Հունիսն առատ է լեգենդար ֆուտբոլիստների տարեդարձերով, Զինեդին Զիդանի ու Լեո Մեսսիի 50 ու 35-ամյակներից հետո եկել է հերթը տոնելու նաեւ Ռաուլի 45-ամյակը:
Նա 16 տարի հավատարմորեն խաղացել է Մադրիդի «Ռեալում» եւ ակումբի ու ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը դարձել:
Ռաուլն իր մասին
Կարեւոր է ոչ թե համարը, այլ թե ով է նրանով խաղում:
Կարծում եմ, որ սկսել եմ ֆուտբոլ խաղալ մինչեւ ծնվելս: Միշտ եմ ֆուտբոլով տարված եղել, պատն իմ ամենալավ թիմակիցն էր: Եթե լավ հարված էի կատարում, գնդակը հետ էր գալիս ինձ մոտ, վատի դեպքում՝ ստիպված էի լինում գնալ նրա հետեւից:
Հայրս էլեկտրիկ է, մենք միջին աշխատավոր դասից ենք: Նա առաջին օրերից հետս է եղել, ինձ տարել է մարզումների եւ աջակցել: Շատ պահանջկոտ էր, բայց եւ օգնող:
Շատ պարզ նպատակ ունեի՝ ֆուտբոլիստ դառնալ ու լավ կարիերա կառուցել: Ու հիմա լավ եմ զգում, որ դա ինձ հաջողվել է:

Լուսանկարը` Real Madrid
Կորիդային հետեւելը միշտ երջանկություն է եղել ինձ համար: Երբեմն ցանկություն ունեի ինքս դուրս գալ հարթակ ու պայքարել ցլերի հետ: Ցավոք, այդ նպատակս անիրականանալի մնաց: Հենց «Ռեալում» իմացան այդ մասին, արգելք դրեցին, բացի այդ էլ կինս՝ Մամենը, դա եւս թույլ չէր տա: Ես ընդմիշտ կմամ մատադորի տեսաբան:
Կիրքն է ինձ առաջնորդել ողջ կյանքում: Ես ինձ ամենատաղանդավորը չեմ համարել, տաղանդը դեռ ամեն ինչ չէ, առանց կրքի շատ բաների չեք հասնի:
Ոչնչի համար չեմ ափսոսում: Իհարկե, կուզեի Ոսկե Գնդակ հաղթել, բայց գիտեմ, որ ամեն ինչ արել եմ դրան հասնելու համար: Շատ կցանկանայի որեւէ նվաճման հասնել Իսպանիայի հավաքականի հետ, բայց վայելել եմ նրա հաղթանակներն արդեն որպես երկրպագու:

Լուսանկարը` Real Madrid
Ֆերնանդո Հիերո
Առաջին թիմում նրա ելույթների առաջին շաբաթից սկսած՝ բոլորն ուզում էին երկկողմանի մարզումների ժամանակ իրենց կազմ տանել: Դեռ այն ժամանակ եմ ասել, որ այդ տղան իսկական Ֆերարի է, բայց հիմա կարծում եմ, որ Ֆերնանդո Ալոնսոյի վարած մեքենայի պես է: Ռաուլն այն տղաներից է, որ խնդիրների դեպքում հենց նրա մոտ կգնամ:
Ալֆրեդո դի Ստեֆանո
Ռաուլին հաջողվում է անել այն, ինչը շատերի ուժերից վեր է: Նա դուրս է գալիս հազարավոր երկրպագուներով լի խաղադաշտ, ու գնդակի հետ վարվում այնպես, ասես սեփական թաղամասում է: Նա մեծագույն ֆուտբոլիստ է:
Խորխե Վալդանո
Ռաուլն ինքն է իրեն ստեղծել: Նրան բացահայտելն իմ ձիրքը չէ, նա ինքնաբացահայտվել է աշխարհին: Ասեք այլ մոլորակից լինի: Երբ նա դիպչում է գնդակին, ամբողջ աշխարհը կանգ է առնում: Նրա միակ մրցակիցը պատմությունն է:

Լուսանկարը` Real Madrid
Ամեն անգամ Ռաուլի մասին խոսելիս պետք էր ավելացնել «միշտ»: Նրան պետք է կոչեին Ռաուլ Գոնսալես Բլանկո Սիեմպրե (Միշտ): Նրա ազդեցությունն ակումբում հսկայական էր:
Կառլուշ Կեյրուշ
Ռաուլը ֆանտաստիկորեն է շարժվում: Նրա արդյունավետությունից բացի ինձ հիացնում է նաեւ խաղադաշտը տեսնելու ունակությունն ու գրոհի զարգացման միակ հնարավոր հաջողակ ելքը գտնելը:
Յոհան Կրոյֆ
Ինձ համար Ռաուլը բոլորից առաջ է: Տաղանդի ու ֆիզիկական տվյալների առումով նա առաջին համարն է: Ռոնալդոյից ավելի շատ էր արժանի Ոսկե Գնդակին:
Ռոնալդո
Ռաուլը միշտ պատրաստ էր, երբ թիմը նրա կարիքն ուներ: Մենք հիանալի էինք համագործակցում, ուրախ էի նրա հետ մի թիմում խաղալու համար: Նա արժանի էր Ոսկե Գնդակին:

Լուսանկարը` UEFA
Զինեդին Զիդան
Ինչպե՞ս կարելի է մեկ բառով բնութագրել Ռաուլին: Ռաուլը հենց «Ռեալն» է:
Ռոբերտո Կառլոս
Նա ակումբի առանցքային ֆուտբոլիստներից էր: Խաղադաշտում միշտ առաջատար էր եւ մյուսներին էլ վարակում էր պայքարելու ցանկությամբ:
Ալեքս Ֆերգյուսոն
«Ռեալը» շատ լեգենդար ֆուտբոլիստների է գնել, բայց Ռաուլը լավագույնն էր:

Լուսանկարը` Real Madrid
Օտմար Հիտցֆելդ
Ռաուլի հետ պայմանագիր կկնքեի ցանկացած վայրում ու ամեն պահի, նրա հետ անգամ աշխարհի ծայրը կմեկնեի: Նա իսկական աստղ է ու երկրպագու այն ամենի, ինչ անում է:
Խուան Սեբաստիան Վերոն
Ամեն անցած տարվանից հետո Ռաուլն ավելի ու ավելի էր երիտասարդանում:
Դեւիդ Բեքհեմ
Ռաուլը ուժի խորհրդանիշ է եղել շատերի ու թիմի համար, նա միշտ օրինակ է եղել, որին ձգտել ենք նմանվել: Նա ամբողջությամբ նվիրված էր իր գործին:
Դիեգո Մարադոնա
Ռաուլը հանճար է: Նա երկար ժամանակ մնացել է այն մակարդակի վրա, որին շատերին չի հաջողվել երկար տարիներ: Երբեք չեմ կասկածել նրա որակներին:

Լուսանկարը` Real Madrid
Պեպ Գվարդիոլա
Ռաուլն իսպանական ֆուտբոլի 3 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ես դեռ չեմ տեսել մրցակցությանը նման կերպ դիմացող ֆուտբոլիստի: Շատ ցավալի է, որ հաջողությունների ժամանակ ազգային հավաքականի կազմում չի եղել:
Ֆերնանդո Մորիենտես
Եթե դատենք, թե ով որքան է հաղթել թիմի հետ ու նրա հետ ինչքան դժվարությունների միջով անցել, ապա Ռաուլը գալակտիկոս թիմում լավագույնն էր: Ռաուլն աստղ է, խորհրդանիշ: Երկրորդ Ռաուլ էլ չի լինելու:
Թիերի Անրի
Երբ նա խաղում էր, մտքում միայն մեկ բան էր՝ գոլ խփել: Ամեն անգամ, երբ նա նոր բան էր անում, ստիպում էր նստած տեղից կանգնել:

Լուսանկարը` rtve.es
Դավիդ Տրեզեգե
Բոլորս գիտենք, որ Ռաուլը ներկայացնում էր ոչ միայն իր թիմը, այլ ամբողջ ֆուտբոլը:
Լուիշ Ֆիգու
Կածում եմ, որ նա մեծագույն ֆուտբոլիստն է, ով երբեւէ խաղացել է այս խաղը: Նա շարժվում էր խոտածածկով ու հիացնում: Դա իսկապես զարմանահրաշ էր:
Ֆրանց Բեքենբաուեր
Ռաուլը Եվրոպայում լավագույններից է: Նա հենց «Ռեալի» ոգին էր, նա մեզ համար ինչպես Լոթար Մաթեուսն է՝ անփոխարինելի ու վատ սանրվածքով:
Ռաուլի հայր
Որդիս այնքան լավն է, որ նրան չեմ փոխի ամբողջ El Corte Inglés-ի հետ (Իսպանիայում հայտնի հիպերմարկետների ցանց է, խմբ.):
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: