Ապրիլ 20, 2024
3696 դիտում

Ֆուտբոլային դաշտից դեպի հեռուստաեթեր. Գարի Լինեկերի ստացված կարիերան


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` talksport

Լուսանկարը` AP

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Sky Sport

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` BT Sport

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` Getty Images


Գարի Լինեկերը Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ու սիրելի ֆուտբոլային դեմքերից է: Նա երկու հաջող կարիերա է կերտել՝ ֆուտբոլիստի ու հեռուստահաղորդավարի:

Լինեկերի մասին գրելու ցանկությունն առաջացավ հատկապես վերջին շրջանում նրա հետ կապված աղմկոտ իրադարձությունից հետո: Հասկանանք, թե ինչու էին նրան ցանկանում հեռացնել BBC-ից ու ծանոթանանք նրա հեռուստատեսային կյանքին:

Լինեկերի համարձակ քայլն ընդդեմ կառավարության

Լուսանկարը` AP


Մարտի սկզբից Մեծ Բրիտանիայի կառավարությունում սկսել են քննարկել ներգաղթյալների դեմ մի օրինագիծ, որով նախատեսվում է կրճատել նրանց թիվը: Եթե այն հաստատվի, ապա այդ մարդկանց արտաքսելու են երկրից:

Գարի Լինեկերը Թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել էր նորությանը՝ այն համեմատելով 1930-ականների նացիստական Գերմանիայի վարած քաղաքականության հետ: Րոպեներ անց հայտնվել էր բրիտանացի քաղաքական գործիչների քննադատությունների կիզակետում: Փոխարենը սովորական մարդիկ սկսել էին պաշտպանել նրան ու նշել, որ յուրաքանչյուրն էլ կարող է արտահայտել իր կարծիքը:

BBC-ի արձագանքն այդքան էլ արագ չի եղել: Նրանք նախ հանդիպել են իրենց հաղորդավարի հետ, քննարկել իրավիճակը, ապա միայն նշել, որ Լինեկերը խախտել է ընկերության կանոնները՝ հրապարակումն անելով առանց համաձայնության: Հաղորդավարը լրագրողներին ասել էր, որ ինքը մնալու է BBC-ում ու խոստացել հանդիպել եթերում:

Լուսանկարը` talksport


Սակայն խոսակցություններին հաջորդած Match of the Day-ի առաջին հաղորդումը եթեր էր հեռարձակվել առանց Լինեկերի ու բազմաթիվ թերություններով: Նրա գործընկերներն ի պաշտպանություն Լինեկերի՝ չեն մասնակցել հաղորդմանը:

Ներկա չեն եղել ֆուտբոլային փորձագետները, լրագրողները, չեն եղել վերլուծություններ, հարցազրույցներ, ինֆոգրաֆիկա: Պրեմիեր Լիգայի խաղացողների արհմիությունն էլ հայտարարել էր, որ խաղերից հետո ֆուտբոլիստները BBC-ին մեկնաբանություններ չեն տալու: Կատարելապես ձախողված եթերի համար BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին ներողություն էր խնդրել հեռուստադիտողներից ու հայտնել, որ իր մեծագույն հաջողությունը կլինի, եթե կարողանա վերադարձնել Լինեկերին:

Լուսանկարը` Getty Images


Արդյունքում BBC-ն պաշտոնապես հայտարարեց, որ Գարի Լինեկերը շարունակելու է աշխատել հեռուստաընկերությունում՝ ինչից գոհ մնացին ֆուտբոլասերները:

«Ես BBC-ում եմ գրեթե 3 տասնամյակ ու անսահման հպարտանում եմ, որ աշխատում եմ աշխարհի լավագույն եւ արդար հեռուստաընկերությունում: Երբեք չէի կարող պատկերացնել, որ մարդիկ ինձ այսքան սիրում եւ գնահատում են, շնորհակալ եմ բոլորիցդ: Ինչքան էլ դժվար շրջան էր, սակայն կարիք չկար փախչելու: Անհամբեր սպասում եմ առաջիկա եթերին»,-գրել էր Լինեկերը:

Հեռուստաընկերությունից նշել են, որ սոցկայքերում իրենց լրագրողների կողմից մեկնաբանություններ անելու կանոններում «որոշակի խնդիրներ կան», որոնք կհարթվեն մասնագետների հետ քննարկումների արդյունքում:

Երբեք դեղին ու կարմիր քարտ չստացած ֆուտբոլիստը

Լուսանկարը` BBC


«Երիտասարդներին դեպի ֆուտբոլ ձգում է ոչ թե փողը, այլ սերը: Ոչ մի 5 տարեկան երեխա ֆուտբոլի գնալու ժամանակ չի մտածում, թե դա անում է շատ փող ստանալու համար: Չեմ կարծում, որ նրանք դիտում են իրենց կուռքերի խաղն ու ասում. «Նա շաբաթական այսքան ֆունտ է ստանում»: Ոչ ոք բարձունքի հասնել չի կարող, եթե խաղում է փողի համար»,-The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Գարի Լինեկերը:

1970-ականների վերջում դպրոցական Գարին պայմանագիր է կնքել «Լեսթեր»-ի հետ: Հարձակվողը հետագայում տեղափոխվել է «Էվերթոն» ՝1985 թվականին դառնալով լավագույն ռմբարկու: 1986 թվականին Լինեկերն Աշխարհի առաջնությունում ամենաշատ գոլ խփած խաղացողն էր ու կայացավ նրա տեղափոխությունը  «Բարսելոնա»: Հետագայում հանդես եկավ նաեւ «Տոտենհեմ»-ում եւ 34 տարեկանում վնասվածքի պատճառով ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, երբ հանդես էր գալիս ճապոնական «Նագոյա Գրամպուս»-ում:

Լուսանկարը` Sky Sport


Գարի Լինեկերն այն եզակի ֆուտբոլիստն է, որը երբեք ոչ մի դեղին ու կարմիր քարտ չի ստացել: Սա խոսում է նրա գերմարդկային ինքնատիրապետման մասին: Ահա թե ինչ է պատմել ինքը՝ ֆուտբոլիստը.

«Երեւի 14 տարեկան կլինեի: Մի անգամ խաղի ժամանակ մրցավարը 2-3 որոշում կայացրեց, որոնց հետ ես համաձայն չէի ու հայհոյեցի նրան: Հայրս մտավ դաշտ, բռնեց վզիցս ու ասաց. «Եթե մեկ անգամ էլ քեզ այսպես պահես, երբեք ֆուտբոլ չես խաղա»՝ դուրս հանելով դաշտից: Ու այս ամենն իմ բոլոր խաղընկերների աչքի առջեւ: Ահավոր պահ էր: Նա ասաց .«Դու երբեք, երբեք նման տոնով չխոսես մրցավարների ու ցանկացած այլ մարդու հետ»: Այս դասը ես սերտեցի իմ ողջ կյանքի համար»:  

Լինեկերը դառնում է BBC-ի փորձագետ, ապա՝ հաղորդավար

Լուսանկարը` Getty Images


Հետո կայացավ նրա տրանսֆերը ֆուտբոլային դաշտից դեպի եթեր: Լինեկերը այնքան գրավիչ է նայվելիս եղել հեռուստաէկրաններին, որ 1990-ականների վերջերից նրան որպես ֆուտբոլային փորձագետ սկսում են հրավիրել BBC: Ապա նա շաբաթը երկու անգամ եթեր է դուրս գալիս BBC ռադիոյում:

«Նույնիսկ 20 տարեկանում գիտեի, որ ֆուտբոլից հեռանալուց հետո զբաղվելու եմ հեռուստալրագրությամբ: Ռադիոյում եթեր դուրս էի գալիս երեքշաբթի եւ կիրակի օրերին, դա նորը սովորելու ոչ հեշտ գործընթաց էր, բայց ուրախ եմ, որ կողքիս փորձված մարդիկ էին եւ ինձ միշտ օգնում էին»:

Չնայած դժվարություններին՝ Լինեկերը չի թողնում նոր մասնագիտությունն ու շարունակում է աշխատել, սովորել լրագրողներից եւ անընդհատ հարցեր տալ նրանց ճիշտ արտահայտվելու, գրագետ խոսելու եւ հարցազրույցներ վարելու մասին: Շուտով նա զուգահեռաբար նաեւ իր սյունակն է սկսում վարել  Daily Mail թերթում:

Որպես գոլֆի մեկնաբան նա առաջին անգամ դուրս է գալիս ուղիղ եթեր: 1999-ին բավական փորձ հավաքած Լինեկերին BBC-ում առաջարկում են վարել ամենահեղինակավոր սպորտային հաղորդումներից մեկը՝ Match of the day-ը: Այդ օրվանից մինչ հիմա նա MOTD-ի գլխավոր գործող անձն ու երկրպագուների սիրելին է:

Լուսանկարը` BT Sport


«Երբեք մտքովս չի էլ անցել, որ մարզիչ կդառնամ: Անշուշտ, ես սիրում եմ ֆուտբոլը, այն իմ կյանքում կարեւոր տեղ է զբաղեցնում, սակայն չեմ պատրաստվում շաբաթը վեց օր հետեւել ինչ-որ մեկի խաղին, որպեսզի իմանամ հրավիրե՞լ նրան իմ թիմ, թե ոչ: Հավատացնում եմ, որ հաղորդավարի կյանքն ինձ ավելի շատ է դուր գալիս»:

Match of the Day-ի հաղոդավարը միանգամից է սիրվել հեռուստադիտողների կողմից: Ցանկացած եթերից առաջ Լինեկերը դիտում է տեղի ունեցած հանդիպումները, անձամբ գրում է իր տեքստերը եւ պատրաստվում ուղիղ եթերին:

Կարիերայի ամենասկզբում յուրաքանչյուր եթերից հետո խմբագիրների հետ պարտադիր դիտել է իր հաղորդումը. «Ես նրանց ասում էի, որ խիստ լինեն ինձ հետ, որովհետեւ ցանկանում էի սովորել ու աճել: Սկսեցի հաճախել ձայնի մշակման մասնագետի մոտ, որն ինձ սովորեցրեց ճիշտ վարել եթերը եւ ճիշտ խոսել զրուցակցի հետ»:

Եթերում կիսամերկ հայտնված հաղորդավարը

Լուսանկարը` Getty Images


Լինեկերը հաջողության հասնելու համար կարեւոր նախապայման է տեսնում կարգապահությունը: Նա կարգապահ է ոչ միայն հաղորդմանը կամ հարցազրույցին պատրաստվելու ժամանակ, այլ նաեւ կյանքում:

Բացի BBC-ից աշխատել է նաեւ այլ հայտնի հեռուստաընկերություններում, բազմաթիվ առաջարկություններ է ունեցել ժամանցային հաղորդում վարելու համար, սակայն հրաժարվել է դրանցից:

«Ես դուրս եմ լինելու իմ հարմարավետության գոտուց, որովհետեւ ժամանցն իմը չէ: Կարծես ես՝ ես չեմ լինի: Սիրում եմ այն, ինչ անում եմ ու մտադիր չեմ ահագ լինել»:

Match of the Day-ի եթերներից մեկի ժամանակ Լինեկերը ասել էր, որ եթե իր սիրելի «Լեսթեր»-ը դառնա Անգլիայի չեմպիոն, ապա հաղորդումը կվարի միայն վարտիքով: Եւ ահա 2015-16 մրցաշրջանի ավարտին Պրեմիեր Լիգայի հաղթողը հենց «Լեսթեր»-ն էր ու հաղորդավարը տեր կանգնեց իր խոսքին՝ տաղավարում հայտնվելով ակումբի տարբերանշանով կարճ տաբատով. «Շատ տարօրինակ էր այդ կերպարով ներկայանալը: Շատերը դժգոհում էին, որ պետք է լինեի վարտիքով, սակայն ես խոստացել էի լինել ներքնազգեստով, իսկ տնային վարտիքները եւս ներքնազգեստ են համարվում: Ամեն դեպքում ինձ շատ անհարմար էի զգում»:



Լավագույն հաղորդավարներից մեկի կյանքը

Լինեկերը Անգլիայում ամենաբարձր վարձատրվող հաղորդավարների հնգյակում է, իսկ 2021-ին դարձել է BBC-ի ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը: Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ֆուտբոլային հաղորդման՝ Match of the Day-ի եւ ԵՎՐՈ-2020-ը մեկնաբանելու համար նա վաստակել է 1,36 մլն ֆունտ:

Լինեկերն ամուսնացել է երկու անգամ: Նրա առաջին ամուսնությունը տեւել է 20 տարի եւ կնոջ հետ ունի չորս տղա: 2009-ին Լինեկերն ամուսնացել է դերասանուհի եւ մոդել Դանիելե Բուքսի հետ: Մի քանի տարի անց նրանք բաժանվել են Լինեկերի պատճառով, որն այլեւս չի ցանկացել երեխաներ ունենալ:



«Ես երբեք իմ անձնական կյանքը չեմ հանրայնացնում: Կարծում եմ սխալ է քո երեխայի կամ հարսանիքի նկարները վաճառելը: Միգուցե այլ մարդիկ ուրիշ կարծիք ունեն, սակայն դա ինձ համար չէ»:

Այժմ 62-ամյա Լինեկերը միայնակ է ու խոստովանել է, որ այդպես իրեն ավելի լավ է զգում: Սիրում է ազատ ժամանակն անցկացնել որդիների հետ, զբոսնել իր շան հետ կամ պարզապես հանգստանալ. «Ընկերուհի ունենալու ոչ մի ցանկություն այս պահին չունեմ, միգուցե եսասիրություն է, բայց ինձ դուր է գալիս միայնակ լինելն ու ինքս ինձ համար ապրելը: Իհարկե, չեմ ասում, թե այլեւս ոչ մի կին չի կարող տեղ ունենալ իմ կյանքում, սակայն այժմ նման ցանկություն չունեմ»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին