8043 դիտում

Մեկ հաղորդագրությունից սկիզբ առած Սերխիո Ռամոսի ու Պիլար Ռուբիոյի սերը


Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Ռուբիոյի Ֆեյսբուքի էջից

Լուսանկարը` Ռուբիոյի Ֆեյսբուքի էջից

Լուսանկարը` Atresmedia

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Ռուբիոյի Ֆեյսբուքի էջից


Սերխիո Ռամոսն ու Պիլար Ռուբիոն Իսպանիայում ամենահայտնի զույգերից  են:

Նրանք երկուսն էլ անհատականություններ են ու իրենց գործի իսկական վարպետներ, ովքեր կարողացել են ստեղծել ամուր ընտանիք:

Mediamax Sport-ի այս հոդվածը նվիրում ենք հավաքականում եւ ակումբային ֆուտբոլում բոլոր տիտղոսները նվաճած Ռամոսի եւ հեռուստահաղորդավար, մոդել Ռուբիոյի սիրո պատմությանը:

Լուսանկարը` Ռուբիոյի Ֆեյսբուքի էջից


Պիլար Ռուբիոն երիտասարդ տարիքում սովորել է տնտեսագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հասկացել, որ այդ մասնագիտությունն իրենը չէ: Զուգահեռաբար սկսել է որպես մոդել նկարվել տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում: Գեղեցիկ արտաքինն ու կառուցվածքն ուշադրության են արժանացել, նրան հրավիրել են մասնակցել նաեւ հեռուստատեսային նախագծերի:

Հեռուստատեսություն մուտք գործելուց հետո կարճ ժամանակ անց Ռուբիոն որպես լրագրող ու հաղորդավար ընդգրկվել է տարբեր ծրագրերում: Աստիճանաբար նա հայտնի է դարձել ողջ Իսպանիայով ու իր հաղորդման շրջանակներում ընդունել ոչ պակաս հայտնի դեմքերի: Նշվում է, որ այդ դեմքերից մեկն էլ եղել է Սերխիո Ռամոսը:

Լուսանկարը` Ռուբիոյի Ֆեյսբուքի էջից


Սերխիոյի ու Պիլարի հանդիպման մասին լրատվամիջոցներում տարբեր վարկածներ են նշվում: Մեկի համաձայն էլ նրանք առաջին անգամ միմյանց տեսել են բարեգործական միջոցառման ժամանակ: Պիլարն ինքն է մոտեցել ֆուտբոլիստին ու խնդրել «Ռեալ»-ի մարզաշապիկ: Այդպես սկսել են մտերմություն անել:

Ռամոսն ինքը, սակայն, Esquire-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Պիլար Ռուբիոյի մասին երազել է դեռ 2008 թվականից, երբ ամառային հանգիստն անցկացնելիս է եղել Սեւիլիայում:

Լուսանկարը` Atresmedia


«Նա ինձ անհասանելի էր թվում ու մտածում էի. իմ կյանքում ամենավատ բանը տեղի կունենա այն ժամանակ, երբ նրան գրեմ ու հանկարծ չպատասխանի: Բայց նաեւ կարծում էի, որ փորձել է պետք՝ հետագայում չափսոսալու համար: Այդպես էլ արեցի: Գտա համարն ու նամակ գրեցի: Պիլարը պատասխանեց: Սկսեցինք խոսել իրար հետ, որից ծնվեց մեր սիրո պատմությունը: Մեր համատեղ կյանքի պատմությունը սկսվեց մեկ հաղորդագրությունից»,-պատմել է Ռամոսը:

Սկզբնական շրջանում Ռամոսն ու Ռուբիոն թաքցնում են հարաբերությունները, սակայն կարճ ժամանակ անց դրանց մասին հայտնի է դառնում: Սիրահար զույգին նկարում են ամենուր, մատնանշում նրանց տարիքային տարբերությունը՝ Պիլարը Սերխիոյից մեծ է ութ տարով: Ըստ մամուլի՝ Ռամոսն այդ ժամանակ շատ է խնդրել Պիլարին թողնել մոդելի աշխատանքը, սակայն վերջինս հրաժարվել է:

Դա է եղել պատճառը, որ նրանք որոշ ժամանակով բաժանվել են: Սակայն իսկական սերը կարողանում է հաղթահարել ամեն ինչ, սիրահարները կրկին միացել են՝ որոշելով շարունակել զբաղվել իրենց սիրելի աշխատանքներով:

Ռամոսն ու Ռուբիոն արդեն ավելի քան 10 տարի է միասին են, ամուսնացել են 2019-ին ու միասին մեծացնում են որդիներին՝ Սերխիո կրտսերին, Մարկոյին, Ալեխանդրոնին ու Մաքսիմոյին:

Լուսանկարը` PSG


«Ես ու Պիլարը բոլոր դժվար պահերը հաղթահարում ենք միասին: Իհարկե, մեր մասնագիտություններից ելնելով երկար ժամանակ բացակայում ենք տնից, սակայն սա միջոց է մեր երեխաներին սովորեցնելու, որ կյանքում ոչինչ հեշտ չի լինում, իրենք էլ պետք է լավ կրթություն ստանան ու ձգտեն իրենց ծնողների պես լինել: Պիլարի հետ որպես զույգ շատ հրաշալի օրեր ենք անցկացրել ու վայելել ամեն պահը, բայց հետագայում, երբ երեխաներ ունեցանք, նաեւ հիանալի թիմ դարձանք: Սա կարեւոր է ընտանիքն ամուր պահելու համար: Պիլարի ու տղաներիս հետ անցկացրած ժամանակն իմ կյանքի ամենաերջանիկ պահն է»,-ասել է Ռամոսը:

Պիլարն ամենեւին էլ ամուսնու ստվերում մնացող կին չէ: Նա այսօր շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել եւ ապացուցել, որ հնարավոր է չորս երեխայի մայր լինել ու նաեւ հաջող կարիերա ունենալ:

«Երբեմն մտածում եմ, Աստված իմ, չորս երեխա ունեմ: Լինում են օրեր, երբ ահավոր շատ եմ հոգնում, գիշերները չեմ քնում, սակայն այն երջանկությունը, որն ունեմ տղաներիս հետ անցկացրած րոպեներից, մոռացնել է տալիս ամեն ինչ: Մեր երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում: Գնում են դպրոց իրենց ընկերների հետ, տարբեր զբաղմունքներ ունեն ու այդքան էլ շատ չեն ֆուտբոլ խաղում»,-ասել է Պիլարը:

Լուսանկարը` FIFA


Նա նաեւ ընդգծել է, որ տղաներին դաստիարակում են լինել աշխատասեր եւ ամեն ինչին հասնել սեփական ուժերով, ինչպես ինքն ու ամուսինն են արել.

«Եւ ես, եւ նրանց հայրը ամենասովորական ընտանիքներից ենք, երկուսս էլ ինչ-որ բանի հասել ենք մեր աշխատասիրության շնորհիվ: Երբ փոքր էի, հայրիկս ասում էր, որ պետք է մեր խանութի ապակիները լվանամ, եւ ես դա անում էի մեծ պատասխանատվությամբ»:

Պիլարն ասել է նաեւ, որ Սերխիոն շատ է սիրում երեխաներին, նրանց հետ խաղում է ու անընդհատ նոր բաներ սովորեցնում:

Լուսանկարը` Marca


«Հայր լինելը սիրո մեծագույն զգացողությունն է, որը կարող եք ունենալ ինչ-որ մեկի նկատմամբ: Երեխան կարող է քեզ ստիպել ծիծաղել, երբ ուրիշ ոչ-ոք նման բանի հասնել չի կարող: Դա ամենալավ բանն է, ինչ կարող է տեղի ունենալ մարդու կյանքում»,-հայր լինելու մասին այսպես է արտահայտվել Ռամոսը:

Նա ու կինը շատ ակտիվ կյանք են վարում, մասնակցում են տարբեր միջոցառումների, իսկ հանգիստը կազմակերպում ամենահետաքրքիր ձեւերով: Ռամոսը սիրում է ֆլամենկո պարել, կիթառ նվագել ու երգել ընկերների հետ: Նա հաճախ է նաեւ անակնկալներ մատուցում կնոջը, ինչպես այս տեսահոլովակում, երբ հաղորդման ժամանակ սկսել է երգել նրա համար:



«Արվեստն ինձ օգնում է անընդհատ սովորել, այն ինձ հարստացնում է, արվեստի մեջ խորասուզվելուց հետո ինձ հիասքանչ եմ զգում: Դա մի աշխարհ է, որը բացահայտեցի Պիլարի շնորհիվ: Նրա հետ առաջին անգամ այցելեցի թանգարան ու հետո դա դարձավ մեր սիրելի զբաղմունքը: Սիրում եմ ճանապարհորդելու ժամանակ լինել թանգարաններում, հանդիպել տարբեր արվեստագետների հետ ու զրուցել նրանց գործերի մասին»,-ասել է Սերխիոն:

Լուսանկարը` Ռուբիոյի Ֆեյսբուքի էջից


Նա ընդգծել է, որ իրենք հետեւում են նաեւ նորաձեւությանը: Երկուսն էլ սիրում են տարբերվել, դրա համար իրենց հագնվելու ձեւն էլ առանձնահատուկ է. «Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդիկ այս կամ այն հագուստի հետ կապված կատակներ են գրում սոցցանցերում, բայց մենք սիրում ենք ռիսկի դիմել եւ կրել այն, ինչ հավանում ենք»:

«Մենք կարողանում ենք համադրել աշխատանքն ու ընտանիքը, այնպես անել, որ մեկի պատճառով մյուսը չտուժի: Իրար օգնելով եւ աջակցելով էլ մեծացնում ենք մեր տղաներին՝ տալով նրանց մեր ողջ սերը»,-այսպես է բնորոշել իրենց սիրո երկարակեցությունը Պիլար Ռուբիոն:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին