Ապրիլ 26, 2024
1339 դիտում

Քարիմ Բենզեմա. Հիմա լավ խաղ ասելով միայն գոլեր խփելը նկատի ունեն


Լուսանկարը` Foot National

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` FC Real

Լուսանկարը` FC Real

Լուսանկարը` foot-national.com

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or


Սպորտում տարիքը շատ կարեւոր է, բայց ոչ որոշիչ: Որոշ պրոֆեսիոնալ խաղացողներ առաջընթաց են ունենում, արագ փայլում, բայց հետո շուտ էլ մարում: Մյուսներին հասունանալու համար, ինչպես թանկարժեք կոնյակին, ժամանակ է պետք: Նրանցից է նաեւ Քարիմ Բենզեման, որն իր առաջին «Ոսկե Գնդակ»-ին արժանացել է 34 տարեկանում:

Ֆուտբոլիստն անցած ճանապարհի, սեփական ուժերին հավատալու եւ ֆուտբոլը շատ սիրելու մասին պատմել է GQ ամսագրին տված հարցազրույցում:

-Սկսենք «Ոսկե Գնդակ»-ից, ի՞նչ ես զգում մրցանակի հետ կապված:

-Մանկուց եմ դրա մասին մտածել ու երազել: Այնպես չէ, որ անընդհատ մտքիս մեջ էր, կամ մարզվելու գնում էի «Ոսկե Գնդակ»-ը ստանալու նպատակով, բայց իմ ուշադրության կենտրոնում էր: Մեծացել եմ այն սերնդի հետ, որը ներառում էր Զիդանին ու Ռոնալդոյին, որոնք եւ տիրացել են «Ոսկե Գնդակ»-ին: Նայում էի նրանց խաղերը, երբ ինքս էլ սկսեցի զբաղվել ֆուտբոլով: Նախորդ տարի, երբ 4-րդն էի, թիմային մեծ նվաճումների չէի հասել, բայց այս տարի ամեն հնարավոր մրցանակի արժանացանք: Բոլոր այն նպատակները, որոնք ունեմ ֆուտբոլի հետ կապված, փորձում եմ իրականություն դարձնել: Հենց մեկին հասնում եմ, սկսում եմ ձգտել մյուսներին:

Լուսանկարը` Ballon d'Or


-Խոսենք ոճի մասին, ո՞րն է Ձեր նախընտրած հագուստը:

-Իրականում՝ տարբեր է, ամեն ինչ կախված է իրավիճակից, կարեւոր է նաեւ տարվա եղանակը: Բայց ամեն դեպքում տնից դուրս գալուց առաջ մտածում եմ, թե ինչ կրել: Նայում եմ հայելու մեջ ու մտածում՝ սա լավ տեսք ունի, կամ այդ մեկն այնքան էլ չի նայվում: Բայց չգիտեմ՝ արդյոք ունե՞մ սիրելի հագուստ: Ֆուտբոլ նրա համար չեմ խաղում, որ միշտ ոճային հագուստով լինեմ:

-Իսկ կա՞ն իրեր, որ հավաքում եք կամ տարված եք դրանցով:

-Տանը պահում եմ մի քանի բասկետբոլային մարզակոշիկներ, ունեմ նաեւ Adidas-ի շատ վաղուց թողարկած հին խաղակոշիկներ: Առհասարակ շատ-շատ կոշիկներ ունեմ: Սիրում եմ կրել հնաոճ իրեր, այնպիսի հագուստներ ունեմ, որոնք էլ չեն արտադրվում, բայց ինձ համար շատ կարեւոր են: Ժամանակ առ ժամանակ հագնում եմ: Նման հին ու վինտաժային իրերն առանձնահատուկ տեսք են տալիս, դրա համար էլ նախընտրում եմ: Նոր հագուստով բոլորը միանման տեսք ունեն:

-Իսկ ո՞վ է Ձեզ համար նորաձեւության կուռք:

-Չունեմ նման օրինակ, ամեն ինչ ինքս եմ արել ու փորձել, եթե ստացվում է՝ ուրախանում եմ, անհաջող օրինակների դեպքում դասեր եմ քաղում:

Լուսանկարը` GQ


-Ովքե՞ր են մանկության տարիներին եղել Ձեր հերոսները:

-Ծնողներս էին, որովհետեւ նրանց համար իսկապես շատ ծանր է եղել: Ֆուտբոլային օրինակ չունեի, որին կձգտեի նմանվել, քանի որ ինձ համար այն առաջին հերթին թիմային մարզաձեւ է, դրա համար էլ կարիք չկա ասելու «Ուզում եմ լավագույնը լինել»: Միայնակ ոչնչի էլ չես հասնի, հնարավոր էլ չէ: Լավագույնը կդառնաս միայն այն դեպքում, երբ շուրջդ կան մարդիկ, որոնք քեզ այդպիսն են դարձնում՝ օգնելով գոլեր խփել ու հաղթել: Քանի որ մի քիչ տաղանդ ունեի, սկսեցի 15-16 տ. նայել Զիդանի, Ռոնալդոյի ու մյուսների խաղերը, որպեսզի նրանցից սովորեմ: Բայց երբեք չեմ ուզել որեւէ մեկին նմանվել: Ծնողներիս համար արդեն բավական էր միայն այն, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ, բայց ես ուզում էի որքան կարող եմ աճել ու ավելացնել:

-Երբ հաղթեցիք Չեմպիոնների Լիգայում, խաղադաշտ մտաք Ձեր երեխաների հետ, այդ պահին ի՞նչ էիք զգում:

-Ո՞ր մեկի մասին է խոսքը՝ երկրորդի՞, չորրորդի՞, վերջինի՞, թե՞ երբ աղջկաս հետ էի:

-Այո, դստեր հետ դուրս գալը նկատի ունեմ:

-Անկրկնելի էր, հիանալի: Երջանիկ եմ լինում, երբ երեխաներս գալիս են հանդիպումներին հետեւելու: Բացի այդ էլ, որդիս ֆուտբոլ շատ է սիրում: Բացառիկ ու արտառոց բան է: Չեմ կարող այդ ամենը բացատրել:

Լուսանկարը` FC Real


-Իսկ վերաբերմունքը ֆուտբոլին փոխվե՞ց, երբ հայր դարձաք:

-Անկեղծ՝ ոչ: Իրականում ասում ենք, որ փոխվել ենք, քանի որ երեխաներ ունենք, բայց միակ տարբերությունն այն է, որ նրանք հայտնվում են ձեր կյանքում: Պատասխանատվությունն է մեծանում, պետք է երեխաներին մեծացնեք ու ցույց տաք, թե որն է ճիշտը: Բայց միեւնույն է՝ արդյունքում նույն մարդն ենք մնում: Ես փոխվում եմ, բայց դա միայն տարիքով է պայմանավորված:

-Ի՞նչ կասեիք 13-ամյա Քարիմ Բենզեմային:

-Ի՞նչ կասեի, չգիտեմ: Երբ 13 տարեկան էի, ոչ մեկին էլ չէի լսում:

-Ձեր կարիերայի ո՞ր պահն է ամենամեծ տպավորությունը թողել Ձեզ վրա:

-Մի քանիսն են եղել՝ առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում, երբ «Լիոն»-ի մարզիչ Ժերար Ուլիեն ինձ շանս տվեց: Ինձ հաջողվեց գոլ խփել ընտանիքիս ու հազարավոր մարդկանց ներկայությամբ: Անմոռանալի էր նաեւ «Ռեալ»-ում նորամուտս, թիմի կազմում խփած առաջին գոլն էլ տպավորիչ էր: Անգամ վերջին Չեմպիոնների Լիգայի գավաթն էր անմոռանալի եւ կապ չունի, որ մինչ այդ արդեն 4 անգամ տիրացել էինք դրան:

Լուսանկարը` FC Real


-Խոսելով «Ռեալ»-ից, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր առաջընթացն ու էվոլյուցիան ակումբում:

-Սկիզբը բավական դժվար էր, քանի որ երիտասարդ էի այդ ժամանակ ու լրիվ միայնակ Մադրիդում: Չէի կարողանում իսպաներեն խոսել, շատ բարդ էր հատկապես առաջին մրցաշրջանը, բայց կարողացա հավաքվել ու մտածել. «Այո, հեշտ չէ, բայց ես տաղանդավոր եմ, ունեմ ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնեմ այս ակումբում, հիմա պետք է մտածեմ, թե ինչ է պետք անել դրա համար: Եթե շարունակեմ մնալ ներկայիս խաղամակարդակին, ոչնչի էլ չեմ հասնի»: Ամեն ինչ այդպես սկսվեց ու նույն կերպ շարունակվում է մինչ օրս, ինչի շնորհիվ էլ հասել եմ այս ամենին:

-Իսկ ժամանակի ընթացքում մարզումները կամ էլ ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ են:

-Գուցե սկսել եմ ավելի քիչ մարզվել, բայց դա նորմալ է տարիքի պատճառով: 21 տարեկանում կարիք չկար խելագարի պես մարզվել, ներկայիս ֆուտբոլն էլ շատ է տարբերվում: Ժամանակի ընթացքում խաղաոճս է փոխվել, էլ նույն ֆուտբոլիստը չեմ, որը հանդես էր գալիս «Լիոն»-ում: Բոլորս ենք փոխվում ժամանակի ընթացքում: Հիմա ու վերջին 3-4 տարիների ընթացքում խաղում եմ այն ֆուտբոլը, որը ես եմ ցանկանում:

Լուսանկարը` foot-national.com


-Ինչպե՞ս եք մտովի Աշխարհի առաջնությանը պատրաստվում:

-Շատ հանգիստ եմ:

-Երբեւէ կասկածի տակ դրե՞լ եք Ձեր ունակությունները:

-Ոչ, պարզապես ցանկանում եմ ավելի լավը դառնալ: Երբ լավ խաղացող եք, տալիս եք այն ամենն, ինչ ունեք: Աշխատում եք անդադար: Չեմպիոնների Լիգան ու Աշխարհի առաջնությունն ինձ համար տոն են, ամեն մեկին չի բախտ վիճակվում ընդգրկվել Ֆրանսիայի ընտրանու 23 ֆուտբոլիստների ցանկում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին:

-Կասեի, որ հիմա աշխարհն ուրիշ է: Կարող եք խորհուրդ տալ, բայց երիտասարդները պետք է սեփական գաղափարները զարգացնեն ու մտածեն, թե ինչ է պետք անել կայանալու համար: Շատ օրինակներ ունեն, որոնցից կարող են սովորել: Բազմաթիվ են ֆուտբոլիստներն ու տարբեր են նրանց անցած ուղիները: Ինձնից կրտսեր եղբայրներ ու զարմիկներ ունեմ, դրա համար տեղյակ եմ երիտասարդ սերնդից: Գիտեմ, ինչ էլ ասեք նրանց, չեն լսելու: Կարեւորը գտնեն լավ օրինակ իրենց համար: Ես ընդամենը բազմաթիվ խաղացողներից մեկն եմ: Թող շարունակեն սիրել ֆուտբոլն ու խաղալ:

Լուսանկարը` Ballon d'Or


-Ի՞նչ եք անելու ֆուտբոլը թողնելուց հետո:

-Չգիտեմ: Գուցե օգնեմ երիտասարդներին մարզվել ու լավ ֆուտբոլիստներ դառնալ: Չեմ կարծում, որ հիմա ֆուտբոլում երիտասարդներին ճիշտ են մարզում: Նրանք լավ խաղալ ասելով հասկանում են միայն գոլեր խփելը, բոլորի մտքին միայն դա է: Բայց ֆուտբոլը միայն այդ մասին չէ: Կփորձեմ երիտասարդներին ավելի մոտ լինել ու մարզել նրանց՝ երբեք ֆուտբոլից հեռու չեմ լինի:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին