վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել բալետը, ակադեմիան ավարտել է դրամատուրգիայի ու խորեոգրաֆիայի բակալավրի աստիճանով: 1983-ին դարձել է «Միսս Մալայզիա», ինչի շնորհիվ էլ Ջեկի Չանի հետ նկարահանվել է հեռուստատեսային գովազդում ու այդ պահից սկսած հայտնի դարձել: Նույն տարում ելույթ է ունեցել նաեւ «Միսս Տիեզերք» մրցույթում:

Լուսանկարը` Redbook


Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1984-ին, հիմնականում նրա խաղացանկում գերակշռում էին մարտաֆիլմերը: Առաջին ամենահայտնի աշխատանքներից են Բոնդի մասին պատմող «Վաղը երբեք չի մեռնի»-ն ու «Գեյշայի հուշեր»-ը:

Յեոն միակ դերասանուհին է, որին Ջեկի Չանը թույլ էր տալիս նկարահանումների ժամանակ ինքնուրույն որոշել սեփական հնարքները: Չինարենի տիրապետող ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է աշխարհում: 1999-ից Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի անդամ է, իսկ 2002-ից՝ Կաննի: «Օսկար»-ի, «Ոսկե Գլոբուսի»-ի, BAFTA-ի ու էլի մի քանի միջազգային մրցույթների հաղթող է:

60-ամյա դերասանուհին ամուսնացած է եղել հոնկոնգցի գործարար Դիքսոն Պունի հետ, բաժանվել են 1992-ին: Մինչ Տոդտին հանդիպելը նշանված է եղել սրտաբան Ալան Հելդմանի հետ:

Սերը

Յեոն ու Տոդտը հանդիպել են 2004 թվականի Շանհայի Գրան Պրիի ժամանակ: Տոդտը նրա վրա տպավորություն է թողել հենց առաջին հանդիպման ժամանակ: 2005 թվականին նշանվել են, սակայն որպես զույգ նրանց մասին հանրությունն իմացել է 2008-ին:

Յեոն ու Տոդտն իսկապես սիրում են իրար ու կարեւորում հարաբերությունները: 2022-ին «Town and Country» ամսագրին տված զրույցում Յեոն հիշատակել է սիրելին ու նշել, որ տունն այնտեղ է, որտեղ նա է:

Լուսանկարը` Grand Prix


Երկրագուները վաղուց են սպասում զույգի հարսանիքին, բայց այն այդպես էլ տեղի չի ունեցել: Պատճառն այն է, որ շատ զբաղված են ու հաճախ են ճանապարհորդում: Յեոն կատակով ասել է, թե Տոդտը մի առիթով հաշվել է, թե քանի րոպե են միասին անցկացրել:

Իսկ ահա «Instyle» ամսագրին տված հարցազրույցը բավական ռոմանտիկ է ստացվել ու բացահայտումներով լի:

Յեո. Մինչեւ հիմա զարմանում եմ զուգադիպությունների վրա, որոնք մեզ միացրին: Ընկերներիցս մեկը նոր Ferrari 612 շնորհանդեսի առիթով մեծ իտալական երեկույթ էր կազմակերպում, որն իր մեջ ներառում էր նորաձեւության ցուցադրություն, ընթրիք Շանհայի քաղաքապետի ու խոշոր գործարարների հետ: Ես ժամանել էի Շանհայի կինոփառատոնի համար ու այնպես ստացվեց, որ հյուրերի թվում էի: Ընթրիքի ժամանակ նստեցրին կլոր սեղանի շուրջ, իսկ դիմացս Ժանն էր: Մեզ ծանոթացրին, թեեւ նրա անունը լսել էի, բայց չգիտեի՝ ինչ տեսք ունի: Բոլորիս հրավիրեցին բեմ, որպեսզի մոտիկից տեսնենք երեկոյի գլխավոր մեղավորին՝ մեքենային: Այդ ընթացում իմ դիմաց հայտնվեց բարձրահասակ իտալացի թիկնապահ ու գոռալով բացատրեց, որ պետք է ազատենք բեմը: Ապա նրան մոտեցավ Ժանը, որը իմ հասակի է, ներքեւից ինչ-որ բան ասաց թիկնապահին ու վերջինս դադարեց թափահարել ձեռքերը: Այդ ժամանակ էլ մտածեցի. «Այո, այս մարդն այնքան էլ սովորական չէ»: Սիրում եմ, երբ տղամարդիկ խնդիրները լուծում են լուռ ու արագ: Ես պետք է շուտ հեռանայի, ու Ժանը խնդրեց իմ հեռախոսահամարը՝ առաջարկելով հանդիպել հաջորդ օրը: Համարս միանգամից տվեցի, թեեւ սովորաբար բոլորը դիմում են գործակալիս: Բայց հանդիպել չստացվեց, քանի որ նկարահանումների էի:

Լուսանկարը` The Rake


Հետագայում ամեն ինչ շարունակվեց ինչպես սերիալում: Հաջորդ երեկոյան Յեոն Հոնկոնգում իր ընկերոջ կազմակերպած ընթրիքին էր ու նորից ներկա էր Տոդտը:

Յեո. Այդպիսի զուգադիպություններ լինո՞ւմ են, թե՞ մեր մոլորակն ամեն դեպքում փոքր է ու բոլորը միմյանց ճանաչում են: Զրուցեցինք ամբողջ երեկո, ապա մեկնեցինք տարբեր երկրներ ու սկսեցինք մտածել, թե ինչպես շարունակենք շփումը:

Ժանն այդ ժամանակ չգիտեր ինչպես օգտվել SMS հաղորդագրություններից ու այդ փոքրիկ հնարքը նրան սովորեցրեց Միխայել Շումախերը:

Տոդտ. Ծանոթացել ենք 2004 թվականի հունիսի 4-ին, իսկ հուլիսի 1-ին Միշելը եկավ Փարիզ, առաջին անգամ նրան դիմավորեցի օդանավակայանում: Այդ պահից սկսած միասին ենք: Շանհայում չգիտեի էլ, որ նա դերասանուհի է ու այդքան հայտնի: Տեսա, թե ինչպես է մոտենում գլխավոր սեղանին ինչ-որ տղամարդկանց ուղեկցությամբ, իսկ երբ դիմացս նստեց, լիովին գերված էի: Միանգամից հասկացա, որ իմ կինն է: Միշելը բացառիկ է, իսկական լեդի: Շատ արժեքներ ունի: Ընտանիքը, սերը, ընկերությունը, հարգանքն ու վստահությունը նրա համար առաջնային են: Նաեւ շատ կարգապահ է, նպատակասլաց, սուր միտք ունի եւ առաջատարի որակներ: Հիանալի է գիտակցում, թե ով է: Շատ ընդհանրություններ ունենք:

Լուսանկարը` The Rake


Յեո. Ինչքան հաճելի է նման բաներ լսել: Մեր տանը միանգամից երեւում է, թե որն է իմ տարածքը, իսկ որտեղից է սկսվում Ժանինը: Նրա կողմում կատարյալ կարգ ու կանոն է: Երբեմն ինձ թույլ եմ տալիս ծուլանալ, իսկ նա չափազանց աշխատասեր է: Որեւէ մեկին չգիտեմ, որ Ժանի չափ աշխատի: Երբեք ու ոչինչ չի թողնում վաղվան:

Տոդտ. Սերը շատ տարօրինակ բան է՝ գալիս է ու գնում: Առանց դրա ապրելը շատ ձանձրալի է: Բախտս բերել է, միշտ հիշում եմ, որ սեր ունեմ: Ընտանիքն այն է, երբ քեզ սպասում են տանն ու ուրախ են ամեն հանդիպման համար:

Յեո. Ընտանիքն ինձ համար կիսել կարողանալն է ու միմյանց պաշտպանելը: Ժանն այդպիսին է: Նրա հետ ինձ հուսալի եմ զգում ու հանգիստ, իսկ դա կնոջ համար կարեւոր է: Միշտ պատրաստ է գալ օգնության ու աջակցել:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին