2523 դիտում

Նաոմի Օսակայի սպորտային անհաջող 2022-ը, ձեռքբերումներն ու հղիությունը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` WTA

Լուսանկարը` Just Jared

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` WTA

Լուսանկարը` Just Jared

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ


Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկից շաբաթներ առաջ արդեն պարզ էր, որ Նաոմի Օսկան մրցաշարը բաց է թողնելու, քանի որ չի մարզվում: Թենիսիստուհին պարզաբանեց իրական պատճառը՝ նա եւ ռեփեր Cordae-ն փոքրիկի են սպասում:

«Վերջին մի քանի տարին, մեղմ ասած, հետաքրքիր էին, բայց ինձ թվում է, որ կյանքում ամենաբարդ բաները միաժամանակ եւ ամենաուրախն են: Առանց թենիսի այս մի քանի ամիսներն ինձ օգնեցին նորից հասկանալ, թե որքան եմ սիրում ու գնահատում սպորտը, որին ամբողջ կյանքս եմ նվիրել:

Հասկանում եմ, որ կյանքը կարճ է ու ամեն օրը նվեր է եւ յուրահատուկ ճանապարհորդություն: Գիտեմ, որ առջեւում ինձ շատ բաներ են սպասվում, բայց անհամբեր եմ, թե երբ է երեխաս հետեւելու խաղերիս ու ասելու. «Իմ մայրիկն է»: 2023-ին շատ բան պետք է սովորեմ ու հույս ունեմ բոլորիդ տեսնել հաջորդ մրցաշրջանի մեկնարկում, քանի որ հաստատ 2024-ին խաղալու եմ Ավստրալիայում: Անսահման բոլորիդ սիրում եմ:



Հ.Գ. Չեմ կարծում, որ կյանքում իդեալական ուղի կա, բայց միշտ մտածել եմ, որ եթե լավ մտադրությամբ ես առաջ գնում, ժամանակի ընթացքում միեւնույն է դուրս կգաս ճիշտ ճանապարհի վրա»,- գրել է նա:

25-ամյա Օսական իր հասակակից ռեփերի հետ հանդիպում է 2019 թվականից:

Վառ զույգը

Հեռանկարային թենիսիստուհու, Մեծ Սաղավարտի մրցումների հաղթող Օսակայի ու իր սերնդի տաղանդավոր ռեփեր, Գրեմմիի առաջադրված Cordae-ի միությունը մշտապես ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում է եղել: Նրանք երիտասարդ են, էներգիայով լի ու բավական ազատ:

Օսական ամենաբարձր վարձատրվող մարզուհիներից մեկն է Nike, Beats by Dre и Louis Vuitton-ի հետ կնքած հովանավորչական պայմանագրերի շնորհիվ: Cordae-ն էլ մեծ քայլերով է առաջ գնում ու հիփ-հոփի ապագա խոշոր դեմքերից մեկն է համարվում:

Չնայած հագեցած գրաֆիկին ու զբաղվածությանը՝ նրանք փորձում են ժամանակ գտնել նաեւ միասին լինելու համար: Երգիչը հաճախակի էր տրիբունաներում հետեւում Օսակայի խաղերին ու ոգեշնչող վանկարկումներ անում: Զույգին հատկապես միավորել ու մտերմացրել է 2020-ի համավարակը, որը նրանք միասին են հաղթահարել եւ GQ-ին 2021-ին տված հարցազրույցում բացահայտումներ արել միմյանց մասին:

Լուսանկարը` GQ


Նրանք միջոցառման ընթացքում են ծանոթացել ու փոխանակվել համարներով: Որոշ ժամանակ անց վերջապես կարողացել են պայմանավորվել ու գնալ «Քլիփերս»-ի մասնակցությամբ բասկետբոլային հանդիպումը դիտելու:

«Արենայում այնքան մարդ կար, որ միմյանց գտնելու համար զանգահարեցինք FaceTime-ով: Հիշում եմ առաջին բանը, որ նկատեցի նրա հետ կապված այն էր, թե որքան մարդ էր ցանկանում հետը լուսանկարվել: Դուրս եկավ, թե որքան սիրալիր ու ընկերական էր բոլորի հետ»,- պատմել է Օսական:

Ռեփերն էլ սկզբում անգամ չի իմացել, որ Նաոմին թենիսիստուհի է, քանի որ այդ մարզաձեւին ընդհանրապես հետեւելիս չի եղել եւ ճանաչել է միայն Սերենա եւ Վենուս Ուիլյամսներին:

«Համարյա մեկ տարի հանդիպելուց հետո են մարդիկ մեր մասին իմացել: Բավական փակ կյանք ենք վարել: Միասին անցկացրած պահերից քիչ հրապարակումներ ենք անում, քանի որ դրանք խիստ անձնական են: Հարաբերություններն իսկապես սուրբ են: Երբ թույլ ենք տալիս արտաքին հանգամանքներին խառնվել դրանց, ամեն ինչ փոխվում է»,- պատմել է Cordae-ն:

Լուսանկարը` Getty Images


Օսական էլ խոստովանել է, որ նա բավական ռոմանտիկ տղա է ու սիրում է անակնկալներ մատուցել, իսկ կարեւորը թենիսիստուհու համար այն է, որ ծանր խաղերից ու պարտություններից հետո միշտ աջակցում է իրեն:

Բարդ տարին

2022-ը բավական անհաջող է դասավորվել Օսակայի համար: Նա 2021-ի տարեսկզբին 23 տարեկանում Ավստրալիայում հաղթել է իր 4-րդ մեծ Սաղավարտը ու դրանից հետո որոշակի անկում գրանցել կարիերայում:

2022-ի ամենանշանակալից իրադարձություններից մեկը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը վառելն է եղել, սակայն հենց մրցաշարին անհաջող է մասնակցել ու չի կարողացել խաղերից հաճույք ստանալ:

Մնացած մեծ նախագծերը կապված են եղել Louis Vuitton-ի հետ, որի դեմքն է դարձել, Netflix-ով նրա մասին փաստագրական ֆիլմ է ներկայացվել, նորամուտն է նշել Met Gala-ում: Սակայն կորտում գործերն այնքան էլ լավ չեն ընթացել: Miami Open-ը տարվա միակ մրցաշարն էր, որտեղ նրան հաջողվեց 2-ից ավել հաղթանակներ տանել, արդյունքում դասակարգման աղյուսակում նահանջեց 47-րդ հորիզոնական:

Լուսանկարը` WTA


2018-ից հետո առաջին անգամ Օսական ոչ մի Սաղավարտի տիրանալ չկարողացավ եւ որոշեց մարզիչ Վիմ Ֆիսեթից հեռանալ ու աշխատել հոր հետ, փոխեց նաեւ երկու ֆիզիոթերապեւտներին:

Գարնանն Ինդիան Ուելսի մրցումների ժամանակ Օսական պարզապես հանդիսականների աչքի առաջ տապալվեց: Տրիբունաներից ինչ-որ մեկը գոռաց. «Նաոմի, դու թույլ ես»: Թենիսիստուհին մրցավարից պահանջեց նրան հեռացնել տրիբունաներից, սակայն մերժում ստացավ: Քիչ անց չկարողանալով զսպել արցունքները՝ բարձրախոսով անձամբ դիմեց այդ կնոջը:

Միջադեպից հետո Օսական սկսեց կանոնավոր կերպով աշխատել հոգեբանի հետ: Դեռ մրցաշրջանը փրկել կարող էր, սակայն Եվրոպայում վնասվածք ստացավ, Ռոլան Գարոսի առաջին շրջանում զիջեց ու Ուիմբլդոն էլ չմեկնեց: Դրանից հետո ընդամենը 7 անգամ է դուրս եկել կորտ ու հաղթել միայն 2 անգամ:

Անհաջողությունից հետո խոստովանել է, որ գոհ է այդ տարվանից, քանի որ շատ բան է սովորել, թեեւ պարտությունների հաշվին թանկ գին է վճարել:

Լուսանկարը` Just Jared


Փոխարենը 2022-ն աննախադեպ է եղել բիզնեսի առումով: Որոշել է թողարկել սեփական բրենդը, առանձին հավաքածուներ է ունեցել Nike-ի, Levi’s-ի, Beats ականջակալների, Tag Heuer ժամացույցների, Sweetgreen սալաթների հետ, դարձել Fortnite ու Louis Vuitton-ի դեմքը: Նրա Kinló մաշկի խնամքի արտադրանքը սկսել է վաճառվել ԱՄՆ-ի ամենամեծ առեւտրի կենտրոն համարվող Wallmart-ում:



Տարեվերջին Օսական թողարկել է մանկական գիրք ու Նիկ Կիրիոսի հետ ներդրում կատարել բիքլբոլի Miami Pickleball ակումբում: Սկսել է համագործակցել Victoria’s Secret բրենդի հետ:

Սակայն փորձը ցույց տվեց, որ սպորտում հաջողությունների հասնելու համար պետք է կարողանալ կենտրոնացած լինել ու մարզումներին շատ ժամանակ հատկացնել: Օսական իր տրամադրության տակ մեկ տարի ունի, սակայն երեխայի ծնունդից հետո դժվար է ասել կկարողանա հաջող կորտ վերադառնալ, նույնը չստացվեց Սերենա Ուիլյամսի հետ: Սակայն նա, ի տարբերություն Օսակայի, իր երկարատեւ կարիերայի ամենավառ պահերն արդեն ապրել էր ու այդ ժամանակ համարյա 40 տարեկան էր:

Հիմա Օսական հղիության ընթացքն է վայելում, հաճախակի զբոսնում քաղաքում ու զբաղվում տարբեր նախագծերով, թենիսը դեռ նրա կյանքում հետին պլանում է: Եթե հավատանք մարզուհուն, 2024-ի Ավստրալիայի բաց առաջնությունում նրան անպայման տեսնելու ենք, իսկ դա արդեն ժամանակը ցույց կտա:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին