Վերջապես Հենրիխ Մխիթարյանի կարիերայում գտնվեց մարզիչ, որի հետ նա շատ հեշտությամբ ընդհանուր լեզու գտավ, հայտնվեց թիմի հիմնական կազմում ու շարունակում է հաճույք ստանալ ֆուտբոլից:
Խոսքն, իհարկե, «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին է, որին էլ Մխիթարյանի շնորհիվ բացահայտելու ենք:
Ֆուտբոլով տարվելը
Սիմոնե Ինձագին ծնվել է 1976 թվականի ապրիլի 5-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Պյաչենցեում, իսկ մեծացել է Սան Նիկոլո գյուղում: Ավագ եղբայրը՝ Ֆիլիպպոն կամ Պիպպոն, նրանից մեծ է 3 տարով:
Մանուկ տարիքից միշտ ձգտել է նմանվել եղբորը, դրա համար էլ նրա պես ֆուտբոլ է սկսել խաղալ: Տղաների հայրը՝ Ջանկարլոն էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել: Ամենաբարդը սակայն մայրիկի`Մարինայի համար էր, ստիպված էր լինում միանգամից 3 խաղացողի դիմանալ, որոնք մշտապես խնամքի ու հոգատարության կարիք ունեին: Նա դեմ չէր, որ որդիները հետաքրքրվեն ֆուտբոլով, բայց հոգու խորքում ցանկանում էր, որ հետագայում բժիշկներ դառնան, բայց այդ երազանքը չիրականացողների շարքից էր:

Լուսանկարը` tumgik.com
Ֆիլիպպոն շատ էր սիրում գոլեր խփել, նրան հաճախ էին բակի տղաները կանչում ֆուտբոլ խաղալու ու ցանկանում, որ իրենց թիմում ընդգրկվի: Մայրը թույլ էր տալիս խաղալու գնալ միայն մի պայմանով՝ «Եթե Սիմոնեին էլ հետդ տանես»:
Սիմոնեն մանկուց տարվեց ֆուտբոլով ու հասակակիցների շրջանում աչքի էր ընկնում իր առաջատար որակներով: Շատ ուշադիր էր խաղային մանրուքների նկատմամբ, դա էլ նրան թույլ տվեց կարիերան սկսել վաղ տարիքից: Միանգամից ստացավ Պիպպոյի եղբայր մականունը, եղբոր հաջողությունները Սիմոնեի կարիերայի առանցքային կետն են համարվում՝ յուրահատուկ խթան, որ ավելի շատ մարզվի ու աշխատի:
Ինձագիի ակումբները
Առաջին քայլերը սկսել է կատարել տեղի «Պյաչենցա» ակումբում եւ մինչեւ 1994 թավականն ընդգրկվել երիտասարդական թիմում, ապա վարձավճարով հանդես եկել 4 ակումբներում՝ փորձելով լրացնել խաղային փորձը: Իր առաջին «Կարպի» ակումբում չկարողացավ ցույց տալ, թե ինչի է ընդունակ: 9 հանդիպում անցկացրեց ու տեղափոխվեց «Նովարա», որտեղ իրավիճակը մի քիչ շտկեց՝ 23 խաղում դառնալով 4 գոլի հեղինակ: Կարիերայում հաջորդ քայլը «Լումեցանե» տեղափոխվելն էր, որտեղ նույնքան խաղ ունեցավ բայց ավելի շատ՝ 6 գոլ գրանցեց: Վերջին վարձավճարով ակումբը «Բրեշելո»-ն էր: 21 հանդիպումից ու 10 գոլից հետո Ինձագին որոշեց վերադառնալ տուն, որպեսզի 1998-1999 մրցաշրջանում ներկայացնի հարազատ ակումբը:

Լուսանկարը` SportMob
Հաջողությունն այդ շրջանում նրա ուղեկիցն էր՝ 30 խաղում 15 գոլ գրանցեց իր հաշվին ու հրավեր ստացավ խաղալ «Լացիո»-ում, որի հետ նոր պայմանագիր կնքեց: Այդ ակումբում նա մնաց 10 տարի, 2 անգամ էլ վարձավճարով տրվեց «Սամպդորիա»-ին ու «Ատալանտա»-ին: Իտաիայի հավաքականի կազմում, ի տարբերություն եղբոր, ընդամենը 3 անգամ է հանդես եկել, բայց մրցակիցների դարպասը չի կարողացել գրավել: Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2010 թվականին:
Մարզչական գործը
Դրանից անմիջապես հետո Ինձագիի կյանքում նոր փուլ սկսվեց՝ 4 տարով դարձավ ուսանողական թիմի մարզիչ, ապա գլխավորեց «Լացիո»-ի երիտասարդական թիմը: Նրա գլխավորությամբ 35 տարվա մեջ առաջին անգամ հաղթեցին Պրիմավերայի Գավաթն ու Սուպերգավաթը: 2016-ին դարձավ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարը, իսկ հետո հիմնական հիմունքներով պայմանագիր կնքեց:
Աշխատանքային առաջին տարիներին նա աստիճանաբար ձեւավորում ու մշակում էր իր մարզչական ոճը՝ գլխավոր հաղթաթուղթը տակտիկան է, փոփոխությունները, որ կարողանում է կատարել հանդիպման ընթացքում, հաճախ են հաղթանակ ապահովել: Բացի այդ Ինձագիի սաները կարողանում են լսել ու կատարել մարզչի առաջադրանքները, դա եւս նրա որակների մասին է խոսում: Տակտիկական ճկունությունն ու գրագետ կերպով փոփոխություններ կատարելը թույլ տվեցին Ինձագիին հմուտ մարզիչ դառնալ:

Լուսանկարը` FC Lazio
Նրա ավագ եղբայրը կարիերայի ավարտից հետո եւս մարզիչ է աշխատում: Կյանքի այս փուլում Սիմոնեն արդեն վերջապես ինքն է գերազանցում եղբորն ու դուրս է եկել նրա ստվերից:
Եղբայրները
Ֆիլիպպոն որպես ֆուտբոլիստ ավելի մեծ նվաճումների է հասել, քան եղբայրը: Երբ 1997-ին տեղափոխվեց «Յուվենթուս», Սիմոնեն դեռ Իտալիայի 3-րդ դիվիզիոնում էր խաղում: Նա «Յուվենթուս»-ի ու «Միլան»-ի հետ տիրացել է բոլոր հնարավոր տիտղոսներին՝ այդ թվում 2 անգամ հաղթել ՉԼ-ում, 41 գոլով դարձել եվրագավաթներում միլանյան ակումբի լավագույն ռմբարկու, ինչպես նաեւ 2006-ին Իտալիային օգնել Աշխարհի չեմպիոն հռչակվել:
Սիմոնեն հայտնի է դարձել «Լացիո»-ում, որի հետ Իտալիայի չեմպիոն է դարձել, Գավաթակիր եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր: Երբ երկուսն էլ կարիերայի ավարտից հետո մարզչական գործի անցան, մասնագետները Ֆիլիպպոյից ավելի մեծ ակնկալիքներ ունեին, սակայն լրիվ հակառակը ստացվեց: Ֆիլիպպո Ինձագին նշանակվեց Միլան»-ի գլխավոր մարզիչ, սակայն շատ անհաջող արդյունք գրանցեց՝ թիմն ընդամենը 10-րդն էր Իտալիայի առաջնությունում:

Լուսանկարը` FC Lazio
«Ուզում ենք մեր գիտելիքները փոխանցել հաջորդ սերունդներին: Մերօրյա երիտասարդները դաստիարակության կարիք ունեն, նրանք մարզիչներին այնպես չեն հարգում, ինչպես մենք էինք անում ժամանակին»,- իր ու եղբոր աշխատանքի մասին ասել է Ֆիլիպպոն:
Եղբայրները միշտ մտերիմ են եղել ու աջակցել իրար անհրաժեշտության դեպքում, նրանք միմյանց հետ որպես ֆուտբոլիստներ էլ են պայքարել տիտղոսների համար, հետագայում նրանց թիմերն են խաղադաշտում հանդիպել: «Ամեն դեպքում, եթե նրանից մեկը պարտվի, մյուսը իրեն կմխիթարի նրանով, որ հաղթեց եղբայրը»,- մի անգամ ասել է նրանց հայրը՝ Ջանկարլոն:
Ամեն մեկն իր ճանապարհն ունի, ոմանք միանգամից են մեծ թիմում հայտնվում, իսկ մենք Պիպպոյի հետ քայլ առ քայլ ենք հասել դրան՝ սկսելով ամենաներքեւից: Նա ինձ համար միշտ է օրինակ եղել, տեսնում էի նվաճումներն ու ցանկանում ինքս էլ որեւէ բանի հասնել: Միասին նաեւ հավաքականում հանդես եկանք ու իրականացրինք մեր երազանքը»,- սրանք էլ Սիմոնեի խոսքերն են:

Լուսանկարը` UEFA
«Ինտեր»-ը
«Լացիո»-ից Ինձագին որոշեց հեռանալ 2021-ին, թեեւ ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր առաջարկեց ու խոստացավ աշխատավարձը հասցնել 2,4 մլն եվրոյի: Միլանյան «Ինտեր»-ը կրկնակի բարձր աշխատավարձ ապահովեց ու հունիսի 3-ին պաշտոանպես հայտարարվեց, որ ակումբը գլխավորելու է Ինձագին: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 2 տարով:
Ակումբում անցկացրած առաջին տարում Ինձագին հաղթեց Իտալիայի Սուպերգավաթն ու Գավաթը՝ երկու դեպքում էլ գերազանցելով «Յուվենթուս»-ին: Ա Սերիան «Ինտեր»-ն ավարտեց 2-րդ տեղում ու 84 գոլով դարձավ ամենահարձակողական թիմը: ՉԼ-ում էլ թիմը հասավ 1/8 եզրափակիչ, բայց զիջեց «Լիվերպուլ»-ին:
Այս տարի մարզիչը շարունակում է ուրախացնել միլանյան ակումբի երկրպագուներին: Առաջնությունում թիմը նորից 2-րդն է, հասել է ՉԼ-ի 1/8 ու Իտալիայի Գավաթի՝ 1/4 եզրափակիչ ու տիրացել Իտալիայի Սուպերգավաթին:

Լուսանկարը` Reuters
«Այս մրցաշրջանում մեր առաջին նպատակն էր դուրս գալ ՉԼ-ի փլեյ-օֆֆ, իսկ երկրորդը՝ տիրանալ այս մրցանակին, որպես մարզիչ ուրախ եմ այդ ամենն իրականացած տեսնելու համար: Պետք է վայելենք այս ամենը, քանի որ հաղթանակը «Միլան»-ի դեմ պարզապես հիանալի էր: Ուրախալի է նման ուժեղ մրցակցի նկատմամբ տարած հաղթանակով տիտղոս նվաճել: Տղաներով շատ եմ հպարտանում, անհավանական նվաճումների ենք հասել ու հետագայում էլ կաշխատենք այդպես շարունակել»,- նվաճումից հետո ասել է նա:
Մխիթարյանն ու Ինձագին
Հայ կիսապաշտպանը «Ինտեր» տեղափոխվեց 2022-ի հունիսին ու միանգամից լավ ընդունելության արժանացավ թիմակիցների եւ մարզչի կողմից: Իր ողջույնի խոսքում Ինձագին շատ գովասանքներ հնչեցրեց Մխիթարյանի հասցեին ու հիշեց նրա դեմ անցկացրած հանդիպումները.
«Միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագու: Նա կարողանում էր մեր դեմ մրցելիս դժվարություններ ստեղծել իմ թիմի համար»:
«Ինտեր»-ի դեմ խաղերում Մխիթարյանին հաջողվել է 3 գոլ խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել: «Ես էլ չգիտեմ, թե ինչպես էր ինձ հաջողվում «Ինտեր»-ի դեմ լավ հանդես գալ: Բայց հիմա անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ակումբի կազմում գոլեր խփելու»,- խոստովանել Մխիթարյանն ու հետագայում չհիասթափեցրեց մարզչին:

Լուսանկարը` FC Inter
Նա աչքի ընկավ արդյունավետ խաղով, գոլերով ու փոխանցումներով եւ տիրացավ իր 5-րդ Սուպերգավաթին, ինչպես նաեւ 1856 օր անց նորից գոլ խփեց Չեմպիոնների Լիգայում:
Ընտանիքը
Սիմոնե Ինձագին պաշտոնապես ամուսնացած է 2018 թվականից: Նրա կինը՝ Գայա Լուկարիելոն, ակտիվ է սոցկայքերում ու հաճախ է ընտանեկան նկարներ հրապարակում: Կինը ցույց է տվել, թե ինչպես են միասին տոնում Սուպերգավաթում տարած հաղթանակը:
Ինձագին 3 երեխա ունի՝ Տոմազոն ծնվել է դերասանուհի եւ հաղորդավար Ալեսիա Մարկուզոյի հետ ամուսնությունից, բաժանվել են 2004-ին: Տղան արդեն 22 տարեկան է: Գայայի հետ ծանոթացել են 2012 թվականին ու արագ սիրել միմյանց: 2013-ին ծնվել է նրանց որդի Լորենցոն, մի քանի տարվա համատեղ կյանքից հետո շքեղ հարսանիք են կազմակերպել: Մյուս որդին՝ Անդրեան, ծնվել է 2020-ին:
Գայան բլոգեր է ու համացանցում մեծ քանակությամբ հետեւորդներ ունի, թեեւ ամուսնու չափ՝ 5-6 մլն եկամուտ չունի, բայց ինքն էլ մեծ գումարներ է վաստակում հրապարակումների շնորհիվ:
Փիլիսոփայությունը
«Գիտեմ, որ չափազանց էմոցիոնալ եմ ինձ պահում որպես մարզիչ ու հաճախ անցնում թույլատրելիի սահմանը:
Հաջողության թող միշտ ձգտեն միայն նրանք, ովքեր նպատակ չունեն:
Իմ կարիերայի սկզբում միայն ցածր լիգաներում եմ աշխատել ու գիտեմ, թե որքան դժվար է այնտեղ հասնել արդյունքի:
Երեք որդի ունեմ ու գիտեմ ինչպես ինձ պահել երեխաների հետ: Նրանք ինձ վստահում են ու կիսվում գաղտնիքներով: Երբ Ալլեվիի մրցաշարում (հանդես են գալիս մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստները) ավտովթարից մի տղա մահացավ, ամենածանր շրջանն էր, մարզչից բացի նաեւ հոգեբան դարձա:

Լուսանկարը` FC Lazio
Որպես իմ կարիերայի ամենավառ պահ կհիշեմ, իհարկե, չեմպիոնությունն ու ՉԼ-ում «Միլան»-ի դեմ մեկ խաղում խփածս 4 գոլը: Իտալացիներից ոչ մեկի նման բան չէր հաջողվել:
Շատ մարզիչներից եմ սովորել, բայց առաջին հերթին Ջուզեպպե Մատերազցիից, Սվեն-Գորան Էրիքսենից ու Ռոբերտո Մանչինիից: Ռոբերտոն հաճախ էր նեղանում ինձնից, մարզումների ժամանակ հաճախ էինք խաղում դատարկ դարպասներով ու պահանջում էր, որ միշտ գոլ խփենք: Հիմա ինքս էլ հաճախ եմ կիրառում այդ մեթոդը:
Ամեն մարզիչ իր մտքերն ունի, բայց պետք չի դրանից չափազանց շատ կառչել: Իմ խնդիրն է խաղացողների համար ստեղծել հնարավորություններ, որ իրենից առավելագույնը քաղեն»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: