Ապրիլ 27, 2024
1160 դիտում

«Ուշ կամ շուտ կվերադառնամ». Լավագույն պաշտպաններից մեկն ավարտեց կարիերան


Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Getty Images


Բավական անսպասելի ու հանկարծակի, երբ ֆուտբոլային հանրությունը պատրաստվում էր եվրագավաթների հերթական հանդիպումներին, Ժերար Պիկեն հայտարարեց, որ ավարտում է կարիերան:

«Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2024 թվականը, սակայն այս մրցաշրջանը նրան բավական բարդ էր տրվում: Իսպանացի լրագրողները գրել են, որ Պիկեի վրա ծանր է անդրադարձել թիմի երկրպագուների պահվածքը, ովքեր պարբերաբար սուլում էին նրան:

Լուսանկարը` FC Barcelona


Բացի այդ նշվում է, որ նրա ու ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հարաբերություններում եւս խնդիրներ կան: Պաշտպանն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից էր ու բազմիցս համաձայնել է աշխատավարձի կրճատման: Չնայած դրան, Լապորտան ցանկացել է դեռ այս ամռանը վաճառել վերջինիս: Կան կարծիքներ, որ ակումբի նախագահն ու ղեկավար կազմը նույնիսկ չեն իմացել, որ Պիկեն մտադիր է ավարտել կարիերան:

Ամռանը Ժերար Պիկեն ու Շակիրան հայտարարեցին բաժանման մասին, որից հետո մամուլը սկսեց անընդհատ նյութեր գրել ֆուտբոլիստի մասին՝ մեղադրելով նրան դավաճանությունների մեջ: Գրեթե ամեն օր նրա մասին հրապարակումներ են լինում, իսկ երկրպագուները վատ են արձագանքում նոր ընկերուհու հետ հարաբերություններին:

Լուսանկարը` FC Barcelona


Այս ամենը 35-ամյա ֆուտբոլիստը երբեք չի մեկնաբանել, չի խոսել անձնական կյանքի մասին ու սոցիալական ցանցերում եւս ոչինչ չի հրապարակել:

Այսպես անակնկալ հեռանալը, բնականաբար, տարբեր կարծիքների տեղի է տալիս, սակայն Պիկեն ապացուցել է, որ անկախ ամեն ինչից հիանալի ֆուտբոլիստ է՝ նվիրված իր ակումբին:

35-ամյա պաշտպանն Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի հետ տիրացել է բոլոր հնարավոր տիտղոսներին:

Անչափ գեղեցիկ ու հուզիչ տեսանյութով է նա հայտնել կարիերայի ավարտի մասին ու նշել, որ շաբաթ օրը «Նոու Կամպ»-ում անցկացնելու է վերջին հանդիպումը:

«Վերջին շրջանում շատերն են խոսում իմ մասին, ոչ մեկին չեմ պատասխանել: Հիմա կխոսեմ:

Լուսանկարը` FC Barcelona


Ես էլ շատերի պես եղել եմ «Բարսա»-ի երկրպագու: Երբ փոքր էի, երազում էի ոչ թե պարզապես ֆուտբոլիստ դառնալու, այլ հենց «Բարսելոնա»-ում խաղալու մասին: Ֆուտբոլն ինձ տվել է ամեն ինչ, «Բարսելոնա»-ն ինձ տվել է ամեն ինչ, դուք՝ քուլերս («Բարսա»-ի երկրպագուներ), ինձ տվել եք ամեն ինչ:

Ես շատ եմ մտածել տեսանյութի այս տղայի մասին: Ի՞նչ կլիներ, եթե նրան այդ ժամանակ ասեին, որ իր բոլոր երազանքները կատարվելու են, հանդես է գալու «Բարսա»-ի առաջին թիմի կազմում, նվաճելու է բոլոր տիտղոսները, դառնալու է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, խաղալու է լավագույն ֆուտբոլիստների հետ, լինելու է ակումբի ավագներից մեկը եւ ձեռք է բերելու ընկերներ ողջ կյանքի համար:

Լուսանկարը` Getty Images


Ու հիմա, այդ տղայի բոլոր երազանքները կատարվել են ու այժմ ժամանակն է ավարտել ճամփորդությունը:

25 տարի է, ինչ ես «Բարսելոնա»-ում եմ: Մի պահ գնացի, բայց կրկին վերադարձա: Միշտ եմ ասել, որ «Բարսա»-ն իմ վերջին ակումբն է լինելու, այդպես էլ կա: Կլինեմ թիմի սովորական երկրպագու: Կփոխանցեմ իմ սերը դեպի «Բարսա»-ն երեխաներիս, ինչպես իմ պարագայում արել են ծնողներս:

Դուք գիտեք ինձ՝ ուշ կամ շուտ ես վերադառնալու եմ: Կհանդիպենք «Նոու Կամպ»-ում: Կեցցե «Բարսելոնա»-ն»:



Պիկեին աջակցող տողերով հանդես է եկել Կարլես Պույոլը, որի հետ նա երկար տարիներ հանդես է եկել հավաքականում եւ ակումբում: Խոսել է նաեւ Լապորտան՝ նշելով, որ ֆուտբոլիստը կարեւոր տեղ է ունեցել եւ ունի ակումբի պատմության մեջ:

Ժերար Պիկեն «Բարսա»-ի սան է, չնայած որոշ ժամանակ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում եւ «Սեւիլիա»-ում, սակայն կարեւորագույն նվաճումների հասել է հենց հարազատ ակումբի հետ:

Լուսանկարը` FC Barcelona


Գրեթե 800 խաղից 612-ն անցկացրել է կապտանռնագույնների հետ՝ նվաճելով 30-ից ավելի տիտղոս:

Իսպանիայի հավաքականի շապիկը հագել է 102 անգամ, աշխատել է այնպիսի մարզիչների հետ, ինչպիսիք են Ալեքս Ֆերգյուսոնը, Պեպ Գվարդիոլան, Լուիս Էնրիկեն, Վիսենտե Դել Բոսկեն:

Ժերար Պիկեն դեռ 2019-ին հայտնել էր, որ այն ժամանակ, երբ զգա, որ այդքան էլ կարեւոր չէ թիմի համար, ինքն իր կամքով կհեռանա:

Լուսանկարը` Getty Images


«Ֆուտբոլն ինձ օգնել է դառնալ այն, ինչ կամ այսօր: Խաղադաշտում ես դարձա կարեւոր արժեքների կրողը, ինչպիսիք են կարգուկանոնը, հարգանքը դիմացինի նկատմամբ, արդար վերաբերմունքը: Այս ամենը կարեւոր է նաեւ կյանքում: Ես հավատում եմ, որ ֆուտբոլը փոխում է մարդկանց կյանքը դեպի լավը եւ հույս է տալիս ապագայի նկատմամբ»:

Գոհար Նալբանդյան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին