Ապրիլ 26, 2024
3726 դիտում

Սենեգալին 20 տարի անց ուրախություն պարգեւած Սնուպ Դոգի նմանակ մարզիչ Ալիու Սիսսեն


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` afriquesports.com

Լուսանկարը` GettyImages

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` 24hoursworlds.com

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` panafricanvisions.com

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` The New York Times

Լուսանկարը` kingfut.com

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Սենեգալի ֆուտբոլի հավաքականն Աշխարհի առաջնության A խմբում ընդամենը 1 միավոր պակաս հավաքեց Նիդերլանդների ընտրանուց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Անգլիայի ընտրանուն:

Սենեգալի ընտրանու հանդիպումներին հետեւած երկրպագուները չէին կարող չնկատել թիմի մարզիչ Ալիու Սիսսեի տարբերվող աֆրիկյան սանրվածքը: Հենց այդ մարզիչն է դարձել Մունդիալի առաջին հատվածի մեմերի գլխավոր հերոսներից մեկը: Նա իր վրա ուշադրություն է սեւեռել գոլը ոչ անսովոր կերպով տոնելուց հետո:



Երկրպագուներից մեկն այսպիսի զարմացած գրառում է կատարել. «Ինչո՞ւ է Սնուպ Դոգը մարզում Սենեգալի հավաքականը»:

Այդ թվիթը համացանցում այնպես է տարածվել, որ հասել է անձամբ ռեփերին, նա կիսվել է գրառմամբ ու հրապարակել այն ֆուտբոլային գնդակի էմոջիով:

Լուսանկարը` afriquesports.com


Սիսսեն ամենախիստ մարզիչներից մեկն է, որին ֆուտբոլիստներն անգամ թաքուն բռնապետ են անվանում: Սակայն Սենեգալում նրան սիրում են, քանի որ թույլ ընտրանուց կարգապահ ու մարտունակ թիմ է ստացել, որն ի վիճակի եղավ նախ տարվա սկզբին նվաճել Աֆրիկայի գավաթը, ապա Կատարում հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Ուղիղ 20 տարի է անցել, երբ Սենեգալի ընտրանին, որտեղ հանդես էր գալիս Սիսսեն, կարողացել էր նույնպես անցնել խմբային փուլը: Այն ժամանակ 2002 թվականի առաջնության առաջին խաղում Սենեգալը 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել  Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ:

Մինչ այդ Սենեգալի ընտրանին ֆուտբոլում իրենից առանձնապես ոչինչ չէր ներկայացնում, բայց ԱԱ-2002-ից հետո սիրվեց երկրպագուների կողմից ու դարձավ աֆրիկյան 2-րդ ընտրանին Կամերունից հետո, որը հասավ քառորդ փուլ:

Լուսանկարը` GettyImages


Սիսսեն այդ ընտրանու ավագն էր, թեեւ ֆուտբոլային տեսանկյունից 2002-ը նրա կյանքում առանձնահատուկ էր, բայց քչերը գիտեն, թե ինչքան ծանր էր անձնական առումով: Նրա հարազատներից 11-ը մահացել էին երկրի պատմության ամենախոշոր նավաբեկությունում: Սեպտեմբերի 26-ին Le Loola նավը խորտակվեց, պաշտոնական տվյալներով մահացավ 1863 մարդ, ոչ պաշտոնականով՝ 2000: Դա խաղաղ ժամանակներում տեղի ունեցած ամենամեծ նավաբեկությունն է «Տիտանիկ»-ից հետո, փրկվեց ընդամենը 64 մարդ:

«Ծնողներս ինձ միանգամից չէին ասել այդ մասին, քանի որ կարեւոր խաղի էի պատրաստվում, բայց նման դեպքերում ֆուտբոլը ոչ մի նշանակություն չունի: Ողբերգության մասին Անգլիայում ընկերոջիցս իմացա ու խուճապի մեջ ընկա: Հեշտ չէր միանգամից զանգ կատարել Սենգեալ, հետո իմացա, որ բարեկամներս էլ այդ նավի վրա էին եղել: Չեմ կարող հաշվել, թե ինքս քանի անգամ եմ այդ նավով հասել տուն, ինքս էլ կարող էի զոհերի թվում լինել»:

Պետությունն այդպես էլ չգտավ մեղավորներին ու նավը ջրի հատակից դուրս չբերեցին: Սիսսեն 20 տարի անց էլ խոսել է այդ ողբերգությունից ու շատ ընտանիքների խոսնակը դարձել, որոնք ցանկանում են իմանալ իրենց հարազատների մահվան իրական պատճառը:

Լուսանկարը` FIFA


Ինչպես 20 տարի առաջ, հիմա էլ Սիսսեն աստղ է համարվում, 4 տարի առաջ էլ Ռուսաստանում կայացած ԱԱ-ում էր նրա թիմը մոտ խումբը հաղթահարելուն, բայց տուժեցին դեղին քարտերի պատճառով՝ առաջինները զգացին այդ կանոնի հետեւանքները:

«Մենք դուրս չեկանք փլեյ-օֆֆ, բայց հպարտանում եմ իմ թիմով: Ուզում էինք շարունակել պայքարը, բայց եթե դուրս մնալ, ապա միայն դեղին քարտերի պատճառով: Այդպիսին են ՖԻՖԱ-ի կանոններն ու մենք դրանք հարգում ենք»,- ասել էր նա:

Մարզիչը երբեք դեմ չի գնում սահմանված սկզբունքներին, քանի որ ինքն էլ սիրում է, երբ դրանց խստագույնս հետեւում են: Սենեգալում նա հենց կանոնների ու կարգապահության արդյունքում է կարողացել թիմ կառուցել:

Սիսսեն Սենեգալի ֆուտբոլի լեգենդներից է համարվում, իսկ հիմա ամենակարեւոր դեմքն է, հանդես է եկել «Լիլ»-ում ու ՊՍԺ-ում, 2002-ին եղել Սենեգալի ընտրանու ավագը, հավաքականի հետ հասել Մունդիալի քառորդ եզրափակիչ:

Լուսանկարը` FIFA


20 տարի անց նա արդեն մարզչի կարգավիճակում է հաջողություններ գրանցում ու կարող է դեռ նոր անակնկալներ մատուցել Կատարում:  

«Եթե հավաքականը պարտվում է, ոչ քնել եմ կարողանում, ոչ էլ՝ ուտել: Նման պահերին կյանքս լրիվ անտանելի է դառնում: Սարսափելի չեմ սիրում զիջել»,- խոստովանել է նա:

Բայց որպես մարզիչ Սիսսեի գլխավոր ուժը բնավ էլ խաղացողներին մոտիվացնելը չէ, թեեւ 2018-ին ֆուտբոլիստների առաջ ելույթ ունենալիս չի կարողացել զսպել արցունքներն ու դրանով եւս տրամադրել է նրանց: Սիսսեի մոտ ստացվել է վերակառուցել հավաքականի խաղը Սադիո Մանեի վնասվածքից հետո ու հաստատել խիստ կարգապահություն, ինչը սովորաբար հատուկ չէ աֆրիկյան ընտրանիներին:

Ի դեպ, 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո յուրահատուկ հարգանքի տուրք է մատուցել Մանեին. «Ուզում եմ այս հաջողությունը նվիրել մի մարդու, որը բացառիկ գործեր է արել երկրի համար, բայց, ցավոք, հիմա մեզ հետ չէ: Այդ մարդու անունը Սադիո Մանե է» (Մանեն Սենեգալում դպրոց ու հիվանդանոց է կառուցել՝ ծախսելով 800 հազ. եվրո, ամեն ընտանիքի ամսեկան 70 եվրո է տալիս, երեխաներին անվճար դպրոցական հագուստ ու Orange-ի հետ համագործակցության արդյունքում անվճար 4G կապ տրամադրում):

Լուսանկարը` 24hoursworlds.com


Բայց վերադառնանք Սիսսեին, որը հստակ սկզբունքներ ունի, ֆուտբոլիստները պարտավոր են հետեւել դրանց՝ չծխել ու գիշերները զվարճանքի վայրերում չանցկացնել: Ամեն ամենին հետեւելու արդյունքում է նաեւ, որ Սենեգալը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 18-րդն է:

«Գիտեմ, որ ինձ անվանել են Յայա Ջամե (1996-2017 թթ. Գամբիայի նախագահ) ու Հիտլեր, բայց ես նորմալ մարդ եմ: Եթե որեւէ բան սրտովս չէ, միանգամից ասում եմ այդ մասին, ոչ թե դիմակ եմ կրում ու շարունակում ժպտալ՝ ձեւացնելով, որ ամեն ինչ լավ է  լինելու: Թեեւ ինձ այդ անուններով են կոչել, բայց ոչ մեկը երբեք չի լսել, թե ես ինչպես եմ հանդերձարանում խոսում ֆուտբոլիստների հետ»:

Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ուրախ աշխատել նրա հետ, բայց հավաքականում լինելու համար պարտավոր են ենթարկվել կանոններին:

«Մինչ Սիսսեի գալը, ֆուտբոլիստները կարող էին գիշերը թափառել փողոցներում: Նրանք լիակատար ազատություն ունեին, բայց նրա օրոք նման բան բացառվում է: Հավաքականում բոլորը միայն ֆուտբոլի մասին են մտածում, մարզումներն անցկացվում են հստակ գրաֆիկով»,- պատմում են սենեգալցի լրագրողները:

Լուսանկարը` FIFA


Հենց Սիսսեի պահանջների պատճառով հավաքականում չէին խաղում Բեմբա Բան, Պապիս Սիսսեն, Պապի, Ջիլոբոջին ու այլ ուժեղ խաղացողներ, որոնք սովոր են աստղային կարգավիճակի ու իրենց նկատմամբ հատուկ վերաբերմունքի:

«Նա մեզ ասում էր. «Ես այսպես եմ աշխատում, ով համաձայն չէ, կարող է հեռանալ», – անանուն պատմել է ընտրանու ֆուտբոլիստներից մեկը:

Հիմա Սենեգալի հավաքականում միայն նրանք են, ովքեր մարզչի ու իրենց երկրի համար պատրաստ են մինչեւ վերջ պայքարել: Սենեգալում նշում են, որ Սիսսեն կարողացել է իրենց 20 տարի անց նորից ֆուտբոլային ուրախություն պարգեւել:

Լուսանկարը` panafricanvisions.com


Սիսսեն նաեւ բավական համարձակ է ու չի վախենում պատասխանել աֆրիկյան ֆուտբոլի մասին հնչող բացասական կարծիքներին: Այդպես մի անգամ ինչպես հարկն է արձագանքել է Յուրգեն Կլոպին, որը վատ էր արտահայտվել այդ երկրների առաջնությունների մասին:

«Իրեն ո՞ւմ տեղն է դրել: Ես մարզում եմ Սենեգալի հավաքականը եւ իմ ֆուտբոլիստները խաղում են նրա «Լիվերպուլ»-ում: Ո՞վ է նրան իրավունք տվել այդպես արտահայտվել աֆրիկյան մրցաշարերի մասին: Կլոպը բարձունքում է գտնվում հենց աֆրիկացի խաղացողների շնորհիվ: Նա զիջում էր ամեն եզրափակչում, մինչեւ որ Սալահը, Մանեն ու Մատիպը չօգնեցին հաղթել ՉԼ-ում»:

Այս խոսքերից հետո ավելի պարզ է դառնում, որ սենեգալցի ֆուտբոլիստները Սիսսեին չենթարկվելու տարբերակ չունեն:

Անգլիայում նա 4 տարի հանդես է եկել «Բիրմինգեմ» ու «Պորտսմուտ» ակումբներում եւ ծանոթ է երկրի ֆուտբոլին, թեեւ դա վաղուց է եղել ՝2002-2006 թթ., բայց ֆուտբոլային ոգու ու ավանդույթների գիտակ է:

Անգլիայի ուժեղ ընտրանու հետ Սենեգալին բարդ դիմակայություն է սպասվում, բայց այս Մունդիալում մեկ անգամ չէ, որ անակնկալ հաշիվների ականատես եղել ենք, ֆուտբոլիստներն ապացուցում են, որ հնարավոր է հաղթել նաեւ կամային որակների ու ամուր բնավորության շնորհիվ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին