Ապրիլ 24, 2024
4807 դիտում

Անդրես Ինիեստայի մեծ ու երջանիկ ընտանիքը. Սերը, Ճապոնիան ու նոր ծնված 5-րդ երեխան


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` footballers-wags-kids.tumblr.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` trendencias.com

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` vanitatis.elconfidencial.com

Լուսանկարը` lavanguardia.com

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` trendencias.com

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` footballers-wags-kids.tumblr.com

Լուսանկարը` Vanity Fair


Փետրվարին Անդրես Ինիեստայի եւ Աննա Օրտիսի ընտանիքում ծնվել է 5-րդ երեխան: Աղջկան Օլիմպիա անունն են տվել: Բազմազավակ խաղացողն ունի եւս 4 երեխա՝ Վալերիան, Պաոլոն, Սիենան եւ Ռոմեոն:

Իսպանիայի հերոսներից մեկը, ում գոլը 2010 թ. Աշխարհի առաջնության եզրափակչում չեմպիոնություն ապահովեց, կյանքում համեստ է, քչախոս ու ընտանիքին նվիրված: Խաղադաշտից բացի երկրորդ տեղը, որտեղ նա նույնքան հարմարավետ ու երջանիկ է զգում, տունն է: Սիրում է ժամանակի մեծ մասն իր երեխաների ու կնոջ հետ անցկացնել:

Այսօր ներկայացնելու ենք Ինիեստայի ու նրա կնոջ պատմությունը, թե ինչպես են կարողացել մեծ եւ ամուր ընտանիք ստեղծել ու հաղթահարել իրենց հետ տեղի ունեցած դժբախտությունը:

Ծանոթությունը

Անդրեսն ու Աննան ծանոթացել են 2007 թվականին տեղի ունեցած երեկույթի ժամանակ: Անդրեսին ընկերն էր հրավիրել իր ակումբ, իսկ Աննան այդ երեկո որպես մատուցողուհի էր աշխատում: Ֆուտբոլիստին բոլորն էին ճանաչում, քանի որ այդ ժամանակ նա «Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի հավաքականի անփոխարինելի կիսապաշտպանն էր, հասցրել էր բազմաթիվ տիտղոսների արժանանալ:

«Նրան միանգամից հավանեցի, բայց ուշադրությունը գրավելն այնքան էլ հեշտ չէր, ինձ բավական տանջանքների ենթարկեց: Մահացու սեր էր՝ հենց առաջին հայացքից, բայց այդ մասին Աննային ասել չէի կարող»,- 2018 թվականին հատուկ զույգի հետ զրուցելու համար Ճապոնիա մեկնած իսպանացի լրագրող Խեսոս Կալեխին տված հարցազրույցում խոստովանել է ֆուտբոլիստը:

Լուսանկարը` անձնական արխիվից


Պատմել է, որ թեեւ ամաչկոտ էր, բայց հավանած կնոջ հետ խոսելու համար համարձակորեն առաջին քայլերն է արել: Մոտեցել է Աննային ու ծանոթությունից մի քանի րոպե անց հարցրել. «Ինչո՞վ ես զբաղվում»: Պատասխանն է եղել. «Վարսահարդար եմ, իսկ դու ի՞նչ մասնագիտություն ունես»: Նա Ինիեստային միանգամից գրավել է իր պարզությամբ եւ ուրախ բնավորությամբ:

Դրանից հետո մի քանի ամիս շարունակ փորձում էին ժամանակ գտնել, որպեսզի վերջապես երկուսով հանդիպեն՝ ծանրաբեռնված գրաֆիկն էր խանգարում:

«Շատ էի վախենում, որ չի համաձայնվի ընկերուհիս դառնալ: Անգամ հանգիստ քնել չէի կարողանում, անընդհատ մտածում էի՝ ինչպես ասել զգացմունքներիս մասին»,- պատմել է Ինիստեսան:

Ճակատագրական Ճապոնիան

Զրույցի ընթացքում Աննան պատմել է, թե որ պահին է հասկացել, որ սիրահարվել է Անդրեսին. «Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա վերադարձավ Ճապոնիայում «Բարսա»-ի հետ ունեցած շրջագայությունից: Ինձ մի քանի ճապոնական ինքնաթիռ էր բերել, որոնք կոչվում են Ana եւ նամակ գրել: Այդ օրը պետք է հանդիպեինք ավտոլցակայանի մոտ: Անդրեսը 2 ժամ էր ծախսել ճանապարհների վրա, որպեսզի դրանք ինձ հանձնի ու գնա: Եկա տուն ու քրոջս ասացի. «Սիրահարվել եմ»:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Ճապոնիայից վերադառնալուց հետո ես սիրահարվել, դրա համար էլ մենք Ճապոնիայում ենք: Մեր նշանակության վայրը փաստորեն այդ երկիրն է»,- նրան լրացրել է ֆուտբոլիստը:

Ինիեստան ու Օրտիսը երբեք իրենց հարաբերությունները չեն փորձել հանրային դարձնել, պարզապես ֆուտբոլիստին ԶԼՄ-ը մեծ ուշադրությամբ էին հետեւում, իսկ Աննան միշտ «Նոու Կամպ»-ում դիտում էր նրա խաղերը: Ծնողների հետ ծանոթությունից հետո լրագրողների «Ե՞րբ է վերջապես հարսանիքը» հարցերը չէին դադարում: Անդրեսն էլ պատասխանում էր. «Թեկուզ վաղն էլ կարող ենք ամուսնանալ»:

Նրանք սկսեցին միասին ապրել ու շուտով հայտնեցին, որ փոքրիկի են սպասում, եւ 2011 թվականի հուլիսի 8-ին ծնվեց Վալերիան: Ֆուտբոլիստը խոստացավ, որ շատ երեխաներ են ունենալու եւ խոստումը չդրժեց:

Մոտ 4 տարի միասին ապրելուց հետո որոշեցին ամուսնանալ ու հարսանիքն արեցին 2012 թվականին Տառագոնայի Տամարիտ ամրոցում:



Դժբախտությունը

2014-ին Աննան եւ Անդրեսը սպասում էին երկրորդ երեխային, երբ հայտնի դարձավ, որ հղիության 8-րդ ամսում փոքրիկի հետ դժբախտություն է տեղի ունեցել, այլ մանրամասներ այդպես էլ չհայտնեցին: Ֆուտբոլիստին միանգամից ազատեցին «Վալյադորիդ»-ի դեմ խաղից, ու նա միացավ իր ընտանիքին:

Դրանից մեկ շաբաթ անց Անդրեսը մասնակցեց Իսպանիայի առաջնությունում «Օսասունա»-ի դեմ խաղին եւ խփած գոլը նվիրեց չծնված որդուն:

Լուսանկարը` Getty Images


Կորստի ցավն ու հուսահատությունը Ինիեսետան փորձում էր հաղթահարել ֆուտբոլային դաշտում, նա աչքի էր ընկնում արդյունավետ գործողություններով ու գեղեցիկ փոխանցումներով: Սակայն այդ էներգիան բավականացրեց ընդամենը մեկ ամիս, ապա հաջորդեց անհաջող շրջանը՝ առանց գոլերի ու արդյունավետ խաղի, որը շարունակվեց մոտ մեկ տարի:

Աննա Օրտիսը 2021 թվականին հրապարակած «Իմ լույս» գրքում պատմել է համատեղ կյանքի այդ դժվար պահերի ու դրանք հաղթահարելու մասին:

«Գրքում շատ անձնական պատմություններ կան, որոնց մասին ոչ մեկի հետ չեմ խոսել, օրինակ՝ մեր փոքրիկին կորցնելը: Չափազանց ցավոտ փորձ էր, մինչ այդ պահը բավական ուժ չունեի այդ մասին խոսելու: Բայց կարողացա բավական ամրանալ եւ անդրադառնալ դրան: Հասկացա, որ եկել է այդ ամենից ազատվելու ժամանակը»,-Ինստագրամում ամուսնուն տված հարցազրույցում պատմել է նա:



Անդրեսն էլ ավելացրել է, որ այդ ողջ ընթացքը միասին են անցել ու հիանալի է  հասկանում ամեն ինչ. «Համոզված եմ, որ շատ մարդիկ են նման իրավիճակում հայտնվել ու ընթերցելով գիրքը՝ իրենց միայնակ չեն զգա»:

5-րդ երեխան

Կատալոնական ակումբում Ինիեստան մնաց մինչեւ 2018 թվականն ու տեղափոխվեց ճապոնական «Վիսել Կոբե», որտեղ մինչեւ հիմա էլ 38 տարեկանում հանդես է գալիս:

Մինչ այդ ֆուտբոլիստի ընտանիքում 2015 թվականին ծնվել էր Պաոլոն, որը նույնպես ֆուտբոլով է զբաղվում, 2017-ին ընտանիքը համալրել էր Սիենան: Արդեն Ծագող արեւի երկրից 2019-ին նրանք հայտնեցին Ռոմեոյի ծնվելու մասին, իսկ այս տարվա փետրվարին՝ Օլիմպիայի: Զույգը բավական ակտիվ է սոցկայքերում, սակայն երեխայի սպասելու մասին որեւէ ակնարկ չէր արել:  

Այն մասին, որ 5-րդ անգամ է հայր դարձել, Ինիեստան փետրվարի 26-ին հրապարակել է արել Ինստագրամում:

«Բարի գալուստ, Օլիմպիա: Մեծ սիրով սպասում էինք քեզ: Շնորհավորում ենք մեր սուպեր մայրիկին: Գեղեցիկ օր է»,- գրել է նա:



Ֆուտբոլիստը լուսանկարներում նշել էր նաեւ քրոջը՝ Մարիբելին, որը միացել է իրենց, որպեսզի օգնի ավագ երեխաների խնամքի հարցում, մինչ ինքը ֆուտբոլ է խաղում, իսկ Աննան՝ զբաղվում ամենափոքրիկով:

Երջանկության բանաձեւը

Չնայած զբաղվածությանն ու երեխաների խնամքին, նրանք միասին նաեւ սկսել են Mikakus անունով մարզակոշիկների արտադրությունը: Սկզբում խանութ են բացել Ճապոնիայում, ապա եւ հարազատ Բարսելոնայում: Հիմա խանութների մեծ մասը գործում է հենց Իսպանիայում, բայց կա առաքում ամբողջ աշխարհով մեկ: Մարզակոշիկների դիզայնով զբաղվում է հենց Աննան:

«Վաղուց միտք ունեի մարզակոշիկներ ստեղծել: Վերջապես այն Անդրեսի հետ կարողացանք կյանքի կոչել, թեեւ պետք է խոստովանեմ, որ դրանցով զբաղվելը բավական բարդ է: Ինձ դուր է գալիս ողջ գործընթացը՝ նախագծումից մինչեւ վերջական արդյունքը»,-Vanity Fair-ին պատմել է Օրտիսը:

Լուսանկարը` footballers-wags-kids.tumblr.com


«Եթե այսքան տարի շարունակ շարունակում ենք մնալ Ճապոնիայում, արդեն իսկ լավ նշան է: Թեեւ ամեն ինչ այլ է, բայց հեշտ ենք հարմարվել Ճապոնիայում: Երեխաների հետ մեզ տանն ենք զգում, այստեղ ավելի հաճախ ենք զբոսնում ի տարբերություն Բարսելոնայի, որտեղ ԶԼՄ-ը մեզ հանգիստ չէին տալիս: Ամեն քայլափոխի կանգնեցնում էին ու նկարվում»,-սրանք էլ ֆուտբոլիստի խոսքերն են:

Աննան էլ հավելել է, որ տեղափոխվելու միակ դժվարությունը եղել է այն, որ երեխաներն առանց տատիկների ու պապիկների խնամքի են մեծանալու, առավել դժվար է եղել համավարակի ժամանակ, երբ 2 տարի չեն կարողացել մեկնել Իսպանիա: Մինչ քովիդն ամեն տարի մոտ 3 անգամ եղել են հայրենիքում ու մոտ 1 ամիս մնացել: Բայց ուրախ են, որ ինքնուրույն են որոշում կայացրել ապագայի հարցում ու երեխաների հետ լրիվ նոր երկում կյանքը շարունակել:

Իսկ երջանիկ կյանքի գաղտնիքն այսպես են բացատրում. «Կարեւորն այն հարգանքն ու հոգատարությունն է, որ միմյանց նկատմամբ ցուցաբերում ենք»,- պատմել է Աննան:

Լուսանկարը` trendencias.com


Անդրեսը բացահայտել է մի քանի մանրուքներ. «Երբ Աննան զայրանում է ինձ վրա, սկսում է ազգանունով դիմել: Բայց ընդհանուր առմամբ իդեալական զույգ ենք, ես նստակյաց եմ, իսկ նա անընդհատ շարժման մեջ է սիրում լինել: Բայց կա մի հարց, որում համամիտ չենք՝ կարգ ու կանոնն է, Աննան տարված է դրանով: Ստիպում է պարտադիր բարձերը շարել բազմոցին»,- ասել է Անդրեսն ու նայել ժպտացող կնոջը:

Մի բան հաստատ է, որ տանը արդեն 5 երեխաների հետ երբեք հանգիստ չի լինում, ամեն ինչ միասին են անում՝ սովորում դասերը, սնվում, զբոսնում:

«Ուզում ենք, որ երեխաները գնահատեն այն ամեն, ինչ ունեն: Պաոլոն, օրինակ, արդեն հիմա մարզվում է արհեստական խոտածածկով խաղադաշտում, ես իմ տարիքում նման ճոխությունից զրկված եմ եղել, 12 տարեկանում է նման բախտ վիճակվել»,-հավելում է Ինիեստան:

Զույգն այս տարի նշելու է իրենց հարաբերությունների 16 եւ ամուսնության՝ 10-ամյակը: Նրանք սեփական օրինակով գիտեն, որ ընտանիքն ու ռոմանտիկան նույնը չեն ինչ ֆիլմերում, կյանքում դժվարություններն ու խնդիրներն ավելի շատ են, բայց դրանք միասին հաղթահարելն էլ ավելի ամուր են դարձնում ընտանիքը:

Հասմիկ Բաբայան

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին